Սեպտեմբեր 26, 2016 19:26 Asia/Yerevan

Նախորդ զրույցում նշեցինք, որ շրջակա միջավայրի փրկությունը հնարավոր է տարբեր հասարակություններում էկոլոգիական էթիկայի տարածմամբ: Ելնելով այն հանգամանքից, որ կրոնական ուսուցումներն ու գաղափարախոսություններն են ճշտում անհատական ու հավաքական վարքագիծը, կարելի է ասել, որ բնապահպանական ճգնաժամերի կարգավորումը հնարավոր է կրոնական ավանդույթներին վերադառնալով: Իսլամը ևս ուսուցումներ է ներկայացրել շրջակա միջավայրի պահպանության հետ կապված: Այսօր խոսելու ենք այդ թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:

1967 թ.  Փրինսթոն և Սթենֆորդ համալսարանների միջնադարյան պատմության դասախոս՝ Թաունսենդ Վայթն «Science» պարբերականում մի հոդված էր հրապարակել կրոնների և շրջակա միջավայրի կապի մասին, որտեղ եզրակացրել է, թե քրիստոնեությունն ու հրեականությունը ենթահող են ստեղծել շրջակա միջավայրի ոչնչացման համար, որովհետև ասում են, թե Աստված ամեն ինչ ստեղծել է մարդու համար և մարդն անսահմանափակ իրավունք ունի բնությունից օգտվելու համար: 1983 թ. Բրիտանիայում պատմության դասախոս՝ Քեյթ Թովմասը մի գիրք հրապարակեց, որտեղ պնդում էր, թե Ղուրանի որոշ այաներ հենց քրիստոնեական մոտեցում ունեն շրջակա միջավայրի նկատմամբ և ասում են, թե ողջ բնությունն ստեղծվել է մարդու համար և կենդանիները զուրկ են բանականությունից ու իրավական արժեքից:

Մուսուլման մտավորականների կարծիքով, չնայած այաները, որոնց վկայակոչել է բրիտանացի գրողը, մարդուն արարչության թագն ու պսակն են համարում, սակայն դա չի նշանակում, որ մարդը բնության տերն է: Սուրբ Ղուրանի և իսլամական ուսուցումների համաձայն, բնության վերջնական նպատակը մարդն է, սակայն բնությունը մարդուն չի պատկանում: Իսլամական ուսուցումների համաձայն, աշխարհն ընդհանուր շարժման մեջ է, որի վերջնական նպատակն է Աստված: Աշխարհը մարդու միջոցով պետք է շարունակի իր ընթացքը, ուստի բնության առաջին նպատակը մարդն է և նպատակ լինել չի նշանակում տիրակալ լինել: Ղուրանի այաների համաձայն, Աստված մարդուն ուժ և հնարավորություն է տվել և նրան հանձնարարել է շենացնել երկիր մոլորակը: Ղուրանում ասված է, որ Աստված մարդուն է տվել երկրագունդը բոլոր հնարավորություններով, որպեսզի մարդն իր աշխատանքով շենացնի այն: Ղուրանի այաներն ուսուցանում են, որ շրջակա միջավայրի բոլոր տարրերը նշանակալի են և երկինքն ու երկիրը Աստծո հզորության արտահայտիչն են:

Ղուրանում ասված է՝ Աստված բույսերի աճն իր նշաններից է համարում: Այդպիսով Ղուրանում բնությունն ու շրջակա միջավայրը աստվածային նշաններ են համարվում:

********

Սուրբ Ղուրանում նշված է, որ մարդը պետք է խորհի երկնքի, աստղերի, արեգակի, լուսնի,անձրևի, ծովերում նավերի շարժման, բույսերի ու կենդանիների և այն ամենի մասին, ինչը շրջապատել է իրեն: Ղուրանում ասված է որ խորհելով արարչության գաղտնիքների մասին, ձգտում են հայտնաբերել աստվածային նշանները, իրողություններն ու ավանդույթները: Բնության մասին խորհելով, մարդը գիտակցում է, որ բնությունն ստեղծվել է կենդանի արարածների ստեղծման ու գոյատևման համար, ուստի բնության էկոլոգիական հավասարակշռության պահպանումը կենդանի էակների  առաջին և գլխավոր իրավունքն է հանդիսանում: Բնությունն աստվածային պարգև է կենդանի էակների, այդ թվում մարդու գոյատևման և հաճույքի համար: Ծագումնաբական արդար համակարգում Աստված բոլոր արարածներին ՝ փոքր թե մեծ, ապրելու իրավունք է վերապահել: Աստվածային ծագումնաբանական սրբազան համակարգում մարդն իր բոլոր աշխատանքները պետք է համապատասխանեցնի այդ համակարգի հետ: Հետևաբար բնության տարրերի՝ օդի, ջրի, հողի աղտոտումը և շրջակա միջավայրի ոչնչացումը ոտնձգություն է համարվում արարչության համակարգի նկատմամբ:

 

Ղուրանի այաների համաձայն, բնությունը և այնտեղ գոյություն ունեցող ամեն ինչ աստվածային բարիքներ են մարդու համար: Եվ մարդը պետք է գոհաբանի Աստծուն և լավագույնս օգտագործի այդ բարիքները, որպեսզի շարունակվի այս առատությունը և մարդը պարգևատրվի: Իսկ սխալ շահագործմամբ, բնությունն ու շրջակա միջավայրն աղտոտելու և ավերելու դեպքում, մարդը հանցանք է գործում և զրկվում է այդ պարգևներից ու բարիքներից:

Մարդն այդ բարիքներից զրկվում է իրականում իր ներքին ագահության և աստվածային ուսուցումներն անտեսելու պատճառով: Հետևաբար բնապահպանական ճգնաժամն արմատավորված է մարդկանց մեջ և բարոյական ու ներքին ճգնաժամի և մարդու սխալ գործելակերպի հետևանք է: Իսկ փոխարենը աստվածային ուսուցումներն ու բնապահպանական սկզբունքները հարգելով, մարդը նպաստում է բնության ծաղկման և առավելագույնս կարողանում է վայելել բնության բարիքները:

Սուրբ Ղուրանի այաներից կարելի է եզրակացնել, որ ուղղակի կապ գոյություն ունի շրջակա միջավայրի և մարդկային հարաբերությունների միջև: Ինչպես մարդկանց սխալ հարաբերությունները ծովերում ու ցամաքներում բարոյականության անկման են հանգեցնում, այնպես էլ մարդկանց բարոյական հարաբերությունները մարդու առջև բացում են երկրի ու երկնքի բարության դռները: Ուստի բարոյական սկզբունքների մասին ուսուցումներին հետևելը, նպաստելու է շրջակա միջավայրի բարգավաճմանն ու ծաղկմանը:

*************

Շրջակա միջավայրի նշանակությունն ընդգծվել է ոչ միայն Ղուրանի այաներում, այլև այդ հարցն կարևորվել է նաև իսլամի մեծ մարգարեի և իմամների կողմից: Բարեկամներ քանի որ ավարտին է մոտեցել հաղորդմանը հատկացված եթերաժամը զրույցը կշարունակենք հաջորդ շաբաթ: Մինչ այդ լավագույնն ենք մաղթում բոլորիդ:

 

Պիտակ