Հոկտեմբեր 14, 2023 10:40 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անապահովություն, անկայունություն և ճգնաժամ է առաջացնում»:

Անդրադառնալով հարևանների հետ փոխգործակցելու Իրանի քաղաքականությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ՝ Ալի Աքբար Ահմադյանն ընդգծել է.«Տարածաշրջանի երկրների միջև բաց և կառուցողական երկխոսությունները կայուն անվտանգության, համաչափ զարգացման և տարածաշրջանի բնակիչների բարեկեցության ու հարմարավետության հիմքն են համարվում»:

Այս իրանցի և հայ պաշտոնյաների հանդիպումը  տեղի ունեցավ այն ժամանակ, երբ կովկասյան տարածաշրջանի զարգացումները կրկին ուշադրության կենտրոնում են, և Հայաստանն այժմ դիմագրավում է իր ամենադժվար քաղաքական ճգնաժամերից մեկը՝ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից և անկախացումից հետո:

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, վերջերս կայծակնային ռազմական գործողություն իրականացրեց  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որտեղ հայ մեծամասնությունը երեք տասնամյակ շարունակ առանց միջազգային ճանաչման ղեկավարում է իր ներքին գործերը: Շուրջ տաս ամիս շրջափակումից և վերջին հարձակումից հետո, Արցախի ղեկավարությունը հայտարարեց, որ մինչև տարվերջ լուծարվելու է Արցախի հանրապետությունը:

Հայաստանը  խաղաղապահ ուժերին մեղադրել է նաև Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու մեջ, ինչը, ըստ այդ երկրի կառավարության, կարող է նոր տարածքային սպառնալիքներ ստեղծել Հայաստանի դեմ։

Այս զարգացումները արցախահայության զանգվածային բռնագաղթի հանգեցրին: Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները կհարգվեն, սակայն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչները, վախենալով էթնիկ զտումներից, ընդգծել են, որ չեն ցանկանում  ապրել Ադրբեջանի  իշխանության ներքո:

Միևնույն ժամանակ, ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ նրան մեղադրում է Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու անկարողության մեջ։

Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը սկզբունքային և տրամաբանական քաղաքականության հիման վրա մշտապես աջակցել է հարևան երկրների տարածքային ամբողջականությանը, ընդդիմանալով այդ երկրների բռնազավթմանը կամ բաժանմանը, պնդում է,որ աշխարհաքաղաքական սահմանները ոչ մի դեպքում փոփոխման ենթակա չեն:

Ինչպես Իրանը դեմ էր Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ քաղաքների գրավմանը, նույնպես դեմ է Թուրքիան Բաքվին միացնելու պատրվակով Հայաստանի որոշ տարածքների օկուպացմանը, քանի որ խախտվում է երկրների տարածքային ամբողջականությունը և աշխարհագրական սահմանների փոփոխությունը լուրջ վնաս և անվտանգության սպառնալիքներ կպատճառի տարածաշրջանին, և կխոչընդոտի երկրների տնտեսական առաջընթացը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2022 թվականի հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ողջունել է Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին, սակայն զգուշացրել, որ «Եթե Հայաստանի հետ Իրանի սահմանները փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան,  քանի որ այս սահմանը մի քանի հազար տարվա հաղորդակցության ճանապարհ է»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նաև ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից Հարավային Կովկասում առկա ճգնաժամը և դրա հիմնախնդիրները, ներառյալ սահմանային վեճերը և Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով և առանց արևմտյան կողմերի և Սիոնիստական ​​ռեժիմի միջամտության։ Իրանը նաև ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը լարվածությունը կարգավորելու հարցում և միշտ հայտնել է իր պատրաստակամությունը՝ 3+3 ձևաչափով (Իրան, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան) նիստի անցկացմամբ կարգավորել առկա վեճերը։

***

Ղարաբաղի տարածաշրջանից հազարավոր հայ ընտանիքների բռնագաղթը և Հայաստան տեղափոխվելը վերջին օրերի կարևորագույն իրադարձություններից է։ Այս օրերին, երբ ցուրտը, անապահովությունն ու ապագա ճակատագրի նկատմամբ անորոշությունը ծանր դրության մեջ են դրել այս տարածաշրջանի բնակիչներին, նրանցից շատերը Ղարաբաղից գաղթում են դեպի Հայաստան:

Հարավային Կովկասում վերջին երեք տարիների իրադարձությունները ցույց են տալիս,որ  այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում մեծ պատերազմի նպատակներն ավարտին հասցնելու  համար,Ադրբեջանի Հանրապետության նախորդ սցենարի կատարելագործման մի  մասն էր։ Պատերազմ, որում  անկասկած  առանց Թուրքիայի աջակցության և այդ երկրի օդային հսկողության և անօդաչու թռչող սարքերի օգտագործման, Ալիևի համար անհնար էր հաղթել: 

Այժմ հարց է ծագում, թե ադրբեջանական բանակի բոլոր հիմնական նպատակները Ղարաբաղի հարցում իրականացվե՞լ են:

Ի պատասխան՝ պետք է ասել,որ անկասկած, այս պատերազմում հաղթանակը և Ղարաբաղի ազատագրումը կարևոր է Բաքվի համար, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ առաջիկա ամիսներին ռազմավարական նպատակը  այն է, որ Հայաստանը ճնշումների հետևանքով հանձնվի, և Զանգեզուրի միջանցքի հարցում զիջումների գնա: 

Նախիջևանի մի հատվածը Ադրբեջանին միացնելու համար, Զանգեզուր կոչվող միջանցքի կառուցումը  այն նպատակներից է, որի իրականացման հնարավորության առումով բախվում է բազմաթիվ մարտահրավերների: Առաջին և ամենակարևոր մարտահրավերն այն է,որ միջանցքի կամ անցուղու ստեղծման վերաբերյալ Բաքվի և Երևանի մեկնաբանություններում բովանդակության առումով կա էական տարբերություն: 

Նախկին պայմանավորվածությունների հիման վրա, ենթադրվում էր, որ Հայաստանի և Ռուսաստանի վերահսկողությամբ Նախիջևանից դեպի Ադրբեջան ցամաքային երթևեկությունը ապահովելու համար պետք է կառուցվի ճանապարհ, իսկ հաջորդ փուլում, հնարավոր կլինի օգտվել հին երկաթուղուց և երկաթուղային տարանցման խնդիր չի լինի։ Բայց Բաքվի մեկնաբանությունը  հիմնված է այն փաստի վրա, որ ամբողջ ճանապարհը, որով անցնելու  է միջանցքը լինի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Ինչին   խստորեն  դեմ է Հայաստանը:   

Եվս մեկ կարևորագույն մարտահրավերներից մեկը, որը խոչընդոտում է Ադրբեջանի Հանրապետության նպատակների իրականացման ճանապարհը,  դա այն է, որ Հայաստանի իշխանությունը Նախկինում համաձայնել էր կոմունիկացիաների բացմանը՝ պայմանով, որ Ադրբեջանը նույնպես  խնդիրներ չի հարուցի Լաչինի միջանցքում հայերի երթևեկության հարցում։  Բայց Ադրբեջանը վերջին ամիսներին այնպիսի իրավիճակ ստեղծեց Լաչինում և հայաբնակ վայրերում, որ նույնիսկ հնարավոր չէր սննդամթերքով ու դեղորայքով ապահովել շրջանի բնակչությանը։Իսկ այնուհետև  հարձակումների նոր ալիք սկսվեց այն տարածքների բնակչության դեմ,որոնք  անցել էին Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, իսկ այժմ փաստորեն   պարտադրելու ոչ մի պայման  չի մնացել,որի դիմաց Հայաստանն ստիպված լինի  Ադրբեջանին, ապա Թուրքիային ճանապարհ բացելու հնարավորություն տալ: 

Մի կողմից՝ Թեհրանի իշխանությունների հատուկ շեշտադրումը Ղարաբաղի տարածքները Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը պատկանելու կապակցությամբ, և միևնույն ժամանակ մատնանշելով հայերի իրավունքներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, ցույց են տալիս Իրանի Իսլամական Հանրապետության թափանցիկ և մարդասիրական դիրքորոշումը զարգացումների նկատմամբ։ Այս երկու կարևոր հարցերից բացի,  Թեհրանը նաև ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել տարածաշրջանին պարտադրվող որևէ աշխարհաքաղաքական  փոփոխություն: 

Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հստակ դիրքորոշումները եւս մեկ անգամ ապացուցեցից այն փաստը, որ ոչ մի ուժ չի կարող հապճեպ քաղաքականության դիմելով Իրանին կանգնեցնել կատարված գործողության առջև: Իրանն առաջնորդվում է մարդու իրավունքների վեհ մոտեցմամբ և  բարիդրացիական սկզբունքով: Իրանը չի անտեսում ոչ հայերի իրավունքները, ոչ Ադրբեջանի Հանրապետության պատմական ինքնիշխանությունը, ոչ էլ երկրների ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

***

ՄԱԿ-ը  պատրաստվում է առաքելություն  ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են, որ առաքելությունը տարածաշրջան կժամանի շաբաթավերջին: 

Նրա խոսքով, առաքելության կազմում կլինեն նաև ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ:

Դյուժարիկն ընդգծել է, որ սա 30 տարվա ընթացքում առաջին նման առաքելությունն է՝ հավելելով, որ դրա անդամները տարածաշրջան կմեկնեն օդային ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով։ Նա նաև նշել է, որ հիմնական խնդիրն է գնահատել տեղում իրավիճակը և մարդկանց, այդ թվում՝ այդ շրջանում գտնվողների հումանիտար կարիքները։

Ստեֆան Դյուժարիկը առանց անդրադառնալու Ադրբեջանին, նշել է, որ «բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային իրավունքը և հատկապես միջազգային նորմերը մարդու իրավունքների ոլորտում»։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով , ըստ ՀՀ կառավարության տվյալների, Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է  100 հազար 632 մարդ:

Չնայած Ալիևն ասել էր, որ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի անվտանգությունը, սակայն վերջին օրերին ձերբակալել է Արցախի մի շարք պաշտոնատարներին և Բաքու է փոխադրել: 

Դիտորդների կարծիքով Արցախից հայերի բռնագաղթը և այդ տարածքն ադրբեջանցիներով վերաբնակեցնելը Բաքվի կառավարության էթնիկ զտման քաղաքականությունն է: 

Անկասկած Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի բռնագաղթը կարող է միջազգային հանրության մոտ հարցականի տակ դնել Ալիևի կառավարության դիմագիծը: Հատկապես որ նրանք հայտարարել էին, որ կերաշխավորեն հայերի անվտանգությունը, սակայն սկսեցին ձերբակալել հայ ղեկավարներին:

Բաքվի կառավարության վերջին գործողությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ երաշխիք չեն ներկայացնում իրենց պաշտոնական հայտարարությունների համար։ Այսինքն, չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային լարվածությունը հայտարարվել է ավարտված, սակայն հայկական ԶԼՄ-ները հայտնում են հայերի դեմ ադրբեջանական ուժերի շարունակվող հարձակումների մասին։ Այս իրավիճակում, արցախահայությունն էթնիկ զտումների քաղաքականության սարսափից, համատարած կերպով գաղթի է դիմել:

Հայկական աղբյուրների համաձայն, արցախահայության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքով մարդկային աննախադեպ ճգնաժամ է առաջացել և տասնյակ հազար մարդ հումանիտար օգնության կարիք ունի: