Մայիս 23, 2017 16:10 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման թեման Իմամ Ալիի իշխանության յուրահատկությունների քննարկումն է:

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իմամ Ալիի իշխանության յուրահատկություններին: Ինչպես ասացինք Ալին հատուկ ուշադրություն էր ցուցաբերում հասարակության մեջ արդարության ու հավասարության տարածմանը և դա համարում էր իշխանավորների աչքի լույսը: Իմամ Ալիի դիտանկյունից հասարակությունն այն ժամանակ է կարող հաջողվել, երբ առավել լայն ծավալներով արդարություն հաստատի, ձգտի բարուն և չարին երևան գալու իրավունք չտա: Ալիի դիտանկյունից որևէ բան առավել վեր չի դասվում բարուց: Իշխանությունն ու ուժը մինչև այն ժամանակ են արժեքավոր, երբ համընթաց լինեն բարուն ու արդարությանը: Բարու և արդարության հանդեպ հավատարմությունն ամրապնդում է իշխանությունը, իսկ բռնությունն ու չարիքը  առաջնորդում են դեպի կործանում: Ալին ասում է. «Նա ով բռնահարվածի իրավունքը չի պահանջում բռնակալից, Աստված նրան զրկում է իշխանությունից»:

Ալիի իշխանական ավանդույթի ուշագրավ կետերից մեկը ժողովրդի հանդեպ բարությամբ հագեցած արդարությունն է: Նրա դիտանկյունից արդարության գործադրումը թեև անհրաժեշտ է, սակայն իշխանավորի սիրտը հագեցած պիտի լինի ժողովրդի զանգվածների հանդեպ բարությամբ: Իշխանավորը բարի ու սրտցավ հոր նման պիտի վերաբերվի ժողովրդի հետ և նրան պիտի սիրի սրտի խորքից: Այս հիման վրա ուժն ու իշխանությունը, նույնիսկ օրինական պայմաններում չպիտի կոշտ ու կոպիտ կերպով օգտագործել:  Եթե հասարակության հարցերի կարգավորման համար իշխանությունը բռնի կերպով չարաշահվի, հասարակության մեջ տիրական կդառնա վախի ու սարսափի մթնոլորտ, հասարակական հարաբերությունները կդառնան չոր ու անհոգի և հասարակությունը կզրկվի կենսունակության ու ծաղկման հոգեկանից: Իմամ Ալիի դիտանկյունից բռնի ուժի շարունակական կիրառումն անցանկալի արդյունք է ունենալու և հանգեցնելու է իշխանությունից ժողովրդի անջատմանը: Սակայն ժողովրդի հանդեպ  համբերատարությունը համարվում է իշխանության զարդը և հանգեցնում է ժողովրդի գոհունակության: Նա ասում է. «Քաղաքականության գեղեցկությունն առաջնորդության մեջ արդարությունը հարգելու, իսկ իշխանություն ունենալու պահին՝ ներման մեջ է»: Անկասկած ժողովրդի և իշխանավորների միջև փոխադարձ սերն ու բարեկամությունն առավել դյուրին են դարձնելու արդարության գործադրումը: Իշխանավորը պիտի լինի հնարամիտ ու ազդեցիկ անձ, որպեսզի կարողանա ժողովրդի հսկա ներուժն ու նրա կամքը ծառայեցնել մեծ իդեալների իրագործման ճամբին:

Ալին արդարության չափանիշները հարգերով բարությամբ էր վերաբերվում ժողովրդին ու նրանց արժանի էր դարձնում իր անսահման գթությանը: Ժողովրդի հանդեպ Ալիի վերաբերմունքը բարեկամական ու անկեղծ էր: Թեև մուսուլմանների իշխանն էր, սակայն զրկվածներին օժանդակելու համար զոհաբերում էր իր հանգիստը ու խոնարհաբար օգնում էր նրանց: Ինքն անձամբ էր վերահասու լինում ընչազուրկների ու որբերի խնդիրներին: Իմամը Մեդինայում մի այգի ուներ, որը շենացրել էր իր սեփական ձեռքերով: Մի օր դա վաճառեց 10000 դինարով և դրա գումարը բաժանեց աղքատներին ու ընչազուրկներին: Ալին իր իշխանության շրջանում միայնակ ու ոտքով էր շրջում խալիֆայության կենտրոնը համարվող Քուֆեում և պտտվելով փողոցներում ու շուկաներում մոտիկից շոշափում էր ժողովրդի վիճակը: Մարդկանց հրաժարեցնում էր ուրիշների իրավունքների դեմ ոտնձգելուց ու եթե մի մարդ արդարության ու օժանդակության կարիք էր զգում, անհապաղ օգնության էր հասնում նրան:

Մի օր Ալին անցնելիս է լինում արմավ վաճառողների շուկայից և նկատում է արտասվող մի աղախինի: Հարցնում է պատճառը և նա ասում է. «Իմ տերն ինձ ուղարկեց արմավ գնելու: Երբ արմավը գնեցի ու տուն վերադարձա, տնեցիք դրան չհավանեցին: Հիմա ուզում եմ արմավը վերադարձել, բայց վաճառողը դա չի ընդունում»: Ալին դիմում է արմավ վաճառողին և նրան ասում է. «Ով դու Աստծո ծառա, այս աղջիկն աղախին է ու լիազորություն չունի: Նրանից հետ վերցրու արմավը և վերադարձրու գումարը»: Արմավ վաճառողը, որ Ալին չէր ճանաչում կոպիտ կերպով ասում է, թե՝ դա քեզ չի վերաբերում ու վիրավորական կերպով մերժում է Ալիի խնդրանքը:

Ականատեսները ճանաչելով Ալիին նրան ասում են. «Միթե չգիտես, որ այդ մարդն Ալին է՝ մուսուլմանների իշխանը»: Արմավ վաճառողը սարսափում ու գունաթափվում է և շփոթությամբ ասում է. «Ով Ամիրապետ, ինձ ներիր»: Ալին ասում է. «Եթե դու փոխես քո վերաբերմունքն ու մարդկանց հանդեպ բարեհամբույր լինես, ես էլ քեզանից գոհ կլինեմ»:

Աբոլթաֆիլ անունով մի մարդ ասում է. «Մի օր տեսա Ալիին, որ իր շուրջն էր հավաքել որբ ու առանց խնամակալ երեխաներին ու նրանց համար սփռոց էր փռել: Այդտեղ դասավորել էր մեղր ու այլ կերակուրներ ու մեղրով շաղախված համեղ պատառներ էր դնում նրանց բերանը: Այս տեսարանն այնքան հաճելի էր, որ ոմանք ասացին. «Երանի մենք էլ որբ լինեինք ու նման կերպով Ալիի բարությանն արժանի դառնայինք»:

Նա Մալեք Աշթարին հղած նամակում ժողովրդի հանդեպ բարի վերաբերմունքի կապակցությամբ ասում է. «Քո սրտում արթնացրու ժողովրդի հանդեպ բարության ու գթության զգացմունքը...Ներիր նրանց մեղքերն ու թերացումները, հենց այնպես որ կցանկանաս Աստված ների ու ողորմի քո մեղքերը»:

Յուրաքանչյուր իշխանության գլխավոր առաքելություններից մեկը ժողովրդի անվտանգության ապահովումն է: Այն երկիրը, որ չկարողանա ապահովել իր ամենաանհրաժեշտ կարիքը, այսինքն անվտանգությունը, չի կարող լուրջ կերպով վերահասու լինել իր հարցերին ու խնդիրներին: Անվտանգության հանդեպ ուշադրությունը հասարակությունների ներքին ու արտաքին խնդիրների կարգավորման ուղղությամբ գլխավոր դերակատարություն ունի, քանի որ առանց անվտանգության քաղաքական, մշակութային ու տնտեսական ոլորտներում զարգացումն իրականություն չի դառնա: Ալին էլ իշխանության ղեկն ստանձնելուց հետո հատուկ ուշադրություն է ցուցաբերում այս հարցի հանդեպ և հայտարարում է տարբեր մակարդակներում անվտանգության հաստատման կապակցությամբ իր հստակ դիրքորոշումները:

Ալին իսլամական իշխանության գլխավոր նպատակներից մեկը համարում է ժողովրդին սպառնացող գործոնների դիմակայումը, որոնցից է նրանց ֆիզիկական գոյության, ունեցվածքի և պատվի դեմ ոտնձգությունը: Նա ասում է. «Ժողովուրդը պարտադիր կերպով իշխանի կարիք ունի, բարեգործ լինի նա, թե՝ չարագործ, որպեսզի նրա միջոցով կռվի թշնամու դեմ, ճանապարհները դառնան ապահով, թույլերի խլված իրավունքները հետ վերցվեն հզորներից, բարեգործները անդորր ապրեն ու զերծ մնան չարագործներից»: Քանի որ հասարակական անվտանգության ապահովումն իշխանության հիմնական պարտականություններից է, Իմամը շարունակ իր իշխանության գործակատարներին հիշեցնում էր, որ զերծ մնան քաղաքացիների կյանքի, գույքի ու պատվի հանդեպ ցանկացած տեսակի ոտնձգությունից:

Իմամ Ալին հատուկ կերպով շեշտադրում էր երկրի սահմանների անվտանգությունը: Անկասկած ցանկացած ժողովուրդ իր գոյությունը պահպանելու համար պիտի դիմակայի արտաքին թշնամիներին ու պաշտպանի իր գոյությունը: Այս ուղղությամբ զորքն ամուր ամրոցի նման դիրքավորվում է թշնամու դիմաց և պաշտպանում է սահմանները: Ալին այսպես է բնութագրում զինվորական ուժը. «Զորքն Աստծո հրամանով ամուր ամրոց է ժողովրդի համար»: Երկրի սահմանների պաշտպանությունն ու դրա անվտանգության ապահովումն այնքան կարևոր է Ալիի համար, որ իր հավատարիմ աջակիցներից Քոմեյլ Էբն Զիադին թշնամու հարձակումը հետ մղելու հարցում թերանալու պատճառով քննադատում և ասում է. «Կամուրջ ես դարձել թշնամիներիդ անցնելու  համար, որոնք ցանկանում են կողոպտել քո բարեկամներին....Ոչ նրանց ներթափանցման ճամբաները փակեցիր ու ոչ էլ հարվածեցիր թշնամու հզորությանը»:

Ներքին անվտանգության հաստատումն ու ճանապարհների անվտանգության ապահովումն Ալիին հետաքրքրող հարցերից է: Նա Խավարեջ ծայրահեղական խմբի դեմ պայքարի գլխավոր պատճառներից մեկը համարում է ճանապարհներն անապահով դարձնելը և ասում է. «Իրավամբ, նրանք հեռացան բարու ճանապարհից և անմեղ արյուններ հեղեցին ու անապահով դարձրեցին ճանապարհները»: Իմամ Ալին առաջին իշխանն էր, որ ներքին անվտանգությունն ապահովելու համար իսլամական մի երկրում իրավապահ ուժ ստեղծեց և ոստիկանապետ նշանակեց: Նա հատուկ քննիչներ էր գործուղում տարբեր կետեր, որպեսզի մանրակրկիտ կերպով զեկուցեն ցանկացած նահանգի ու դրա ժողովրդի վիճակի, ինչպես նաև պետական պաշտոնյաների գործունեության վերաբերյալ:

Ալիի դիտանկյունից անվտանգությունը հանրային թեմա է և վերաբերում է հասարակության բոլոր խավերին: Այդ անվտանգությունն այնքան մեծ նշանակություն ունի, որ դրա լույսի ներքո իմաստ են ստանում հասարակության տարբեր անդամների, ինչպես նաև ժողովրդի ու իշխանության փոխադարձ իրավունքները: Ալին մերժում է ցեղապաշտությունը և հարգում է այլ կրոնների հետևորդների արժանապատվությունն ու ազատությունը: Նա իր հետևորդներին հրաժարեցնում էր աստվածային կրոնների հետևորդների հանդեպ ցանկացած տեսակի ոտնձգությունից ու բռնությունից:

Մի օր նրան տեղեկացնում են, որ Մոավիեի զորքը հարձակվել է Անբար սահմանային քաղաքի վրա: Նրանք յուրացրել էին կանանց զարդեղենն ու իսլամի իշխանության ներքո գտնվող ոչ-մուսուլման մի կնոջից խլել էին նրա ականջօղերն ու այլ զարդեղենը: Նա ասում է. «Այս միջադեպի մասին լսելով եթե մի մուսուլման մարդ վշտից մահանա, նրան չպիտի մեղադրել»:

Ալիի այս արտահայտությունը ցույց է տալիս նրա դիտանկյունից մարդու իրավունքների խորքը: Բացի այդ դա վկայում է այն մասին, որ այլ կրոնների հետևորդները մյուս քաղաքացիների նման գտնվում են Ալիի նման արդարադատ իշխանի հովանու ներքո և նրա պարտականություն են համարում իրենց կյանքի ու գույքի պաշտպանությունը:

Իմամ Ալիի դիտանկյունից անվտանգության մի այլ բաժինը վերաբերում է մտային ու հոգեկան անվտանգությանը: Մարդկանց միտքն ու գիտակցությունն այն ժամանակ է դաստիարակվում, երբ նա մտային ու հոգեկան անվտանգություն է զգում, որպեսզի կարողանա պաշտպանել իր իրավունքները: Ալիի իշխանության շրջանում նման անվտանգության ստվերի ներքո ժողովուրդն ու նույնիսկ ընդդիմադիրները լիարժեք ազատություն են վայելում: Նա խոսքի ազատության հարցն ամբոխավարության նպատակով չէր արծարծում, այլ դա ի ցույց էր դնում գործնականում: Թեև Ալիի ընդդիմադիրները մզկիթներում ու հանրային վայրերում արտահայտվում էին նրա դեմ ու շարունակ նրան վիրավորում էին, սակայն որևէ մեկը նրանց դեմ չէր բռնանում: Նրանք մինչև այնքան ժամանակ, երբ զենք չէին վերցրել ու զորաշարժ չէին կազմակերպել, ապրում էին Ալիի իշխանության հովանու ներքո և Ալին հանդուրժում էր նրանց: