Ողջույն բարեկամ-376
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ձեր ուղեկիցն է Հայերեն Ռադիոժամը։ Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշեց Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը: Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։
Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են,եւ երբ արթնանում են, տեսնում են՝ Քրիստոսը լեռան գագաթին կանգնած աղոթում է: նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Առաքյալներն ականատես են դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի , եւ այստեղից էլ գալիս է տոնի անունը՝ պայծառակերպություն, այսինքն՝ Քրիստոս պայծառակերպվեց իր առաքյալների աչքի առջև:
Ժողովրդի կողմից սիրված ազգային-եկեղեցական այս տոնին միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը գալիս է դարերի խորքից:Հնում այս տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև քրիստոնեության ընդունումից հետո և հասել մեր օրեր։
Հայերեն ռադիոժամի անունից շնորհավորում ենք պայծառակերպության տոնի՝ վարդավառի կապակցությամբ ,բոլորիդ մաղթելով տոնական բերկրալի պահեր: