Գեղարվեստական հաղորդում (388)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Նոյմբերի 4-ին երեկոյան Թեհրանի Հ.Մ.«Արարատ» կազմակերպության «Կոմոտաս»սրահում, Իրանի պետական պաշտոնյաների , Իսլամական խորհրդարանի պատգամավորների և իրանահայ նահատակների ու անձնուրացների ընտանիքների ներկայությամբ տեղի է ունեցել մեծարանքի երեկո իրանահայ նահատակների հիշատակին և անձնուրացների ու ազատորդիների պատվին։
Միջոցառման ժամանակ մեծարվեց Սրբազան պաշտպանութան 8 տարիների ընթացքում զոհված նահատակների, հատկապես հայ նահատակների հիշատակը;
Իրանում նահատակների և անձնուրացների հարցերով զբաղվող կոմիետում Վալի Ֆաղիհի ներկայացուցիչ Հոջաթ-օլ-էսլամ Սեյեդ Ռամազան Մուսավի Մողադամը միջոցառման ժամանակ ունեցած ելույթում անդրադառնալով մարդկային վեհ արժեքները պաշտպանելու գործում միաստվածյան կրոնների հետևորդների մասնակցությանը, ընդգծել է, -Հայ նահատակները իսլամական հանրապետությունում կրոնների խաղաղ գոյակցության խորհրդանիշ են։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 152-ամյակը նշեց նորացված մշտական ցուցադրությամբ, համերգային ծրագրով և այլ նախաձեռնություններով:
Մինչ ցուցադրության մեկնարկը արվեստագետներն ու կոմպոզիտորի երաժշտության երկրպագուները նոյեմբերի 1-ին ծաղիկներ խոնարհեցին Սպենդիարյանի շիրիմին, որը կոմպոզիտորի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում է:
Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ ավանդույթի համաձայն՝ հեղինակի ծննդյան և հիշատակի օրերն անցնում են հետաքրքիր միջոցառումներով, որոնք առիթ են ևս մեկ անգամ հանրահռչակելու կոմպոզիտորին և տուն-թանգարանի գործունեությունը, որը մշտապես ընդգրկուն միջոցառումներ է իրականացնում՝ նպաստելով ոչ միայն Սպենդիարյանի, այլև այլ հեղինակների երաժշտության տարածմանը:
«Այս անգամ նորացված ցուցադրությամբ ենք ներկայանում. մենք փորձել ենք ներդաշնակել Սպենդիարյանի անձնական իրերը Յալթայի նրա տան հյուրասենյակի միջավայրի հետ: Նոր խոսքը, որն այսօր ասում ենք, այն է, որ այսուհետ թանգարանային արժեքը՝ կոմպոզիտորի ջութակը, հնչելու է: Յուրաքանչյուր այցելու կարող է ականջակալների միջոցով լսել գործիքի հնչողությունը. կոմպոզիտորի ստեղծագործություններից մեկը կատարել է լավագույն ջութակահարներից Կարեն Շահգալդյանը»,-ասաց նա և հավելեց՝ նորացված ցուցադրության աշխատանքներն իրականացվել են ճարտարապետ Արև Սամուելյանի ջանքերով:
Ըստ Օթարյանի՝ թանգարանն ու թանգարանային արժեքները ստատիկ հասկացություն են, սակայն երբ այդ նմուշներին կյանք ես տալիս, այցելուների ու թանգարանային արժեքների միջև երկխոսություն է ստեղծվում:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։
Առաջին տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երկրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք:
Երրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։
Չորրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։
Ա. Նալչաջյանի «Հայ ազգի ծագումը» հինգերորդ տեղում է։ Հասկանալու համար՝ ով ես և դեպի ուր ես գնում, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից ես գալիս. «Հայ ազգի ծագումը» աշխատությունը նվիրված է հայ ազգի հոգեբանական պատմության՝ նրա ծագման և որպես էթնիկական հանրույթ, և որպես ազգ ձևավորվելու մի շարք սկզբունքային խնդիրների ուսումնասիրությանը:
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» վեցերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը:
Յոթերորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։
Ռոնդա Բեռնի «Գաղտնիքը» ութերորդ տեղում է։ ««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց... Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով:
Իններորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Արփի Վանյանի «Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկ երեխա» գիրքը տասներորդ տեղում է։ Մենք բոլորս զոհեր ենք. մենք՝ մեր ծնողների,մեր ծնողներն՝ իրենց ծնողների, մեր երեխաներն էլ, ցավոք, մեր… Այո՜, հենց մենք ենք այդ մարդիկ, ովքեր կարող են իրենց երեխայի մեջքին թևեր նկարել կամ աճած թևերը կտրել… Մենք մի ամբողջ կյանք ապրում ենք սխալ համոզմունքներով, որոնք «ներարկել են» մեզ մեր ծնողները, հարազատները, շրջապատի մարդիկ, հասարակությունը։

Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը, որը մեկնարկել էր դեռևս մայիսին, օրեր առաջ հատել է եզրագիծը:
Բազմաբովանդակ և բազմաժանր փառատոնի 7 համերգի ընթացքում ներկայացվել է երեք տասնյակից ավելի պրեմիերա: Փառատոնին տեղի է ունեցել նաև նորաստեղծ «Նովա» երգչախմբի բեմելը, երիտասարդ տաղանդավոր մենակատարներին հնարավորություն է տրվել առաջին անգամ հանդես գալ մեծ բեմերում:
Փառատոնը մեկնարկել է հուշ համերգով՝ նվիրված Հարություն Դելլալյանին և Ռուբեն Սարգսյանին, երկրորդ համերգն էլ կազմակերպվել է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լ.Վ. Բեթհովենի անունը կրող համերգասրահում: Երեկոյին հանդես է եկել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
Փառատոնի երրորդ համերգին ներկայացվել են յոթ կոմպոզիտորի կամերային-գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործություններ, որով էլ եզրափակվել է նախագծի գարնանային համերգաշարը, իսկ աշնանային համերգաշարի շրջանակներում ներկայացվել է կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի մոնոօպերան:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) հնչել են հայ հեղինակների կամերային-նվագախմբային ստեղծագործությունների կատարումները, իսկ կոմպոզիտորների միության համերգասրահում ներկայացվել է խմբերգային երաժշտություն:
Փառատոնի փակման համերգը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի բաց մրցույթ։
Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց), որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Ըստ աղյուրի՝ հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ: