Դեկտեմբեր 24, 2016 06:56 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

Փույա Հեյդարի Ուրեի հեղինակած «Ծիրանի այգիները» ֆիլմը կցուցադրվի Բուլղարիայի «Սոֆիա Մինար» 8-րդ կինոփառատոնում:

Համաձայն ԻՌՆԱ-ի կատարած հաղորդման, Եվրոպայում իսլամական ֆիլմերի ամենամեծ փառատոնը համարվող «Սոֆիա Մինար» կինոփառատոնի 8-րդ շրջանը 2017 թվականի հունվարի 12-ից 29-ը տեղի կունենա Սոֆիա քաղաքում:

«Ծիրանի այգիները» հայ-իրանական համատեղ կինոարտադրություն է:

Ֆիլմը հասարակական թեմա ունի և պատմում է Արամ անունով մի իրանահայ երիտասարդի մասին, ով մանուկ հասակից ծնողների արտագաղթելուց հետո բնակվել է ԱՄՆ-ում և իր սիրած աղջկան առաջարկություն անելու համար վերադառնում է Հայաստան: Ֆիլմը պատրաստվել է պարսկերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով:

«Ծիրանի այգիները»-ն ավելի վաղ մասնակցել է Կանադայի Մոնթրեալի միջազգային 40-րդ կինոփառատոնին:

իրանահայ անվանի բանաստեղծ Նորվան

 

«Այստեղ ձյուները չեն հալվում»: Սա իրանահայ անվանի բանաստեղծ Նորվանի գրչին պատկանող վիպակի խորագիրն, որ լույս է տեսել վերջերս:

Վիպակի հրապարակմանն անդրադարձել է Թեհրանի «Ալիք» օրաթերթը, որի «Դիտանկյուն» սյունակում կարդում ենք. «Վիպակը հեղինակի առաջին արձակ ստեղծագործությունն է, որն էլ որպես այդպիսին, անշուշտ, գտնելու է իր ընթերցասեր հասարակայնությանը եւ անտարակույս արժանանալու է տվյալ շրջանակի գնահատանքին նաեւ գրախոսական ձեւաչափերում...»:

Սյունակագիրը վերջում հույս է հայտնել, որ «իրանահայ գրական դեռեւս նշմարելի շրջանակում քիչ-շատ ներգրավված երիտասարդ ու խոստումնալի գրիչները ինչպես չափածո, նոյնպես եւ արձակ ստեղծագործությունների համարձակությամբ կվարակվեն ու մեր գրական հինավուրց անդաստանին նորանոր բուրմունքներով թարմ շունչ կհաղորդեն»:

Շուշի քաղաքի Վերին Մզկիթ

 

Ավարտին են հասցվել Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում էին իրանցի մասնագետների կողմից՝ ԼՂ էկոնոմիկայի նախարարության պատվերով:

Նախարարություն մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ դեկտեմբերի 7-ին ԼՂ էկոնոմիկայի նախարարության և պարսկական ընկերության միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման ակտ, ըստ որի Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային փաստաթղթերը ամբողջական տեսքով  հանձնվել են ԼՂ էկոնոմիկայի նախարարությանը:

ԼՂ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ Շուշիի Վերին Մզկիթի վերականգնումը կարևոր նշանակություն ունի Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության առումով, քանի որ ԼՂ տարածքում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան, անկախ կրոնական կամ մշակութային պատկանելիությունից, Արցախի ժողովրդի պատմական սեփականությունն է հանդիսանում:

Պարսկական մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, ըստ արցախյան մասնագետների, կատարվել են լիարժեքորեն և համապատասխանում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման բոլոր նորմերին:

Ս. Շահվերդյանի խոսքով, մզկիթի վերականգնման նախագծի կազմման համար իրանական ընկերության ընտրությունը պատահական չէր, հաշվի առնելով մզկիթի կապը Իրանի մշակույթի ու պատմության հետ:

Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը կազմվել է ՀՀ-ում գործող «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով՝ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությամբ:

«Հայոց լեզվի հիմնախնդիրներ» կլոր սեղան-քննարկում

 

Հայաստանի գրողների միության դահլիճում դեկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայոց լեզվի հիմնախնդիրներ» կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պերճ Դեմիրճյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, գրողներ, մտավորականներ, հասարակության ներկայացուցիչներ: Ինչպես

սփյուռքի նախարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ղեկավարներին համագործակցության համար և հույս հայտնել, որ քննարկման արդյունքում կստեղծվի լեզվի մաքրության պահպանման հարցերով մտահոգ, շահագրգիռ և գործունյա անձանց խորհուրդ:

Ծավալվել է լուրջ քննարկում լեզվի խնդիրների վերաբերյալ: Լեզվաբանները, գրականագետները, մտավորականները ներկայացրել են իրենց պատկերացումները լեզվի անաղարտության պահպանման ուղիների, զարգացման հեռանկարների, գրական հայերենի երկու ճյուղերի լեզվավիճակների, դրանց դերի ու խնդիրների մասին:

Քննարկվել են հայոց լեզվի անաղարտության պահպանման իրավական խնդիրները, տարբեր ոլորտներում լեզվի գործառության մերժելի երևույթները, հնչել են գործնական առաջարկներ:

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ներկայացուցիչների առաջարկով որոշվել է ստեղծել մասնագիտական խորհուրդ, որը լեզվական խնդիրների համակարգման հարցեր և լուծման ուղիներ կմշակի:

«7 գույն» պատմվածքների ժողովածու

 

Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Գրական ակումբում» տեղի կունենա IBBY Յամադա հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված` պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն պատմվածքների հեղինակները, նկարազարդողները, պատմվածքների անգլերեն թարգմանիչները:

«7 գույն» հայերեն պատկերազարդ ժողովածուն հրատարակվել է 2015 թվականին`  Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության (IBBY Armenia) իրականացրած «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակում, հայ երիտասարդ հեղինակների և նկարազարդողների համար, համապատասխանաբար` գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենի և բելգիացի ճանաչված  նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ անցկացված վարպետության դասերի արդյունքում:

Նախագծի անցկացման նպատակն էր Հայաստանում խթանել մանկապատանեկան գրականության զարգացումը: Ստեղածագործական այս կարևոր ու հետաքրքիր նախագծի ամփոփիչ փուլը հանդիսացավ «7 գույն» ժողովածուի անգլերեն թարգմանությունը: Գիրքը հանրահռչակելու և օտարազգի ընթերցողին ներկայացնելու նպատակով` 2016 թվականին մանկական գրադարանում նշյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում, միջազգային ճանաչում ունեցող բրիտանացի թարգմանիչ Դանիել Հանի մասնակցությամբ անցկացվեց վարպետության դաս` երիտասարդ թարգմանիչների համար, ովքեր և դարձան ժողովածուի անգլերեն լեզվի թարգմանիչները:

2017 թվականին նախատեսվում է գրքի անգլալեզու տարբերակը ներկայացնել Բոլոնիայի մանկական գրքի ամենամյա ցուցահանդեսին, որի ընթացքում Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տաղավարում կանցկացվի նաև «7 գույն» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:

Նկարչի միջազգային օր

 

Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն էր, որը հիմնադրվել է 2007 թվականին, «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից:

Ըստ Calend-ի՝ սա նկարչի մասնագիտության հետ կապված միակ տոնական օրը չէ: Որոշ ստեղծագործական միավորումներ առաջարկում են տոնը նշել հոկտեմբերի 25-ին, Պաբլո Պիկասոյի ծննդյան օրը, որին համարում են 20-րդ դարի մեծագույն նկարիչը:

Նկարչի օրը տոն է ոչ միայն ստեղծագործողների եւ կերպարվեստի սիրահարների համար: Այդ օրը համարվում է նաեւ գեղեցիկը սիրող եւ գնահատող բոլոր մարդկանց տոն:

Պաբլո Պիկասո

 

Հռչակավոր իսպանացի նկարիչ եւ քանդակագործ Պաբլո Պիկասոյի աշխատանքներից մեկը՝ «Կապույտ բերետով աղջկա դիմանակար»-ը (Filette au béret, 1964) Շվեդիայի միջազգային աճուրդում չորեքշաբթի երեկոյան վաճառվել է 21,4 մլն շվեդական կրոնով (2,1 մլն եվրո):

Շվեդիայի համար այս աճուրդն արտասովոր էր, քանի որ վաճառված նկարից բացի, միաժամանակ ներկայացված էին Պիկասոյի եւս երեք աշխատանքներ:

Վաճառված նկարները պատկանել են շվեդ հավաքորդ Բերտիլ Նոյմանի մասնավոր հավաքածուին: «Կապույտ բերետով աղջկա դիմանակար»-ի մեկնարկային գինն էր 12-18 մլն շվեդական կրոն՝ 1,2-1,8 մլն եվրո: Այն ձեռք է բերել անհայտ արտասահմանցի գնորդը:

«Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքի մեկ նմուշ

 

Ջոան Ռոուլինգի «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքի մեկ նմուշ, որը հեղինակն իր ձեռքով է գրել և նկարազարդել, աճուրդի է հանվել Sotheby's աճուրդային տանը:

«Բարդ Բիդլի հեքիաթները» մտնում են «Հոգվարթսի գրադարան» ցիկլի մեջ: Այն նմուշը, որի մասին գնում է խոսքը, վեց պատճեններից մեկն է, որը Ռոուլինգը ինքն է արել և նվիրել Հարի Փոթերի մասին պատմությունը կյանքի կոչելու գործում իրեն օգնած մարդկանց:

Reuters-ի հաղորդմամբ` գիրքը վաճառում է խմբագիր Բարի Քանինգեմը, ով թողարկել է Ռոուլինգի առաջին` «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 13-ին Լոնդոնում: Սպասվում է, որ գիրքը կվաճառվի 300-500 հազար ֆունտ ստեռլինգով:

Նշվում է, որ «Բարդ Բիդլի հեքիաթները» գրքի յոթերորդ պատճենն արվել է 2007 թվականին` Lumos բարեգործական կազմակերպության աճուրդի ժամանակ հանգանակություններ հավաքելու համար, և դրա արժեքը կազմել է 1,95 միլիոն ֆունտ ստեռլինգ: