Գեղարվեստական հաղորդում (353)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն հնգյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքների։
Առաջին տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Երկրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Երրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքի միջոցով դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Ջոն Գրեյի «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» գիրքը չորրորդ տեղում է։ Գրքում հոգեբան Ջոն Գրեյն առաջնորդվում է այն գաղափարով, որ կանանց ու տղամարդկանց՝ տարբեր երևույթների ընկալումներն այնքան տարբեր են, որ նրանք կարծես տարբեր մոլորակներից լինեն: Խորանալով այդ տարբեր ընկալումների վերլուծության մեջ՝ հեղինակն անփոխարինելի գաղափարներ ու խորհուրդներ է մատուցում ընթերցողին, որոնք արդեն իսկ օգնել են միլիոնավոր մարդկանց բարելավել ու զարգացնել իրենց հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
Հինգերորդ տեղում է Ջոն Ք. Մաքսվելի «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» գիրքը։ Միջազգային ճանաչում ունեցող առաջնորդության փորձագետ, հրապարակախոս և հեղինակ Ջոն Ք. Մաքսվելը, որը ամեն տարի ելույթներ է ունենում «Ֆորչըն 500»-ի վարկանիշով խոշորագույն ընկերությունների, միջազգային, պետական առաջնորդների և բիզնեսի ամենահաջողակ ներկայացուցիչների համար, մեկտեղում է ավելի քան քառասուն տարվա առաջնորդության փորձն ու հմտությունները «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» գրքում: Մաքսվելը բացահայտում է առաջնորդության 21 համընդհանուր ճշմարտությունները՝ որպես օրենքներ, որոնք կարող են յուրաքանչյուրի ուղեկիցը դառնալ լավ առաջնորդ լինելու ճանապարհին: «Բիզնես ինսայդեր» ամսագիրը Մաքսվելին համարում է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում. դրա մասին վկայում է այն, որ նրա հիմնած կազմակերպություններն աշխարհով մեկ վերապատրաստել են ավելի քան 2 միլիոն առաջնորդ:
Գյումրու Բուլվարային թաղամասում մի հետաքրքիր կառույց կա, որի գոյության մասին քչերը գիտեն. արվեստագետ-վերականգնող Անուշ Չերնիխը (Քիշմիշյանը) իր հայրական տունը, որը երկրաշարժից հետո նաև որպես մանկապարտեզ է ծառայել, վերածել է իրական թանգարանի:
Տարբերվող ու գունեղ դարպասների մոտ մեզ դիմավորում է Անուշն ու ուղեկցում տուն՝ հպարտությամբ նշելով, որ տարածքը Գյումրիում գիտեն իր հոր՝ Վաշինգտոնի անունով: «Ես Վաշինգտոն Քիշմիշյանի դուստրն եմ, ով ժամանակին քաղաքականությամբ էր զբաղվում: Մայրս գերմանուհի է: Չերնիխն իմ ամուսնական ազգանունն է: Իմ մեջ հայի ու գերմանուհու արյուն է: Թեև ծնվել եմ Գյումրիում, բայց երկար տարիներ ապրում ու աշխատում էի Ռուսաստանում», ասաց Անուշ:
Անուշը Հայաստան է տեղափոխվում հոր մահից հետո՝ վաճառելով ՌԴ-ում իր տունը: Նա ավարտին է հասցնում հոր կիսատ թողած գործերն ու հայրական հսկայական տունը վերանորոգելուց հետո սկսում է զբաղվել սիրած աշխատանքով՝ մեծ ու ընդարձակ տունը վերածելով բացառիկ տարածքի:
Աշխարհի տասնյակ երկրներում եղած, Շվեյցարիայում ապրած Անուշը վստահեցնում է՝ Հայաստանն ուրիշ է՝ տարբերվող ու սիրուն, ուրիշ էներգիա ունի: Ազատ մտածող ու արարող կինը իրեն ազատ միայն Հայաստանում է: Անուշն այսօր միայն մեկ ցանկություն ունի՝ ժամանակի մեքենա ստեղծել:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը 2022-ին լայնածավալ աշխատանք է կատարել. թվայնացրել ու վերականգնել է արժեքավոր կինոնկարներ, աշխատել է ֆիլմերի ստեղծման ուղղությամբ, դարձել է Միջազգային կինոարխիվների ասոցիացիայի (FIAF) անդամ:
Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը նշեց՝ իրենց նպատակն է տեսանելի դարձնել մեր կինոմշակույթն ու ինքնությունը միջազգային հարթակներում:
«Դժվարություններով կարողացել ենք թվայնացնել ու վերականգնել չորս ֆիլմ, ինչը կինոկենտրոնի ամենամեծ ձեռքբերումն է, որովհետև մինչ օրս Հայաստանում տեղային ռեսուրսներով չեն արվել մասնագիտական թվայնացման ու վերականգնման աշխատանքներ, իսկ 2022-ին դա իրականություն է դարձել: Թվայնացվել և վերականգնվել են Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրին», «Տունը հրաբխի վրա» և «Դուստրը» կինոնկարները, ինչպես նաև Ֆրունզե Դովլաթյանի միակ վավերագրական ֆիլմը՝ «Մշակութային կամուրջներ»-ը: Դովլաթյանի ֆիլմը վերականգնվել է «Հայկ» կինոստուդիայի հետ համատեղ»,-նշեց Գալստյանն ու հավելեց՝ վերականգնվելուց հետո ֆիլմերը ցուցադրվելու են Փարիզի «Ամբողջ աշխարհի հիշողությունը» հեղինակավոր փառատոնում, իսկ ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի 100-ամյակի տոնին, մեծ միջոցառում են նախատեսում, որտեղ կներկայացնեն «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» կինոնկարները՝ նոր երաժշտական զուգակցմամբ:
Կամավորների աջակցությամբ մի շարք ֆիլմերի և մուլտֆիլմերի անգլերեն ենթագրեր են պատրաստել: Վիգեն Գալստյանի խոսքով՝ մինչ օրս մեր ֆիլմերի 98 տոկոսը չուներ անգլերեն ենթագրեր, ինչի պատճառով դրանք չէին ցուցադրվում արտերկրում: Այժմ այդ խնդիրը լուծման փուլում է:
Նա հիշեցրեց, որ 2022-ին բրիտանացի հանդիսատեսին է ներկայացվել Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը «Կինոկլասիկի» սթրիմինգային հարթակում, ինչպես նաև Լոնդոնում կայացած «Տարածքներ և տեղեր» փառատոնին: Ցուցադրությանն անդրադարձել է The Guardian օրաթերթը: Նույն հարթակներում ցուցադրվել է նաև Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արև» ֆիլմը:
Կինոժառանգության բաժնի կարևոր գործառույթներից է հայ կինոյի պատմությանն առնչվող փաստագրական նյութերի հավաքագրումը: Կենտրոնին հաջողվել է ձեռք բերել կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի և ռեժիսոր Գենադի Մելքոնյանի անձնական արխիվները, ինչպես նաև հայ անիմացիայի վարպետ Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի բջջանկարների մեծածավալ հավաքածուն:
Շարունակվել են նաև կինոկենտրոնում պահվող «Հայֆիլմ» ստուդիայի վարչական արխիվի հարուստ փաստագրական նյութերի թվայնացման աշխատանքները: Ընդհանուր առմամբ հաշվառվել և թվայնացվել է շուրջ 500 փաստաթուղթ և ավելի քան 1500 լուսանկար, որոնք հաջորդ տարի հնարավոր կլինի ներկայացնել հանրությանը էլեկտրոնային տեսքով՝ կինոկենտրոնի կայքում:
« Նոր Գիրք»նախագծի շրջանակում ներկայացնում ենք վերջերս լույս տեսած մի քանի նոր գրքեր:
«Դեպի վեր»-ը պատմվածքների յուրահատուկ ժողովածու է, որտեղ տեղ են գտել հայ ֆանտաստ գրողների՝ «Դեպի վեր» խորագրով անցկացված «Արմկոն» գրական մրցույթին ներկայացված լավագույն ստեղծագործությունները:
Հեռավոր ապագայից մինչև առասպելական անցյալ, պոստապոկալիպտիկ Սևանից մինչև բակեմոնոներով ճապոնական անտառներ՝ այս ստեղծագործությունները կոգեշնչեն ձեզ մտածել այլ աշխարհների, այլընտրանքային անցյալի և հրաշալիքներով ու մարտահրավերներով լի ապագայի մասին: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը։
Երկրորդը՝ «Անմահությունը» վեպ է վեպի ծննդի մասին, որտեղ Կունդերա հերոսը, անձնատուր իր պատահական լողավազանային ներշնչանքին, խորհրդածում է մարդկային գոյության և ժամանակի բազմաբարդ փոխհարաբերության շուրջ: Պսակազերծելով անմահ հիշատակի մեր պատրանքը, ցույց տալով, թե ինչպես անմահության գործարաններում կարող է խեղվել մի ամբողջ կենսագրություն՝ վերածվելով պաստառի կամ զավեշտալի մի պատկերի՝ գրողը վճիտ չ-հիշողության պարադոքսալ մի բանաձև է հուշում մեզ: Խաղացկուն այս խճանկարը, որը ժամանակակից հասարակության անվրեպ ախտորոշումն է առաջարկում, հանգում է անսպասելի եզրակացության. Հաղթարշավող ծիծաղի և միմոսության աշխարհում, որ վերածվել է ծամածռության, անհետացող գեղեցիկից մնում է անմոռուկի բարակ ցողունը կամ կապույտ մի բիծ հորիզոնում: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Իսկ այս հաղորդման ընթացքում մեր ներկայացրած վերջին նոր հրատարակված գիրքը՝ Իռլանդական ծագումով անգլիացի երևելի երգիծաբան Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպն է որը ներկայացնում է գլխավոր հերոսի՝ նավի վիրաբույժ Լեմյուել Գուլիվերի մտացածին չորս ճանապարհորդությունները դեպի հեռավոր երկրներ: Պատումը ներկայացված է առաջին դեպքով, ինչը գործողություններին հաղորդում է իրականության խոր զգացողություն: Երգիծավեպը լի է հանրային-քաղաքական կյանքի անարդարությունների և ընդհանրապես մարդկային արատավոր երևույթների ու միջանձնային հարաբերությունների անխնա ծաղրով. այն ստիպում է ընթերցողին մեկ անգամ ևս խորհրդածել կյանքի հանդեպ ունեցած սեփական արժեքների շուրջ: Անգլերենից թարգմանեց Հայկանուշ Շարուրյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Սառցե դարաշրջանի ժայռապատկերներում տեղ գտած գծերը, կետերը և այլ խորհրդանշանները կարող են լինել նախագրի ամենավաղ օրինակը. դրանք սիմվոլներ են, որոնք փոխանցում են փոքր տեղեկություն, ինչպես էմոջին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Քեմբրիջի հնագիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող մեր նախնիների՝ 20 000 տարվա հնության ժայռապատկերներում կենդանիների պատկերների կողքին պատկերված նշանները ցույց էին տալիս, թե որքան կարևոր էր կենդանիների վարքը մարդկանց գոյատևման համար։
Եվրոպայում հայտնաբերված Սառցե դարաշրջանի մոտ 600 ժայռապատկերներում և տեղից տեղ տարվող առարկաների վրա պատկերված գծերը, կետերը և «Y» նշանները, ըստ Դարհեմի համալսարանի պալեոլիթյան հնագիտության մասնագետների, ցույց են տվել կենդանիների վարքը, ինչը շատ կարևոր է եղել այդ կենդանիները որսացող մարդկանց համար։
Դարհեմի համալսարանի պրոֆեսոր Փոլ Փեթիթը CNN-ին հայտնել է, որ այդ նշանների միջոցով որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվողները նշում էին կենդանիների զուգավորման և ծննդաբերության ժամանակը. երկու դեպքում էլ մեծ թվով կենդանիների կուտակում էր տեղի ունենում։ Բացահայտումները նաև ցույց են տալիս, որ Սառցե դարաշրջանի Եվրոպայում մարդիկ օգտագործում էին Լուսնի փուլերի վրա հիմնված օրացույց։
Ըստ մասնագետների՝ պալեոլիթյան արվեստում կա ավելի քան 30 նշան, որոնցից ամենատարածվածը երեքն են. խմբի անդամների համոզմամբ՝ «Y» նշանը նշանակել է ծննդաբերություն, իսկ զուգավորման ժամանակահատվածները նշվել են գծերով և կետերով, որտեղ առկա չի եղել «Y» նշանը։
Մասնագետները նշում են, որ ուսումնասիրվել են նշաններից միայն երեքը, սակայն դա լավ սկիզբ է հետագայում ավելի շատ տեղեկություններ բացահայտելու համար։
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացվեց երաժշտական նվագակցությամբ «Կային, չկային հեքիաթներ» խորագրով գրական-գեղարվեստական պերֆորմանսը։
Թատրոնի և կինոյի դերասաններ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անահիտ Գաբրիելյանը, Արեն Խաչատրյանը Armenian String Quartet-ի դասական երաժշտության կատարումների ուղեկցությամբ կարդացին աշխարհի ժողովուրդների հեքիաթները։
Միջոցառմանը տեղի ունեցավ «Կային, չկային հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որում հյուսված են աշխարհի ժողովուրդների 26 լեգենդներ՝ նկարազարդված տարբեր երկրների երիտասարդ նկարիչների կողմից։ Ներկայացվեցին 7 հեքիաթներ, զուգահեռաբար գեղեցիկ տեսաշար, որը պատմում էր ընտրված երկրների, այդ թվում՝ Հայաստանի մասին։
Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեց հրատարակիչ, Perspectum հրատարակչության տնօրեն, հեքիաթների գրքի գաղափարի հեղինակ Ալինա Գասումյանովան։
«Գրքի ստեղծման աշխատանքներում ներգրավված է եղել 27 երիտասարդ, արդեն հայտնի նկարազարդողներ Ռուսաստանից, Իտալիայից, Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից և Էստոնիայից։ Նրանց մի մասը սկսնակ արտիստներ են, մյուսներն աշխատում են շատ հայտնի ընկերությունների համար՝ ստեղծելով տարաբնույթ նկարազարդումներ։ Առանձնահատուկ շեշտեմ՝ համագործակցել ենք նաև հայ նկարազարդողի հետ»,-նշեց նա։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև լրագրող, բանասեր, գրող, «Կային, չկային հեքիաթներ» գրքի հեղինակ Աննա Խրուստալևան։ Վերջինս հատուկ այս միջոցառման համար եկել էր Հայաստան։ «Ժողովրդական հեքիաթները նման են գոհարների. թափառող սյուժեները դրանք կապում են միմյանց, բայց, եթե ավելի ուշադիր նայեք, չեք գտնի երկու լիովին նույնական հեքիաթներ: Ազգային բնավորության մասին ոչինչ ավելի լավ ու միևնույն ժամանակ ավելի բանաստեղծական չի պատմում, քան հեքիաթը։ Չէ՞ որ ֆանտաստիկ սյուժեի և կախարդական պատկերների միջոցով այստեղ հստակ երևում են մարդկային հիմնական սկզբունքները, բարոյականության նորմերը, աշխարհայացքը, կենցաղային յուրօրինակ կոլորիտը»,-նշեց հեղինակը: