Ճանաչենք իսլամը (143)
Իմամ Ալիի անհատականության գլխավոր յուրահատկություններից մեկն անհիմն նախապաշարումներից ու նախանձից հեռու մնալն էր: Այդ պատճառով չնայած նրան, որ նա իսլամական իշխանության թշնամիներին ու անարժաններին թույլ չէր տալիս իշխանության կառուցվածքին մաս կազմել, սակայն միևնույն ժամանակ պաշտոնապես հարգում էր նրանց մարդկային կյանքի և հանգիստ ու ապահով կյանք վարելու իրավունքը և դրա իրագործման ուղղությամբ չափազանց բծախնդիր էր:
Այսօր շարունակելու ենք Իմամ Ալիի իշխանության հատկանիշների քննարկումը: Իմամ Ալիի իշխանական կարևոր ծրագրերից մեկը իսլամական հասարակության մեջ միասնականության ու միատարրության պահպանումն էր: Նա ժողովրդի միջև բարեկամությունը համարում էր իսլամի մեծապատիվ մարգարեի գլխավոր պարգևներից մեկը և իր քարոզներից ու ելույթներից շատերում ընդգծում էր միասնականության նշանակությունը: Նա հասարակության մեջ միասնականության հիմքերի ամրապնդման ուղղությամբ կարևոր էր համարում իշխանավորի դերակատարությունը և այդ կապակցությամբ ասում էր. «Ժողովրդի հանդեպ իշխանավորի դերակատարությունը նման է մի թելի, որն իրար կողքի է պահում ու իրար կապում է շարիկները. Եթե այդ թելը կտրվի շարիկները ցրիվ են գալու և չեն կարող իրար շուրջ հավաքված մնալ»:
Իմամ Ալին այս պարզ օրինակով հիշեցնում է, որ ժողովրդի միասնականությունը հիմնական մի առանցքի կարիք ունի, որը արժանավոր ղեկավարությունն է, որպեսզի նա հեռու մնալով տարաձայնություններից ու պառակտիչ ու խտրականություն առաջացնող գործոններից, ժողովրդին միավորի մի առանցքի շուրջը:
Չնայած իսլամ ժողովրդի միասնականության պահպանման ուղղությամբ Իմամ Ալիի ի գործ դրած ջանքերին, ոմանք դրան հակառակ ընթացք ընդունեցին ու թշնամական դիրքորոշում որդեգրեցին նրա արդարատենչական ծրագրերի հանդեպ: Քանի որ Իմամ Ալիի խալիֆայության շրջանը սկսվելով ու նրա իշխանական ծրագրերը հայտարարվելով, որը հասարակական, մշակութային, քաղաքական ու տնտեսական բնագավառներում հիմնական բարեփոխումներ էր պարունակում, պայմանները լիովին փոխվեցին: Նրա վերցրած քայլերը դրական արդյունք ունեին հասարակության զրկված ու խոցված խավերի համար, սակայն մի շարք ընչաքաղցների ու պատեհապաշտների համար դրանք ընդունելի չէին: Հետևաբար իշխանության ձգտող անձինք կամ նրանք, ովքեր շահում էին հասարակության մեջ տիրող խտրականությունից ու անհավասարությունից,Իմամ Ալիի դեմ հակառակության դրոշ պարզեցին: Նրանք մուսուլմանների մոտ կասկածի սերմեր տարածելով հասարակության մատնեցին պառակտման ու տարաձայնության: Այդ պառակտման արդյունքում հասարակության մեջ գլուխ բարձրացրեցին մի խումբ ընդդիմադիր շարժումներ:
Նման խմբեր տարբեր պատճառներով սկսեցին հակառակել Իմամ Ալիի հետ և արյունալի պատերազմների պատճառ դարձան: Ընդհանուր դասակարգման ենթարկելով Իմամ Ալիի ընդդիմադիրներին կարելի է տեղավորել երեք հիմնական հոսանքներում, որոնց կանդրադառնանք մեր զրուցաշարի ընթացքում: Ընդդիմադիր հոսանքների հանդեպ Իմամ Ալիի ցուցաբերած մոտեցման մասին բազմաթիվ քննարկումներ են եղել, սակայն այն ինչը, որ առավել մեծ ուշադրության է արժանացել ընդդիմության հետ նրա ազատախոհ ու հոգատար վերաբերմունքն է: Իհարկե ընդդիմության հանդեպ մինչև այն ժամանակ էր նման վերաբերմունք ցուցաբերվում, երբ նրանք զենք չէին վերցրել կամ հանրային անվտանգությանը չէին սպառնում: Ժողովրդի բոլոր խավերի համար ստեղծված անվտանգության միջավայրում, ընդդիմությունն էլ մյուս քաղաքացիների նման անհրաժեշտ ազատություններ ուներ: Իմամ Ալին կարգադրել էր չդադարեցնել հանրային գանձարանից նրանց վճարվող գումարը և մինչև այնքան ժամանակ երբ զինված պայքար չէին սկսել, նրանց դեմ չկռվեց:
Բնական կերպով Իմամ Ալին իր հետ թշնամի անարժան ու պատեհապաշտ անձանց թույլ չէր տալիս իշխանական կառուցվածք մուտք գործել: Այդուհանդերձ հարգում էր մարդկային կյանքի և հանգիստ ու ապահով կյանք վարելու նրանց իրավունքը և դրա իրագործման ուղղությամբ ջանք էր գործադրում: Իսլամում մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված Իմամ Ալիի հայացքներում մարդն Աստծո արարածների թագն է և անկախ նրա հավատքից անհրաժեշտ է պահպանել նրա հանդեպ հարգանքը: Նա հարգում էր ընդդիմությանը և երբևէ չէր փորձում դիմացինին վիրավորել կամ անարգել: Հիմնականում իշխանության շրջանում Իմամ Ալիի նպատակներից մեկն այն էր, որ ժողովրդի գիտակցության մակարդակը բարձրացվի և հարցերը կարգավորվեն մտքի ուժի ու տրամաբանության միջոցով: Քանի որ վիրավորանքն ու հայհոյանքը փակում է մտածելու և տրամաբանելու ուղին: Թեև Ալիի ընդդիմադիրները նրան վիրավորում էին, սակայն նա մեծ ու արժանավոր մարդկանց յուրահատուկ համբերատարությամբ նրանց ասում էր. «Եթե համաձայն լինեք ես պատրաստ եմ ձեզ հետ բանավիճելու»: Երբեմն էլ նրանց հետ վիճարկումներ էր կատարում: Հավանաբար պատմության ընթացքում հնարավոր չլինի գտնել մի իշխանավոր, որ իր հզորության գագաթնակետում ընդդիմությունը թույլատրված լինի համարձակորեն նրան վիրավորել ու նա այդ աստիճան համբերատար գտնված լինի: Իմամ Ալին գտնվելով բարոյական ու հոգևոր ամենաբարձր աստիճանում նպատակ ուներ հիմքը դնել այնպիսի մի հասարակության, որի արմատները հիմնված լինեն բարոյականության և մարդկային ու աստվածային արժեքների վրա:
Թեև Իմամ Ալին ընդդիմադիր ու թշնամի հոսանքներին քննադատության ու հակառակության իրավունք էր վերապահում, սակայն դա այն իմաստով չէ, որ դավաճաններին ու սադրիչներին թույլատրում էր կատարել իրենց ցանկացած գործը: Հետևաբար երբ խռովարար խմբերը դիմեցին զինված շարժման ու ռազմական դիրքավորում ընդունեցին, նա նրանց դիմակայելուց բացի ուրիշ այլընտրանք չունեցավ: Այդուհանդերձ երբ գործը հասնում էր դիմակայման, հնարավոր չափով խուսափում էր բռնարարքներից ու արյունահեղությունից և մինչև վերջին պահը փորձում էր լուսաբանել նրանց ու կանխել պատերազմն ու արյունահեղությունը: Մարդկանց արյունը թանկ լինելու և արյունահեղությունն անթույլատրելի լինելու հանդեպ Ալիի արտակարգ զգայնությունը լավապես նկատելի է Մալեք Աշթարին գրած մի նամակում, որտեղ նա ազդարարում է. «Խուսափիր արյունից ու հրաժարվիր անտեղի արյունահեղությունից, քանի որ որևէ բան անտեղի հեղված արյան չափ աստվածային պատժի արժանի չէ և պատիժը չի մեծացնում, շնորհները չի կրճատում ու չի կարճացնում իշխանության շրջանը: Ահեղ դատաստանի օրը բարեգութ Աստված առաջին վճիռը կայացնելու է հեղված արյունների մասին: Ուրեմն քո իշխանությունն արյուն հեղելով մի ամրապնդիր, քանի որ անտեղի հեղված արյունը ոչ միայն թուլացնում է իշխանությունը, այլ դրա կործանման ու ուրիշին փոխանցվելու պատճառ է դառնում»:
Իմամ Ալիի դեմ գլուխ բարձրացրած խմբերից մեկը ուխտադրուժները կամ «Նաքեսին»-ն էին, որոնց գլխավորում էին Թալահեն ու Զոբեյրը: Երբ Իմամ Ալին ստանձնեց իշխանությունը պաշտոնազրկեց երրորդ խալիֆայի կողմից նշանակված որոշ գործադիր պաշտոնատարներին ու նրանց տեղը նշանակեց արժանավոր ու բանիմաց անձանց: Թալահեն ու Զոբեյրն Իմամ Ալիի հետ ուխտակցություն հայտնած անհատներից էին: Նրանք Իմամի հետ ուխտակցեցին աչք ունենալով Քուֆեի ու Բասրայի կառավարիչի պաշտոններին: Մի առ ժամանակ անց նրանք հիասթափվելով դրժեցին իրենց ուխտն ու սկսեցին հակառակություն ցուցաբերել: Նրանց հետ Իմամ Ալիի հակառակությունն այն պատճառով էր, որ Թալահեն ու Զոբեյրը սկսել էին դրամ ու հարստություն կուտակել: Նա նման անձանց պաշտոններ տալն ու նրանց հանրային գանձարանի կառավարիչ նշանակելը չարիք էր համարում: Հետևաբար նրանց ովքեր գանգատվում էին իր մոտ ասում էր. «Արդյոք ցանկանում եք, որ իմ հաղթանակի համար անարդարություն գործադրեմ նրանց հանդեպ, որոնց ես իշխում եմ: Երդվում եմ Աստծո անունով, որ մինչև այնքան ժամանակ երբ Արեգակը ծագում է և երկնքում մի աստղ է փայլում, նման քայլի չեմ դիմելու»:
Երբ Ալին տեղեկացավ, որ Նաքեսինի պարագլուխները Մեքքայից շարժվել են դեպի Բասրա և մարդուժ ու սպառազինություն ժողովելով նպատակ ունեն պատերազմ հրահրել, Մեդինայի ու Քուֆեի բնակիչներից ուզեց նրանց դիմադրելու համար Բասրա ուղևորվել: Այդուհանդերձ Իմամ փորձում էր կանխել պատերազմն ու արյունահեղությունը:
Թալահեն ու Զոբեյրն իրենց ռազմամոլական ծրագիրը գործադրելու համար փորձում էին ժողովրդի կողմից ընդունված ու հարգված մի անձի գտնել ու չարաշահելով նրա դիրքը ընդվզել Ալիի իշխանության դեմ: Հետևաբար դիմում են մարգարեի կնոջը՝ Այեշային: Այդպիսով ձևավորվում է Ալիի դեմ ընդդիմության առաջին կորիզը: Նրանք Օսմանի արյան վրեժը լուծելու պատրվակով անտեղյակ ժողովրդին հրահրում են Ալիի իշխանության դեմ ընդվզման ու ապստամբության:
Իմամ Ալին նրանց սադրանքը չեզոքացնելու համար փորձում է բանակցության միջոցով Թալահեին, Զոբեյրին ու մյուսներին հրաժարեցնել վտանգավոր այդ քայլից: Իմամը նամակ է գրում Թալահեյին ու Զոբեյրին, սակայն նրանք պատրվակ են ծառայեցնում Օսմանի արյան վրեժը: Իմամը նրանց պատասխանելով ասում է. «Օսամնի արյունը կաթում է ձեր սրից ու հիմա դա ինձանից եք պահանջում»:
Այդուհանդերձ Իմամն իր զորքին հրահանգում է երբևէ պատերազմը սկսող կողմը չլինել: Նրանից հետո, երբ նրա աջակիցներից մի քանիսը թշնամիների արձակած նետերով նահատակվում են, Իմամ Ալին նրանց պատասխանելու հրահանգ է արձակում:
Այդուհանդերձ Իմամը չի դադարեցնում պատերազմից խուսափելու իր ջանքերը և երկու զորքի միջև ընկած տարածության մեջ հանդիպում է Զոբեյրին: Նա Զոբեյրին հիշեցնում է մարգարեի ժամանակներին պատկանող մի դրվագ: Նա ասում է. «Հիշում ես, որ մարգարեն ասաց, թե ով Զոբեյր դու կկռվես Ալիի դեմ, մինչդեռ չարագործը դու ես լինելու»: Զոբեյրն ասաց՝ այո: Ալին ասաց. «Սա հենց այն օրն է»: Զոբեյրն ասում է. «Եթե հիշեի քո դեմ պատերազմի դուրս չէի գալ»: Այդպիսով Զոբեյրը լքում է պատերազմի դաշտը: Նա որոշում է Մեքքա վերադառնալ, սակայն սպանվում է Բասրայի բնակիչներից մեկի կողմից:
Չնայած պատերազմի կրակը մարելու և արյունահեղությունից խուսափելու համար Ալիի անկեղծ ջանքերին, խոստումնադրուժները սկսեցին պատերազմը: Դա Ալիի իշխանության շրջանում առաջին պատերազմն է, որը հայտնի է «Ջամալ»-ի պատերազմ անունով: Այդ պատերազմում խոստումնադրուժները պարտություն կրեցին: Սակայն Իմամը հրահանգեց չսպանել վիրավորներին ու գերիներին ու չհետապնդել փախուստի դիմածներին ու ներում է նրանց ովքեր զենքը վայր էին դրել: Այդպիսով պատերազմն ավարտվում է Իմամ Ալիի կտրուկ հաղթանակով: