Ճանաչենք իսլամը (136)
Ալին Աստծո ճանապարհին պահպանողական չէր: Եթե մեկին համակրում էր կամ թշնամանում էր մեկի հետ անկասկած այդ թշնամանքը թշնամիներ էր ստեղծում և դժգոհանք էր պատճառում ընչաքաղց մարդկանց, սակայն դա Ալիին չէր անհանգստացնում:
Հարգարժան բարեկամներ «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակում ենք քննարկել Իմամ Ալիի իշխանության շրջանը: Ինչպես ասացինք Ալիի մտածողական համակարգում արդարությունը, որպես գլխավոր սկզբունք ուշադրության արժանի էր անհատական ու հասարակական կեանքի բոլոր ծավալներում: Նա իշխանությունը միջոց էր համարում արդարության հաստատման, ոչ թե ըմբոստացման ու հարստություն դիզելու համար: Հետևաբար նա պախարակում էր բռնությունն ու մարդկանց իրավունքների ոտնահարումը և հավատացած էր, որ որևէ բան ժողովրդի դեմ իշխանավորի բռնության նման չի կարող հանգեցնել Աստծո զայրույթին:
Ալին իր չորս տարի ինն ամիս տևած իշխանության շրջանում մեծ ջանք գործադրեց, որպեսզի վերականգնի մարգարեի ուսուցումներն ու վերակառուցի Աստծո մարգարեի նկատի ունեցած հասարակությունը՝ ստեղծելով իդեալական հասարակություն: Հետևաբար սկսում է հիմնական բարեփոխումների իրականացումը և իհարկե այս կապակցությամբ առավելապես ուշադրություն էր ցուցաբերում իսլամ ժողովրդի ներքին հարցերի հանդեպ: Օրինապահությունը, հանրային գույքի հավասարապես բաժանումը, օրինախախտներին պատժելը, քաղաքների շենացումը, խտրականության ու մենաշնորհների դեմ պայքարը և գործակատարների միջոցով արդարության ճիշտ գործադրման վերահսկումը նրա իշխանության շրջանում իրականացված բարեփոխումներից էին:
Նա բռնահարվածներին պաշտպանելու և բռնակալների դեմ պայքարի ուղղությամբ մեծ ջանք էր գործադրում և որևէ կերպ հանրային շահը չէր զոհաբերում հայտնի և իշխանության ձգտող ոմանք անձնական շահերին: Թեև մարդիկ հնարավորությունների, հարստության, հասարակական դիրքի և նյութական ու բարոյական տարբեր բարիքների տեր լինելու տեսակետից տարբերվում են, սակայն Ալիի նման մեծ անհատականությունը մի պահ անգամ չի հատում արդարության սահմանները, բոլորին հավասար է տեսնում օրենքի դիմաց և որևէ մեկին չի գերադասում ուրիշներին: Նա այդ սկզբունքով էլ հավասար կերպով բաժանում է հանրային գույքը:
Իմանալով հանդերձ, որ իր նկատի ունեցած բարեփոխումներն ու հատկապես արդարության վրա դրած շեշտը ընչաքաղց ու շահամոլ հոսանքների վնասին է լինելու և նրանց մղելու է ընդդիմության, որևէ վերատեսություն չի կատարում իր ուղեգծում:

Ալիի դիտանկյունից արդարությունը սկզբունք է, որ չի կարող անհատականացվել: Նա այնպիսի մեծ ուշադրություն էր ցուցաբերում մարդկանց իրավունքների հանդեպ, որ գործակատարներին ու հրամանատարներին հղած նամակներում նրա կատարած հորդորներից շատերը կենտրոնացած են արդարության և ժողովրդի իրավունքները հարգելու շուրջ:
Ալիի դիտանկյունից իշխանությունը պահ է տրված հասարակության իշխանին: Նա ազնիվ ու ճշտապահ անձի նման պիտի պահպանի իրեն պահ տրվածը և արժանին մատուցի դրան: Իմամն այս կապակցությամբ Ատրպատականի իշխանին հղած նամակում գրում է. «Չենթադրես, որ քեզ վստահված իշխանությունը քեզ բաժին հասած որս է: Այլ դա պահ է տրված քեզ ու քո վերադասը քեզանից պահանջում է պահպանել այն և հարգել ժողովրդի իրավունքները և արժանի չէ, որ ժողովրդի հանդեպ բռնությամբ ու քո ցանկությանը համաձայն վերաբերվես»:
Իշխանության ախտերից մեկն այն է, որ իշխանավորներին վարակում է փառամոլության հիվանդությամբ: Փառամոլ իշխանավորն ու հրամանատարն ընդհանրապես չի բավարարվում եղածով ու ձգտում է մեծացնել իր հզորությունը, հետևաբար ամեն օր ավելի է մոտենում բռնակալության, Նկատի առնելով այս բարդությունը Ալին իր գործակատարներին ու հրամանատարներին հրաժարեցնում է ընչաքաղցությունից ու փառամոլությունից: Ալիի մաքուր հոգին լիովին զերծ էր փառամոլության ու եսապաշտության հատկանիշներից և ասում էր. «Եթե իմանայի, որ ինձանից առավել արժանի մեկը կա իշխանության համար, երբևէ այդ հարցում նախաձեռնող չէի լինի»:
Նա հիմնականում այն պատճառով հանձն առավ իշխանության ղեկը, որ բարին հաստատի և արգելի չարն ու նրա հոգու մեջ նվազագույն չափերով անգամ փառամոլություն գոյություն չուներ: Այս կապակցությամբ Ալին անդրադառնալով իշխանությունն ստանձնելու իր դրդապատճառներին ակնարկում է իր կարկատաններով էժանագին կոշիկներին և ասում է. «Երդվում եմ Աստծո անունով, որ այս անարժեք կոշիկներն ինձ համար շատ ավելի մեծ արժեք են ներկայացնում ձեր վրա իշխանություն ունենալուց, միթե այն որ այդ իշխանության միջոցով մի ոտնահարված իրավունք վերականգնեմ և կամ մի չարիք կանխեմ»:

Փառամոլական իշխանության ախտերից մեկն այն է, որ հետզհետե ժողովրդի հանդեպ իշխանավորի վերաբերմունքը փոխվում և նրանից հեռանում է: Դա ի տես այն բանի, որ Իմամ Ալին իր իշխանության գործակատարներից պահանջում է, որպեսզի իշխանությունն ու լիազորությունը նրանց չհեռացնի ժողովրդից ու պատճառ չդառնա, որ ժողովրդի հանդեպ կոշտ ու կոպիտ վերաբերմունք ցուցաբերեն: Նա ասում է. «Իշխանը պարտականություն ունի, որպեսզի եթե որևէ առավելության է տիրանում կամ ինչ-որ բարիք է նրան բաժին հասնում, դա որևէ փոփոխություն չառաջացնի ժողովրդի հանդեպ նրա վերաբերմունքում, այլ այն ինչ Աստված բարիքներից բաժին է հանել նրան պիտի պատճառ դառնա, որ նա առավել մոտենա Աստծո ծառաներին ու առավել բարի դառնա իր եղբայրների հանդեպ»:
Ալին իր գործակատարներին այնպես էր սովորեցնում, որ նրանց մոտ ժողովրդի զանգվածների հանդեպ սեր ու բարություն առաջանա և չորանա բռնության ու չարագործության արմատները: Նա իր հայտնի գործակատարներից Մալեք Աշթարին գրում է. «Ժողովրդի հանդեպ հոգատար, բարեհամբույր ու գթառատ եղիր: Չլինի հանկարծ գիշատիչի վերածվելով նրանց հոշոտումը ցանկանաս, քանի որ մարդիկ երկու խումբ են լինում: Կամ քո կրոնակից եղբայրներն են և կամ էլ արարչագործությամբ քո նման են...Նրանք կարող է սխալներ թույլ տան... կարող է կամա թե ակամա սայթաքումներ ունենան: Նրանց մեղքը ներիր, հենց այնպես որ դու ցանկանաս Աստված քեզ ներման արժանի դարձնի»:
Իշխանության տեր լինելը, լայն հնարավորությունների հասանելիություն և ուրիշների հանդեպ գերազանցության զգացում ունենալը կարող է ճամփա հարթել ուժի չարաշահման համար: Դա այն երևույթն է, որից տառապում են շատ իշխանություններ: Իշխանական բարձր դիրքի տիրանալը շատ պարագաներում պատճառ է դառնում, որպեսզի անհատը որոշակի արտոնություններ վերապահի իրեն, ինչը կարող է նեխածություն առաջացնել: Սակայն Իմամ Ալին երբևէ պատրաստ չեղավ չարաշահման ենթարկել հասարակության առաջնորդի իր դիրքը և թույլ չէր տալիս իշխանության գործակատարներն էլ չարաշահման ենթարկեն իրենց դիրքերը:
Ուժի չարաշահման պարագաներից մեկն այն է, որ բարձր դիրք ունեցող անձն իր այդ դիրքից օգտվելով տիրանում է հարստության ու լայն հնարավորությունների: Այս անհատները հետզհետե հաշտվում են հանգիստ կյանքին ու մոռանում են չքավորների ու տառապյալների ցավերը: Նրանցից ոմանք էլ եթե առիթ են գտնում ոտնձգություն են կատարում հանրային գույքի դեմ: Ալին իր վերահսկողական համակարգով ու ստուգումներով իշխանության գործակատարներին ու հասարակության մեջ ազդեցիկ անձանց առիթ չէր տալիս չարաշահելով զբաղեցրած դիրքը հարստություն դիզել ու կողոպտել հանրային գանձարանը:
Հասարակությանը սպառնացնող վտանգներից մեկն անարժան անձանց զգայուն պաշտոններում հայտնվելն է: Իշխանության կարևոր պաշտոնների զբաղեցումն անարժան մարդկանց միջոցով նրանց առիթ է տալիս, որպեսզի ամեն ինչն իրենց շահերի համաձայն մեկնաբանեն: Նման քաղաքական իշխանություններում այն անարժան ու նեխած անձինք, ովքեր օգնում են իշխանության դիրքերի ամրապնդմանն ու տիրակալության տարածմանը, բարձր դիրքերի տիրանալու հնարավորություն են ձեռք բերում: Ի դիմաց, ազնիվ ու ճշտապահ մարդիկ չեն հայտնվում իրենց ճիշտ դիրքերում և լուսանցք են մղվում:
Այդ պատճառով Ալիի ծրագիրն էր հնարավոր բոլոր միջոցներով բարեփոխել վարչական համակարգը: Իմամ Ալին շարունակ մտահոգ էր նրանից, որ անարժան ու չարագործ մարդիկ կարող են իշխանական կարևոր պաշտոնների տիրանալ: Նա ասում էր. «Ինձ վշտացնում ու անհանգստացնում է այն միտքը, որ այս ցեղի նեխածներն ու մեղավորներն իշխանության հասնեն...Հետո օգտվեն նեխածների աջակցությունից և բարեգործներին թշնամիների շարքը դասեն»:
Այս շրջագծում նա աշխատանքից հեռացրեց օրինախախտ պաշտոնյաներին ու նրանց փոխարեն իշխանական կարևոր պաշտոններում նշանակեց արժանավոր, բանիմաց ու ազնիվ տնօրենների ու գործակատարների:
Ալին ազատախոհության կոչ էր անում մարդկությանը և հետաքրքիր մի նախադասությամբ ներկայացրել է դրա փիլիսոփայությունը. «Ուրիշի ծառան մի եղիր, քանի որ Աստված քեզ ազատ է արարել»: Նա գործնական դաշտում էլ ի ցույց է դրել պատմության մեջ հասարակական ու քաղաքական ազատությունների լավագույն օրինակներից մեկը: Ալին իր իշխանության շրջանում երբևէ չոտնահարեց հասարակական ազատությունների սկզբունքներն ու օրենքները և չոտնահարեց հասարակության անդամների հասարակական իրավունքները: Ալի իշխանության շրջանում ժողովուրդն ու նույնիսկ ընդդիմադիրները լիարժեք ազատություն էին վայելում: Այնպես որ նույնիսկ Խավարեջը, այսինքն նրա ամենահամառ թշնամիները հեշտությամբ մզկիթներում նրա դեմ արտահայտվում ու նույնիսկ նրան վիրավորում էին, երբեմն ընդհատում էին նրա ելույթը, սակայն Ալին նրանց հանդեպ կոպիտ վերաբերմունք չէր ցուցաբերում: Ալին հզոր ու լայն իշխանության տեր լինելով, ընդդիմադիրների հանդեպ հանդուրժողականության ուղին որդեգրեց ու նրանց ազատություն տվեց արտահայտելու իրենց տեսակետները: Նույնիսկ չկտրեց հանրային գանձարանից նրանց ստանալիք բաժինը: Նահատակ Մոթահարիի ընդգծմամբ. «Աշխարհի տարբեր երկրներում այս չափ ազատությունը, որի ներքո ընդդիմադիրների հանդեպ նման ժողովրդավարական ընթացք է որդեգրվում, աննախընթաց պիտի համարել»: