Գեղարվեստական հաղորդում (363)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Իրանական կարճամետրաժ «Ռոյա» (Երազանք) ֆիլմը ներկա կլինի վեց միջազգային փառատոներում։
ԻՌՆԱ-ի շաբաթ օրվա հաղորդման համաձայն, «Ռոյա» կարճամետրաժ ֆիլմը, որի սցենրիստը և ռեժիսորը Մուհամեդռեզա Մոհամմեդին է, կներկայանա Իսպանիայի կինոյի և մարդու իրավունքների 16-րդ միջազգային կինոփառատոնին, ՄՈԼԻՆՍ ԴԵ ՌԵԻԻ միջազգային կինոյի և մարդու իդավունքների փառատոնին (մարտի 24-ից 31-ը), Իտալիայի Կաֆուսկարիի 13-րդ փառատոնին (մարտի 22-ից 25), Ամերիկյան կարճամետրաժ ֆիլմերի 12-րդ փառատոնին SHORT SWEET FILM FEST (մարտի 1-ից 5), Անգլիաի «Քրասինկ սքրին» 7-րդ փառատոնին (մարտի 3-5), Հնդկաստանի SINCINE FILM FESTIVAL երրորդ փառատոնին (մարտի 5-7) և ԱՉԻԼ ԿՂԶԻ կինոփառատոնի երկրորդ շրջանին (մայիսի 11-13):
Ֆիլմն արդեն արժանացել է 3 մրցանակի՝ «Վենեսուելայի հինգ մայրցամաքներ» վեցերորդ փառատոնում, «Բահիա Բրազիլիա» փառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար և «Բարսելոնայի Մարդու իրավունքների» փառատոնի 19-րդ շրջանում, «Montcatini Italy» փառատոնի 73-րդ շրջանում ու նաև ներկա է եղել «Հունգարական Ֆալուդի» 25-րդ և «Կանադական Սփյուռք» փառատոններին։
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը:
IV-V դդ. հնդիկ մեծ բանաստեղծ և թատերագիր Կալիդասայի ստեղծագործությունը համաշխարհային գրականության գոհարներից է։ Կալիդասայի թատերգությունների և պոեմների գլխավոր թեման սերն է իր բազմաբնույթ դրսևորումներով։ «Մատանիով ճանաչված Շակունտալան» և «Ամպ-ավետաբերը» Կալիդասայի գլուխգործոցներն են, որոնք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծ ազդեցություն են թողել Եվրոպայի հոգևոր մշակույթի վրա։ Ներկա հրատարակությամբ «Մատանիով ճանաչված Շակունտալան» հայ ընթերցողին է ներկայացվում երկրորդ, իսկ «Ամպ-ավետաբերը»՝ երրորդ անգամ։ Թարգմ.՝ Ա. Առաքելյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
«Փիթեր Փենը» կամ «Փիթերը և Ուենդին» շոտլանդացի գրող Ջեյմս Մեթյու Բարրիի վիպակներից է, որը լույս է տեսել 1911 թ. և հետագայում դարձել մանկական գրականության գլուխգործոցներից մեկը: Վիպակ-հեքիաթը Փիթեր անունով մի տղայի մասին է, որը չէր ուզում մեծանալ: Մի անգամ թռչելով Դարլինգների մանկասենյակի պատուհանից ներս՝ նա ծանոթանում է Ուենդիի հետ և համոզում նրան ու նրա 2 եղբայրներին իր հետ թռչել Չկաստան՝ կղզի, որի վրա կարող են ոտք դնել միայն երեխաները: Իսկ կղզու վրա բազմաթիվ արկածներ են սպասում նրանց: Փիթերին հանդիպած բոլոր երեխաները, ի վերջո, մեծանում են, իսկ նա համառորեն հրաժարվում է մեծանալուց: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
«Բանակցային առաջնագծում» ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) եւ հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի թիմն օրերս հայկական տաղավարով է ներկայացել Բեռլինալեին կից եվրոպական կինոշուկային: Կինոկենտրոնը տարբեր երկրների կինոգործիչների, փառատոնների տնօրենների հետ բանակցել է հայ երիտասարդ կինոգործիչներին հարթակներ տրամադրելու, հայկական կինոն աշխարհում ներկայացնելու շուրջ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հիշեցրեց՝ առաջին անգամ Բեռլինի կինոշուկայում հայկական տաղավարով ներկայացել են 2020 թվականին. հետագա մասնակցություններին խոչընդոտել է համավարակը:
«Այս տարվա մասնակցությունը կարևոր էր: Երիտասարդ հայ ստեղծագործողների առաջընթացին նպաստելու համար բանակցել ենք տարբեր հարթակներում: Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարբեր միջազգային փառատոններին կից կազմակերպվող հարթակներում հայ պրոդյուսերների, ռեժիսորների մասնակցության համար: Կարևոր է, որ նրանք հանդիպեն այլ երկրների ստեղծագործողների հետ և կարողանան շփումների արդյունքում համատեղ ֆիլմեր ստեղծել»,-շեշտեց նա:
Կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի ստեղծման համար ազգային կինոկենտրոնը ֆինանսական աջակցություն է տրամադրում երիտասարդ կինոգործիչների:
Միրզախանյանի խոսքով՝ նրանք շատ ակտիվ են, սակայն կարող են անել ավելին՝ ստեղծելով համատեղ արտադրության կինոնկարներ, որոնք ավելի հեշտ կլինի ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում:
Կինոկենտրոնը Բեռլինում բանակցություններ է վարել նաև հայ կինոյի 100-ամյակի շուրջ: «Հանդիպել ենք Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Վրաստանի կինոկենտրոնների տնօրենների հետ: Բանակցել ենք երիտասարդների համար հարթակներ ստեղծելու և այդ երկրներում հայկական կինոցուցադրություններ կազմակերպելու վերաբերյալ: Հայկական կինո ասելով՝ նկատի չունեմ միայն մեր ժառանգությունը, այլև այսօր նկարահանվող ֆիլմերը: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել Վենետիկի կինոփառատոնի հետ՝ մեր ժառանգությունը համարվող ֆիլմերը վերականգնելու և այնտեղ ցուցադրելու նպատակով»,-պատմեց Միրզախանյանը:
Համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Բրյուսելի և Բեռլինի Սինեմատեկների հետ:
Ավետիք Իսահակյանի «Աբու–Լալա Մահարի» պոեմը նոր մեկնությամբ Գյումրու Մտորումների թատրոնի բեմում է: Խոհափիլիսոփայական դրամայի բեմադրությունը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանին է, նկարչական ձևավորումը`Լուսինե Խաչատրյանինը: Դերերում`Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Մարդոյան, Սոնա Խդրյան:
Սցենարային ու բեմադրական աշխատանքները սկսվել էին մոտ մեկ տարի առաջ։ Հայ դասականի՝ 1909 թվականին գրված համամարդկային այս գործն արդիական է հատկապես այսօր: «Մերօրյա է: Բոլորս էլ մեր մեղքերի քարավանը հավաքել ենք և բոլորս էլ պետք է դեպի արևը գնանք ու պարզվենք: Ուզում ենք մի պահ մտածենք ու ապրենք նորովի: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մարդուն ենք մոռացել. հենց սա է մեր ներկայացման ասելիքը», նշեց Հովհաննես Հովհաննիսյանը հավելելով, որ ներկայացումը յուրօրինակ կոչ է բոլոր սերունդներին:
ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ նպատակ կա այս գործով հյուրախաղով ներկայանալ հանրապետության տարբեր մարզերում, իսկ մինչ այդ՝ թատրոնի լեցուն դահլիճն ու չդադարող ծափերը վկայում են հայ դասականներին անդրադառնալու կարևորության, արդիական պոեմի յուրովի մոտեցման ու թատերախմբի արհեստավարժ խաղի մասին:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 10-ին ներկայացվել է Միքայել Թարիվերդիևի «Սպասում» մոնոօպերայի համերգային կատարումը:
Համերգին ելույթ են ունենցել Վարսենիկ Ավանյանը (մեցցո սոպրանո), Սյուզաննա Մելքոնյանը (սոպրանո), Արմեն Բադալյանը (տենոր) և Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։ Համերգի առանցքն է կազմում Թարիվերդիևի «Սպասում» մոնոօպերան, որտեղից համերգը ստացել է իր խորագիրը։
Մոնոօպերան կատարել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Ստեղծագործությունը կներկայացվի դաշնամուրի նվագակցությամբ։
«Սպասում» մոնոօպերան գրվել է 1985 թվականին` Ռոբերտ Ռոժդեստվենսկու տեքստերի հիման վրա։ Օպերայում կա միայն մեկ կերպար՝ «Նա», հերոսուհին, որը ժամադրության է գալիս տղամարդուց 32 րոպե շուտ և սպասման ժամանակ վերապրում է հույզերի մի մեծ փոթորիկ, որոնք նա արտահայտում է մենախոսության տեսքով։
Ժամանակակից կինը, ծանրաբեռնված իր առօրյա խնդիրներով, պարտականություններով և սոցիալական գործառույթներով, ժամադրության է գալիս իր սիրելիի մոտ և սպասում նրան ժամացույցի տակ: Այն, ինչ կատարվում է նրա հոգում այդ երեսուներկու րոպեների ընթացքում՝ կրքոտ բոցավառությունից մինչև հուսահատություն և գրեթե հուսահատություն, պատկերված է Թարիվերդիևի երաժշտության մեջ՝ գրավիչ պարզությամբ և ճշմարտացիությամբ։
Համերգի երկրորդ մասում հնչել են «Հնագույն ռոմանս», «Մի անհետացիր», «Երաժշտություն» (ի հիշատակ Շոպենի), «Ինձ դուր է գալիս»՝ «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից, «Երկուսը սրճարանում»՝ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից, նախերգանք՝ «Կորուսյալ արշավախումբը» ֆիլմից, «Երկու մեղեդի»՝ «Ճակատագրի հեգնանք» ֆիլմից, «Երեկոները» և «Փոքրիկ իշխան» ստեղծագործությունները:
Ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնի շրջանակում մարտի 10-11-ին կցուցադրվեն Համո Բեկնազարյանի 1928 թվականին նկարահանված «Տունը հրաբխի վրա» կինոնկարը, «Երկիր Նաիրի» ֆիլմը, որը նկարահանվել է 1930 թվականին և «Դուստրը», որը ռեժիսորն ստեղծել է 1942-ին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ընդգծեց՝ «Աշխարհի ողջ հիշողությունը» համարվում է վերականգնված և արխիվային հազվագյուտ ֆիլմերի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնը, որը 2023-ին տոնում է 10-ամյակը:
«Բեկնազարյանի կինոնկարները վերականգնվել են 2022 թվականին: Մեծ աշխատանք ենք տարել: Առաջին անգամ է, որ վերականգնումն ամբողջությամբ իրականացրել են հայ մասնագետները: Համագործակցել ենք Հայաստանի ազգային արխիվի հետ, որտեղից ստացել ենք ժապավենները: Հետագայում թվայնացման գործընթացն է սկսվել. այն արվել է Հանրային հեռուստաընկերությունում: Աշխատել ենք One Man Studio Production-ի հետ: Իրականում ժապավենները շատ վատ վիճակում էին: Ֆիլմերի համար նաև հատուկ երաժշտություն է գրվել և ձայնագրվել: Մեզ աջակցել է Հանրային ռադիոն»,-պատմեց Միրզախանյանը:
Նրա խոսքով՝ մեծ պատիվ է, որ Սինեմատեկի նախագահ Կոստա Գավրասը գրել է՝ սիրով մասնակցելու է հայկական ֆիլմերի ցուցադրություններին: «Շատ հուզիչ է, քանի որ լուրջ և պրոֆեսիոնալ հանդիսատեսի ենք ներկայանալու: Կինոփառատոնին մասնակցելու են տարբեր սինեմատեկների ղեկավարներ, արվեստագետներ: Մեզ համար շատ կարևոր է նրանց գնահատականը: Ի վերջո, Բեկնազարյան ենք ներկայացնում»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանն ու հավելեց, որ այդպիսի հարթակներում ցուցադրությունները կնպաստեն հայ կինոյի պատմության վերարժևորմանը, և նման քայլերով մենք կկարողանանք հայկական կինոյի ամբողջ պատմությունը ներկայացնել ու մեծացնել հայկական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունը:
Զարդագործ, նկարիչ, քանդակագործ Արմեն Վարդապետյանի «Կիլիկիա» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված է ավելի քան հիսուն աշխատանք՝ արծաթյա զարդեր, քանդակներ, գծանկարներ:
Հետաքրքրասերները յուրահատուկ, ինքնատիպ գործերին կարող են ծանոթանալ՝ մարտի 7-ից ապրիլի 7-ը այցելելով Երևան քաղաքի պատմության թանգարան:
Վարդապետյանն ասաց. «Սկսեցի ուսումնասիրել հայկական զարդանախշերը, հետո՝ հրաշալի ձեռագրերը: Մանրանկարներում զարդերի շատ հետաքրքիր մոտիվներ էի գտնում և հենց դրանց հիման վրա նոր զարդեր պատրաստում: «Կիլիկիա» հավաքածուի նպատակներից է պատմական Կիլիկիայի մասին խոսելը: Այդ դարաշրջանում զարգացել են հայկական արվեստն ու մշակույթը, սակայն արշավանքների, պատերազմների պատճառով քիչ բան է պահպանվել: Բացառություն չեն զարդերը: Զարդերը ժամանակին ձուլել են և տուրքեր վճարել»,-պատմում է նկարիչն ու շեշտում՝ «Կիլիկիա» հավաքածուն պատմական Կիլիկիայի վերարտադրումը չէ. իր՝ որպես արվեստագետի պատկերացումն է Կիլիկիայի մասին:
Ցուցադրության մեջ առանձնանում է Կիլիկիայի քարտեզը, որի վրա Վարդապետյանը փորձել է պատկերել հայկական ամրոցները: «Ապշած եմ, թե ինչ հզոր մշակույթ ենք մենք ունեցել ու ցավ եմ ապրում, որ կորցրել ենք այդ ամենը: Ցավալի է նաև, որ շատ հայեր անգամ չգիտեն, թե որտեղ է պատմական Կիլիկիան: Քարտեզով ցանկանում եմ ցույց տալ Կիլիկիայի տեղը»,-նշում է նա: