Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: Տնտեսական հարցերով հետաքրքրվող մեր սիրելի բարեկամներ ձեզ հրավիրում ենք ունկնդրելու մեր այս հաղորդումը: ՀԳՀԾ-ից հետո ԱՄՆ-ի խափանարար քայլերն ու շրջափակումները շարունակում են քննարկվել քաղաքական ու լրատվական շրջանակների կողմից: Դրանք ինչքանով են ազդում Իրանի տնտեսության վրա և արդյոք ԱՄՆ-ն կարող է վերականգնել մինչև նախքան ՀԳՀԾ-ն գոյություն ունեցող իրավիճակը, այն հարցերն են, որոնց կփորձենք պատասխանել մեր հաղորդման ընթացքում:
ԱՄՆ Սենատը շարունակելով ԻԻՀ-ի դեմ թշնամական քայլերը վավերացրեց այսպես կոչված «Իրանի անկայունացնող քայլերի դիմակայում-2017» օրենքը, որը ներառում է հրթիռային ծրագրերի ու ահաբեկչության հետ կապված շրջափակումներն ու սպառազինական շրջափակումների գործադրումը:
Շրջափակումներին կատարված վերադարձն այն պայմաններում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ճնշումներ գործադրվելու միջոց ծառայեցվում, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն անցած շաբաթ Իրանի հետ համաձայնության եկած բոլոր կողմերի հավատարմության մասին դրական զեկույց հրապարակեց:
Այս զեկույցը միջազգային առումով ու նաև ՀԳՀԾ-ն ստորագրած այլ կողմերի, այսինքն ԵՄ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի դիտանկյունից կարևոր կետեր է պարունակում և ապացուցում է, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հարցում միակողմանի կողմնորոշում է որդեգրել և նրա կողմից շրջափակումների շեփորի հնչեցումը չի կարող մեծ ընդառաջում գտնել:
Միջազգային հարցերի փորձագետ Հասան Բեհեշթիփուրն այդ կապակցությամբ մի հոդվածում գրում է. «Հակառակ անցյալին երբ ԱՄՆ-ն իրավական հիմնավորումներով ու նաև հիմք ընդունելով ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի բանաձևերը կարող էր Իրանի դեմ ճնշումների ու շրջափակումների համար հող նախապատրաստել և այդ հարցում իրեն ուղեկից դարձնել ԵՄ-ի անդամ երկրներին և Իրանի առևտրական գլխավոր գործընկերներին, այդ թվում Չինաստանին, ճապոնիային, Հարավային Կորեային ու Հնդկաստանին, այսօր նման մթնոլորտ գոյություն չունի: Նոր շրջափակումներ սահմանելու ուղղությամբ Թրամփի ջանքերն ու նաև ՀԳՀԾ-ին ուղղված նրա քննադատությունները միայն ընդառաջվում են Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի մի քանի արաբ դերակատարների, այդ թվում Սաուդյան Արաբիայի կողմից, մինչդեռ եվրոպական կարևոր երկրները ՀԳՀԾ-ից հետո Իրանի հետ առևտրական կարևոր պայմանագրեր են ստորագրել և նրանց շահերը թելադրում են պահպանել ՀԳՀԾ-ի գործադրման խաղաղ գործընթացը»:
-------------------
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անցած շաբաթ եվրոպական շրջայցի շրջանակներում ուղևորվելով Գերմանիա, Իտալիա և Ֆրանսիա Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հետ զրույցում ասաց. «Ժողովուրդների կամքը փշրելու նպատակով շրջափակումը, պատժամիջոցներ կիրառելն ու սպառնալիքը հանգեցնելու են նրանց վճռակամության ամրապնդմանը»:
ԻԻՀ ԱԳ նախարարը նաև ասաց. « Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների գործադրումը քաղաքական ու տնտեսական առումով լիովին հակառակ արդյունք է ունենալու նրանց համար»:
Զարիֆի հետ հանդիպումների ժամանակ ՀԳՀԾ-ի գործադրման վրա Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնատարների դրած հատուկ շեշտը վկայում է ՀԳՀԾ-ի հանդեպ նրանց դրական հայացքի մասին: Իրականությունն այն է, որ ՀԳՀԾ-ին հաջորդած նոր պայմաններում Իրանը շատ երկրների, այդ թվում եվրոպական կողմի հետ տնտեսական համագործակցությունների շուրջ համաձայնության է հանգել և փորձում է վերացնել իր առևտրական գլխավոր գործընկերների հետ համագործակցության ճամբին առկա արգելքները, որոնց շարքին է դասվում բանկային համակարգերին հասանելիությունը: Այդուհանդերձ այս մտահոգությունը չի վերացել և ԱՄՆ-ի կողմից շարունակվում են ՀԳՀԾ-ն խափանելուն ուղղված ջանքերը:
Իտալիայում հրատարակվող «Լա Ռեփուբլիքա» օրաթերթը «30 միլիարդ եվրո արժողությամբ ստորագրված պայմանագիրը վտանգված է Թրամփի կողմից» խորագրով հոդվածում գրել է. «Այս կողմնորոշումը վտանգավոր հետևանքներ կունենա: Մտահոգություն գոյություն ունի, որ այս ընթացքի շարունակվելը և տարածաշրջանում քաղաքական լարվածությունները կարող են հագեցնել 300-ից 400 միլիարդ դոլար հավելյալ արժեք ունեցող շուկայում արտաքին ներդրումների լճացմանը»:
ԵՄ-ն արձագանքելով ՀԳՀԾ-ն չեղարկելու ուղղությամբ ԱՄՆ-ի սպառնալիքներին մի հաղորդագրությամբ ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ իր լիարժեք հավատարմությունը և հայտարարեց, որ Եվրոպան վճռակամ է անկախ որոշում ընդունել և ԱՄՆ-ն չի կարող հօգուտ իրեն առգրավել Եվրոպայի շահերը:
-------------
Այս շաբաթ եվրոպական մի քանի երկրների հետ Իրանի համաձայնությունների շուրջ լուրեր հրապարակվեցին:
Իրանը և Ֆրանսիայի Total նավթընկերության միջազգային կոնսերցիումը Թեհրանում ստորագրեցին Հարավային Փարս հանքավայրի 11-րդ բլոկի զարգացման մասին 4 միլիարդ 800 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագիր:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանի ներկայությամբ Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ բլոկի զարգացման մասին պայմանագիրը ստորագրել են Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրեն Ալի Քարդարը, Ֆրանսիայի Total-ի գործադիր տնօրեն Պատրիկ Պույանը, Չինաստանի ազգային նավթընկերության գործադիր տնօրեն Լուն և «Petropars» ընկերության տնօրեն Էզաթոլլահ Աքբարին:
Պայմանագրի համաձայն՝ Կատարի հետ համատեղ հարավային Փարս գազի հանքավայրում Իրանի արդյունահանման ծավալը օրական 56 միլիոն խորանարդ մետրով կավելանա:
Հարավային Փարսը գազի խոշորագույն հանքավայրն է աշխարհում: Դրա պաշարները գնահատվում են 14 տրիլիոն խորանարդ մետր և 18 միլիարդ բարել գազային կոնդենսանտ, որը կազմում է աշխարհի գազի 8 տոկոսը:
Total-ը երկու փուլերում 5 միլիարդ դոլար ներդրում կկատարի Հարավային Փարսի 11-րդ բլոկի ընդլայնման բնագավառում:
------------------
ԻԻՀ ԱԳ նախարար անցած շաբաթ Եվրոպա կատարած ուղևորության ժամանակ Գերմանիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի պաշտոնատարների հետ զրուցեց տնտեսական համագործակցությունների ընդլայնման շուրջ:
Գերմանիայի տնտեսության նախարար Բրիջիթ Ցիպրիսի հետ հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրանը և Գեմանիան կարող են ընդլայնել բանկային ոլորտում իրենց տնտեսական համագործակցությունները»:
Գերմանիայի տնտեսության նախարարը հանդիպման ընթացքում ողջունելով Իրանի և Գերմանիայի տնտեսական հարաբերության ընդլայնմանն ուղղված քայլերն ասել է.-«Գերմանիան ողջունում է տնտեսական և քաղաքական ասպարեզներում Իրանի հետ համագործակցությունների ընդլայնումը»:
------------------
Ասիայի և Եվրոպայի մի հատվածի խորհրդարանների նախագահներն այս շաբաթ քննարկեցին Եվրասիայի տարածքում համագործակցության ընդլայնումը: Այդ քննարկումն անցկացվեց Սեուլում գումարված նստաշրջանում, որին մասնակցում էր նաև Իրանի խորհրդարանի նախագահը: Այդ ուղևորության ընթացում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նաև հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահին:
Ալի Լարիջանին երեքշաբթի օրը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գումարված Եվրասիական տարածաշրջանի խորհրդարանների նախագահների նստաշրջանին առընթեր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց էնեգետիկայի ոլորտում Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու ԻԻՀ-ի պատրաստակամության մասին:
Իրանի հետ ցամաքային սահմանով ու նաև սահմանամերձ տարածքներում ազատ գոտիների գոյությամբ Հայաստանը կարող է Սև ծովն ու Պարսից ծոցն իրար միացնող ամենակարճ ու ապահով ճանապարհը դառնալ: Իրանը տարածաշրջանում իր գեոպոլետիկական դիրքի բերումով և օգտելով հարավ-հյուսիս տրանցիկային միջանցքից կարող է Կասպից ծովի հարևաններին իրար միացնող օղակ համարվել և հնարավորություն ստեղծել ազատ ջրերին այդ երկրների հասանելիության համար: Այս հնարավորություններն ընդլայնում են տարածաշրջանային զարգացման պոտենցիալները: Նույն շրջագծում են գնահատվում նաև Իրան-Հայաստան հարաբերությունները: Անցած դեկտեմբերին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի պաշտոնատարները զրուցեցին տարբեր բնագավառներում երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների շուրջ և ստորագրվեցին համագործակցության հինգ փաստաթղթեր:
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն անցած ամիս Իրանի Կենտրոնական նահանգի ոչ-նավթային արտահանումների ընդլայնման աշխատանքային խմբի նիստում հայտարարեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի բերումով կարող է Եվրասիայի 180 միլիոն հոգանոց շուկայում ներգրավվելու հող նախապատրաստել Իրանի համար: