Հունվար 17, 2017 16:41 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ:Եթերում «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարն է: Այսօր մեր զրույցի թեման կրկին Իմամաթն է: Եթե հիշում եք նախորդ հաղորդումներում անդրադարձանք իմամի անմեղության ու գիտության երկու կարևոր հատկանիշներին: Այսօր կքննարկենք իմամի մյուս հատկանիշները:

 

Բոլոր մարդիկ բնազդաբար արդարության կողմնակից են և հարգում են այն: Կյանքում ուշագրավ հարցերից մեկը, որն ընդգծում է նաև իսլամը, մարդկանց իրավունքների հանդեպ ուշադրությունն ու ընդհանուր առմամբ հասարակական արդարության հաստատումն է: Արդարությունը իսլամական մշակույթի մեջ մեծ տարածում գտած թեմաներից է: Բոլոր արարածներն, այդ թվում մարդը պարտական են աստվածային արդարության: Աստվածային արդարությունը տարածվում է աշխարհի բոլոր արարածների պարագային: Մարդկության բնակության վայրը համարվող Երկիրն ու երկինքը հիմնված է արդարության վրա: Ղուրանի ուսուցումները, այդ թվում հավատամքային հարցերը, կնոջ ու տղամարդու հետ կապված թեմաներն ու ընտանեկան կապերը, հասարակական պայմանագրերն ու դաշինքները, բարոյական ու դաստիարակչական արժեքները, քաղաքական ու տնտեսական հարաբերություններն ու պաշտամունքային հարցերը բոլորն էլ հիմնված են արդարության վրա:

Արդարություն

 

Իսլամը հասարակական հարաբերությունները կարգավորելու և հավասարակշռելու և դրանց ճիշտ ուղղության մեջ դնելու համար արդարության վրա հիմնված համապարփակ օրենքներ է սահմանել և հասարակության ղեկը վստահել է արժանավոր, բանիմաց ու արդար անձանց: Նման անձանց գլխավորում է իմամը: Սա այն իմաստով է, որ իմամի կարևոր յուրահատկություններից մեկը արդարությունն է: Արդարության հատկանիշը նկատելի է անմեղ իմամների կյանքի բոլոր ծալքերում, թե նրանց գործում և թե արարքներում: Թեև իմամներից շատերի համար իշխանության պայմաններ չեն ստեղծվել, սակայն իմամ Ալիի իշխանության քանիամյա շրջանը և հասարակության մեջ արդարություն տարածելու և չքավորությանն ու անհավասարությանը դիմակայելու համար նրա հետաքրքիր ու հնարամիտ լուծումներն ու նախաձեռնությունները պատմության մեջ բացառիկ ու հավերժական օրինակ են ստեղծել:

Արդարությունը հավասարակշռության, ամեն ինչն իր տեղը դնելու, ամեն ինչի իրավունքը վերականգնելու և հարցերի ու իրերի միջև հավասարակշռություն ստեղծելու իմաստով է: Ալին արդարությունը մեկնաբանելով ասում է. «Արդարությունը ամեն ինչն իր տեղը դնելու իմաստով է»: Հասարակական արդարության իմաստն այն է, որ մարդկանց բնական ու իրական արժանիքները նկատի առնվեն և ամեն մարդու իր ջանքերի, ընդունակության ու արժանիքների համապատասխան արտոնություններ տրվեն: Բառի իսկական իմաստով արժանավոր իշխանության մեջ չարագործները հասարակության ղեկավարման գործում դերակատար չեն և հիմնականում չարագործ իշխանություններն օրինականություն չեն վայելում: Արդարատենչությունը և հասարակության մեջ արդարության իրագործման համար ընդվզումը թե հասարակական կարևոր պատասխանատվություն և թե կրոնական պարտականություն ու հանձնառություն է: Այդ պատճառով էլ իմամ Ալին ասում է. «Եթե Աստված բանիմացներին պարտավորեցրած չլիներ չլռելու բռնահարիչների որկրամոլության ու բռնահարվածների անոթության դիմաց, իշխանության ուղտի սանձը կլքեի»:

Անկասկած նորարար ու բարեգործ քաղաքական գործչի համար հասարակության մեջ արդարության տարածումը հիմնարար իդեալ է համարվում: Այդ պատճառով էլ իմամ Ալին իր իշխաններից մեկին  ասում է. «Արդարությամբ վարվիր և հրաժարվիր անարդարությունից ու չարիքից, քանի որ չարագործությունը ժողովրդին տարագրության է տանելու, իսկ անարդարությունը սուր ճոճելու պատճառ է դառնալու»:

 

Իմամ Ալին, որպես լիարժեք իմամ ու մարդ տրված էր արադարությանը և խուսափում էր բռնությունից ու անարդարությունից և ասում էր. «Երդվում եմ Աստծո անունով, որ եթե բռնությամբ մրջյունի բերանից գարին հանելու դիմաց ինձ յոթ երկրները տան, ես դրան չեմ համաձայնելու»:

Արդարատենչությունը, որպես հիմնարար սկզբունք տարածված է իմամների խոսքում ու գործում: Իմամ Ալին ժողովրդի պնդումներից հետո այն նպատակով իշխանության ղեկն իր ձեռքն առավ, որ վերականգնի մեռած արադարությունը և հասարակության մեջ ամրագրի դրա հիմքերը: Նա ինքը բարու և արդարության լիարժեք խորհրդանիշն էր և նրա մոտ արդարությունից հեռո որևէ արարք չի նկատվել: Ալիի արդարությունը նրա եզակի բարեպաշտության արդյունքն է: Իշխանության գործակատարներին ու հրամանատարներին ուղղված Իմամի խոսքերում ու ցուցումներում շարունակ ընդգծվել է ժողովրդի տարբեր խավերի մոտ արդարություն հաստատելու նշանակությունը:

Իմամ Ալիի արդարության ծավալներն այնքան մեծ ու համատարած էին, որ մարդկային ու աշխարհագրական որևէ սահման չէին ճանաչում: Հետևաբար նա չէր հանդուրժում ցանկացած ազգության, կրոնի ու ցեղի պատկանող մարդու դեմ գործադրված անարդարությունը: Մի օր Ալիին զեկուցում են, որ իր իշխանության սահմաններում թշնամու զորայինները բռնի ուժով հրեա մի կնոջ ոտքից հանել են զարդը և խաթարել են նրա անվտանգությունը: Նա այնքան է զայրանում դրանից, որ ասում է. «Եթե այդ ցավից մի մուսուլման մահանա, չի կարելի դա պախարակել»:

Իմամ Ալիի արդարությունը

 

Իմամի դիտանկյունից արդարությունը հաստատուն սյունի նման հասարակության մեջ հավասարակշռություն է ստեղծում և նրան պաշտպանում է փլուզման դիմաց: Արդարությունը հոգեկան ու մտային առողջություն ու անդորր է պարգևում հասարակությանը: Բռնությունն ու անհավասարությունն ինչ հագուստով էլ, որ երևան գա չի կարող ամոքել բռնահարվածների ցավերը և գոհացում տալ նրանց հոգուն ու մտքին: Արդարությունը այն մեծ մայրուղին է, որտեղ կարող են բոլորն անարգել երթևեկել, բայց բռնությունն ու չարիքը քարքարոտ ճանապարհ է, որ նույնիսկ չարագործին ապահով կերպով չի կարող առաջնորդել:

Ընդհանուր առմամբ Իմամը թերություններից զերծ լիարժեք մարդու օրինակ է և իր մեջ տեղավորել է բոլոր գեղեցկություններն ու արժանիքները:

--------------

Իմամի բացառիկ մյուս հատկությունը քաջությունն ու վճռակամությունն է: Անկասկած հասարակությունն արդարության ու ճշմարտության հիման վրա ղեկավարելը հանգեցնելու է նրանց թշնամությանը, որոնց շահերը միայն ապահովվում են բռնության ու խտրականության վրա հիմնված հարաբերությունների միջոցով: Իհարկե նման հանցագործ ու բռնակալ թշնամիների հետ առճակատումը քաջություն ու վճռակամություն է պահանջում: Եթե հասարակության իմամն ու ղեկավարը քաջության հոգեկանից զուրկ լինեն չեն կարող Աստծո կրոնի պատվիրանների պաշտպանն ու գործադրողը լինեն և պաշտպանեն ժողովրդի, հատկապես թույլ ու անկարող խավերի իրավունքները: Մեծ մտավորական ու իսլամագետ Մոհաղեղ Թուսին ասում է. «Իմամի յուրահատկություններից մեկը քաջությունն է, որին կարիք ունի սադրանքների չեզոքացման ու չարագործներին հալածելու համար, քանի որ առանց քաջության հատկանիշի անկարող է իրագործել իմամի առաքելությունները»:

Իմամ Ալին, որ լիարժեք քաջության խորհրդանիշ է, ասում է. «Մինչև այսօր որևէ պատերազմ ինձ չի սարսափեցրել ու իմ հոգու վրա չի ազդել»:

Բոլոր իամներն էլ բարդությունների ու արգելքների հետ առճակատվելուց չեն վախեցել և իսլամի օրենքների հաստատման ու դրանց հարվածների դիմաց պաշտպանելու համար որևէ ջանք չեն խնայել ու մինչև իսկ պատրաստ են եղել իրենց կյանքը զոհաբերել, այնպես որ նրանք բոլորն էլ այդ ճամբին զոհաբերել են իրենց կյանքը:

Իմամն ու աստվածային առաջնորդը պիտի օժտված լինեն արժանապատվությամբ, առաքինությամբ ու բարի համբավով և նրանց կյանքի ճերմակ էջերում նույնիսկ ամենաչնչին սև բիծը չպիտի նկատվի: Ժողովրդի հանդուրժելն էլ իմամի յուրահատկություններից է: Երբեմն կրոնն ու մարդկանց աշխարհը բարեփոխելու համար անհրաժեշտ է անտեսել նրանց որոշ սխալները: Իմամը պիտի հանդուրժող ու ներող ու անհրաժեշտ դեպքում անտեսող լինի, այնպես որ երբ Հովսեփի եղբայրները զղջացին իրենց արածի համար Հովսեփը նրանց ներեց ու չպատժեց: Իմամի հանդուրժողականությունն ու թողությունն այն պատճառով է, որ մեղավորները չհիասթափվեն և նրանց սրտերում վառ մնա վերադարձի ու ապաշխարության հույսը:

Հանդուրժողականությունից բացի իմամը պիտի նաև համբերատար լինի: Ընդհանրապես անհամբերատար ղեկավարներն անհաջող են լինում իրենց ստանձնած պատասխանատվություններում: Քանի որ ղեկավարության կարևոր միջոցներից մեկը ինքնազսպվածությունն ու համբերատարությունն է: Ալին ասում է. «Ղեկավարության միջոցը համբերատարությունն է»: Այդ պատճառով էլ իմամները բարդությունների ու դժվարությունների հանդիպելիս համբերատար են լինում և հիասթափության ու խուճապի  չեն մատնվում:

 

Իմամը պարզ կենցաղ է վարում և հեռու է մնում պճնամոլությունից: Մարդ եթե համեստ չի գտնվում կարող է հանձնվել ցանկությունների դիմաց և ընչաքաղցությունն ու առավել հարստություն դիզելու մարմաջը կարող է նրան հեռացնել արդարությունից: Սակայն իմամը, որպես գերազանց օրինաչափ անտարբեր է աշխարհիկ կյանքի հանդեպ և չի տարվում կյանքի արտաքին գեղեցկություններով ու պճնանքով: Իմամ Ալին ասում է. «Աստված պարտադիր է դարձրել, որ արդար ու իրավացի իմամները համեստ կյանք վարեն, որպեսզի քայլ պահեն հասարակության զրկվածների հետ և այդպիսով մխիթարեն չքավորներին»:

Իմամը հասարակական իրավունքի պարագային իրեն հավասար է համարում ուրիշների հետ և որևէ առավելություն նկատի չի առնում իր համար: Նա մեծ ջանք է գործադրում մարդկանց հարցերին վերահասություն տալու ուղղությամբ: Նաև մանրակրկիտ կերպով վերահսկում է իշխանության գործակատարների արարքները, որպեսզի հանկարծ ժողովրդի հանդեպ չթերանան և կամ չոտնձգեն հանրային գույքի ու հարստությունների դեմ:

Մեր զրույցն ավարտում ենք իմամի հատկանիշների մասին Ալիի խոսքերով. «Վայել չէ, որ նախանձ մի անձնավորություն մուսուլմանների առաջնորդը դառնա: Քանի որ նման անձը աչք է հառում ժողովրդի հարստության ու գույքին: Վայել չէ, որ նա մուսուլմանների իմամը տգետ լինի, քանի որ իր տգիտությամբ կմոլորեցնի ժողովրդին: Վայել չէ, որ ա չարագործ ու բռնակալ լինի, քանի որ ժողովրդին նեղ կացության կմատնի: Վայել չէ, որ մուսուլմանների իմամը վախենա օտար ուժերից, քանի որ այդ դեպքում իր քաղաքական դաշինքներում առանց մուսուլմանների շահերը նկատի առնելու որոշներին կգերադասի մյուսներիցն: Նա չպիտի անտեսի մարգարեի ավանդույթները, քանի որ դա կոչնչացնի ժողովրդին»: