Գեղարվեստական հաղորդում (360)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Իրանի ազգային թանգարանում անցկացվում է «Սարվ-ե Սիմին» խորագրով ձեռարվեստի և ավանդական արվեստի Ֆաջր միջազգային 7-րդ փառատոնը։ Ֆաջր ձեռարվեստի և ավանդական արվեստի 7-րդ միջազգային փառատոնում ցուցադրվել են 12 երկրների արվեստագետների մոտ 70 արտասահմանյան աշխատանքներ և իրանցի արվեստագետների ավելի քան 300 գեղեցիկ աշխատանքներ:
Փետրվարի 15-23-ը փառատոնը տեղի ունեցավ Իրանի ազգային թանգարանում,որտեղ հյուրընկալվեցին իրանցի և օտարազգի այցելուներ ու արվեստասերներ։ Իրանական ձեռագործ աշխատանքներն ու Իրանի տարբեր շրջանների բնակիչների տեղական ու էթնիկ տարազները ցուցադրվել են Ֆաջր ձեռարվեստի և ավանդական արվեստի 7-րդ փառատոնում և արժանացել այցելուների բարձր գնահատանքին:
Ձեռքի և ավանդական արվեստի «Ֆաջր» միջազգային 7-րդ փառատոնի ավարտով փառատոնի այս շրջանի իրանցի և օտարազգի ընտրված արվեստագետներին շնորհվել են 7 «Սարվ-ե Սիմին» (Արծաթե Մայրի) հուշատախտակները։
Հինգշաբթի փետրվարի 23-ին, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մահդի Էսմայիլիի ներկայությամբ, տեղի է ունեցել Ֆաջր երաժշտական 38-րդ փառատոնի փակման արարողությունը։
Ծրագրի ավարտին, Մեհրադ Սաիդի ղեկավարած «Իրանի մանուկներ» երգչախումբը հանդես է եկել մի շարք կատարումներով: Միջոցառմանն ունեցած ելույթում, Մոհամմադ Մահդի Էսմայիլին ասել է. «Երաժշտության ոլորտի արվեստագետներն աչքի են ընկնում պարկեշտությամբ և նվազագույն ակնկալիքներով:
Մենք նրանց սիրում ենք, որտեղ էլ որ նրանք լինեն: Մենք ջանքե ենք գործադրում խթանելու երաժշտության զարգացումը»: Նա հավելել է. «Վերջին մեկ տարում բացվել են մեծ թվով նոր սրահներ ու դահլիճներ: Հաջորդ տարի փառատոնը կանցկացվի Իրանի տարբեր շրջաններում»:
Իրանի Յազդ քաղաքում ընթանում է իրանական ձեռագործ գորգերի 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսը։ Միջազգային ցուցահանդեսում ներկայացված են իրանական տարբեր տեսակի ձեռագործ գորգեր, որոնք սիրված ու ճանաչված են ամբողջ աշխարհում: Ձեռագործ գորգերի 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված են բրդյա և մետաքսե գորգեր Թավրիզից, Նայնից, Սպահանից, Ղոմից, Յազդից, Շահռուդից, Թեհրանից և Գորգանից:
Ցուցահանդեսին ներկա են գորգագործները, ովքեր քոչվորական և գյուղական բնակավայրերում ունեն գորգագործության արհեստանոցներ ունեն և զբաղվածություն են ապահովել տեղի բնակիչների համար: Աշխարհի լավագույն գորգերն անկասկած գործվում են Իրանում: Դրա մասին վկայում են ցուցահանդեսում ներկայացված գորգերը:
Նիդերլանդներում ամենահայտնի Կաբում անիմացիոն կինոփառատոնի «Նոր ուղղություններ» մրցույթում տեղի կունենա Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Պետական ֆինանսական աջակցություն ստացած կինոնկարի սցենարի հեղինակներն են Արմինե Անդան և ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, բեմադրող նկարիչն Աննա Հակոբյանն է, երաժշտությունը՝ Միքայել Ոսկանյանի, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէ, հնչունային ձևավորումը՝ Միքայել Ոսկանյանի, Էդ Մեսրոպյանի, ձայնային համադրումը՝ Տիգրան Կուզիկյանի, մոնտաժը՝ Կարեն Բաղինյանի, անիմացիայի ղեկավար՝ Մարիամ Բոնյադի (Իրան), ռեժիսոր և պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համապրոդյուսերներն են Աշկան Ռահգոզարը, Արման Ռահգոզարը (Իրան), արտադրող՝ «Հոշկի Ֆիլմ» (Հայաստան), համարտադրող՝ Հուրախշ Ստուդիոզ (Իրան)։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ միասին ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակի առթիվ մարտի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հագեցած համերգային ծրագիր կկազմակերպվի:
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։
Որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ)։ Դիրիժորներ՝ Վահան Մարտիրոսյան, Զավեն Վարդանյան, Հմայակ Դուրգարյան, Ռոբերտ Մլքեյան։ Կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի, Կոմիտաս/Զ. Սահակյանցի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Վ.Ա.Մոցարտի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները։ Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Բոլորս կհիշենք տիկնիկային ներկայացումներում տեսած մեր սիրելի հերոսներին: Նրանց ստեղծելն ու «կենդանություն» պարգևելը բարդ ու պատասխանատու գործ է, որը վստահվում է հենց տիկնիկագործներին: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկագործ Հասմիկ Գասպարյանն ասաց, որ այս մասնագիտության մեջ ամեն ինչն է հետաքրքիր, ու ինքն ուղղակի սիրահարվել է տիկնիկագործությանը:
«Ես սիրահարվեցի այս մասնագիտությանը մանկության տարիքից, երբ հայրս ինձ բերում էր Տիկնիկային թատրոն ու տեսնում էի, թե ինչպես են այստեղ պատրաստում տիկնիկներին: Ճիշտ է, այն ժամանակ չէի մտածում, որ մի օր կաշխատեմ թատրոնում: Ժամանակն ու նախասիրությունները ցույց տվեցին, որ ես այս գործը սիրում եմ»,-ասաց նա:
Մասնագետն ընդգծեց, որ տիկնիկներ պատրաստելը իր ընթացակարգն ու հերթականությունն ունի, մի տիկնիկի վրա մի քանի մասնագետներ են աշխատում, որովհետև մի քանի գործողություն կա անելու. կա քանդակ, մեխանիզացիայի պատրաստում, կա հագուստ, որը պետք է ձևավորել, հագուստը կարել:
« Տիկնիկագործը պետք է կերպարը ճիշտ ստանա, նա պետք է մանր դետալները առանձին-առանձին պատրաստի ու հավաքի տիկնիկի վրա, ստուգի, որ մեխանիզացիան լավ աշխատի և որպես աշխատանքային գործիք ոչ մի թերի մասեր չունենա, որպեսզի դերասանը կարողանա բոլոր նախատեսված գործողությունները հանգիստ կատարի»,- ասաց տիկնիկագործը:
Տիկնիկներ ստեղծելու և նրանց կենդանություն հաղորդելու համար մասնագետներն օգտագործում են տարբեր նյութեր: Հասմիկ Գասպարյանը նաև նշեց՝ կան տիկնիկներ, որոնք շատ արագ են պատրաստվում, բայց կան նաև այնպիսիք, որոնց պատրաստումը կարող է մի քանի ամիս տևել:
Գավառի քաղաքային գրադարանի աշխատակազմի նախաձեռնությամբ նույն հիմնարկում անցկացվեց Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված խաղ-վիկտորինա: Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, լեզվական գիտելիքների ցուցադրման նպատակով միմյանց հետ մրցեցին Գավառի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի «Փարվանա» եւ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Հայկազուն» աշակերտական թիմերը:
Թիմերում ընդգրկված 8-րդ դասարանցիները իրենց գիտելիքները ներկայացրին մայրենի լեզվի եւ գրականության ոլորտներում: Մրցատյանում ընդգրկված էին վերոնշյալ դպրոցների ուսուցչուհիները: Կազմը գլխավորում էր Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Արփիկ Չքոլյանը: Ակտիվ մրցապայքարում հաղթեց «Փարվանա» թիմը: Գրադարանի տնօրեն Նարինե Նանանգուլյանը շնորհակալագրեր եւ նվեր-գրքեր հանձնեց թիմերին:
Խաղ-վիկտորինային ներկա էին նաև Գավառի թիվ 1 հիմն. դպրոցի աշակերտներ, դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սվետլանա Գյուլազյանի ուղեկցությամբ: Վերջիններս հանդես եկան մայրենի լեզվի մասին բանաստեղծություններով ու ասույթներով, իսկ ներկաները ընթերցեցին Հովհաննես Թումանյանի քառյակները։ Գավառի քաղաքային գրադարանը ներկայացրել էր նաեւ թեմատիկ ցուցահանդես:
«Մայրենի լեզվին նվիրված խաղ-վիկտորինան կրում է ավանդական բնույթ։ Ամեն տարի մեր գրադարանն իր հարկի տակ Մայրենի լեզվի օրվան նվիրված գիտելիքի մրցույթ է հայտարարում, որտեղ մեր շնորհալի աշակերտները ցուցադրում են մայրենի լեզվի իրենց իմացությունը, հանդես են գալիս ասմունքով։ Գրադարան-դպրոցներ կապը նաեւ ավելի է ամրապնդվում նման մրցույթի կազմակերպմամբ»,-ներկայացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը։
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործությունը կարդալով որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Երկրորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Երրորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Չորրորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին:
Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը» հինգերորդ տեղում է: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:
Վեցերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն ութերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Իններորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Տասներորդ տեղում է Լուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան կանաչ կտուրներից» վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է 50 միլիոնից ավելի օրինակով և թարգմանվել 36 լեզվով։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։