Ճանաչենք իսլամը (118)
Իմամին ժողովրդի ունեցած կարիքը պարտադրում է, որ իմամը Ղուրանի բոլոր գաղտնիքներից տեղյակ լինի, տիրապետի կրոնական բոլոր օրենքներին ու պատվիրաններին և պատրաստ լինի պատասխանելու բոլոր հարցումներին: Այս պարագաները պահանջում են, որպեսզի իմամը տիրապետի յուրահատուկ գիտությունների: Եթե իմամի գիտությունը միայն սովորական աղբյուրներից ապահովվի, որևէ երաշխիք չկա այն մասին, որ նա կարող է պատասխանել ժողովրդի տարբեր ու բազմաբնույթ հարցումներին:
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Շարունակելով իմամաթի կապակցությամբ մեր զրույցը այսօր կանդրադառնանք իմամի հատկանիշներին: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ իմամը բառի իսկական իմաստով կրոնի փորձագետ է, ով համակողմանի ու կանոնակարգված ճանաչողություն ունի կրոնի մասին և տեղյակ է նրա բոլոր նրբություններից ու մանրամասնություններից:
Իմամաթն աստվածային պաշտոն է և իմամը մեծ մարգարեի նման ժողովրդին առաջնորդելու և կրոնի ճիշտ մեկնաբանման համար բավարար գիտություն ունի: Սակայն ո՞րն է իմամի գիտության ճշմարտությունը և նրա անսահման գիտությունն ի՞նչ աղբյուրից է ակունք առնում:
Քանի որ իմամը պարտականություն ունի պաշտպանել կրոնը, պարզաբանել աստվածային պատվիրանները և առաջնորդել ու բարեփոխել ժողովրդին, հետևաբար մարդու երջանկության ու առաջնորդության, ինչպես նաև նրա կատարելագործման համար բոլոր գիտություններում պիտի գերազանցի մյուսներին:
Իմամները խելացի և ուշիմ են և ունեն հզոր հիշողություն: Նրանք դաստիարակվել ու հասակ են առել ընտանիքի մաքուր ու լուսավոր միջավայրում՝ իրենց հոր մոտ, ով ինքը մեծապատիվ իմամներից է եղել: Բացի այդ իմամներն Աստծուց ներշնչվելով տիրապետել են շատ ճշմարտությունների: Հիմնականում նրանց առաքելության իրագործումը պահանջում էր յուրահատուկ գիտության տիրապետել: Նույն այն իմաստնությունը, որի օրինակին Ղուրանն ակնարկում է Աբրահամի դեպքում: «Ան-ամ» սուրայի 75-րդ այայում կարդում ենք. «Եվ այսպես երկնքի ու երկրի արքայությունը ցույց տվեցինք Աբրահամին, որպեսզի նա հավատացյալների շարքը դասվի»:
Աբրահամը դիտեց երկրի ու երկնքի արքայությունը: Նա դիտելով երկնքի ու երկրի արքայությունն առավել ծանոթացավ Աստծո իմաստնությանն ու մեծությանը և լիարժեք հավատ ձեռք բերեց: Անկասկած այս գիտակցությունը սովորական չէ, այլ ձեռք է բերվել տիեզերքի ճշմարտությունները դիտելու արդյունքում և աստվածային գիտակցություն է: Իմամն Աստծո կամքով տեղեկանում է գոյության աշխարհի գաղտնիքների մասին՝ թե նրանք որոնք զգացական ճշմարտություններ են և թե նրանք որոնք դուրս են գտնվում մեր զգացողության սահմաններից, այդ թվում անցյալում պատահած, կամ ապագայում պատահելիք դեպքերն ու նաև որոշ գաղտնի ճշմարտություններ:
Անկասկած եթե իմամն իր գիտությունը վաստակած լինի միայն սովորական ու հասանելի աղբյուրներից չի կարող պատասխանել կրոնը մերժողների ու ընդդիմադիրների բազմաբնույթ հարցումներին ու չի կարող հարմար լուծում գտնել մարդկության դիմագրաված բարդությունների ու ճգնաժամերի համար:
Ղուրանը գիտելիքների անհատակ ծով է: Իմամները դաստիարակվել էին աստվածային շնչով և լավապես ըմբռնում էին այաների բովանդակությունը: Նրանք տիրապետում էին մարդկության համար անհրաժեշտ օրենքներն ու ուսուցումները Ղուրանի այաներից քաղելու հմտությանը: Հետևաբար նրանք համարվում էին աստվածային այս գրքի եզակի մեկնաբաններն ու փորձագետները: Այս յուրահատկությունը Աստծո մարգարեի ընդգծումներին զուգահեռ պատճառ դարձավ, որ իմամները ճանաչվեն որպես մարգարեից հետո Ղուրանի գիտելիքների ճանաչման ամենավավերական ու գլխավոր աղբյուրը:
Ղուրանը «Ռաըդ» սուրայի 43-րդ այաում ասում է. «Անհավատներն ասում են, որ դու Աստծո առաքյալը չես: Ասա՝ իմ ու ձեր միջև բավարար է Աստծո վկայությունը, որի մոտ է գտնվում գրքի ամբողջ գաղտնիքը»:
Այս այաից այնպես է հասկացվում, որ կա մեկը որի մոտ են գտնվում գրքի բոլոր գիտելիքները: Քանի որ գրքի գիտելիքներն այստեղ բերվել են առանց սահմանափակող հատկանիշների ու բացարձակ կերպով հետևաբար դա ակնարկում է աստվածային գրքի մեջ եղած բոլոր գիտություններին: Բայց ու՞մ մոտ է գտնվում գրքի բոլոր գիտելիքները: Շատ մեկնաբաններ հավատացած են, որ գրքի գիտելիքներին տիրապետողը իմամ Ալին, մյուս իմամներն եւ մեծապատիվ մարգարեի գերդաստանի անդամներն են: Սուննի մեկնաբան Ղարթաբին իր մեկնաբանության մեջ հղում կատարելով իմամ Բաղերին և մեկնաբանելով «որի մոտ է գտնվում գրքի ամբողջ գաղտնիքը» նախադասությունը, գրում է. «Նա միայն Ալի Էբն Աբիթալեբն է»:
Իբն Աբբասից մեկ այլ վկայության մեջ կարդում ենք. «Նա՝ ում մոտ է գտնվում գրքի գաղտնիքը, Ալին է: Նա տիրապետում է Ղուրանի մեկնաբանությանը»:
Իմամն իր ժամանակաշրջանում Արեգակի նման փայլում և լույս է սփռում խավարում ու որևէ մեկը չի կարող չափվել նրա հետ՝ գիտության ու բարոյական հատկանիշներով: Ժամանակի բանիմացներից և Ղուրանի մեկնաբաններից համարվող Իբն Աբբասն Ալիի մասին ասում է. «Ալիի գիտության դիմաց իմ և մարգարեի աջակիցների գիտությունը մի կաթիլ է յոթ ծովերի դիմաց»:
Իմամ Ալիի եզակի անհատականության մասին պիտի ասել, որ իսլամի մեծ մարգարեն իսլամի բոլոր գիտելիքները նրան փոխանցեց և այդ գիտությունը որպես մեծ մարգարեի արժեքավոր ժառանգություն Իմամ Ալիի միջոցով փոխանցվել է մյուս իմամներին: Իմամ Ալիիգիտությունն այնքան ընդարձակ էր, որ մարգարեն դրվատեց նրա գիտական աստիճանը և ասաց. «Գիտությունը թող քաղցր լինի քեզ համար ով Աբոլհասան, քանի որ դու գիտությունը ջրի նման ըմպեցիր»: Իմամ Սադեղն ասում է. «Աստծո մեծ մարգարեն գիտության հազար դռներ բացեց Ալիի առջև և այդ դռներից յուրաքանչյուրի առջև էլ հազարավոր դռներ բացվեցին»: Նաև սուննի և շիա բազմաթիվ վկայագիրներ իրենց գրքերում վկայել են, որ մարգարեն ասել է. «Ես գիտության քաղաքն եմ, իսկ Ալին այդ քաղաքի դուռն է: Ով գիտություն է ցանկանում պիտի այդ դռնից ներս մտնի»:
Իսլամի մեծ մարգարեն իրենից հետո Ալիի դիրքի մասին ասել է. «Ես ձեզ ներկայացրել եմ մեկին, որ ինձանից հետո ձեր առաջնորդը, ապավենն ու ուղեցույցը լինի: Նա իմ եղբայր՝ Ալի Իբն Աբիթալեբն է: Ձեզ մոտ նրա վայելած դիրքը հավասար է իմ դիրքին: Կրոնի պարագային ընդունեք նրա խոսքը և բոլոր գործերում հետևեք նրան, քանի որ այն ինչ Աստված սովորեցրել է ինձ գտնվում է նրա մոտ: Նրան հարցրեք և սովորեք նրանից ու նրան փոխարինողներից: Նրանց որևէ բան մի սովորեցրեք և նրանց մի գերազանցեք ու նրանցից հետ մի մնացեք: Նրանք իրավացի են և նրանք երբևէ չեն հրաժարվի ու չեն շեղվի Բարու ճանապարհից»:
Ալիին հաջորդած իմամներից յուրաքանչյուրն էլ գիտության ու իմաստնության հսկա գանձարան է և շատ գիտնականներ աշակերտել են նրանց: Աբու Հանիֆան Իմամ Սադեղի մասին ասում է. «Ջաըֆար Իբն Մոհամմեդն ամենագիտուն մարդն է, որին ես մինչ այժմ հանդիպել եմ»: Իսկ Մալեք Իբն Օնսն ասում է. «Ջաըֆար Իբն Մոհամմեդից ավելի գերազանց, գիտուն ու բարեպաշտ մարդ աշխարհը ոչ տեսել ու ոչ լսել է և ոչ էլ նրա մասին պատկերացում ունի»:
Իմամ Բաղերն ու Իմամ Սադեղը ժամանակին ստեղծված յուրահատուկ պայմանների բերումով ընդարձակեցին գիտությունների ու հատկապես իսլամական գիտելիքների սահմանները: Այդ երկու իմամների գիտական ու իսլամական համալսարանը, այլ կրոնների ու դավանանքների առաջնորդների հետ Իմամ Ռեզայի վիճարկումները, Իմամ Ջավադի գիտական գերազանցությունը ժամանակի մյուս գիտնականների հանդեպ և բազմաթիվ այլ օրինակներ ի ցույց են դնում իմամների ընդարձակ գիտությունը: Նրանք աստվածաբանության, արարչագործության փիլիսոփայության, բնական երևույթների, մարդու ֆիզիկական ու հոգեկան յուրահատկությունների և գիտական այլ թեմաների շուրջ բանավիճում էին Աստծուն մերժող գիտնականների կամ մուսուլման, հրեա ու քրիստոնյա ականավոր գիտնականների հետ: Այդ բանավեճերի ժամանակ իմամները եզակի մեթոդներով և հիմնվելով պարզ ու ամուր փաստարկների վրա ծնկի էին բերում գիտության հավակնորդ գիտնականներին: Այդ բանավեճերի ժամանակ արևը դուրս էր գալիս ամպերի տակից և բացահայտվում էր ժամանակի գիտնականների դիմաց իմամների գիտական գերազանցությունը, այնպես որ նրանք խոստովանում էին իմամների գիտական գերազանցությանը: Այս գիտական բանավեճերի ժամանակ իմամները հաճախ մեջբերումներ էին կատարում Ավետարանից ու Թովրայից՝ բոլորին զարմացնելով իրենց գիտությամբ:
Այդ մեծերին աշակերտած բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառի գիտնականները հաստատում են այս հավակնությունը: Այդ հայտնի գիտնականներից է ականավոր քիմիկոս Ջաբեր Իբն Հայյանը, ով աշակերտել է Իմամ Սադեղին: Ջաբերը զարկ տվեց քիմիագիտությանն ու այդ պատճառով էլ ճանաչված է, որպես քիմիագիտության հայր: Նա ասում է. «Քիմիայի իմ ամբողջ գիտությունը սովորել եմ իմ առաջնորդ՝ Ջաաֆար Իբն Մոհամմեդի մոտ»: Ֆրանսիացի հայտնի քիմիկոս Բերթլոն քիմիագիտության ոլորտում Ջաբերի գիտության մակարդակից ազդված ասել է. «Քիմիագիտության մեջ Ջաբերի վայելած դիրքը համազոր է տրամաբանության մեջ Արիստոտելի դիրքին»:
Իմամ Ռեզայի որդին՝ Իմամ Ջավադը իմամի պաշտոն ստացավ երբ դեռ պատանի էր: Ժամանակի գիտնականների հետ բանավեճի ժամանակ այդ մանկահասակ իմամի գիտական գերազանցությունն այնքան բացահայտ էր, որ բոլորին զարմանք էր պատճառում: Վկայություններում իմամները հիշատակվել են, որպես աստվածային գիտության գանձարան, Ղուրանի մեկնաբանությանը տիրապետողներ, գիտության ճամփին հաստատակամներ, գաղտնի գիտություններից ու ապագայից տեղյակ անձինք և երկնքում ու երկրում գոյություն ունեցող ամեն ինչի մասին տեղյակ գիտնականներ: Անկասկած այս ամբողջ գիտությունը միայն Աստծո օգնությամբ կարող է ձեռք բերվել:Քանի որ եթե Աստված ցանկանա իր ներկայացուցիչը նշանակել Երկրի վրա, գիտության աղբյուրներ կհոսեցնի նրա սրտում և նրան գիտություն կփոխանցի: