Սեպտեմբեր 26, 2016 11:24 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա մի շարք իրադարձությունների քննարկմանը, որոնցից կարևորագույններն են Լոնդոնին՝ ԵՄ-ի պաշտոնատարների կատարած զգուշացումը, ԵՄ-ում Բոսնիայի անդամակցության ընդունումը և Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Եվրախորհրդարանի նախագահն անցած շաբաթ զգուշացրեց, որ Բրիտանիան առանց աշխատուժի ազատ երթևեկի իրավունքը ճանաչելու չի կարող Եվրոպայի շուկային հասանելիություն ունենալ: Մարտին Շուլցն ուրբաթ օրն ասաց. «Եվրախորհրադարանի անդամներն ընդգծում են ԵՄ-ում փոխադարձ կապերի անհրաժեշտությունը և բրիտանացի պետայրեր չպիտի այնպիսի պատկերացում ունենան, որ առանց անհրաժեշտ զիջումների գնալու և հատկապես այդ երկրում աշխատուժի ազատ երթևեկի իրավունքը պաշտոնապես ճանաչելու կարող են ԵՄ-ի հետ ֆինանսական, տնտեսական ու առևտրական հարաբերություններում արտոնություններից օգտվել»:

Միևնույն ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այդ պաշտոնում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ունեցած առաջին ելույթում ակնարկելով ԵՄ-ն լքելուն կամ «Բրեքզիթ»-ի մասին վերջին հանրաքվեին, ասաց. «Բրիտանիայի ժողովուրդն իր ձայնը չի տվել հօգուտ մեկուսացման և Լոնդոնը  երես չի թեքելու  իր գործընկերներից»:

Թերեզա Մեյը, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման գործընթացին թափ հաղորդելու համար ճնշման տակ է հայտնվել իր արտահայտություններում նաև նշեց, որ Բրիտանիան շարունակելու է մնալ Եվրոպայի հզոր ու վստահելի գործընկերը:

ԵՄ-ի հետ Բրիտանիայի տարաձայնության գլխավոր պատճառներից մեկը, որն ի վերջո հանգեցրեց այդ միությունը լքելուն ժողովրդի տված կողմ ձայներին, էմիգրանտների ու հատկապես Եվրոպայի արևելքից արտագնա աշխատանքի մեկնողների հարցն էր:

Բրիտանիան մի կողմից մտահոգ է քաղաքական ու առևտրական հարաբերությունները կորցնելու և  ի հետևումն դրա տարածաշրջանում ու աշխարհում այդ երկրի հզորությունը նվազելու կապակցությամբ և միևնույն ժամանակ ԵՄ-ն էլ քաղաքական ու տնտեսական մխիթարական պայմաններում չի գտնվում:

Փախստականների հարցը և այդ միության որոշ երկրներում, այդ թվում Իտալիայում, Իսպանիայում ու Հունաստանում տիրող տնտեսական ծանր պայմանները համարվում են ԵՄ-ի դիմագրաված գլխավոր մարտահրավերները:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ի պաշտոնատարները մտահոգ են այդ միության որոշ անդամների Բրիտանիայի օրինակին հետևելու համար, հետևաբար ցանկանում են ինչքան շուտ սկսվեն  ու արդյունքի հասեն Բրիտանիայի հեռացման մասին բանակցությունները:

------------------------

Այն պայմաններում, երբ ԵՄ-ից հեռանալու Բրիտանիայի օրինակին հետևելը լուրջ մտահոգություն է առաջացրել այդ միությունում, ԵՄ-ն անցած շաբաթ ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի անդամակցության դիմումը: ԵՄ-ն անցած երեքշաբթի օրը հայտարարեց, որ 2016 թվականի փետրվարին այդ միությանն անդամակցելու դիմում ներկայացրած Բոսնիան անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ առաջընթաց է ունեցել և ընդունում է նրա անդամակցության դիմումը:

ԵՄ-ն իր գործադիր թևը համարվող Եվրահանձնաժողովին հանձնարարել է քննարկել ԵՄ-ին Սարաևոյի անդամակցության պայմանները: Բրյուսելն այդ քննարկումներից հետո հայտարարելու է թե ԵՄ-ին անդամ դառնալու համար Բոսնիան ինչ քայլեր պիտի ձեռնարկի: Այս գործընթացի համար ժամանակի առումով որևէ սահմանափակություն նկատի չի առնվել:

Եվրոպայի արևելքի ու հատկապես Բալկանյան տարածաշրջանի երկրների, այդ թվում Բոսնիա-Հերցեգովնիայի, Սերբիայի ու Ալբանիայի ԵՄ-ին միանալու համար անցած տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ են ներկայացվել: Այն պայմաններում, երբ Բրիտանիան լքում է այս միությունը և ԵՄ-ում աննախընթաց պառակտում է նկատվում նոր անդամների ընդունումը հեշտ գործընթաց չի լինելու: Այդ պատճառով էլ ԵՄ-ն անդամակցելու ցանկություն ունեցող երկրներն, այդ թվում Բոսնիա-Հերցեգովինան բարդ ճանապարհ պիտի անցնեն: Դրա իրականացման համար Բոսնիա-Հերցեգովինան պարտավոր է լրացնել ԵՄ-ի անդամակցության համար անհրաժեշտ պայմանները:

ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատարները համոզված են, որ եթե մինչև ԵՄ-ին անդամակցելը Բոսնիայում որոշակի բարեփոխումներ չիրականացվեն, անդամակցությունից հետո այդ երկիրն անկասկած լուրջ խնդիրների առջև է կանգնելու, ինչը նաև բարդություն է առաջացնելու ԵՄ-ի համար: Տնտեսական լուրջ խնդիրներ դիմագրավող Բոսնիա-Հերցեգովինայի համար ԵՄ-ին անդամակցելը դեպի տնտեսական զարգացում ու հասարակական բարեկեցության մակարդակի բարձրացում առաջնորդող ուղի է համարվում:

------------------------------

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունն անցած շաբաթ Բեռլինի նահանգային ընտրություններում ծանր պարտություն կրեց: Այդ ընտրություններում Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը կարողացավ շահել ձայների միայն 17.6 տոկոսը: «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան և հակաէմիգրացիոն կուսակցությունն էլ առաջին անգամ գերազանցեց խորհրդարան մուտք գործելու շեմը: Այդ կուսակցությանը բաժին հասավ ձայների 14 տոկոսը: Սոցիալ դեմոկրատական կուսակցությունն էլ չնայած ձայների 7 տոկոսանոց անկման կարողացավ շահել ձայների 22 տոկոսը:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը քանի տարի է ինչ որպես աջակողմյան արմատական և հակաէմիգրացիոն հակումներ ունեցող կուսակցություն երևան է եկել Գերմանիայի քաղաքական ասպարեզում: Այս աջակողմյան ու ԵՄ-ին հակառակ կուսակցությունն այսօր իր քարոզչական աշխատանքների սլաքն ուղղել է փախստականների կողմը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը նահանգային խորհրդարանների ընտրություններում ուշագրավ քանակությամբ ձայներ է շահել: 2016 թվականի մարտին այդ կուսակցությունը Սաքսոնիայում շահեց ձայների 10, իսկ Հաննովերում ավելի քան 10 տոկոսը: Այդ արդյունքները ահազանգ են հնչեցնում Գերմանիայի իշխող պահպանողական կուսակցությունների համար:

Այս կապակցությամբ Սոցիալ քրիստոնեական կուսակցության պաշտոնատարներից Մարք Զոեդեը Բեռլինի ընտրությունների արդյունքները վերջին շաբաթներում հնչեցված երկրորդ ահազանգն է համարել: Նա ասել է, որ քվեարկողների համատարած ու երկարաժամկետ անվստահությունը սպառնում է պահպանողական թևին: Նրա ընդգծմամբ ղեկավարող կոալիցիան իր էմիգրացիոն քաղաքականությունները բարեփոխելով պիտի ձեռք բերի Գերմանիայի քաղաքացիների վստահությունը:

Սեպտեմբերի սկզբին էլ Մեքլենբուրգ և Արևմտյան Փումրանիա նահանգներում կայացած ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության շահած ձայների պատճառով ղեկավարող կուսակցությունը հայտնվեց երրորդ տեղում:

----------------------

Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում կայանալիք հանրաքվեն: Դա ի տես այն բանի, որ Բաքուն պնդում է, թե Սահմանադրությունը բարեփոխելը բխում է ժամանակի պահանջներից: Այդ թեմային է անդրադարձել լրագրող Արմեն Քոլոյանը:

-----------------------

Այն պայմաններում երբ քվեատուփերը Մերկելի վնասին աշխատեցին, Ռուսաստանում ընտրությունների արդյունքները հաղթանակ բերեցին ղեկավարող կուսակցությանն ու այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ռուսաստանի ընտրությունների կենտրոնական շտաբը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Դումայի ընտրությունների ձայների ավելի քան 93 տոկոսը հաշվելով ղեկավարող «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը շահել է ձայների 54 տոկոսը: Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը 13, իսկ Կոմունիստական կուսակցությունը նույնպես 13 տոկոսով  կանգնեցին երկրորդ և երրորդ տեղերում: Արդար Ռուսաստան կուսակցությունը շահեց ձայների 6 տոկոսը: Մյուս կուսակցությունները չկարողանալով գերազանցել ձայների 5 տոկոսի շեմը դուրս մնացին խորհրդարանից: Ի դեպ անցած տարի Կրեմլի պալատի մերձակայքում ահաբեկված Բորիս Նեմեցովի գլխավորած աջակողմյան Պառնաս ընդդիմադիր կուսակցությունն էլ ծանր պարտություն կրեց: Հիշյալ ընտրություններին մասնակցեց ընտրողների  միայն 47 տոկոսը:

Այսպիսով «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը հաշվի առնելով Դումա մուտք գործած անկախ թեկնածուները, շահելով խորհրդարանական մանդատների երեք չորրորդը, տիրացավ խորհրդարանական մեծամասնության, որի արդյունքում կարող է առանց այլ կուսակցությունների հովանավորության վավերացնել իր մշակած նախագծերն ու օրինագծերը:

«Միացյալ Ռուսաստան»-ի տարած հաղթանակը գերազանցելով կատարված կանխատեսումները, կարող է երկրից ներս ու արտասահմանում իր քաղաքականությունների իրագործման համար առավել ոգևորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Պուտինն այցելելով «Միացյալ Ռուսաստան»-ի ընտրական շտաբն այս կուսակցությանը Ռուսաստանի քաղաքական կյանքում հզորություն ու կայունություն առաջացնող գործոն համարեց:

Կարելի է ասել, որ Ռուսաստանի ժողովուրդն իր տված ձայնով հաստատման կնիք է դրել վերջին տարիների ընթացքում տարբեր ասպարեզներում Կրեմլի վարած քաղաքականությունների վրա: