Հոկտեմբեր 14, 2023 10:37 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվա առթիվ Իրանի Քուրդիստան նահանգի կենտրոն Սանանդաջում երեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել իրանական ցեղախմբերի երաժշտական ​​փառատոնը, որտեղ մասնակիցները ելույթներով հանդես են եկել տարբեր ցեղախմբերին պատկանող  ավանդական երաժշտությամբ:

Այս փառատոնը կազմակերպվել է չորս օր տևողությամբ՝ Իրանցի ցեղախմբերի երաժշտական ​​կարողություններին ծանոթանալու, նրանց մշակույթը մեծարելու և միասնության նպատակով, ինչը մեծապես  արժանացել է իրանական ավանդական երաժշտության սիրահարների և ժողովրդի ընդունելությանը։

Երաժշտական ​​խմբերի անդամները յուրաքանչյուր նահանգի ժողովրդի ավանդական տարազներով և իր մշակութային ու գեղարվեստական ​​խորհրդանիշներով մասնակցել են Սանանդաջում կազմակերպված իրանական ցեղախմբերի երաժշտական փառատոնին։

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլ քաղաքում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ երկրների զբոսաշրջության ավագ փորձագետների խմբի 7-րդ նստաշրջանը:

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆյանը  նստաշրջանի բացման ելույթում ասել է,-«Զբոսաշրջության ոլորտը մեծ աշխատուժի կարիք ունի, և երկրների միջև զբոսաշրջային համագործակցությունը կարող է ճանապարհ հարթել այս երկրների աճի և զարգացման համար և  խթանել նրանց զարգացումը»:

Նա նշել է.-«Անդամ երկրների զբոսաշրջության ակտիվիստները պետք է համագործակցեն, որպեսզի տարբեր ոլորտների համագործակցությունը ներգրավելով լինեն իրենց երկրների զարգացման շարժիչ ուժը»։

Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարարը, նշելով, որ յուրաքանչյուր երկրի երաժշտությունը, ձեռարվեստը և այլ մշակութային արժեքներ կարող են ճանապարհ հարթել զբոսաշրջության համար, հավելել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ  ցուցադրելով իր ունեցած արժեքները և  գրանցելով իր պատմական ճարտարապետության հոյակապ  կոթողները, ջանքեր է գործադրել այս ուղղությամբ»:

Շալբաֆյանը հայտարարել է. «Մեր ունեցած փորձով և  ECO-ի անդամ երկրների սիներգիայով կարող ենք արդյունավետ լինել միմյանց զբոսաշրջային բումի համար»։

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Սոս Սարգսյանի վիպակների ժողովածուն։

Գրքում ներառված են հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի «Լա­կոտը», «Ոտնամաններս» և «Ընդհատում» վիպակները, որոնք յուրովի են բացահայտում թատրոնի և կինոյի նվիրյալին։

Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել Դավիթ Սամվելյանը։ Գրքի առաջաբանի հեղինակն է Սոս Սարգսյանի կենսամատենագիտության հեղինակ Մարի Հովհաննիսյանը։

«Ոտնամաններս» վիպակն ամփոփում է հեղ­ինակ­ի մանկության հ­իշողությունները Հայրենական մեծ պատերազմ­ի դաժան տարիների, հատկապես` անթեր­ի ոտնամաններ ունենալու և ոտքերը չսառչելու երազանք­ի մաս­ին:

«Ընդհատում» վ­իպակը բարդ ու ողբերգական կենսագրություններով առլեցուն ուրույն մ­ի աշխարհ է, որը դ­իտարկված է գլխավոր կերպարներ­ի՝ հոր և որդու, տեսանկյուններով:

«Լակոտը» ստեղծագործության մեջ պատմվում է ստալինյան բռնատիրության, անհատի ինքնակայացման դժվարին ուղու, բարոյական կերպարի կայացման ու հաղթանակի մասին:

Գիրքը համեմված է հեղինակի արխիվային լուսանկարներով ու նրա տարբեր ասույթներով։

 2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսեին։ Այս մասին հայտարարել է Շվեդական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

Ըստ որոշման՝ գրողը դափնեկիր է դարձել «իր նորարարական պիեսների և արձակի համար, որոնք բարձրաձայնում են այն ամենն, ինչ հնարավոր չէ ասել»։

Ֆոսեն ծնվել է 1959 թվականին և ապրում է Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Նրա դեբյուտային նովելը` «Կարմիր, սև» հրատարակվել է 1983 թվականին։ Ֆոսեն տարբեր ժանրերում հրատարակել է 40 գիրք, որոնք թարգմանվել են նույնքան լեզուներով։ Ֆոսեն Եվրոպայի ամենահայտնի դրամատուրգներից է։ Նրա պիեսները բեմադրվել են մոտ 800 անգամ։

«Հայորդիք» երգի և պարի անսամբլը շուրջ 25 տարի օտար երկրում ապրող հայ երեխաներին, դեռահասներին ու պատանիներին հնարավորություն է տալիս ճանաչել սեփական արմատները, սիրել հայրենիքը՝ հայկական մշակույթը ճանաչելու, այն սերտելու և աշխարհին ներկայացնելու միջոցով:

«Հայորդիք»-ն առաջնորդվում է հետևյալ կարգախոսով. «Խոսել տարբեր լեզուներով մեսրոպատառ հայերենից հետո, սովորել աշխարհի ժողովուրդների երգերը կոմիտասյան երգերից հետո, քոչարիից և յարխուշտայից հետո պարել աշխարհի ժողովուրդների պարերը:

«Հայորդիք»-ի  հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ազգային երգերի կատարող, պարուհի Անահիտ Սարգսյանը հիշում է՝ 1998 թվականին ճակատագրի բերումով տեղափոխվել է Մոսկվա: Լինելով նահապետական հայացքների տեր ընտանիքից՝ հասկացել է, որ չի կարող առանց հայաշունչ միջավայրի, շրջապատի:

«Հայերի հետ շփման բացը լրացնելու համար միտք կար ուղղակի խմբակ ստեղծել. անսամբլ հիմնադրելու մտադրություն չունեի: Երբ տեսա խմբակի հաջողությունները, տեսա, թե որքան դրա կարիքն ունեն իմ շրջապատի հայերը, հասկացա, որ պետք է անսամբլ հիմնադրել և այդպես էլ արեցի»,-ասել է Սարգսյանը:

Անսամբլի գաղափարն ավելի է ամրապնդվել, երբ Անահիտ Սարգսյանի քրոջ երեխաները, որոնք սովորել են ռուսական դպրոցում, մի օր ասել են՝ ամաչում են հայ լինելուց: Այդ արտահայտությունը Սարգսյանի համար ճակատագրական է եղել:  Նա գիտակցել է, որ օտար հողում ապրող հայ երեխաները բավարար գիտելիքներ չունեն հայոց պատմությունից, հայ մշակույթից, ինչի պատճառով ամաչում են, և եթե նրանք զինվեն գիտելիքով, այդպես չի լինի:

Հենց այդ պատճառով տարիների ընթացքում «Հայորդիք»-ը երգի և պարի անսամբլից վերածվել է մշակութային կենտրոնի, որտեղ դասավանդում են հայոց լեզու, հայ նվագարաններ, երգ ու պար: «Մենք կախում չունենք ոչ ոքից, երբեք չենք ունեցել: Համագործակցում ենք հայ համայնքի հետ, դեսպանատանը կից մշակութային կենտրոնի հետ, յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է ներկայացնել հայի տեսակը, մշակույթը: Եթե չկա մշակույթ, չկա ազգ, և մշակույթն ու գիտությունն են բնորոշում ազգի կերպարը, մշակույթով է պայմանավորված երկրի, պետության զարգացումը»,-հավաստիացնում է Սարգսյանն ու հավելում՝ «Հայորդիք»-ի դռները բաց են բոլոր նրանց առաջ, ում հետաքրքիր են հայ երգը, հայ պարը, հայոց լեզուն:

Ըստ նրա՝ հայ երեխան, աշխարհի որ ծայրում էլ ապրի, պետք է Թումանյանին տարբերի Թամանյանից, ճանաչի հայ պոետներին, Հայաստանի մասին պատմական կարևորագույն փաստերն իմանա, ինչի շնորհիվ Հայաստան գալով իրեն օտար չի զգա:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։

Հենրի Ֆորդի «Իմ կյանքն ու գործը» առաջին տեղում է։ «Իմ կյանքն ու գործը» գիրքը մի պատմություն է, որը լույս է սփռում Հենրի Ֆորդի կյանքի և ավտոմոբիլային արդյունաբերության առաջին օրերի վրա: Այն խորհուրդ է տրվում կարդալ նրանց, ովքեր հետաքրքրված են բիզնեսի պատմությամբ, ձեռներեցությամբ և զանգվածային արտադրության տեխնիկայի մշակմամբ:

Ռոնդա Բեռնի «Գաղտնիքը» երկրորդ տեղում է։ ««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց... Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով: 

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» երրորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: 

Չորրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ 

Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։

Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտը» վեցերորդ հորիզոնականում է։ «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ 

Յոթերորդ տեղում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: 

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը ութերորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: 

Իններորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։  Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» տասներորդ տեղում է։