Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Ռուսաստանից Հայաստանի ձեռքբերած Սու-30 ինքնաթիռները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ օդ չբարձրացվեցին, ինչի պատճառով ՀՀ ՌՕՈւ-ն կտրուկ քննադատության ենթարկվեց, գրում է հնդկական Indian Defence Research Wing պորտալը։
Պորտալը նշում է, որ պատճառներից մեկն այն էր, որ հայ օդաչուները բավարար պատրաստված չէին, եւ Հայաստանը չկարողացավ նրանց համար մինչեւ պատերազմը հրթիռներ ձեռք բերել։
IDRW-ն նշում է, որ հայկական Սու-30-ը որպես համակարգ օգտագործել է միայն չկառավարվող հրթիռներ, ինչի պատճառով հայկական կողմն այժմ նախատեսում է դիվերսիֆիկացնել ռեսուրսները՝ սեփական օդուժը ստեղծելու համար, եւ այդ առումով ապավինում է Հնդկաստանի օգնությանը։ Լրատվամիջոցը նշում է, որ համագործակցության ոլորտը կարող է լինել օդաչուների պատրաստումից մինչեւ Սու-30-ը հնդկական արտադրության զենքով հագեցում։
․․․
ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 681 000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 150 000 000 ԱՄՆ դոլար, և ՀՀ-ի համաֆինանսավորում՝ 86 681 000 ԱՄՆ դոլար: Վարկային համաձայնագրով նախատեսված շինարարության արժեքը կազմում է 247 290 000 ԱՄՆ դոլար:
Նախագիծը բաժանված է 2 լոտի՝ Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք և նախատեսվող Քաջարանի թունելի ելք-Սիսիանի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել:
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, վարկային համաձայնագրով նախատեսված վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ:
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր լիազորությունների շրջանակում նպատակահարմար է գտնում վարկային միջոցների հասանելիության ժամկետի (մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը) երկարաձգման վավերացումը։
․․․
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի շրջափակումից օրեր անց արդեն հայաստանյան քաղաքական իշխանության ներկայացուցիչները սկսեցին խոսել ռուս խաղաղապահներին ավելի լայն լիազորություններ տալու հավանականության մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էր հայտնել։ Մեզ հասած տեղեկություններով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն այժմ ակտիվորեն աշխատում են այդ օրակարգի շուրջ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքն Արցախում խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբին ՄԱԿ-ի միջազգային մանդատ շնորհելու մասին է, ինչից հետո նրանք ոչ միայն միջանցքի կամ սահամնների անվանտգությունն ապահովելու, այլ նաև՝ տեղաբնակների պաշտպանությունը, նրանց հումանիտար ու կենսական նշանակության այլ հարցերը լուծելու գործիքակազմ կունենան։ Առավել պարզ ասած՝ ինչ-որ մի խումբ, իր իսկ քմահաճույքներից ելնելով, չի կարող գալ ու որոշել ճանապարհ փակել, կամ եթե նման բան տեղի ունենա, ապա հստակ, սևը սպիտակի վրա գրված է միջազգային (տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի) կանոնդարության համաձայն՝ խաղարար առաքելություն իրականացնողները կարող են բացել ճանապարհը, եթե պետք է լինի, անգամ ուժ կկիրառեն։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը չհերքեց, որ նման գործընթացի մասով որոշակի քայլեր արվում են։ «Մինչև այս ամենը՝ միջանցքի փակումը, մենք համապատասխան առաջարկներ արել էինք արդեն, որովհետև հասկանում էինք, որ եթե խաղաղապահները ՄԱԿ-ի միջազգային մանդատ չունենան, ապա կարող են նման խնդիրներ առաջանալ։ Մանդատն իրենց թույլ է տալիս ոչ միայն խաղաղապահ լինել, այլ խաղաղություն պարտադրող ուժ լինել։ Եվ եթե այդ բաղադրիչը լինի, ապա նման քայլեր՝ ճանապարհ փակել, խոչընդոտել երթևեկը, տեղի չեն ունենենա»,- մեկնաբանեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
«Այդ մասով այժմ հստակ գործընթաց կա՞»,- հարցրեցինք Բաբայանին։ Ի պատասխան նա նշեց, ու առաջարկել ու նույնիսկ խնդրել են միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Արևմուտքին ու Ռուսաստանին, մի կողմ դնել իրենց տարաձայնություններն ու գնալ հենց այս՝ միջազգային մանդատի ուղղությամբ։
«Արցախի ժողովուրդը կոտորվում է, ու մեզ պետք է կա՛մ օգնեն բացել ճանապարհը, կա՛մ գոնե չխոչընդոտեն, չսպանեն մեր ժողովրդին։ Եթե ՄԱԿ-ի միջազգային մանդատ ունենան ռուս խաղաղապահներն, ապա ամեն բան հստակ կլինի։ Տեսեք, օրինակ Կոսովոյում նման բան հնարավոր չէ, որ մի խումբ մարդիկ գան ու ինչ-որ ճանապարհներ փակեն, որովհետև միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներն անմիջապես կցրեն նրանց, ու դա կանեն ուժի կիրառմամբ ընդհուպ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը»,գրում է Ժողովուրդ թերթը։
․․․
Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։
«Այսօր՝ հունվարի 6-ին, հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Սիրտս ցավում է Լեռնային Ղարաբաղում շրջափակված ավելի քան 100 հազար մարդկանց համար։ Նրանք սննդի և դեղորայքի պակաս ունեն։ Ադրբեջանի կառավարությունը և նրանց համախոհները պետք է անհապաղ թույլատրեն Լաչինում խաղաղ բնակչության անխափան տեղաշարժը», - Twitter-ի իր էջում գրել է Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։
Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու՝ աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։
․․․
Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։
Radar Armenia-ի հարցին պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար։
․․․
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալն ընդգծել է. «Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի նախագծի իրականացման տեմպերն արագանալու են»։
Մոհամմեդ Մոխբերն ասել է. «Մանրամասն պլանավորելով և առավելագույն ջանքերով մենք կարագացնենք այս միջանցքն ավարտին հասցնելու և շահագործման գործընթացը»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Մոհամմեդ Մոխբերի նախագահությամբ չորեքշաբթի օրը կայացել է դիմադրողական տնտեսության հրամանատարական շտաբի նիստը։ Անհրաժեշտ որոշումներ են կայացվել Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի իրականացման և նավթի ու գազի արժեշղթայի զարգացման տեմպերն արագացնելու վերաբերյալ:
Մոհամմեդ Մոխբերն ընդգծել է.-« Իրանի կառավարությունը վճռական է հետամուտ լինելու և արդյունքի հասցնելու դիմադրողական տնտեսության այն առաջնահերթ ծրագրերը, որոնք երկիրը տանում են տնտեսության զարգացման ու հզորացմանը և ժողովրդի կենսապահովման մակարդակի բարելավմանը։
Հաշվի առնելով երկրի երկաթուղային տրանզիտի զարգացման կարևորությունը «Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցք»-ի պլանը՝ որպես կայուն բիզնես ստեղծելու և տնտեսության հզորացման գործում ռազմավարական առանցքներից մեկը հաստատվել է կառավարության կողմից։
․․․
2022թ–ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 803 հազար 500 տոննա ցեմենտ, ինչը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Հայաստան ցեմենտ ներկրելու լիցենզիայի ժամկետը կսահմանվի 6 ամիս։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Դրանով, ըստ էության, ցեմենտի հումք և պատրաստի ցեմենտ ներկրողներին կառավարության սահմանած արտոնյալ տուրքերով կթույլատրվի ներկրում իրականացնել` սահմանափակ ժամանակահատվածում։Կառավարությունը նույն որոշմամբ նախատեսում է լիցենզիա տրամադրել ոչ միայն Իրանից ներկրողների համար, այլև Վրաստանից։«Նկատի ունենալով, որ օրենքի ընդունման արդյունքում ներմուծումներ են կատարվում նաև Վրաստանից (նախկինում ներմուծումները կատարվում էին միայն Իրանից)՝ կատարվել է նաև փոփոխություն լիցենզիայի տրամադրման նպատակով ներմուծողների կողմից լրացվող հայտում, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռում նշել ներմուծման մեկից ավելի երկրներ»,– աված է նախագծի հիմնավորման մեջ։Հիշեցնենք` 2022թ–ի հոկտեմբերին ցեմենտի շուկայում առաջացած դեֆիցիտը լրացնելու նպատակով ՀՀ իշխանությունը վերանայել էր ներկրվող ցեմենտի ու հումքի տուրքերի չափերը` 1 տոննայի դիմաց գործող տուրքը 14 000 դրամից նվազեցնելով մինչև 2 000 դրամ, իսկ կլինկերի տուրքը` զրոյացնելով։Կառավարության համոզմամբ` սա նաև հավասար մրցակցային պայմաններ կստեղծեր տեղական արտադրողների համար։Արդյունքում, ըստ կառավարության ներկայացրած վիճակագրության, 2022թ–ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 803 հազար 500 տոննա ցեմենտ, ինչը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: