Մայիս 23, 2023 18:51 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ 

«Ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակվելու կարևոր լուրով:

Հայաստանում և ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների, բարեկեցության և երազանքների պաշտպանության համար այս ուշագրավ ուղին սկսելը մեծ պատիվ է և բավականություն։

Այս դերը մեծապես արտահայտում է իմ ներքին մղումն ու ցանկությունը՝ դրական ազդեցություն թողնելու նոր սերնդի կյանքում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին ես հանձն եմ առնում աշխատել խոչընդոտները հաղթահարելու և յուրաքանչյուր երեխայի համար զարգանալու հավասար ու հասանելի պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Ստանձնելով այս կարևոր պաշտոնը` իմ երախտագիտությունն եմ հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին վստահության համար և գիտակցում դրան ուղեկցող հսկայական պատասխանատվությունը։

Երեխաները մեր ապագայի ճարտարապետներն են, և ես խորապես հավատում եմ, որ ներդրում կատարելով նրանց բարեկեցության մեջ և զարգացնելով նրանց ներուժը` մենք կարող ենք ավելի բարեկեցիկ աշխարհ ձևավորել գալիք սերունդների համար: Շնորհակալություն ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան», - գրել է նա։

 «Մի անգամ դպրոցում» կատակերգությունը, որը պատմում է ընկերության, նվիրումի, հանուն արդարության պայքարի մասին, հաղթել է «Բյուրեղապակյա փոկ» (Хрустальный нерпенок) մանկապատանեկան և ընտանեկան կինոյի միջազգային կինոփառատոնի «Միջազգային մրցույթում լավագույն սցենար» անվանակարգում:ֆիլմի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատել են ֆիլմի ստեղծման վրա: «Որպեսզի սցենարը նման մրցանակի արժանանար, ֆիլմը պետք է  կայանար, ունենար հաջողություն, որից հետո այն կարող էինք ուղարկել փառատոնների, մրցույթների: Հաղթանակն ամբողջ թիմինն է, և ես շնորհակալ եմ նրանց, ում աջակցությամբ այս պատմությունը տեղ է հասել, հուզել է մարդկանց»,-շեշտեց Ավագյանն ու  հավելեց՝ ֆիլմն առաջիկայում կարող են նաև այլ մրցույթների և փառատոնների ներկայացնել:

Ավելի վաղ Ավագյանը պատմել էր, որ կինոնկարը ոչ թե հենց դպրոցին է անդրադառնում, այլ դպրոցի միջոցով  բարձրաձայնում է  խնդիրներ, որոնք, ըստ իրենց, առկա են մեր իրականությունում: «Խոսքը երիտասարդների արժեքների, նրանց՝ հերոսների ընկալման մասին է: Ֆիլմի խնդիրն է ընդգծել, որ երեխաները հերոսների կարող են փնտրել գրքերում, ոչ թե սոցցանցերում:  Հերոս է այն մարդը, որն ունի բարձր արժեքներ, կարողանում է լուծել խնդիրներ, միայն ուժեղ տղա չէ, այլև արդարամիտ  մարդ բոլորի նկատմամբ»,-նշել էր Ավագյանը:

Կինոնկարում արժեհամակարգի ձևավորողներն են ոչ միայն ուսուցիչները, ծնողները, այլև խորհրդավոր պապիկը և նրա գրքերը: Ներկայացվում են հայ և համաշխարհային գրականության այն նմուշները, որոնք ծանոթ են հանրության լայն շրջանակին և ընկալելի բոլորի համար:

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ   hունիսի 6, 7, 8-ին ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքն առաջին տեղում է։ 1936 թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: 

Երկրորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ 

Երրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Շագանակագույն կոստյումով մարդը»։ 1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է:

Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր» գիրքը չորրորդն է։ Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։  

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» գիրքը հինգերորդ տեղում է։ Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը. նա արդեն հասցրել է օրենք խախտել: 

Վեցերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ ամպերի մեջ» գիրքը։ «Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935 թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով:

Մարկ Լեւիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» յոթերորդ տեղում է։ «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը (2011) ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լեւիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն։

Ութերորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: 

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Տասներորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերիկիզակետում:

Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մայիսի 21-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկայացրեց ժամանակակից դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» բեմադրությունը:

Բեմադրության հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է, որն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր՝ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» պիեսը գրվել է քսան տարի առաջ:

Ղազանչյանը վաղուց է ցանկացել բեմադրել այն, ժամանակ առ ժամանակ անդրադարձել է այդ ստեղծագործությանը, սակայն ամեն անգամ ինչ-որ հանգամանք խանգարել է:

«Սամվել Խալաթյանը գրել է, որ պիեսի գործողությունները կատարվում են բոլոր ժամանակներում: Իրոք այդպես է: Այս ստեղծագործությունը կարող է բոլոր ժամանակներում արդիական լինել, որովհետև բոլոր ժամանակներում կա իշխանության և նրանց զուգահեռ քայլող ծաղրածուների խնդիրը: Ծաղրածու ասելով՝ մտածում ենք կոմիկի մասին, սակայն այստեղ ծաղրածուն լուրջ կերպար է»,-ընդգծել էր Ղազանչյանը:

Հակոբ Ղազանչյանը երբեք կոնկրետ ժամանակաշրջանի կամ կոնկրետ մարդկանց մասին չի բեմադրում: Անում է այն, ինչն արդիական ու հավերժական է համարում: «Ինձ համար բեմադրական միջոցները՝ լինի էկրան, պար և այլն, ինքնանպատակ չեն: Եթե ստացվում է, եթե կա անհրաժեշտություն ու դրանով ավելի կհարստանա ներկայացումը կամ տվյալ տեսարանը, դիմում եմ տարբեր լուծումների»,-շեշտել էր ռեժիսորը:

Թեհրանի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսում այս տարի հատուկ ուշադրության է արժանացել մանկապատանեկան գրքերի բաժինը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մանկապատանեկան գրքերի հրատարակիչներին հատկացվել է 168 տաղավար և ավելի քան 77 հազար 268 քառակուսի մետր տարածք:Ըստ այս հաղորդման՝ մանկապատանեկան բաժնում այս տարի ներկայացվել  է 24 հազար 500 անուն գիրք: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են նաև հետաքրքիր միջոցառումներ և մշակութային ծրագրեր:

Իրանի Ղազվին քաղաքում գտնվող լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանի պարսից լեզվի ուսուցման կենտրոնում լեզու սովորողների և օտարերկրյա ուսանողների ներկայությամբ անցկացվեց տարբեր ազգերի սննդի երկրորդ փառատոնը։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, այս փառատոնին ներկա էին Լիբանանից, Իրաքից, Աֆղանստանից, Պակիստանից, Եմենից և Սիրիայից ժամանած ուսանողական խմբեր, որոնք պատրաստեցին  տեղական և արտասահմանյան ուտեստներ։Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանի  ազգերի սննդի փառատոնն անցկացվել է տարբեր ազգերի սննդի մշակույթին ծանոթացնելու նպատակով։Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանի  տնօրեն՝  Ալի Ղասեմզադեն , նշելով, որ նման միջոցառումները տարբեր ազգերի և էթնիկ խմբերի միջև խաղաղության և բարեկամության ուղերձ են հաղորդում,  հավելել է,-«Ազգերի սննդի փառատոնին զուգահեռ հարթակ և հնարավորություն է ընձեռվում ուսանողներին ավելի լավ ճանաչելու այլ ազգերի մշակույթն ու սովորույթները»։