Ողջույն բարեկամ-384
Բարև Ձեզ սիրելի ռադիոլսող բարեկամներ: Եթերում հայերեն ռադիոժամն է: Սիրով ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Ինձ բաց թողեք, ես գնամ
Չէ, ժամանակն է կարծես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թող ամեն ինչ մնա ձեզ
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Քանի շնչում եմ մի քիչ
Եվ մնում եմ դեռ մի քիչ
Իմ երեսի ջրով ես, —
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Դեռ մոր ծիծը բերանում —
Իմաստուն է երեխան…
Էլ ո՞վ կա, որ խրատես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Ինչ իմ աչքով չտեսա,
Ձեր աչքերով կտեսնեմ,
Ի՞նչ ասել է. «մնա, տես»,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թմրել են սիրտ ու գլուխ…
Ոչ ծիծաղն է մի ծիծաղ,
Ոչ էլ ցավն է ցավի պես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Կայմ ու կողերը ջարդված,
Անառագաստ ու անղեկ
Եվ անդրոշ նավի պես
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Իմ առնելիքը առա
Եվ իմ տալիքը տվի…
Եվ բախտից գոհ եմ այնպես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Համո Սահյան