Գեղարվեստական հաղորդում (362)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
«Իսատիս» վավերագրական երկարամետրաժ ֆիլմը ճանաչվել է ԱՄՆ-ի «Ocean City»(Օուշեն Սիթի) 7-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ։
Ռեժիսոր Ալիռեզա Դեհղանիի պատրաստած «Իսատիս» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել « Ocean City» 7-րդ միջազգային կինոփառատոնի երկարամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում:
Ocean City յոթերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվել է 2023 թվականի մարտի 2-ից 5-ը ԱՄՆ Մերիլենդ քաղաքում։
Ավելի վաղ «Իսատիս» վավերագրական ֆիլմն մի քանի հատուկ մրցանակների է արժանացել Իրանի կինոփառատոներում։
Ֆրանսիական Nouvel Hay Magazine պարբերականն իր «Երեք վերականգնված ֆիլմ Փարիզում՝ մարտի 10-ին և 11-ին» հոդվածում անդրադարձել է ֆրանսիական Սինեմատեկի «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերին և հրապարակել է ցուցադրությունների ծրագիրը:
Հոդվածում ասվում է. «Համո Բեկնազարյանի վերականգնված երեք ֆիլմերը, որոնք կցուցադրվեն «Աշխարհի ողջ հիշողությունը» կինոփառատոնի շրջանակում, անփոխարինելի ժառանգություն են»:
Հոդվածում ընդգծվում է, որ Համո Բեկնազարյանը 1920-1950 թվականների սովետական կինոյի ականավոր կինոգործիչ էր, հայ կինոյի հիմնադիր, խորհրդային կինոյի պատմության մեջ օրինակը չունեցող 30 լիամետրաժ և վավերագրական ֆիլմերի հեղինակ: Ըստ պարբերականի՝ Բեկնազարյանը կինոյի՝ որպես մշակութային էմանսիպացիայի գործիքի ջերմեռանդ պաշտպանն էր ու կողմնակիցը:
Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի շրջանակում մարտի 10-11-ին կցուցադրվեն Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» կինոնկարը՝ նկարահանված 1928 թվականին, «Երկիր Նաիրի» ֆիլմը, որը նկարահանվել է 1930 թվականին և «Դուստրը», որը ռեժիսորն ստեղծել է 1942-ին:
Առաջին հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի Պետական Համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս…
«Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» ձեռնարկը երկրորդ հորիզոնականում է։ Գրքում ընդգրկված նյութերին ծանոթանալով՝ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին:
Երրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը։ 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից:
Չորրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց:
Հինգերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։
Վեցերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը...
Յոթերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են:
Ութերորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության
Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» իններորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։
Տասներորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով՝ գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նվագախմբի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հռոմի օպերային թատրոնի (Teatro dell'Opera di Roma) հետ կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետը։
Մասկատի արքայական օպերային թատրոնում երկու գործողությամբ բալետը հայ և իտալացի արտիստների մեկնաբանմամբ հանդիսատեսի համար բեմ կբարձրանա մարտի 9-ին, 10-ին և 11-ին։
Սա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երրորդ հյուրախաղն է Օմանում։ Նախորդ երկու հյուրախաղերը կայացել են 2022 թվականին։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարվա ընթացքում իրականացվում են բազմաբովանդակ ծրագրեր: Համաձայն ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությանը, տարբեր տարիքային խմբի երեխաներ մասնակցում են շուրջ 200 կրթական, մշակութային ծրագրերի և միջոցառումների:
Կրթամշակութային ծրագրերի հիմնական նպատակն է արժևորել գիրքն ու ընթերցանությունը, նպաստել ընթերցելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, նպաստել գիրքը որպես մշակութային արժեք և մտավոր զարգացման միջոց դիտարկելու գիտակցմանը:
Կրթամշակութային ծրագրեր
Գրադարանի միջոցառումների շարքում հատկանշական է առանձնացնել ավանդաբար անցկացվող «Գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Գիրք նվիրելու օր», «Մայրենի լեզվի միջազգային օր», «Մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառ», «Գրադարանավարի օր», «Մանկական գրքի միջազգային օր», «Երեխաների պաշտպանության միջազգային օր» ծրագրերը: Դրանց շրջանակում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ գրքի ընթերցում-քննարկումներ, հեղինակների հետ հանդիպումներ, վարպետության դասեր, գրքային ցուցահանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ՝ գրադարանի թատերական խմբակի սաների մասնակցությամբ, նկարչական ցուցահանդեսներ, տարվա հոբելյարներին նվիրված միջոցառումներ և այլն:
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Դամբարանադաշտ» և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի «Խոյատապան ճանղուլի» պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններին:
Նիստում քննարկվել է նաև 28 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանց թվում են պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Սբ Աստվածածին» (IV-VI դդ., վերակառուցվել է X-XIV դդ.) և «Սբ Հովհաննես» (V-VI դդ.) եկեղեցիները, Շենգավիթ վարչական շրջանի եկեղեցական համալիր Նորագավթի Սբ Գևորգ (Ծիրանավոր Սբ Գևորգ) (IV-VII դդ., XIII-XVII դդ.) եկեղեցական համալիրը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Վերածնունդ» (1980 թ.) հուշահամալիրը և Ողջաբերդ գյուղի «Չարենցի կամար» հուշարձանը (1957 թ.), Սյունիքի մարզի Հացավան գյուղի «Վասակաբերդ» (V դ.) ամրոցը և այլն:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը մարտի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգով: Կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի յոթ մոտետները, որոնք մեկ համերգի շրջանակում Հայաստանում ներկայացվում են առաջին անգամ:
Խմբավար Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ ինչպես «Հովեր» պետական երգչախմբի գործունեության բոլոր շրջաններում, այսօր ևս, ծրագրերը մշակվում են ըստ ներկայումս երգչախմբի կազմում ընդգրկված երգիչների ունակությունների, ձայնային առանձնահատկությունների և հմտությունների, ինչպես նաև նրանց կողմից այս կամ այն ծրագրին անդրադառնալու առաջարկների։
«Անցյալ տարեվերջին Երևանում և Թբիլիսիում «Վրաստանի սիմֆոնիետտայի» հետ համատեղ երգչախումբը հաջողությամբ հանդես եկավ նոր ծրագրով, որի շարունակությունը կարելի է համարել Բախի յոթ մոտետները մեկ համերգային ծրագրում ներկայացնելու նախաձեռնությունը։ Ժամանակը կարճ է, և բոլորս հասկանում ենք, որ Գերմանիայում ձևավորված խմբերգային երաժշտության ավանդույթների հարյուրամյակների ընթացքում հղկված ոճին ու մտածողությանն անդրադառնալը մարտահրավեր է։ Կարծում եմ՝ արժե անգամ ձախողվել, բայց գնալ այս ճանապարհով։ Ինչպես ասել է Սենեկան՝ իրական հաճույքը բարդությունն է»,-նշում է Հովհաննիսյանը: