Հունվար 03, 2017 19:41 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում կգործի   Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որում կընդգրկվեն հայ երաժիշտներ աշխարհի տարբեր մասերից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Նվագախումբը արտահայտում է համահայկական միասնության գաղափարը, որին վաղուց էինք հետամուտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքով` իրենք ծրագրին մասնակցելու 50 հայտ են ստացել 19 երկրից: «Հայտեր կան Դամասկոսից, եվրոպական երկրներից` Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Դանիայից»,-ասաց նա և հավելեց, որ նվագախմբի նպատակը սփյուռքում առկա ստեղծագործական ուժը հայրենիքում և հայաշատ երկրներում ներկայացնելն է:

Նախարարն ընդգծեց, որ նվագախմբի համերգը ղեկավարելու են երեք դիրիժորներ` Կարեն Դուրգարյանը, Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը: «Նվագախմբի առաջին համերգն անցկացվելու է հաջորդ տարվա ապրիլին: Կայանալիք միջոցառմանը հնչելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,-շեշտեց Արմեն Ամիրյանը:

Նվագախմբի կազմը մշտապես փոփոխական է լինելու: Երաժիշտներն անվճար են նվագելու: Մշտական է միայն կազմակերպիչների խումբը:

Նախարարը նշեց, որ հատուկ նվագախմբի համար ինքը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին քառօրյա պատերազմի վերաբերյալ  ստեղծագործություն է պատվիրել, որը, հավանաբար, կկատարվի առաջիկա համերգի ընթացքում:

Դրոշմանիշ Հանրային ռադիոյի 90 եւ Հանրային հեռուստատեսության 60-ամյակների կապակցությամբ

 

Հանրային ռադիոյի 90 եւ Հանրային հեռուստատեսության 60-ամյակների առթիվ թողարկվել են դրոշմանիշով թեմատիկ բացիկներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թողարկված բացիկների մարման արարողությունը տեղի է ունեցել Հանրային ռադիոյում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի, Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ղեկավարների, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը, չթաքցնելով գոհունակությունը, նշեց, որ ծանրաբեռնված տարեվերջյան թոհուբոհի մեջ, տարին փակում են եւս մեկ նոր նախաձեռնությամբ:

«Կարծում եմ, դրոշմանիշով բացիկի թողարկումը տարվա տրամաբանական ավարտն է, որն ամփոփում է 2016- ի ընթացքում տեղի ունեցած բոլոր հոբելյանական միջոցառումները: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի հետ այսօր արդեն զրուցեցինք եւ քննարկեցինք առանձին դրոշմանիշների շարք պատրաստելու հարցը: Հաջորդ տարի, հուսով ենք, որ այդ նախագիծը կյանքի կկոչվի»,-ասաց նա:

Առաջարկը ստանալով՝ «Հայփոտ»-ի  դիզայներ Դավիթ Դովլաթյանը երկար չի մտորել, թե Հանրային ռադիոյի թեմատիկ բացիկի համար ինչ խորհրդանիշ ընտրի:

«Մենք որոշեցինք ներկայացնել այն արձանը, որն արդեն Երեւանում հայտնի է դառնում եւ կոչվում է «Եթեր»: Իհարկե, ցույց տվեցինք նաև արձանի մաս կազմող հին ռադիոընդունիչը: Նույն ֆիլատելիայի միջոցով մենք աշխարհին ցույց ենք տվել, որ ունենք մոտ 90 տարվա կինեմատոգրաֆ: Քչերը գիտեն, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է ունենալ նման հարստություն»,-նշեց Դավիթ Դովլաթյանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, շնորհավորանքներից բացի, չմոռացավ հավատարիմ հանդիսատեսին եւ ունկնդրին:

«Մեկ անգամ եւս հնարավորություն ունենք ե՛ւ հեռուստադիտողներին, ե՛ւ ռադիոլսողներին շնորհակալություն ասելու, որ տարիներ շարունակ մեզ հետ են եւ մեր կողքին: Այն ամենը, ինչ մենք անում ենք, իրոք, ուղղված է հեռուստադիտողների և ռադիոլսողների ժամանակն ավելի լավ, ավելի հետաքրքիր դարձնելուն»,-ասաց նա:

Նշենք, որ «Հայփոստը» թողարկել է 1500 բացիկ հեռուստատեսության 60-ամյակի եւ 1000 բացիկ ռադիոյի 90-ամյակի առթիվ: Բացիկները կհայտնվեն նաեւ ազատ վաճառքում՝ «Ֆիլատելիայի անկյուն» կոչվող խանութում, որը գտնվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում:

«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության»

 

«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության».  այս խորագիրն է կրում Հայաստանի անկախության շրջանի 52 բանաստեղծի 52 բանաստեղծություն ընդգրկող ընտրանի–օրագիրը, որը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչությունը: Գրական մամուլում, առանձին գրքերում ընդգրկված ու նաև անտիպ այս բանաստեղծությունների հեղինակներն ու նրանց ընթերցողները «Զանգակ» գրատանը նշեցին օրագրի լույսընծայումը: Հրատարակիչ Էմին Մկրտչյանը նշեց, որ 2017-ին ընդառաջ՝ ընտրանի-օրագիրը նվեր է բոլոր բանաստեղծասերներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրագրի կազմող, գրականագետ Հայկ Համբարձումյանն ասաց. «Բանաստեղծությունը, որը կորչում է տեղեկատվական հոսքերի ու սոցիալական, տնտեսական քննարկումների մեջ, նաև այս ժողովածուի շնորհիվ կարող է ծառայել իր նախնական նպատակին՝ վեհացնել ընթերցողին, բարձրացնել նրա հայացքը կենսական ու կենցաղային տարաբնույթ հարցերից, ի վերջո ապրեցնել, որովհետև լավ պոեզիան  ապրեցնում է»:

Տարվա յուրաքանչյուր շաբաթվան համապատասխան մեկ բանաստեղծություն սկզբունքն, իհարկե, անխոսափելիորեն նեղացրել է ժողովածուի ընդգրկումը: «Զանգակ» հրատարակչությունը նախատեսում է այս հրատարակությունը պարբերական դարձնել, հաջորդող տարիների հեղինակների ցանկը կփոփոխվի ու կհամալրվի այս շրջանում ապրած և ապրող այլ բանաստեղծների գործերով, որոնք նույնպես նշանակալի են եղել անկախության շրջանի գրական ընթացքի համար:

Հ. Թումանյանի հեքիաթներից տեսարաններ

 

Երևանում գործող Interactive World («Ինտերակտիվ աշխարհ») ընկերությանը և Հովհաննես Թումանյանի թանգարանը Երևանում և մարզերում գործող կերպարվեստի դպրոցներում  հայտարարել էին մրցույթ: Panorama.am-ի հետ զրույցում ընկերության գլխավոր մենեջեր Տոնիկ Տոնիկյանն ասաց, որ մրցույթի մասնակիցների առաջ կոնկրետ խնդիր է դրված եղել՝  նկարել Հ. Թումանյանի հեքիաթներից տեսարաններ, որոնց նորարարական լուծումների միջոցով պետք է տրվի շարժում 3D տեխնոլոգիաների շնորհիվ:

«Տարբեր դպրոցներից մենք ստացանք 100-ից ավելի աշխատանք: Ընտրել ենք դրանցից յոթը, որոնք անիմացիա ենք անելու: Ընդհանուր գնահատել ենք նկարչական կարողությունները,  ինչքանով է համապատասխան խնդրին, ինչքանով է  գեղեցիկ անիմացիա ստացվում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ  յոթ աշխատանքը դեկտեմբերի 25-ին ցուցադրվելու են Թումանյանի թանգարանում:

Ծրագիրը, նրա խոսքով, կրում է սոցիալական բնույթ, իրակացվում է  ընկերության միջոցներով: Առաջին երեք տեղը գրաված աշակերտներին տրվելու են մրցանակներ:

Տ. Տոնիկյանն ասաց, որ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու:

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես

 

Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում այսօր բացվել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես:  Բացումից  1,5 ժամ առաջ մի քանի տասնյակ մարդ հերթ էին կանգնել:

« Իրոք, մարդիկ շատ էին: Նման հերթերն այնքան էլ սովորական չէ: Անկասկած, այսօրվա հերթի  առաջին պատճառն այն է, որ բացվում է  Այվազովսկու ցուցահանդեսը»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսական թանգարան մամուլի ծառայության ղեկավար Ալլա Կարյագինան:

Ցուցահանդեսում ներկայացված է 150 աշխատանք, ծովանկարչի անձնական իրեր: Ընդհանուր առմամբ՝ ներկայացված է 250 ցուցանշում՝ 130 գեղանկար, 20 գրավյուրա, 100 կիրառական աշխատանք:  Ցուցահանդեսում ներկայացված է ինչպե հենց թանգարանի հավաքածուից հայտնի աշխատանքներ,  այնպես էլ մասնավոր հավաքածուներից առաջնակարգ գործեր:  Ցուցադրված են նաև տարատեսակ հարակից իրեր, որոնք կազմում են Այվազովսկու գործունեության համատեքստը՝ որպես Գլխավոր ծովային շտաբի գեղանկարչի:

Ցուցահանդեսի բացմանը Ռուսական թանգարանի փոխտնօրենն ասել է, որ Պետերբուրգում ներկայացված ցուցադրությունն իր ցուցանմուշներով տարբերվում է այս տարվա հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը Տրետյակովյան պատկերասրահում  կազմակերպված ցուցահանդեսից: Մոսկվայում Այվազովսկու ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել. այն ունեցել էր  շուրջ 600 հազար այցելու:

Թանգարանի փոխտնօրենն ասել է, որ պատրաստ են ընդունել մեծ թվով այցելուներ: Ցուցահանդեսը գործելու է մինչև 2017 թ. մարտի 10-ը:

Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը լրանում է 2017 թվականին: Հայաստանի ազգային պատկերասրահը ևս պատրաստվում է կազմակերպել ցուցահանդես, նախատեսվում է իրականացնել գիտաժողով:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հ.Այվազովսկին թողել է 6000-ից ավելի ստեղծագործություն։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։

Սերգեյ Փարաջանով

 

Հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին Կիեւում փողոց եւ նրբանցք է անվանակոչվել։

Դեկտեմբերի 20-ին Կիեւի քաղաքային խորհրդի նիստին որոշում է ընդունվել մի շարք փողոցների եւ 2 նրբանցքների վերանվանման մասին։ Այս մասին նշված է քաղաքային խորհրդի կայքում։

Վերանվանվածների թվում են Շեւչենկոյի շրջանում Շահումյանի նրբանցքը, որը դարձել է Սերգեյ Փարաջանովի նրբանցք։

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարին Կիեւում Շահումյանի փողոցը վերանվանվել էր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով։

Տարեսկզբին հայտնի կինոռեժիսորի անվան փողոց է հայտնվել նաեւ Ժիտոմիրում։

Ժենյա Մկրտումյան

 

Երևանում 68 տարեկանում մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից:

Ժենյա Մկրտումյանը ավարտել է Մոսկվայի  Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1972 թվականին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան` Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի էր

Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաև մի շարք հեռուստատեսային ներկայացումներում։ 2011 թվականին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Կարգին սերիալ» հումորային նախագծում, մարմնավորել է Ջեմմայի կերպարը: Նա նաև խաղացել է «Մեր բակը 2»,«Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա», «Ճանապարհին», «Եթե բոլորը», « Շնորհակալություն, հայրիկ» և այլ ֆիլմերում: