Մայիս 08, 2017 10:55 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (135)

Ալիի դիտանկյունից այն սկզբունքը, որ կարող է պահպանել հավասարակշռությունը և բոլորին գոհացնել ու նաև հասարակությանն՝ առողջություն, իսկ հասարակության ոգուն անդորր պարգևել արդարությունն է: Բռնությունը, չարիքն ու խտրականությունն անկարող են նույնիսկ գոհացում ու անդորր պարգևել չարագործի ոգուն: Իրականության մեջ արդարությունը հանրային մայրուղի է,որ իր մեջ ներառում է բոլորին ու առանց արգելքի փոխադրում է, սակայն անարդարությունը զարտուղի է, որ նույնիսկ չարագործին չի կարող դեպի նպատակակետ առաջնորդել:

 

Ճանաչենք իսլամը

 Ձեզ ենք ներկայացնում «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ շարունակելով իմամաթի թեման, կանդրադառնանք Իմամ Ալիի իշխանության շրջանին: Իրականությունն այն է, որ Իմամ Ալիի մասին արտահայտվելը հեշտ գործ չէ: Նա մեծ անհատականություն է, որը համարվում է իրավացիության, անաղարտության ու արդարության փայլուն օրինակ: Պատմության մեջ շատ քիչ գործիչների կարելի է հանդիպել, ովքեր Ալիի չափ արժանացած լինեն գիտնականների ու մտավորականների ուշադրությանը: Նրա ամբողջ փառավոր կյանքը անց կացավ իսլամ կրոնը պաշտպանելու ճանապարհին և այդ ուղղությամբ բազում անձնազոհություններ կատարեց: Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք Իմամ Ալիի իշխանության գլխավոր յուրահատկությունը արդարությունն է, այնպես որ բոլորը Ալիին ճանաչում են նրա արդարությամբ:

Արդարության և հասարակության մեջ դրա հաստատման ուղիների մասին Ալիի տեսակետները հավերժական գաղափար ու եզակի օրինակ են արդարության ու հավասարության ձգտող ցանկացած հասարակության համար:

Նա հավատացած է, որ արդարությունը մարմնում հոսող ջրի նման կյանք ու հավերժություն է պարգևում հասարակությանը: Ալիի տեսակետից արդարությունը կարևոր սկզբունք է, որ կարող է անդորր պարգևել հասարակության հոգուն և հանրային գոհունակություն պատճառել: Դա ի տես այն բանի, որ բռնությունն ու անարդարությունն անկարող են նույնիսկ հանգիստ ու գոհացում պարգևել չարագործի ոգուն, ինչ մնաց բռնահարված անհատներին: Արդարությունը մայրուղի է, որտեղ մուտք գործող ցանկացած անձ հասնում է իր նպատակին, սակայն անարդարությունն ու չարիքը զարտուղի են, որն նույնիսկ չարագործին չեն կարող դեպի նպատակակետ առաջնորդել:

Ալին և արդարությունը

 

Ալիի ելույթներում, քարոզներում, նամակներում ու խրատներում արդարության ու դրա մասին բազմաթիվ նշումներ կան: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է Ալին այդքան պնդում արդարության վրա: Պատճառը գտնելու համար պիտի նկատի ունենալ հիջրեթի 35-րդ տարում իսլամական հասարակության մեջ տիրող պայմաններն ու վիճակը, այսինքն այն թվականը երբ Ալին իշխանության է հասնում: Մեծ մարգարեի օրոք հանրային գույքն այնքան մեծ չէր, որ մարդիկ դրան տիրանալու համար մրցակցության դիմեին կամ միմյանց հետ թշնամանային: Ձեռք բերվող սահմանափակ գույքը հավասար կերպով բաժանվում էր բոլորի միջև:

Մարգարեի վախճանումից հետո պայմանները փոխվում են: Իսլամական երկրի սահմանները բոլոր կողմերից ընդլայնվում են: Երբ Ալին իշխանության է հասնում Միջին Ասիայից սկսած մինչև Աֆրիկայի հյուսիսն ընկած տարածքը գտնվում էր իսլամի սահմաններում: Նվաճված տարածքներից եկամուտներն ուղղվում էին պետական գանձարան ու մեծ հարստություն էր գոյացել:

Միևնույն ժամանակ պետության գանձարանից օգտվելիս մուսուլմանները դասակարգվում էին հիմք ընդունելով նրանց ցեղային ու ազգային պատկանելիությունը և կամ իսլամական շրջանում նրանց անցյալը: Դրա արդյունքում ոմանք առանց համոզիչ պատճառի առավել գույքի էին տիրանում: Երկրորդ խալիֆայի իշխանության առաջին տարիներին այս խտրական քաղաքականության հետևանքներն այնքան էլ բացահայտ չէին, սակայն ժամանակի ընթացքում երևան եկան դրա բացասական հետևանքները: Բարեպաշտությունը,որ մարգարեի օրոք գերազանցության չափանիշ էր համարվում իր տեղը զիջեց հարստության դիզելուն և այլ նյութական արժեքներին: Միևնույն ժամանակ ցեղային ու ազգային մրցակցությունը, որ երկար ժամանակ թաքուն էր մնացել իսլամական հավասարության հովանու ներքո կրկին բռնկվեց:

Մարգարեի վախճանումից անցել էր 25 տարի և մարդիկ ճիշտ ճանաչողություն չունեին Աստծո մարգարեի ավանդույթների և իսլամ կրոնի վեհ արժեքների մասին: Մարգարեի աջակիցներից որոշները, որոնք դեռ ողջ էին հասակ էին առել ու ծերացել էին: Նրանք պահանջում էին պետական գանձարանից առավել բաժին ստանալով հանգիստ ու անվրդով կյանք ապրել: Իհարկե դա հակասում էր հասարակության մեջ արդարության սկզբունքին: Ամենայնդեպս նման յուրահատկություններով հասարակության մեջ Ալին ընդունեց խալիֆայության պաշտոնը: Ալին կրելով արդարատենչության ու առաքինության գեղեցիկ հատկանիշները ցանկանում էր իշխել այնպիսի հասարակության մեջ, որտեղ արդարությունն ու բարոյական արժանիքները գունաթափվել էին:

Ալիի դիտանկյունից հասարակական արդարության հիմնական սյունը հասարակության բոլոր անհատների միջև լիարժեք հավասարությունն էր: Հետևաբար դեմ էր հանրային գույքի բաժանման հարցում ցանկացած տեսակի խտրականությանն ու անարդարությանը: Հանրային գույքը բաժանելիս որևէ մեկին մյուսից վեր չէր դասում ու դա հավասար կերպով բաժանում էր արաբի ու ոչ-արաբի միջև:

Իմամ Ալիի դամբարանը՝ Նաջաֆում

 

Նա երբ իշխանության հասավ իր իշխանական առաջին նախաձեռնությամբ ակնարկելով պետական գանձարանից կողոպտված գույքին, ասաց. «Երդվում եմ Աստծո անունով, որ եթե գտնեմ կողոպտված գույքը, նույնիսկ եթե դրանով ամուսնացած լինեն կամ աղախիններ գնած լինեն, դրանք վերադարձնելու եմ, քանի որ արդարությունը ելք է համարվում և անդորր է պարգևում հասարակությանը և նա ում համար արդարությունը ծանր է համարվում, նրա համար չարիքի հանդուրժումը շատ ավելի ծանր պիտի լինի»: Ալին ապա անդրադառնալով տնտեսական արդարության համար իր ծրագրին ասում է. «Ձեզնից որոշները, ովքեր մխրճված են աշխարհիկ կյանքի ճահճի մեջ և տիրացել են հողերին, ճեղքել են առուները, հեծել են ձիերն ու իրենց համար գեղեցկադեմ ու նրբիրան աղախիններ են ընտրել, երբ կանխեցի նրանց բռնագրավումն ու նրանց պարտադրեցի բավարարվել իրենց իրավունքով, հանկարծ չլինի, բողոքի ձայն բարձրացնեն, թե «Ով Աբիթալեբի որդի, մեզ զրկեցիր մեր իրավունքներից»: Տեղյակ եղեք, որ աջակիցներից ու գաղթականներից նրանք ովքեր զգում են թե մարգարեի հետ շփվելու պատճառով պիտի գերադասվեն մյուսներից, թող իմանան, որ դա աստվածային շնորհ է և հանրային գույքից առավել բաժին ստանալու պատճառ չի կարող համարվել: Դուք բոլորդ Աստծո ծառաներ էք և հանրային գույքը պատկանում է Աստծուն, որը հավասար կերպով բաժանվում է ձեր միջև և որևէ մեկը մյուսից չի տարբերվում»:

Ալին հանրային գույքի կառավարման պարտականությունը վստահեց իր երկու աջակիցներին և նրանց գրավոր հանձնարարեց, որ իսլամի սահմաններում գտնվող բոլոր մարդիկ, անկախ իրենց ցեղից ու ազգությունից, բոլորը հավասար են: Սահել Իբն Հանիֆը Ալիի մոտ է բերում մի սևամորթ ստրուկի և Ալիից հարցնում է. «Սրան ի՞նչ բաժին կհատկացնես հանրային գույքից»: Ալին Սահլին ասում է. «Դու ինչքա՞ն ես ստացել»: Նա պատասխանում է. «Երեք դինար, այնքան որ ստացել են ուրիշները»: Իմամն ասում է. «Ստրուկին էլ նրա չափ երեք դինար տվեք»:

Խտրականությունն ու անարդարությունն արմատախիլ անելու ուղղությամբ Իմամ Ալիի ջանադրությունը դժգոհություն էր պատճառում ընչաքաղցներին: Հանրային գույքը կողոպտողները, որոնք շահում էին տիրող անարդար հարաբերություններից, հանրային գույքը բաժանելու հարցում Ալիի որդեգրած ընթացքը նկատելով, զայրացան ու սկսեցին հակառակել արդարության հետ: Ներազդեցություն տեր այդ անձինք դիրքավորվեցին Ալիի դիմաց:

Իբն Աբի Ալ-Հադիդը գրում է. «Դա առաջին հարցն էր, որ դժգոհություն պատճառեց ազնվական խավին ու պատճառ դարձավ, որ նրանք թշնամանան Հազրաթ Ալիի հետ: Նրանք չէին կարողանում հանդուրժել աղքատների հետ միասին նույն շարքում կանգնելը: Յուրաքանչյուր գաղթականի երեք դինար հատկացվեց: Հաջորդ փուլում աջակիցներին և ապա բոլոր մարդկանց երեք դինար վճարվեց...Նաև հրահանգ արձակվեց հանրային գույքից այն ինը, որ գտնվում էր Օսմանի տանը և իր համար ընտրած բոլոր ձիերն ու ուղտերը փոխանցվեն պետական գանձարան: Ալիի այդ քայլն այնպիսի ցնցում առաջացրեց չարագործների մոտ, որ Ամրո Ասը նամակ հղելով Մոավիեին գրեց. «Ի՞նչ որոշում որ ունես շտապ գործադրիր, քանի որ Աբիթալեբի որդին ձեռնափայտի կաշվի նման  քանդելու է քո մաշկը»:

Ալիի գաղափարական համակարգում արդարությունը որպես հիմնական մի սկզբունք ուշադրության կենտրոնում էր գտնվում տնտեսական, հասարակական ու քաղաքական ոլորտներում: Ալիի դիտանկյունից արդարությունը սոսկ բարոյական բնույթ չի կրում, այլ նրա մոտ արդարությունը համարվում է իշխանության ձևավորման գլխավոր նպատակներից ու իդեալներից մեկը: Հետևաբար Իմամն իշխանությունը միջոց էր համարում արդարության ու հավասարության հաստատման համար, ոչ թե նպատակ, որին պիտի ամեն ինչ զոհաբերել: Իմամն իշխանությունը ըմբոստացման, ինքնակամության ու հարստություն դիզելու միջոց չէր համարում:

Իշխանության շրջանում Իմամ Ալիի ընդհանուր ռազմավարությունն այն էր, որ չքավորությունը վերացնելու և հանրային բարեկեցություն ստեղծելու միջոցով ու նաև կանխելով հարստության կենտրոնացումը հարուստ ու ազդեցիկ խավի մոտ, տնտեսական արդարություն հաստատի: Իմամ Ալին խտրականությունն ու անարդարությունը համարում էր բռնության ենթարկված զանգվածների ըմբոստացման ու ընդվզման, իշխանությունների փլուզման և ի վերջո աստվածային պատժի ու փորձանքի ազդակը: Հետևաբար իշխաններին հրաժարեցնում էր անարդարությունից ու ժողովրդի հանդեպ բռնություն գործադրելուց: Նա խոսքն ուղղելով իր իշխաններից մեկին ասում է. «Հրաժարվիր բռնությունից ու չարիքից, քանի որ չարիքը ժողովրդին դեպի ըմբոստացում է տանում ու սուրը հանում է պատյանից: Բռնությունը ժողովրդին պարտադրում է փախուստի դիմել ու տարագրվել և թափ է հաղորդում աստվածային պատժին ու փորձանքին»:

Ալին իշխանության գոյատևման պարագային արդարության ազդեցության մասին հավատացած է, որ ոչ մի բան արդարության նման չի կարող ամրացնել իշխանության հիմքերը: Արդարությունն ամուր վահանի նման է, որը հզորություն է պարգևում քաղաքական համակարգին: Միևնույն ժամանակ արդարության համապարփակ հետևանքը հասարակության հարցերի բարեկարգումն է, քանի որ արդարությունը կարգավորում է հասարակության հարցերը:

Հետաքրքիր է նաև Ալիի ուշադրությունն այնպիսի իրավունքների հանդեպ, որոնք հաճախ անտեսվում են: Օրինակ մի օր նա նկատում է կույր մի ծերունու, որը մուրացկանություն էր անում: Իմամը հարցնում է նրա մասին, ասում, են թե նա քրիստոնյա անձ է, որ երիտասարդ տարիքում պետական ծառայություն է կատարել: Իմամն այդ տեսարանը տեսնելով հուզվում է և ասում. « Երիտասարդ տարիքում նրան ծառայության լծեցիք, իսկ երբ ծեր ու անկարող դարձավ նրան զրկեցիք իր իրավունքներից»: Ապա հրահանգում է նրա ապրուստն ապահովեն պետական գանձարանից: Այս փաստն ապացուցում է հասարակության բոլոր քաղաքացիների հանդեպ Իմամ Ալիի համակողմանի ու մանրակրկիտ ուշադրության մասին: