Փետրվար 01, 2023 08:37 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում անդրադառնալու ենք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ ՀՀ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից, հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հոբելյանական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին։

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում  տեղի է ունեցել «Շրջափակում. ժամանակների կապը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որտեղ ներկայացված էին Սերգեյ Լարենկովի «Անտեսանելի շրջափակված Լենինգրադը» ֆոտոնախագծի նյութերը: «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսը նվիրված է Լենինգրադի շրջափակումից ազատագրման՝ 80 և քաղաքը  ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման՝ 79-րդ ամյակին։

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորել է «հիշողության էստաֆետի» պահպանումն ու փոխանցումը նոր սերունդներին:

«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը իրական օգնություն է ցուցաբերել Լենինգրադի բնակիչներին՝ ընդունելով շրջափակված քաղաքի ավելի քան 300 երեխաների։ Երևանում կա նաև այդ տարիներին նվիրված հուշարձան, որտեղ ամեն տարի ծաղիկներ ենք խոնարհում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին և հայ  ժողովրդին այն ամենի համար, ինչ արել են ռազմի դաշտում և թիկունքում», - նշել է դեսպանը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ նշել է.

«Հայրենական մեծ պատերազմի տարիներին լենինգրադցիների և քաղաքի պաշտպանների հերոսությունը, տոկունությունը, նրանց ոգու ուժը, նվիրվածությունն ու սերը հայրենիքի հանդեպ մինչև օրս օրինակելի են։ Փորձությունների, սխրանքների և ընդհանուր հաղթանակների հիշողությունը համախմբել և միավորել է մեր ժողովուրդներին: Այսօր մեր խնդիրն է երիտասարդ սերնդին դաստիարակել մեր նախնիների հերոսական օրինակներով»:

 

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հունվարի 20-ին տոնեց հիմնադրման 90-ամյակը՝ երկարատև դադարից հետո բեմ բարձրացնելով Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, որն ընդունվեց բուռն ծափողջույններով: Հենց «Ալմաստ»-ի երևանյան պրեմիերայով 1930 թվականին երաժշտասերների առաջ իր դռներն է  բացել ՀԽՍՀ պետական  օպերային թատրոնը, որն ավելի ուշ կոչվել է մեծ կոմպոզիտորի անունով:

Ներկայացման ռեժիսոր Ալիս Հեքիմբաշյանը պատմել է օպերայի յուրահատկության, ուղերձի ու արդիականության մասին՝ հիշեցնելով, որ երաժշտագետներն այն օպերային արվեստի լավագույն նմուշներից են համարում:

Հեքիմբաշյանի խոսքով՝ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից է, ստեղծագործող, որը, յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնել է ազգային երաժշտության շրջանակները։ «Նա հրաշալի է ներկայացրել հայկական երաժշտությունը, մելիզմները, որոնք օգտագործել է «Ալմաստ» օպերայում, իսկ սիմֆոնիկ երաժշտությունը տեղ է գտել օպերայի նվագակցության մեջ: Հարուստ երաժշտություն է, հարմոնիկ, բարդ ու գեղեցիկ: Օպերան գնահատվում է առաջին հերթին բովանդակության, հետո՝ երաժշտական մեկնաբանության համար: «Ալմաստ»-ը եզակի ստեղծագործություն է, որն իր թարմությունը չի կորցնում մինչ օրս: Այն շատ թումանյանական ու շատ սպենդիարյանական է»,-նշում է ռեժիսորը:

 

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում 2022 թվականին մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է  «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ, գիտահանրամատչելի այս ժողովածուն նախատեսված է ընթերցողների առավել լայն լսարանի համար: Առանձին հոդվածների տարբերակով փորձ է արվել ամփոփ, սակայն գիտական արդի ընկալումներին համահունչ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային ինքնատիպ նյութական և հոգևոր ժառանգության ընտրանին:

Այն ընթերցողական լայն շրջանակներին հնարավորություն կտա բացահայտել և ճանաչել հայոց պատմության ու մշակույթի որոշակի շերտեր:

Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:

«Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» եռալեզու կատալոգում ընդգրկված են շուրջ իննսուն գրքային նկարազարդումներ, անվանի գրողների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարներ, որոնք ուղեկցվում են հետաքրքիր տեղեկություններով և բնագրային մեջբերումներով:

Կատալոգի լույս ընծայման համար հիմք է ծառայել «Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» համանուն ցուցահանդեսը, որն ամիսներ առաջ է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսում ներկայացվում է Սարյանի թողած մատենանկարչության հարուստ ժառանգությունը:

Շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունվարի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահի «Արտ բազիս» գրադարանում, պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց՝ որոշել են ակտիվացնել հրատարակչական գործունեությունը: Առաջիկա բոլոր ցուցահանդեսների հիման վրա պատկերագրքեր կհրատարակվեն:

«Սկսեցինք Սարյանից, քանի որ ցուցահանդեսի նախապատրաստական փուլում մի շարք բացահայտումներ եղան: Գիտաշխատողներն ահռելի գիտահետազոտական աշխատանք են կատարել: Տարեթվերի, անվանումների վերաբերյալ բազմաթիվ ճշգրտումներ արվեցին: Ստացվեց արխիվային նյութ, որը պետք էր հանձնել հանրությանը՝ կատալոգի տեսքով»,-նշեց նա:

Հայաստանի թատերական գործիչների միության վարչությունը հաստատել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմը:

Փորձագետների կազմում են՝ Կարինե Խոդիկյանը՝ դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, Լիլիթ Արզումանյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աննա Ասատրյանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Դավիդ Մուրադյանը՝ արձակագիր, կինոգետ, Արշալույս Հարությունյանը՝ բեմադրիչ, դերասան, Հրաչյա Պապինյանը՝ բեմադրիչ, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն, Սուսաննա Բրիկյանը՝ թատերագետ: 

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն ավանդույթի համաձայն կանցկացվի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ցավակցում կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, ողջ երաժշտասեր հանրությանը։

Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին Երևանում: 1967-1972 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ Հետագայում դասավանդել է կոնսերվատորիայում` նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա կոմպոզիցիայի պրոֆեսոր։ Նրա երաժշտությունը հնչել է Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ հունվարի 22-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը, ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։

Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը և քոլեջի երգչախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, Բաբաջանյանի արվեստի երկրպագուներ։

Ի հիշատակ հայ քաջարի զինվորների՝ քոլեջի երգչախումբը հանդես է եկել «Տղերքը, որոնք չկան» կատարմամբ։

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացրել է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների: Առաջին տեղում է  «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

«Մարդուկ Ջարդուկը» երկրորդ տեղում է։ Ուզու՞մ եք տեսնել, թե Կլարան ինչպես է Մարդուկ Ջարդուկին փրկում Մկների արքայից` վերածվելով գեղեցկատես արքայազնի,վայելել Քաղցրանուշի կախարդական թագավորության ամանորյա հրաշքները... ապա,այս գիրքը Ձեզ է սպասում:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը երրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:

Չորրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան»  պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։

Հինգերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն վեցերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Յոթերորդ տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը։ Երբ երեխան սիրում է քեզ... ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ՝ դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ Թավշյա Ճագարը երազում է լինել իսկական, ինչպես իր ծեր և իմաստուն ընկերը՝ Կաշվե ձին։ Բայց ԻՍԿԱԿԱՆ լինելն այն չէ, թե ինչպես ես պատրաստված։ Դա այն է, ինչ կատարվում է քեզ հետ։ Փոքրիկ տղայի սիրո շնորհիվ թավշյա Ճագարի երազանքները հրաշքով կարող են իրականանալ... Մարջերի Ուիլյամսի մանկական դասական այս վիպակի նկարազարդ ամբողջական հրատարակությունը, որ առաջին անգամ լույս է տեսել 1922 թ., կգրավի ցանկացածի սիրտը, ով հավատում է սիրո ուժին։

Ութերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, կարելի է ասել՝ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Իններորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Տասներորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները: