Փետրվար 01, 2016 11:55 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:


Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:


----------------------


Երկուշաբթի՝ բահմանի 12-ին, փետրվարի 1-ին Իրանում սկսվեցին իսլամական հեղափոխության այգաբացի տասնօրյակին նվիրված տոնակատարությունները: Ինչպես միշտ այդ տոնակատարությունները հագեցած են գեղարվեստական ու մշակութային միջոցառումներով, որոնց գլխավորում են «Ֆաջր» ֆիլմի, թատրոնի ու երաժշտության փառատոները:


Կիրակի գիշեր Թեհրանում տեղի ունեցավ «Ֆաջր» կինոփառատոնի 34-րդ շրջանի բացման հանդիսությունը: Փառատոնն իր աշխատանքը կշարունակի մինչև բահմանի 22-ը՝ փետրվարի 11-ը, երբ կներկայացվեն տարբեր անվանակարգերում հաղթողները:


«Ֆաջր» երաժշտության միջազգային 31-րդ փառատոնը կմեկնարկի բահմանի 21-ին՝ փետրվարի 10-ին և իր աշխատանքը կշարունակի մինչև փետրվաի 20-ը: Փառատոնի ընթացքում ելույթով հանդես պիտի գար աշխարհահռչակ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Սակայն վերջին լուրերի համաձայն անվանի երաժիշը վատառողջ լինելու պատճառով հրաժարվել է փառատոնին մասակցելուց: «Ֆաջր» երաժշտության միջազգային փառատոնն այն միջոցառումն է, որին ամեն տարի մասնակցում են մեծ թվով թե իրանահայ և թե Հայաստանից ժամանած երաժիշտներ: Փառատոնի մասին դեռ առիթ կունենանք զրուցելու մեր հառաջիկա հաղորդումների ժամանակ:


Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի տոնակատարությունները նշանավորվում են նաև «Ֆաջր» թատրոնի միջազգային փառատոնով, որի 34-րդ շրջանը տեղի ունեցավ հունվարի 21-ից փետրվարի 1-ը:   


-------------------------


    


ԻԻՀ նախագահը Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ջանքեր գործադրել մշակութային հնարավորություններն օգտագործելու բռնությունը, հատկապես ահաբեկիչների կողմից մշակութային կոթողների ոչնչացումը կանխելու համար:


Անցած շաբաթ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն՝ Իրինա Գևորգիևա Բոկովայի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին կարևորելով տարածաշրջանի մշակութային կոթողների պահպանման նկատմամբ այդ կազմակերպության պատասխանատվությունն ու դերակատարությունն ասել է.«Միջազգային բոլոր կառույցները, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է ջանքեր գործադրեն Սիրիայի ու Իրաքի նման երկրներում մշակութային ու մարդկային արժեքավոր ու պատմական կոթողները պահպանելու համար»:


«Ցավոք տարածաշրջանի մշակութային ու պատմական կոթողները և անտիկ իրերը ոչնչանում են ահաբեկիչների կողմից, ինչը նշանակում է մտքերի, կրոնների ու մշակույթների ինքնության ոչնչացում»,-հավելել է Ռոհանին:


Հանդիպման ժամանակ կազմակերպված շարժում և մարդկային ողբերգություն որակելով ահաբեկիչների կողմից տարածաշրջանի որոշ երկրներում մշակութային ժառանգությունների ոչնչացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն՝ Իրինա Գևորգիևա Բոկովան ասել է. «Ահաբեկիչների նպատակներից մեկը հասարակությունների մշակութային կապերի խզումն է և՛ միմյանց և՛ իրենց անցյալի հետ»:


ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն Իրանի իսլամական հանրապետության նախագահին նվիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողություն» և «Համաշխարհային ժառանգություն» ցուցակում Իրանի ստեղծագործությունների գրանցման չորս մակագրված տախտակ:


--------------------------


Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության տեղակալը տեղեկացրեց եվրոպական յոթ երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում Իսպանիայում ու Անգլիայում Իրանի ձեռարվեստի շուկաներ հիմնվելու մասին:


Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության ձեռարվեստի հարցերով տեղակալ Բահման Նամվար Մոթլաղը կիրակի օրն ԻՌՆԱ-ի հետ զրույցում Չինաստանն ու Ռուսաստանը համարեց Իրանի ձեռարվեստի շուկայի երկու գլխավոր բևեռները և ընդգծեց, որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Անգլիան և նույնիսկ Դանիան ու Ավստրիան մոտ ապագայում Իրանի մշակութային Ժառանգության կազմակերպության թիրախը համարվող շուկաներից են լինելու:


Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության տեղակալը նշեց, որ բանկային փոխանցումների ճամբին եղած արգելքները վերցվելով և նկատի առնելով եվրոպական երկրների հետ համաձայնագրերը, Իրանի մշակութային ժառանգության կազմակերպությունը զարկ է տալու թիրախ համարվող երկրներում իր շուկաներին:


-------------------------------


Իրանի ազգային արխիվի ու գրադարանի տնօրենն ասաց, որ իրանական 43 գրավոր ստեղծագործություններ գտնվում են ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային գրանցման ցուցակում:


Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Իրանի ազգային արխիվի ու գրադարանի տնօրեն Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին կիրակի օրը Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում կայացած միջոցառման ժամանակ մատնանշելով այն կետը, որ Իրանը եզակի երկրներից է, որ արձանագրության համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության կոմիտեին ներկայացված բազմաթիվ ստեղծագործություններ ունի, ավելացրեց. «Իրանական 43 գրավոր ստեղծագործություններ, այդ թվում Շեյխ Բահայու, Մոլլա Սադրայի և Խառազմշահու աշխատասիրությունները, ինչպես նաև արվեստագետների ու գեղագիրների ստեղծագործություններ սպասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով համաշխարհային գրանցման»:


«Իրանական այս տարվա ընթացքում առաջին անգամ իրանական երկու արժեքավոր ստեղծագործություններ՝ Սաադիի «Քոլլիաթ»-ը և Ասթախարու «Ալմասալեք վալ-մամալեք» աշխատասիրությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցուցակում»,-ավելացրեց Սալեհի Ամիրին:


--------------------


«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:


Առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենան նաև Խորվաթիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Հունաստանը, Հունգարիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Սան Մարինոն, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Բոսնիա և Հերցոգովինան, Էստոնիան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան և Իսպանիան:


Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին:


Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնա մարտին, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը:


Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):


«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:


---------------------


Russia Today-ը հայտնում է, որ Ռուսաստանի գլխավոր թանգարաններում որոշել են «սեանսներ սահմանել» Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցադրության համար:


Մասնավորապես նման որոշում են կայացրել Տրետյակովի ու Ռուսական թանգարանի ղեկավարությունները: Սեանսները վերաբերելու են 2016-ի երկրորդ կեսի ցուցահանդեսներին: Այս կերպ Այվազովսկու գնահատողները ստիպված կլինեն թանգարաններ գնալ կոնկրետ ժամերի և կոնկրետ ժամերի էլ լքել:


Նման որոշում է կայացվել այն աժիոտաժի նկատառումով, որ առաջացել է Վալենտին Սերովի աշխատանքների ցուցադրության շուրջ:


Մեծ ծովանկարչի աշխատանքների ցուցադրությունը Մոսկվայում նախատեսվում է այս տարվա հուլիսի 28-ից նոյեմբերի 20-ը, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ նոյեմբերի վերջից մինչև 2017-ի փետրվար:


------------------


Եվրոպացի մի առևտրական հայտնի լուսանկարչից մեկ միլիոն եվրոյի դիմաց գնել է կարտոֆլի մեկ նկար:


Իռլանդացի 46-ամյա լուսանկարիչ Քուին Աբաշը, որ հիշյալ կարտոֆիլի լուսանկարը 2010 թվականին արձանագրել էր սև ֆոնի վրա, հաստատել է թե դա վաճառել է մեկ միլիոն եվրոյի դիմաց:


Այս լուսանկարը գնած եվրոպացի առևտրականի անունը չի բացահայտվել:


Այս կարտոֆիլի լուսանկարը Աբաշի լուսանկարների հավաքածում տեղ էր գտել հոլիվուդյան հայտնի կինոբեմադրիչ Սթիվեն Սփլբերգի, բրիտանացի դերասան Մայքըլ Փիլինի, Ֆեյսբուքի օպերատիվ բաժի գերտեսուչ Շերիլ Սուդենբերգի և պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսեֆզիի պատկերների կողքին:


Աբաշը հայտնի է աշխարհի հայտնի գործիչների դիմապատկերների համար, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահավատվում է առնվազն 250 հազար եվրո:


Աբաշը «Սանդեյ Թայմզ» պարբերաթերթին տված հարցազրույցում ասել է. «Սա առաջին անգամը, չէ, որ մեկն առաջին հայացքից գնում է իմ ստեղծագործությունը»:


«Գինը հստակեցրել ենք ցուցահանդեսից երկու շաբաթ անց: Սա իմ վաճառած ամենաթանկ լուսանկարն է»,-ասել է Աբաշը:


---------------------------------


Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոյի անհետ կորած նկարը նորից են նկարում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը: Խոսքը «Սուրբ ծնունդը սուրբ Ֆրանցիսկոսի ու սուրբ Լավրենտիուսի հետ» կտավի մասին է, որը գողացվել էր 1969 թ. Պալերմոյի եկեղեցուց ու որն առայսօր չի գտնվել: Ենթադրվում է, որ գլուխգործոցը գտնվում է մաֆիայի ձեռքերում կամ էլ ոչնչացվել է: Այն գնահատվում էր 20 մլն դոլար:


Factum Arte լաբորատորիան փորձում է ստեղծել նկարի «իդեալական» ռեպրոդուկցիան՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ: Աշխատանքն արդեն երկու տարի է շարունակվում է: Փորձագետներն ուսումնասիրել են զանազան աղբյուրներ, այդ թվում բնօրինակի լուսանկարները ու Կարավաջոյի մյուս կտավները: Նկարը վերարտադրվում է Sky Arts ալիքի հաղորդման համար:


Համարվում է որ «Սուրբ ծնունդը սուրբ Ֆրանցիսկոսի ու սուրբ Լավրենտիուսի հետ» կտավը ստեղծվել էր 1609 թ.՝ նկարչի մահվանից մեկ տարի առաջ:


-------------------------------


Իտալական Սիենա քաղաքից ոչ հեռու վաճառքի է հանվել Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետներից մեկին` քանդակագործ և նկարիչ Միքելանջելո Բուոնարոտիին, պատկանած  սեփական տունը:


Ինչպես նշում է euromag.ru-ն, հանճարեղ արվեստագետը 8 ննջասենյակ ունեցող տունը ձեռք է բերել 1549թ., և մինչև 1867թ. անշարժ գույքը պատկանել է Բուոնարոտիների տոհմին:


Խաղողի որթատունկերով շրջապատված տունը, որից աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Տոսկանայի լեռները, կարելի է գնել 7.5 մլն եվրոյով:


Հետաքրքրական է, որ 11-րդ դարում կառուցված տունն իր գոյության ընթացքում ունեցել է ընդամենը 3 սեփականատեր, որից մեկը Միքելանջելոն էր։


-----------------------------


Ամերիկյան զվարճանքների ոլորտը պետք է հավասար հնարավորություններ ընձեռի բոլոր ամերիկացիներին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` մեկնաբանելով «Օսկար» մրցանակի թեկնածուների ընտրության հետ կապված սկանդալը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Կարծում եմ՝ Կալիֆոռնիան այս երկրի անհավանական զանազանության օրինակն է։ Դրանում է ուժը: Կարծում եմ, որ արվեստը միայն շահում է, երբ յուրաքանչյուրի պատմությունը կարող է պատմվել»,- նշել է պետության ղեկավարը:


Օբամայի կարծիքով` նման վերաբերմունքը թույլ է տալիս բոլոր բնակիչներին իրենց ամերիկյան ընտանիքի մի մասնիկը զգալ, այդ պատճառով էլ կինոոլորտը պետք է փնտրի տաղանդներ, հնարավորություններ ընձեռի բոլորին:


Ավելի վաղ մի խումբ դերասաններ կոչ էին արել բոյկոտել «Օսկարի» մրցանակաբաշխությունը՝ գլխավոր անվանակարգերում սևամորթ դերասանների բացակայության պատճառով։


----------------------------


Աթոս սուրբ լեռան Սրբազան համայնքի եւ հունական հեռահաղորդակցային ՕՏԵ հոլդինգի ներկայացուցիչները պայմանագիր են ստորագրել Աթոսի հնագույն տեքստերի թվայնացման եւ  «Թվային տապան» նախագծի իրականացման վերաբերյալ: Պայմանագրի արժեքը 7,7 մլն եվրո է (առանց ԱԱՀ-ի), տեղեկացնում է «Ռուսական Աթոսը»:


Նախագիծը ենթադրում է Աթոսի վանքերում եւ գրադարաններում գտնվող փաստաթղթերի եւ ձեռագրերի թվայնացում:


Աթոսյան ձեռագրերը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով մի քանի լեզվով հատուկ կայք կստեղծվի եւ Սուրբ լեռան գրադարան-արխիվ: Այն կազմված կլինի    900 հազար ձեռագրից, 450 հազար տպագիր պարբերականից,  550 հազար պատմական արխիվային փաստաթղթից, եկեղեցական արվեստի  146 հազար առարկայից, 25 հազար ճարտարապետական էսքիզից եւ 2,5 ժամ տեսա-փաստաթղթից: