Հունիս 15, 2016 10:43 Asia/Yerevan

Ներկայացնում ենք «Առողջ ընտանիք» հաղորդաշարի 11-րդ թողարկումը : Այսօր խոսելու ենք ժամանակակից ընտանիքներին մտահոգող գործոններից մեկի ՝ թմրամոլության մասին : Մնացեք մեզ հետ :

Թմրամոլությունը մեր օրերի տարածված հասարակական արատներից մեկն է համարվում , որը տարեկան մեծ թվով մարդկային կյանքեր է խլում : Ամեն օր ավելանում է թմրանյութերի հետևանքով մահացության դեպքերի թիվը : Թմրաբան՝ Լուդովինգն այդ մասին ասել է .-«Եթե բացառենք սնունդը , երկիր մոլորակի վրա չկա որևէ նյութ , որն այսքան մեծ ազդեցություն գործած լինի մարդու կյանքի վրա» : 2015 թվականի հունիսի 25-ին ՝ թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ը հայտարարել էր , որ աշխարհում կան 246 միլիոն թմրամոլներ , որոնցից 27 միլիոնը ՝ ծայրահեղ ծանր իրավիճակում են գտնվում : Այդ առիթով տարածած հաղորդագրությունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունը հայտարարել է , որ ցավոք աշխարհի թմրամոլների մեկ երրորդը կանայք են:
Մասնագետների համոզմամբ , հետաքրքրասիրությունը , հաճույք փնտրելը , ցավազրկումը , խնդիրները մոռանալը , արկածախնդրությունը, հասարակության մոտ չափահաս ներկայանալը և որոշակի խմբին միանալը , բոլորը պատճառներ են , որ թեև անլուրջ են թևում , սակայն ամեն դեպքում աշխարհում միլիոնավոր մարդկանց թմրամոլության թակարդը գցող պատճառներն են : Թմրամոլությունը ՝ որպես հասարակական գերխնդիր , վնասում է անհատի հասարակական դիրքին ՝ նրան դարձնելով եսակենտրոն , զգացմունքներից զուրկ և անհավասարակշիռ անհատ : Թմրամոլությունը փլուզում է ընտանիքի հիմքերը , կրճատում ընտանիքի եկամուտը , վնասում է հասարակությանը: Սակայն գիտնականները պարզել են , որ ընտանիքը կարևոր դեր ունի մարդկանց թմրամոլ դառնալու գործում : Ընտանիքը համարվում է անհատականության ու վարքագծի ձևավորման առաջին վայրը : Ծնողների անիրազեկությունը և զավակների հետ նրանց թույլ հարաբերությունները , ընտանեկան սանձարձակ միջավայրը , բոլորը ենթահող են պատրաստում տարբեր հանցագործությունների ՝ այդ թվում թմրամոլության համար: 
Փորձագետների համոզմամբ , պատանիներն ու երիտասարդները հետաքրքրվում են թմրանյութեր օգտագործելով , այն պատճառով , որ առաջին անգամ դրան ականատես են եղել հենց իրենց տանը : Տանը թմրանյութերի առկայությունն անհատին այն օգտագործելու կողմն է մղում : Նա առաջին պատեհ առիթում թմրանյութեր է օգտագործելու : Եթե ծնողները լինում են ոչ-խստապահանջ , բազմազբաղ և անիրազեկ թմրանյութերի մասին , ապա մեծ հավանականությամբ ընտանիքում թմրամոլության հակումներ են նկատվելու : Թույլ անհատականության տեր ծնողները նաև անուղղակի դեր ունեն երեխաների վարքային շեղումների մեջ : Երբ ծնողներից մեկի կամ երկուսի մոտ բացակայում է ամուր անհատականությունը , ապա նա իր այս թերությունը ծածկելու համար , երեխաներին արտոնություններ է տալիս , ինչն էլ վերջիններիս մղում է վտանգավոր սովորությունների կողմը :
Սակայն որոշ դեպքերում այս նույն խնդիրների պատճառ կարող է դառնալ ծնողների անսահմանափակ խստությունը : Ծնողների միջև անհամաձայնությունը , երեխաների տրամաբանական ու արդարացի ցանկությունները հաշվի չառնելը , երեխաներին նվաստացնելը , բոլորը համարվում են պատճառներ , որոնք կարող են ընտանիքում թմրամոլության հակումներ առաջացնել : Խստապահանջ ընտանիքներում երեխաներն արտահայտվելու իրավունք և հնարավորություն չունեն , հետևաբար նրանք դառնում են անինքնավստահ և առաջին խոչընդոտի ու խնդրի առջև հայտնվելու դեպքում , նրանք շեղվում են ճիշտ ուղուց : Կրոնական հավատալիքները ևս մեծ դեր ունեն մարդկանց թմրամոլությունից հեռու պահելու գործում : Թույլ հավատքով ու ոչ-բարեպաշտ ընտանիքներում , երեխաներին տրվում է անսահմանափակ ազատություն , որն էլ իր հերթին պարարտ հող է պատրաստում թմրամոլության համար : 
Ծնողների դաստիարակչական հմտությունները կարող են զավակներին թմրամոլությունից հեռու պահել : Ծնողները կարող են իրենց դաստիարակչական հմտությունները զարգացնելով , բարձրացնել երեխաների ինքնավստահությունը ՝ նրանց ծանոթացնելով կյանքի հմտություններին և թմրամոլ ընկերներին ու տարեկիցներին մերժելու արժեքն ապացուցելով :
Այս քայլերն այն ժամանակ կարող են արդյունավետ լինել , երբ ծնողներն իրենք օրինակ ծառայեն երեխաների համար ՝ նրանց ցույց տալով անկեղծության , ճշտապահության ու բոլոր դրական հատկությունները : Եթե ծնողն ինքը թմրանյութեր է օգտագործում , ինչպե՞ս է կարող լավ օրինակ ծառայել ընտանիքի մյուս անդամների համար :