Ճանաչենք իսլամը (134)
Պատմության ընթացքում Ալիի հավերժացման գաղտնիքը նրանում է, որ նրա իշխանությունն այլ տեսակի էր ու ուներ եզակի յուրահատկություններ: Ալիի համար արդարությունը նույն իմաստն ուներ իշխանության հասնելուց առաջ և հետո: Ուժը երբևէ նրան չհմայեց ու նա ուժից գայթակղված նպատակին հասնելու համար ամեն միջոցի չդիմեց: Իշխանության հասնելուց առաջ և հետո Ալին իր քաղաքական վարքագիծը մեկնաբանել էր հստակ մի շրջագծում:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարը շարունակում ենք Իմամաթի թեմայի քննարկմամբ, որտեղ կանդրադառնանք Իմամ Ալիի իշխանության շրջանին: Ալին համաշխարհային անհատականություն է և շատ քչերի մասին է նրա չափ խոսվել: Ալիի մասին հազարավոր հոդվածներ ու գրքեր են գրվել, այդուհանդերձ որևէ մեկը չի կարողացել նրա հավատքի, քաջության, գիտության, արդարության ու այլ աչքառու հատկանիշներում որևէ թերություն գտնել: Քանի որ նա բոլոր առաքինությունների ու առավելությունների խորհրդանիշն է:
Ինչպես ասացինք Իմամ Ալին ժողովրդի պնդումներով ի վերջո համաձայնեց ստանձնել մուսուլմանների իշխանության պատասխանատվությունը: Ժողովուրդն էլ լիարժեք ազատ պայմաններում իր ուխտակցությունը հայտնեց Ալիին: Ուխատկցության հայտարարումը կատարվեց մեծ հուզմունքով: Նա այդ կապակցությամբ ասել է. «Ինձ ուխտակցություն հայտնելու համար ժողովրդի ուրախությունն ու խինդն այնքան մեծ չափեր ստացավ, որ երեխաները հրճվանք էին ապրում, իսկ տարեցները երերուն ոտքերով ճանապարհ էին ընկել»:
Այսպիսով ձևավորվում է Ալիի իշխանությունը: Զարմանահրաշ իշխանություն, որի գլխավոր յուրահատկությունը արդարությունն էր: Արդարությունն արժեքավոր թեմա է, որին բոլորը համակրում ու մեծարում են: Շատերն են արդարությունը մեկնաբանում գեղեցիկ բառերով ու արտահայտություններով և այն անհրաժեշտ են համարում մարդկային հասարակության համար, սակայն գործնականում դրա իրագործման ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում: Միևնույն ժամանակ շատ քաղաքական այրեր մինչև իշխանության ու դիրքի տիրանալը ժողովրդին արդարության լեցուն ապագայի խոստում են տալիս, սակայն իշխանության գահին թիկնելուն պես հրաժարվում են տրված բոլոր խոստումներից:

Արդարությունը՝ հավասարության ու ճշմարտացիության իմաստով է և դրա ճշգրիտ իմաստն հենց այն է, ինչը ներկայացվել է Ալիի կողմից: Նա ասում է. «Արդարությունը այն իմաստով է, որ ամեն ինչ հայտնվի իր ճիշտ տեղում»: Արդարությունն իրականության մեջ իրավունքը իրավատիրոջը վերադարձնելն է:
Պատմության ընթացքում Ալիի հավերժացման գաղտնիքը նրա իշխանության մեջ է, որը բոլոր տեսակետներից յուրահատուկ է և առանձնացվում է մյուս իշխանություններից: Նա երբևէ չհայտնվեց իշխանության հմայքի ու գրավչության ազդեցության տակ: Շատ իշխանավորներ իշխանության հասնելուց հետո տարվում են իշխանության հմայքով, սակայն հակառակ նրանց Ալի Էբն Աբիթալեբի պահվածքն ու վերաբերմունքն իշխանության հասնելուց առաջ և հետո մնում է նույնը:
Ալիի դիտանկյունից իշխանավորին գերազանցություն է պարգևում արդարությունը և իշխանության միակ արժեքը նրա մեջ է, որ դրա միջոցով արդարությունը վերահաստատվի և իրավունքը վերադարձվի դրա տիրոջը: Ալին երբևէ լռությամբ չէր տանում անարդարությունն ու բռնությունը: Այդ պատճառով էլ իշխանությունն ընդունեց, որպեսզի վերջ տա նման անառողջ հարաբերություններին և համատարած ու համապարփակ արդարություն հաստատի և ասաց. «Երդվում եմ սերմը ճեղքած ու կյանք պարգևած Աստծո անունով, եթե չլիներ ուխտակցություն հայտնողների ու աջակիցների ներկայությունը ու եթե Աստված գիտուններին հանձնարարած չլիներ հանգիստ չառնել բռնակալների որկրամոլության ու բռնահարվածների սովի դիմաց, խալիֆայության ուղտին սանձ դնելով դրան կարձակեի»:
Իշխանության շրջանում Ալիի քայլերից մեկը հասարակական արդարության մանրակրկիտ գործադրումն էր, քանի որ արդարադատությունը իսլամական իշխանության պարտականություններից է: Նա իր հանրային ելույթներում կամ տարբեր քաղաքների իշխաններին հղած նամակներում գեղեցիկ ու հնչեղ ոճով նկարագրում է հասարակական արդարությունը: Ալիի դիտանկյունից հենց այնպես որ արյունը հոսում է մարմնում ու դրան կենդանի է պահում, արդարությունն էլ պիտի հոսի հասարակության բոլոր կառույցներում, որպեսզի դրան կյանք ու թարմություն պարգևի: Նա ժողովրդին հորդորում է նրա հետ արդարության ու բարու հիմքերի վրա շփվեն, որպեսզի արդարության գործադրման հող նախապատրաստվի: Նա ասում է. «Ինձ մի շաղակրատեք, քանի որ պատճառ կդառնա անտեսվեն բարեգութ Աստծո ու Ձեր հանդեպ ունեցած իմ պարտականությունները... Ինձ հետ խոսեք այնպես՝ ինչպես կխոսեք չարագործների հետ... ու ինձ հետ շփվելիս ցուցամոլ մի եղեք ու մի ենթադրեք, որ ես պատրաստ չեմ լսել իրավացի խոսքը և կամ փորձում եմ ինձ մեծացնել: Քանի որ եթե իրավացի խոսքի ունկդրումը կամ դա ներկայացնելը որևէ մեկի համար ծանր լինի, դրա գործադրումը շատ ավելի ծանր կլինի նրա համար: Հետևաբար մի խուսափեք իրավացի խոսքն արտահայտելուց ու արդարության մասին խորհրդակցելուց, քանի որ ես համոզված չեմ, որ անթերի եմ ու գործնականում ինձ զերծ չեմ համարում սխալներից»:
Հետաքրքիր է, որ խոնարհաբար կատարված արտահայտությունը պատկանում է հզոր ու մաքրակենցաղ մի իշխանավորի, ով իշխում էր այն օրերի աշխարհի ընդարձակ մի տարածքի վրա: Իրականության մեջ Իմամ Ալին այս արտահայտությամբ ակնարկում է արդարություն տարածող իշխանավորի յուրահատկություններին: Իմամ այն համոզման է, որ իշխանավորը պիտի պայքարի իր ներքին գայթակղությունների դեմ, որպեսզի արդար խոսքի ունկնդրումը հեշտ լինի նրա համար և նրա հարաբերությունը ժողովրդի հետ չպիտի ամբոխավարության ու կեղծիքի վրա հիմնված լինի: Միևնույն ժամանակ ժողովրդին պիտի հորդորի հետապնդել արդարությունն ու իրենց իրավունքները և հեռու մնալ շողոքորթությունից ու շաղակրատությունից:
Իմամ Ալիի դիտանկյունից արդարությունը ժողովրդի բոլոր խավերի իրավունքի վերականգնումն է: Ալիի արդարությունը ոչ աշխարհագրական սահման է ճանաչում, ոչ ազգություն, ոչ ցեղ, ոչ հարուստ ու աղքատ և ոչ էլ բարեկամ ու անծանոթ:
Նա արդարության իրագործման ուղղությամբ այնքան է առաջանում, որ նույնիսկ ընդդիմանում է իր ամենամոտիկ ազգականների առավելատենչություններին: Երբ Ալիի եղբայրը՝ Աղիլը չքավորության պատճառով հանրային գանձարանից առավել բաժին է պահանջում, նրան ասաց. «Ես և դու հանրային գանձարանից օգտվելիս նման ենք մյուս մուսուլմաններին և նրանց հանդեպ որևէ գերազանցություն չունենք»:
Լիբանանցի քրիստոնյա գրող Ջորջ Ջորդաղը հմայվելով արդարության գործադրման ուղղությամբ Ալիի ջանադրությունից իր «Ալին՝ մարդկային արդարության կանչը» գրքում գրում է. «Իմամ Ալին այն անձնավորությունն է, որ ժողովրդի միջից ազնիվին չի գերադասում անազնիվին ու իր եղբորը չի տալիս այն ինչը չի տվել օտարականին: Նա ձգտում է, որպեսզի մարդիկ ազատ ու հավասար լինեն: Նա իր կարողությունների սահմաններում փորձում է հասարակությունը մաքրել չքավորությունից: Ալին կոտորածից ու դաժանությունից հրաժարվող անհատականություն է և բոլորին հասարակական արդարության ստվերի ներքո անվտանգության, խաղաղության ու եղբայրության կոչ է անում: Նա մարդկանց հորդորում է նույնիսկ չորքոտանիների հետ արդարությամբ վերաբերվել, որպեսզի մրջյունից գարու կեղևը չխլվի ու որևէ թռչունի հանդեպ բռնություն չգործադրվի»:
Ալիի արդարության առանցքի վրա հիմնված մտածողության մեջ հասարակական ու քաղաքական պաշտոններ ստանձնելիս արժանավորությունն անփոփոխելի սկզբունք է: Քանի որ եթե պաշտոնները բաժանվեն հատուկ հարաբերությունների և ոչ թե արժանավորության հիման վրա դա անարդարություն ու չարագործություն կլինի: Հետևաբար իր իշխանության առաջին օրերին պաշտոնից հեռացում է նախկին իշխանության որոշ պաշտոնատարների ու Օմավյան տարրերի, որոնք մխրճվել էին զեխության մեջ ու փառավոր կյանք էին վարում: Իմամ Ալին պատասխանելով Օսմանի ու հատկապես Մոավիեի շրջանի գործակատարներին առնվազն մինչև աշխատանքին տիրապետելը նույն պաշտոններում պահելու կապակցությամբ իրեն տրված խորհուրդին, ասաց. «Ես երբևէ մոլորվածներին ինձ աջակից ու օգնական չեմ նշանակելու»:
Նրանց փոխարեն Ալին նշանակում է արժանավոր, մեծահոգի, իմաստուն, հեռատես ու լավ անցյալ ունեցող անձանց: Այդուհանդերձ այս իշխանավորները շարունակ վերահսկողության ներքո էին գտնվում: Իմամը իրավիճակն ուսումնասիրելու համար շարունակ քննիչներ էր գործուղում տարբեր տարածքներ և շարունակում էր իշխանների պարագային վերահսկողությունը, որ հանկարծ նրանք թերություններ չունենան: Անկասկած եթե իշխաններից որևէ մեկը դավաճանություն էր կատարում անմիջապես հեռացվում էր իր պաշտոնից:
Հնագույն ժամանակներում գույքն ու պատերազմական ավարը հավասար կերպով չէր բաժանվում: Արաբը՝ ոչ-արաբի և ազնվական ու ներազդեցություն ունեցող անձինք՝ սովորական քաղաքացիների հանդեպ գերազանցություն ունեին: Քանի որ այս խտրական միջոցը դեմ էր Ղուրանի ուսուցումներին, Ալին վերջ է տալիս խտրականությանն ու մենաշնորհատիրությանը և հույսի նշույլ է արթնացնում ժողովրդի սրտերում: Հանրային գույքը հավասար կերպով բաժանում է ժողովրդի միջև և որևէ մեկին չի գերադասում մյուսին: Զայրանում է այն պատեհապաշտների վրա, որոնք իրեն հորդորում էին ազնվականներին գերադասել ստոր խավից , որպեսզի հաջողության հասնի և ասում է. «Ես երբևէ պատրաստ չեմ իմ ժողովրդի հանդեպ անարդարությամբ հաղթանակ արձանագրել... Նույնիսկ եթե այս գույքն իմը լիներ դրան հավասար կերպով կբաժանեի ժողովրդի միջև, իսկ սա Աստծուն պատկանող գույք է...»:
Հանրային գույքը բաժանելու Ալիի մեթոդը պատճառ դարձավ, որ մի շարք ազնվականներ ու ընչաքաղցներ նրան լքելով միանան Շամում Մոավիեի իշխանությանը:
Իմամ Ալիի դիտանկյունից արդարության իրագործման ու իշխանության տարածման համար անհրաժեշտ չէ դիմել բրտարարքների կամ կոպիտ մոտեցում ցուցաբերել ժողովրդի զանգվածների հանդեպ: Քանի որ շատ հաճախ ժողովրդի հանդեպ բարությամբ կարելի է իրագործել արդարությունը: Այդ պատճառով էլ նա տուրք գանձող պաշտոնյաներից մեկին ասում է. «Որևէ մուսուլմանի սարսափ մի պատճառիր... Աստծո պահանջից ավելին նրանից մի պահանջիր: Երբ որևէ ցեղախմբի հասնես հանդարտ ու կամաց մոտեցիր նրանց...Նրանց ողջունիր ու այդ հարցում մի զլացիր... Ապա ասա. «Աստծո ծառաներ, արդյոք ձեր գույքից որևէ բաժին հասնելու է Աստծուն, որպեսզի դա հանձնեմ նրա իշխանին» ու եթե մեկն ասաց՝ «Ոչ», նրա հետ գործ մի ունեցիր ու եթե ասաց՝ «Այո», ընկերակցիր նրան առանց այն որ նրան վախ կամ սարսափ պատճառես կամ նրան նեղը դնես»: