Նոյեմբեր 27, 2023 12:33 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։


Այն պայմաններում, երբ Իլհամ Ալիևի կառավարությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից՝ պատասխանել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Բաքվի վեցերորդ առաջարկին, Երևանի կառավարության պաշտոնյաները նույնպես նման պահանջով դիմել են Բաքվի կառավարությանը։

Օրերս երևանյան լրատվամիջոցները հայտնեցին Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղղված խաղաղության նոր առաջարկի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «X» սոցիալական ցանցում հայտարարեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, հայկական կողմը ավելացրել է դիվանագիտական ​​ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, և Ադրբեջանին է ներկայացրել իր վեցերորդ առաջարկը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավորվում է կնքել և ստորագրել հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը՝ հիմնվելով նախկինում հայտարարված սկզբունքների վրա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր. «Ավելի քան երկու ամիս է, ինչ Բաքուն սպասում է  ղարաբաղյան հարցի խաղաղության վերջնական համաձայնագրի վերաբերյալ այս երկրի առաջարկների նկատմամբ պաշտոնական Երևանի արձագանքին»։

Բաքվի և Երևանի ղեկավարների փոխադարձ դիրքորոշումների այս ձևը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ փորձում են ավելի բարձր դիրքերից հանդես գալ մյուս կողմի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Հիքմեթ Հաջիևը վերջերս ասել է. «Բաքուն կոչ է անում ձևավորել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն՝ հիմնված արդարության, տարածքային ամբողջականության ճանաչման և տարածքային բոլոր հավակնությունների դադարեցման վրա»։ Անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն Բաքվի իշխանությունները՝ արդարության վրա հիմնված անվտանգության նոր ճարտարապետություն ասելով ։

Հայաստանի վարչապետը նաև մի քանի օր առաջ Երևանում պնդեց. «Հնարավորր է Ադրբեջանը նախապատրաստվում է իր երկրի դեմ ռազմական հարձակման, քանի որ Ադրբեջանի Հանրապետության հանրային դիսկուրսում գնալով ավելի ու ավելի է տարածվում «Արևմտյան Ադրբեջան» տերմինը»։ Փաշինյանի խոսքով, «Ադրբեջանի ԶԼՄ-ները, դպրոցներն ու բուհերը Հայաստանը անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Ի պատասխան Հայաստանի վարչապետի պնդմանը, Կրեմլի խոսնակ «Դմիտրի Պեսկովը» ասել է, որ տեղյակ չէ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կրկին հարձակվելու հավանականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, սակայն ասել է. «Բաքվի ղեկավարները վերջին շրջանում տարբեր հայտարարություններ են անում: Ցավոք, ոչինչ ասել չեմ կարող, քանի որ «Ադրբեջանի Հանրապետության կողմից նման հայտարարություններին ծանոթ չեմ, մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Բաքվի ղեկավարությունից»:

Ակնհայտ է, որ այս գործընթացի շարունակությունը նշանակում է, որ թշնամի կողմերը չեն գնում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Այս կապակցությամբ նկատելի է յուրաքանչյուր կողմի անվստահությունը մյուս կողմի նկատմամբ։ Ադրբեջանի քաղաքական փորձագետ Ռաուֆ Միրղադիրովը վերջերս ասել է.

«Արևմուտքի համար կարևոր է բանակցությունների շարունակությունը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը։ Սակայն Ադրբեջանի նկատմամբ Ամերիկայի և Արևմուտքի բացասական մոտեցումը ստիպեց Բաքվին հեռու մնալ բանակցություններից։ Այդ ուղղությամբ առաջին փաստը Իլհամ Ալիևի հրաժարումն էր Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց։ Այստեղ ի ցույց դրվեց Մակրոնի հայանպաստ քաղաքականությունը, իսկ Բրյուսելում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ լուրջ կասկածներ առաջացան»։

Իլհամ Ալիևի իշխանություններին հարող այս փորձագետի հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքվի պաշտոնյաները,  Հայաստանին ուղղված՝ պատերազմը վերսկսելու մի քանի սպառնալիքներից հետո այժմ անհանգստացած են Հայաստանի նկատմամբ արևմտյան կառավարությունների օգնության կապակցությամբ։

*

Իլհամ Ալիևի կառավարությունը հրաժարվում է ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցություններ վարել Հայաստանի հետ։

Ադրբեջանի արտգործնախարարությունն անցած շաբաթ տարածել էր հաղորդագրություն,որում հայտարարել է, որ Բաքվի համոզմամբ, հնարավոր չէ Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է նոյեմբերի 20-ին։ 

Բաքվի այս արձագանքն այն պայմաններում է, երբ անցած հինգշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երեւանի քաղաքական վճռականությունն անսասան է։

Ավելի վաղ ևս, չնայած Հայաստանի հայտնած ցանկությանը և պնդմանը, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները տարբեր պատրվակներով խուսափում էին Հայաստանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումից։ Սա այն դեպքում, երբ հակամարտող կողմերը պաշտոնական հանդիպումներում բազմիցս ընդգծել են ԼՂ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի կառավարությունը, որն հետաքրքրված է Ադրբեջանի  ներքին խնդիրներով, վերջերս թույլատրել է ֆրանսիական ռազմանավին անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ինչպես նաև ազատ է արձակել կալանավորված հայ լրագրողին։

Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևի կառավարությունը չի արձագանքել Թուրքիայի արարքին, սակայն այդ կապակցությամբ բացատրություն է խնդրել Վրաստանի կառավարությունից։ Չնայած այս լռությանը, Իլհամ Ալիևի կառավարությանն առընթեր որոշ փորձագետներ անուղղակիորեն արձագանքել են այս ոլորտում Թուրքիայի երկակի քաղաքականությանը։

Ադրբեջանցի փորձագետ՝ Թորաբ Ռեզայևը Վրաստանի և Հայաստանի իշխանությունների միջև ռազմական բանակցությունների և Եվրոպայի ու Ամերիկայի կողմից դրանց առաջնորդման ու կառավարման մասին ասել է․-Արևմտյան կառավարությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կարծում են, որ եկել է ժամանակը Ռուսաստանի դեմ Ուկրաինայում սկսած աշխարհաքաղաքական առճակատումը տեղափոխելու Հարավային Կովկաս և ամրապնդելու իրենց դիրքերն այս տարածաշրջանում։ Արեւմուտքը նաև փորձում է Վրաստանին համոզել Թբիլիսի-Անկարա-Բաքու անվտանգության շրջանակի անարդյունավետության հարցում։

Ադրբեջանցի այս փորձագետի խոսքերը նշանակում են, որ ԱՄՆ-ն ​​և նրա արևմտյան դաշնակիցները պետք է սպասեն, մինչև Իլհամ Ալիևի կառավարությունը հասնի իր նպատակներին հարավկովկասյան տարածաշրջանում, ապա քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի դեմ։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը չի ցանկանում համալրել Ռուսաստանի դեմ արևմտյան դաշնակիցների շարքերը։ Բաքվի պաշտոնյաները գիտակցում են այն փաստը, որ արևմտյան կառավարությունները մտադիր չեն թույլ տալ, որ Ադրբեջանն ավելի մեծ հաջողությունների հասնի Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի դեմ։ Թվում է, թե միայն դա է պատճառը, որ Բաքվի իշխանությունները Հայաստանի դեմ պատերազմում բավարարվում են միայն Ռուսաստանի միջնորդությամբ։

Միևնույն ժամանակ, արևմտյան կառավարությունները փորձում են ավելի մեծ քայլեր ձեռնարկել Հայաստանին օգնելու համար, որպեսզի կարողանան ուժեղացնել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։ Այդ իսկ պատճառով, առաջին քայլով Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց, որ կրկնապատկվել է Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության փաթեթը։

Արևմտյան կառավարությունների աջակցությունը Հայաստանի նկատմամբ ավելի քան երբևէ վախ է առաջացրել Բաքվի իշխանությունների մոտ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր վերջին հայտարարության մեջ նշել է. «Վաշինգտոնի կառավարության կողմնակալ դիրքորոշումների պատճառով չի մասնակցելու ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններին»։

Այս որոշումը կայացել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի՝ օրերս Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում լսումների ժամանակ արած հայտարարություններից հետո։

Հիշեցնենք, որ նախօրեին Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր․- Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, մինչև առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։

Ադրբեջանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդի դերի կորստին:

Կովկասի հարցերում շահագրգիռ պետությունների երկակի քաղաքականության ընդհանուր ամփոփման մեջ թվում է, թե Հարավային Կովկասում Ադրբեջանի  առաջխաղացումները փակուղում են հայտնվել, և այդ երկրի դաշնակիցներն այլևս չեն ցանկանում աջակցել Բաքվին։