Ճանաչենք իսլամը (111)
Ինչպես գիտեք մարդկությունը շարունակ աստվածային առաջնորդության կարիք է զգում ,որից երբեք ոչ մի ժամանակաշրջանում չպետք է զրկվի մարդը: Եթե աստվածային կրոնն ավարտվի ու այդ կրոնը յուրահատուկ լինի որոշակի ժամանակի ու վայրի համար, ապա հաջորդ սերունդներն ու այլ մարդիկ կզրկվեն կրոնից: Դա հակասում է մարգարեների նշանակման փիլիսոփայությանը:
Այն կրոնը կարող է վերջինը լինելու հավակնություն ունենալ, որ համընդհանուր ու հավերժական լինի: Դա պահանջում է,որ վերջինը լինելու հավակնություն ունեցող կրոնը կարողանա ցանկացած ժամանակաշրջանում իրագործել մարդկանց առաջնորդելու իր առաքելությունը և լինել գործունյա ու պատասխանատու մարդկային կարիքների ապահովման հարցում:
Մարդկությունը շարունակ Աստծո կողմից առաջնորդվելու կարիք է զգացել և պատմության բոլոր շամանակաշրջաններում աստվածային այդ շնորհն անհրաժեշտ է եղել մարդու համար: Այն ժամանակ կարելի է խոսել մարգարեների շարանն ավարտին հասնելու մասին, երբ Աստծո կողմից առաքված վերջին կրոնն աշխարհատարած, համապարփակ ու հավերժական լինի: Քանի որ մարդկությունը պատմության ընթացքում պարտավոր է վայրիվերումներով լի ճանապարհ կտրել, կրոնը պիտի օժտված լինի այդ ալեկոծ ճանապարհին նրա հոգևոր ու բարոյական բոլոր կարիքներին բավարարություն տալու հնարավորություններով: Իսլամ կրոնի կենսունակության ու հավերժության համար կարելի է նշել մի շարք պատճառներ, որոնց կանդրադառնանք մեր այսօրվա հաղորդման ընթացքում:
Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, իսլամի օրենսդրության համակարգն այնպես է, որ կայուն ու անփոփոխ լինելով հանդերձ կարող է պատմական ու հասարակական տարբեր զարգացումների հետ կապված համակերպվել ժամանակի ու վայրի տարբեր պայմաններին: Ասացինք, որ թեև ժամանակի հետ կապված պայմաններն ու անհրաժեշտությունները շարունակ փոխվում են, սակայն բնության աշխարհի ու մարդու համար սահմանված բոլոր օրենքները չէ, որ շարունակ ենթակա են փոփոխության: Նույնիսկ շարունակ փոփոխվող աշխարհում կան մի շարք կայուն ու անփոփոխ ճշմարտություններ, որոնք երբևէ չեն հնանում: Այս կապակցությամբ ակնարկեցինք իսլամում գործող երկու տեսակ օրենքների՝ անփոփոխ օրենքներ և փոփոխվող օրենքներ: Կրոնի մնայուն պատվիրանները երբևէ չեն փոխվում, սակայն փոփոխվող պատվիրանները կարող են ժամանակի ու վայրի պայմանների համաձայն փոփոխվել:
Ղուրանի մեկնաբան ու մտածող Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին ակնարկում է կրոնի այդ երկու տեսակ կողմնորոշումներին: Նա գրում է. «Մարդկային բնազդի վրա հիմնված օրենքները և մարդու ճանաչողության վրա հիմնված մտածողությունը կարող են ամենալավ կերպով կառավարել ժամանակակից աշխարհն ու ապագա հասարակությունները: Բայց կան որոշ հարցեր, որոնք ենթակա լինելով ժամանակի ու վայրի պայմաններին շարունակ փոփոխվում են, օրինակ տնտեսական, մշակութային, քաղաքական ու հասարակական հարցերը: Նման հարցերի հետ կապված պատվիրաններն իսլամում պահպանելով հանդերձ դրանց իշխող արժեքներն ու սկզբունքները գիտական փորձագիտական ուսումնասիրությունների և իջթիհադի միջոցով կարող են փոխվել»:
Հետևաբար գործոններից մեկը, որ պատճառ է դառնում իսլամը համակերպվի ժամանակի կարիքներին, իսլամական օրենքներում ու պատվիրաններում նախատեսված մեխանիզմներն են: Ղուրանի մեծ մեկնաբան, փիլիսոփա Ալամե Մոհամմեդ Հոսեյն Թաբաթաբային այդ մասին գրում է.«Իսլամը պատասխանում է ցանկացած ժամանակաշրջանում, ցանկացած վայրում ու ցանկացած տարածաշրջանում գտնվող մարդու փոփոխվող կարիքներին և առանց այն որ իսլամի անփոփոխ կանոնները փոխվեն կամ չեղարկվեն, վերացնում է մարդկային հասարակության կարիքները: Հասարակական կյանքի զարգացման համար օգտակար և իսլամի ու մուսուլմանների շահերի ուղղությամբ գտնվող ցանկացած նոր կանոն մտնում է ժամանակի իշխանի կամ կրոնական առաջնորդի լիազորությունների սահմաններում և նման օրենքների մշակման ուղղությամբ որևէ սահմանափակություն գոյություն չունի: Այս յուրահատկությունը պատճառ է դառնում, որպեսզի իսլամը կապված ժամանակի պահանջներին ու կյանքի փոփոխության, կարողանա բավարարություն տալ մարդու և հասարակության կարիքներին»:
Իսլամ կրոնի հավերժության ու վերջինը լինելու պատճառներից մեկը դրա հարաբերությունն է մտքի ու մտածողության հետ: Իսլամում կրոնի ու մտքի միջև եղած կապն անխզելի է: Այնպես որ ասվել է. «Այն ինչը, որ տրամաբանությունն ընդունում է կրոնն էլ նույն վճիռն է կայացնում ու հակառակը, ինչ-որ կրոնն է մերժում, նույնն է վկայում նաև տրամաբանությունը»: Այս հարցի արձագանքը նկատելի է կրոնական վճիռների կայացման մեջ, այնպես, որ սուրբ գրքի ու ավանդության կողքին միտքն էլ կրոնական պատվիրանների վճռման աղբյուրներից է ներկայացվել: Այսպիսով այ ինչը, որ իսլամը ներկայացնում է մարդուն համապատասխանում է մտքին ու տրամաբանությանը: Հետևաբար իսլամում մտածողությունը և մտքի ու տրամաբանության հետ այս կրոնի ներդաշնակությունը ժամանակի ընթացքում նրա հավերժության գործոններից են համարվում:
Մյուս կետը վերաբերում է երևույթների հանդեպ իսլամի հայացքին: Իսլամի բաց ու համակողմանի հայացքը մարդկային կյանքի բոլոր ծավալներին ու կողմերին և որևէ բնագավառի չանտեսումը, որտեղ աստվածային առաջնորդման կարիք է զգացվում, մեծ բաժին ունի իսլամի հավերժության հարցում:
Մարդկային բնազդի հետ իսլամի համապատասխանումն այս կրոնի հավերժության պատճառներից մեկն է: Մարդիկ շրջակա միջավայրի, ինչպես նաև ցեղային ու ազգային գործոնների միջոցով առաջացած արտաքին տարբերություններով հանդերձ ունեն միանման բնազդ, որը ամենակարող ու ամենագետ Արարիչը տեղադրել է նրանց մեջ: Մարդկային միատեսակ ու անփոփոխ բնազդը պատմության ընթացքում նրանց ընդհանուր հարստությունն է համարվում:
Իր օրենսդրության մեջ իսլամը հիմք է ընդունում բնազդային կամ բնական մարդուն: Այդ պատճառով էլ իսլամի կանոնները մշակվել են մարդու արարչագործության հիման վրա և համաձայն նրա հոգեկան ու ֆիզիկական յուրահատկությունների: Հետևաբար ինչքան կրոնն ավելի ամուր կապեր ունենա մարդու բնազդային սկզբունքների հետ, առավել հարատևություն կունենա և ընդհակառակը ինչքան տարածություն ունենա նրանից առավել անկայուն ու անցողիկ կլինի: Ուրեմն մարդու բնազդի հանդեպ իսլամի ցուցաբերած ուշադրությունը և դրան համապատասխան օրենքների մշակումն այս կրոնի հավերժության ու հարատևության գաղտնիքներից են համարվում:
Այսօր՝ գիտական հրաշալի առաջադիմությունների ժամանակաշրջանում, մարդկային գիտելիքների սահմաններն ամեն օր ընդլայնվում են ու նրա կյանքի տարբեր ծավալներում փոփոխությունների ականատես ենք լինում: Նման պայմաններում կրոններն ու վարդապետություններն իրենց ներքին ու կառուցվածքային թերությունների պատճառով մարդկային քաղաքակրթության արագընթաց քարավանից հետ են մնում: Բայց իսլամի պարագային այդպես չէ: Իսլամը քաղաքակրթության դրոշակակիր է և մարդկության խրախուսում է գիտություն վաստակելու և հառաջադիմելու հարցում: Հետևաբար ինչքան մարդկությունը ավելի երկար ճանապարհ է կտրում գիտության ու նորարարության բնագավառում, իսլամն էլ նրան ուղեկցում է և ու նրա առաջընթաց շարժումը երբևէ չի դադարում: Բրիտանացի պատմաբան Մեսթեր Վելզն այդ մասին հետաքրքիր արտահայտություն է կատարել: Նա ասում է. «Միակ կրոնը, որ տեղյակ է արարչագործության գաղտնիքի մասին ու դրան ծանոթ է և ամեն տեղ քայլ է պահում մարդկային քաղաքակրթության հետ, միայն ու միայն իսլամն է»:
Նա ասում է. «Եթե մեկը ցանկանում է ստուգել այս խոսքի ճշմարտությունը պիտի խորհի Ղուրանի այաների և գիտական տեսությունների, ինչպես նաև նաև հասարակական համակարգերի ու օրենքների կապակցությամբ այս գրքում կատարված ակնարկների մասին: Ղուրանը կրոնական, գիտական, հասարակական, բարոյական ու պատմական գիրք է և դրա օրենքներն ու համակարգերը կարելի է գործադրել այսօր ու նաև մինչև հավիտյան»:
Անկասկած մարդկային կյանքը ենթակա է փոփոխության: Այդուհանդերձ մարդու բնական կարիքները, ժամանակակից կյանքի հետևանքով առաջացած երևույթները, պատերազմի, բրտարարքների, ահաբեկչության ու անապահովության պես բարդությունները, հասարակական բարդություններն, այդ թվում աղքատությունը, անբարոյականությունն ու անհավասարությունը և հիմնականում բոլոր այն դրական ու բացասական երևույթներն որոնք այսօր դիմագրավում է մարդկությունը չեն վրիպել իսլամի աչքից: Քանի որ իսլամն ընդունակ է համակերպվել ցանկացած ժամանակի ու վայրի պահանջներին և բոլոր կրոններից ու վարդապետություններից միայն իսլամն է օժտված նման բնատուր ընդունակության, ինչն էլ համարվում է տարբեր ժամանակաշրջաններում նրա հավերժության գաղտնիքը:
Բրիտանացի հայտնի թատերագիր Ջորջ Բերնարդ Շաուն հստակ կերպով ակնարկել է իսլամի այս յուրահատկությանը: Նա գրել է. «Ես հրաշալի կենսունակության պատճառով շարունակ հարգանք եմ ունեցել Մոհամմեդի կրոնի հանդեպ: Իմ կարծիքով իսլամը միակն կրոնն է, որ ընդունակ է համակերպվել տարբեր դարերի կյանքի փոփոխվող իրավիճակներին: Ես կանխատեսում եմ և այսօր արդեն կարելի է դրա նշանները նկատել, որ վաղվա Եվրոպան ընդունելու է Մոհամմեդի հավատքը»:
Վերջում մեկ անգամ հիշեցնում ենք, որ թեև Մոհամմեդն Աստծո վերջին մարգարեն ու առաքյալն է, սակայն մարդկության այդ եզակի ուսուցչի վախճանումից հետո աստվածային առաջնորդությունը երբևէ չի ընդհատվել և բարեգութ Աստծո շնորհով առաջնորդության նշանները միշտ էլ երևացել են մարդկությանը:
Մարգարեից հետո մարդկության առաջնորդման հարցը պիտի քննարկել իմամների թեմայի հետ կապված: Հայտնի վկայության համաձայն իսլամի մեծ մարգարեն իրենից հետո մարդկության առաջնորդությունը պայմանավորում է Աստծո գրքին՝ Ղուրանին և իր գերդաստանից սերող մաքրակենցաղ ու մեղք չգործող իմամներին հետևելով:
Մեր հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք իմամների թեմային: