Փետրվար 02, 2023 07:50 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաջդե սուրահի 15- րդ այա

إِنَّمَا یُؤْمِنُ بِآیَاتِنَا الَّذِینَ إِذَا ذُکِّرُوا بِهَا خَرُّوا سُجَّدًا وَسَبَّحُوا بِحَمْدِ رَبِّهِمْ وَهُمْ لَا یَسْتَکْبِرُونَ

 

Ճշմարիտ հավատացյալները (երբեք գոռոզ չեն լինի), երբ իրենց առջև հիշատակվեն Աստծու (հրաշքները), նրանք կերկրպագեն իրենց Արարչին, կպաշտեն ու Նրա գովեստը կերգեն:

 

Շատ մարդիկ, որ իրենց հավատացյալ են համարում, գործնականում հավատացյալ չեն, քանի որ նրանց արարքը չի համապատասխանում Ղուրանին: Նրանք ասում են, որ հավատացյալ են, սակայն Աստծուն չեն հնազանդվում և գոռոզամիտ են մարդկանց նկատմամբ: Այս այան զատում է իսկական հավատացյալներին սուտ հավատացյալներից: Պետք է ասել, որ իսկական հավատացյալների առանձնահատկություններից մեկը  խոնարհումն է Ղուրանի նկատմամբ: Երբ նրանք լսում են Ղուրանը, պետք է խոնարհվեն ու փառաբանեն Աստծուն: Կամ երբ Ղուրանի այաների համաձայն որևէ հորդոր է հնչեցվում, առանց կասկածի կատարեն դա և հեռու մնան գոռոզամտությունից: Մի կողմից նրանք այսպիսով փառաբանում են Աստծու բարիքները և մյուս կողմից իրենց խնդիրների համար Աստծուն չեն մեղադրում, քանի որ համարում են, որ Նա բացարձակ է ու ամենակարող:

 

Այս այայից սովորում ենք.

1. Աստծու առաջ խոնարհումը և նրան փառաբանելն իսկական հավատացյալների առանձնահատկություններից է: Այն մուսուլմանը, որ նամազ չի անում, լիարժեք հավատացյալ չի համարվում:

2. Խոնարհումն Աստծու առջև, մարդուն հեռու է պահում գոռոզամտությունից:

 

Սաջդե սուրահի 16-րդ և 17-րդ այաներ

 

تَتَجَافَىٰ جُنُوبُهُمْ عَنِ الْمَضَاجِعِ یَدْعُونَ رَبَّهُمْ خَوْفًا وَطَمَعًا وَمِمَّا رَزَقْنَاهُمْ یُنْفِقُونَ

فَلَا تَعْلَمُ نَفْسٌ مَا أُخْفِیَ لَهُمْ مِنْ قُرَّةِ أَعْیُنٍ جَزَاءً بِمَا کَانُوا یَعْمَلُونَ

          

Նրանք իրենց անկողիններից կելնեն Աստծուն աղոթելու համար` երկյուղով ու հույսով լցված: Նրանք չքավորի գիրկը կթափեն այն հարստության մի մասը, որ տվել ենք իրենց:

Մարդիկ չգիտեն, թե իրենց աչքերը ինչպես պիտի շլանան, երբ տեսնեն այն մրցանակները, որոնց արժանացել են իրենց բարի արարքներով:

 

Նախորդ այաներում խոսվեց Աստծու առաջ հնազանդության մասին: Այս այաներն անդրադառնում են հավատացյալների այլ առանձնահատկություններին: Այն ասում է. «Հավատացյալները ոչ միայն անհրաժեշտ աղոթքն են անում, այլ կեսգիշերին, երբ բոլորը քնած են, նրանք արթնանում են քնից, աղոթում Աստծուն և հաղորդակցվում նրա հետ, քանի որ  այդ ժամանակ լավագույն ժամանակն է  Աստծու հետ հաղորդակցվելու համար: Այդ ժամանակը լավագույն ժամանակն է Աստծու հետ խորհրդակցելու, իր սխալները խոստովանելու և Աստծու գթությանն ու բարությանն  արժանանալու  հույս ունենալու համար:

Բնականաբար, Աստծու հետ այս հաղորդակցությունը պատճառ է դառնում, որ մարդը համեստ լինի նաև Աստծու արարածների նկատմամբ և իրեն տրված բարիքներից բաժին հանի նաև Աստծու կարիքավոր արարածների համար»:

Այնուհետև այան ասում է, նրանք, որ հեռու մնալով ցուցամոլությունից, աղոթում են առ Աստված, վարձատրվում են և միայն Աստված գիտի, թե ինչ  է նրանց սպասվում:

Այս այաներից սովորում ենք․

 

1․Իսկական հավատացյալն աստվածավախ է և չի հուսահատվում Աստծու գթությունից ու բարությունից:  Նա մշտապես ապրում է վախի ու հույսի միջև և ոչ գոռոզանում է  և ոչ էլ հուսահատվում:

2․Առավոտյան վաղ արթնանում է Ղուրան ընթերցելու համար, իսկ գիշերային ժամերին աղոթում է առ Աստված և հաղորդակցվում Նրա հետ:

3. Աստծո անհաշվելի վարձատրությունը ստանալու համար տեղին է հաղթահարել վաղ արթնանալու դժվարությունը:

 


Սաջդե սուրահի 18 և 19-րդ այաներ

 

أَفَمَنْ کَانَ مُؤْمِنًا کَمَنْ کَانَ فَاسِقًا ۚ لَا یَسْتَوُونَ

أَمَّا الَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ فَلَهُمْ جَنَّاتُ الْمَأْوَىٰ نُزُلًا بِمَا کَانُوا یَعْمَلُونَ

 

Մի՞թե կարելի է  հավատացյալի հանդեպ ցույց տալ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ամբարիշտին ցույց կտրվի: Նրանք հավասար չեն:

Այն հավատացյալը, որը բարիք է գործում, պետք է բնակվի երանության պարտեզների մեջ, որպես առաքինի գործերի վարձատրություն:

 

Այս այաները նույնպես սուտ և ճշմարիտ հավատացյալներին համեմատում են  իրար հետ, ասելով. «Տեսեք, թե Աստծու պատվիրաններին հավատացողներն ուր են հասնում և նրանք, որ անհնազանդ են ուր են հասնում: Այնուհետև այաները խոսում են դրախտի մասին, նշելով, որ դա այն տեղն է,  որտեղ Աստված ընդունում է իմաստուն ու բարի արարածներին: Իսկ այստեղ մտնելու համար, անհրաժեշտ է որպեսզի մարդը բարի գործեր կատարած լինի:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Երբ խոսքը գնում է հավատքի մասին, իսկական հավատացյալներին պետք է համեմատել անհավատների հետ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպիսի տարբերություններ կան նրանց միջև:

2.Հավատքը գործից առանձին չէ, իսկ դրախտը մարդկանց գործերի վարձատրության համար է և ոչ թե միայն խոսքերի: