Ճանաչենք իսլամը (145)
Իր նպատակների իրագործման համար Ալին երբևէ չդիմեց սատանայական քաղաքականությունների օգնության ու հակամարդկային քայլերի, ու նպատակը չդարձրեց արդարացման միջոց: Իմամ Ալին մեկտեղել էր քաջությունն ու խոնարհությունը, հզորությունն ու բարությունը, իշխանությունն ու արդարությունը, գիտությունն ու բարեպաշտությունը և ճգնությունն ու ջիհադը և համարվում էր Բարու ճանապարհի հետևորդների օրինակը:
Ողջույն թանկագին բարեկամներ: Եթե հիշում եք մեր նախորդ մի քանի հաղորդումների ժամանակ անդրադարձանք Իմամ Ալիի իշխանության յուրահատկություններին: Իրականությունն այն է, որ Ալին իր յուրահատուկ պահվածքով, կենսակերպով ու նաև իշխանական մեթոդներով հիշեցնում էր մարգարեին: Իմամ Ալիի անհատականության ուսումնասիրությունը կարող է ուսանելի բազմաթիվ կետեր ունենալ, սակայն այն ինչը, որ պատճառ է դարձել նա հավերժ փայլի պատմության մեջ նրա մաքուր հավատքն ու ազնվությունն են: Նրա փառքով լեցուն կյանքը անցկացավ իսլամ կրոնի պաշտպանությամբ ու այդ ճանապարհին բազմաթիվ սխրագործություններ կատարեց: Մարգարեի աջակիցների մեջ որևէ մեկը իսլամի ճանապարհին անձնազոհության տեսակետից չի կարող համեմատվել ու մրցակցել նրա հետ: Նա մարգարեի գլխավոր աջակիցն ու իսլամի նվաճումների գլխավոր բանալին է: Իմամ Ալին այնպես էր հակված դեպի Բարին ու կապակցված էր նրան, որ մարգարեն նրա մասին ասում է. «Ալին Բարու հետ է և Բարին՝ միշտ Ալիի հետ»:
Ալին իր իշխանության հիմնական սկզբունքներից մեկը հասարակության մեջ բարոյական նեխածությունների վերացումն ու հոգևոր արժեքների վերականգնումն էր հայտարարել: Այդ պատճառով նա իր իշխանության շրջագծում բռնությունն ու նեխածությունն արմատախիլ անելու համար հիմնական բարեփոխումներ ձեռնարկեց:
Իմամ Ալիի կյանքն ու պահվածքը իսլամի հայելին են: Ալին իր աջակիցների հետ բարեկամական զրույց էր ունենում: Այդուհանդերձ պահպանում էր իր հմայքը: Նրա աջակիցներն ասում էին. «Ալին մեր մեջ, մեր բոլորի նման էր, սակայն համեստ ու խոնարհ լինելով հանդերձ այնպիսի հմայք ուներ, որ նրա դիմաց մեզ փոքր էինք զգում»: Նա բարեպաշտության ու աշխարհիկ կյանքի հանդեպ անուշադրության տեսակետից գերազանցում էր բոլոր բարեպաշտներին: Նա չափազանց պարզ ու համեստ կյանք էր վարում: Թեև մեծ իշխանություն ուներ, սակայն ապրում էր չքավորների նման: Ուտեստով, հագուստով ու բնակարանով ապրում էր հասարակության չքավոր անձանց նման :
Աբդոլլահ Իբն Աբի Ռաֆեն ասում է. «Բերանը կնքած քսակ նկատեցի նրա մոտ: Երբ դա բացեց նկատեցի, որ դրա մեջ գարու հացի փշուրներ կան: Ասացի. «Ով Ամիրապետ, ինչո՞ւ ես դա կնքել»: Ասաց. «Որ հանկարծ իմ երեխաները դրան յուղով կամ ձեթով չշաղախեն»:

Ալին իր վաստակած սեփական գումարով հազարավոր ստրուկների ազատեց ու երբևէ անպատասխան չթողեց կարիքավորներին ու աղքատներին: Թեև տիրապետում էր իսլամի ընդարձակ տարածքներին, մուսուլմանների հանրային գանձարանից իր համար ոչինչ չվերցրեց ու երբ վախճանվեց մի քանի դերհամից բացի ոչինչ չուներ: Նա արմավի բազմաթիվ այգիներ տնկեց ու բոլորը նվիրեց չքավորներին ու զրկվածներին: Իմամ Ալին բարությամբ մխիթարում էր չքավորներին ու ընչազուրկներին ու թեև մուսուլմանների իշխան էր, գիշերվա ժամերին նրանց համար ուտելիք էր տանում: Նա ուշադրությամբ հետևում էր որբերի ու անապաստանների վիճակին ու երբեմն անձամբ փորձում էր բավարարել նրանց կարիքները: Նա ասում էր. «Ես որբերի ու ընչազուրկների հայրն եմ, ես այրի կանանց խնամակալը, թույլերի ապաստարանն ու բռնահարվածների հույսն ու ապավենն եմ»:
Նա իր վերջին կտակում ասում է. «Ձեզ երդում եմ տալիս Աստծո անունով, որ որբերին չանտեսեք»:
Պատմության մեջ ասված է, որ մի օր փողոցում նկատում է մի կնոջ, որ ուսին դրած ջրի պարկը դժվարությամբ դա կրում է իր հետ: Նա կնոջը խնդրում է ջրի պարկը հանձնել իրեն: Ալին վերցնում է պարկն ու հարցնում է կնոջ վիճակի մասին: Պարզվում է, որ նրա ամուսինը Իմամ Ալիի զինվորներից է եղել և նահատակվել է պատերազմներից մեկի ժամանակ, հետևաբար այդ կինն իր զավակների ապրուստն ապահովելու համար պարտավորվել է աշխատել: Ալին հարցնում է նրան տան հասցեն ու շարունակում իր ճանապարհը: Գիշերը լուսացնում է անհանգստությամբ ու լուսադեմին վերցնում է արմավով, ձեթով, ալյուրով ու մսով լցված մի զամբյուղ ու գնում է այդ կնոջ տան դուռը: Բախում է դուռը և իրավունք հարցնելով մուտք է գործում այդտեղ: Նա կնոջը խնդրում է թույլ տալ կամ երեխաներին զբաղեցնել և կամ էլ ալյուրով հաց թխել: Կինն ասում է. «Դուք երեխաներին զբաղեցրեք ու ես հաց կթխեմ: Աստված քեզանից գոհ մնա և դատավոր լինի իմ ու Ալի Իբն Աբիթալեբի միջև»:

Ալին եփում է միսը և արմավի ու այլ ուտելիքների հետ միասին դնում է երեխաների բերանը: Յուրաքանչյուր պատառը նրանց բերանը դնելիս ասում է. «Զավակներս, ներեք Ալիին»: Երբ խմորը պատրաստվում է հաց թխելու համար, կինն ասում է. «Ով Աստծո ծառա վառիր թոնիրը»: Ալին վառում է թոնիրն ու իր դեմքը բռնում է կրակի բոցերի դիմաց ու ասում է. «Ալի ճաշակիր: Սա է որբերին անտեսողների պատիժը»:
Այդ պահին տուն է մտնում հարևան կինն ու նկատում է, որ Ալին խաղում է որբ երեխաների հետ ու համեղ պատառներ է դնում նրանց բերանը: Նա որ ճանաչում էր Ալիին այդ տեսարանի ականատեսը լինելով զարմանում է և կնոջը հարցնում է. «Վայ քեզ: Սա մուսուլմանների խալիֆան է, որ քո տանն աշխատում է և խաղում է երեխաներիդ հետ»: Այդ կինը զղջում է իր ասածի ու արածի համար և ներողություն խնդրելով Ալիից ասում է. «Ով Ամիրապետ, ես ամոթահար եմ քո առաջ որ չգիտակցելով որոշ խոսքեր եմ ասել ու քեզ աշխատանքի եմ լծել»: Ալին ասում է. «Ես եմ ամոթահար, որ մինչ այս պահը ձեր վիճակի մասին անտեղյակ եմ եղել»:
Ալին շատ էր աղոթում ու գիշերը լուսացնում էր պաշտամունքով: Աստծուն ուղղված նրա գեղեցիկ ու հուզումնալի աղոթքները հայտնի են բոլորին: Ալիի աղոթքներին հայացք նետելով կարելի է ըմբռնել նրա գիտության և Արարչի հանդեպ նրա խոր սերը:
Պատերազմի վտանգավոր գիշերը, Իմամ Ալին առանց թշնամու նետերից սարսափելու աղոթքի էր կանգնում ու կիսվում էր Արարչի հետ: Պատերազմի դաշտում ծանր մարտերի պահին քաջությամբ ու խիզախությամբ ճեղքում էր թշնամու շարքերն ու գետին էր տապալում թշնամու բանակի քաջերին: Պատերազմի պահին որևէ վախ ու սարսափ չէր ապրում, թշնամու դիմաց չէր նահանջում ու երես չէր թեքում որևէ հզոր մրցակցից:
Թեև պատմության մեջ քաջությամբ ու խիզախությամբ նրա հետ համեմատվող որևէ մեկը չկա, այդուհանդերձ նա ծայր աստիճան բարի ու ներող էր: Թույլ չէր տալիս, որ պատերազմի դաշտում իր զորայինները հարձակվեն կանանց, երեխաների կամ վիրավորների վրա և կամ նրանց սպանեն: Փախուստի դիմողներին չէր հետապնդում, դարանակալ գործողություն չէր իրականացնում ու ջրից չէր զրկում թշնամու բանակին:
Ճշմարտության ու առաքինության դրոշը պարզելու և Բարին վերականգնելու ուղղությամբ նա մեծ տառապանքներ է կրում: Իր իշխանության շրջանում Ալին դիմակայում է նյութապաշտ մարդկանց միջոցով ստեղծված սադրանքներին: Այդուհանդերձ իր նպատակների իրագործման համար երբևէ չի դիմում այնպիսի մեթոդներին, որոնցից Աստված գոհ չի կարող մնալ ու երբևէ նպատակը չդարձրեց արդարացման միջոց: Իմամ Ալին մեկտեղել էր քաջությունն ու խոնարհությունը, հզորությունն ու բարությունը, իշխանությունն ու արդարությունը, գիտությունն ու բարեպաշտությունը և ճգնությունն ու ջահադը և համարվում էր Բարու ճանապարհի հետևորդների օրինակը:

Իմամ Ալի անհատականության մյուս ուշագրավ հատկանիշներից է նրա գիտությունը: Նա Ղուրանի մասին ամենաշատ տեղեկությունն ունեցող անձն էր: Նրա գիտության սահմաններն այնքան ընդարձակ էին, որ մարգարեն դրա մասին ասում է. «Ես գիտության քաղաքն եմ, իսկ Ալին՝ դրա դարպասը»: Ալին ճշմարտության արտահայտման հարցում հստակ ու վճռակամ էր: Նրա ասույթները ոչ միայն ժամանակակիցների, այլ բոլոր սերունդների մարդկանց համար դաստիարակության ու առաջնորդության հռչակագիր են համարվում: «Նահջ-օլ-Բալաղե»-ում հավաքված Ալիի ասույթները ցուցադրում են նրա գիտության ու իմաստության ծովի մի մասը: Նրա հնչեղ արտահայտություններում նկատելի են կրոնական գիտելիքները, աստվածաբանությունը, գերբնական գիտությունները, հոգու մաքրագործումը, հասարակական սկզբունքները, աղոթքը, Ղուրանագիտությունն ու նաև որոշ ճշգրիտ գիտություններ: Նա այնպես պարզ ու սահուն էր արտահայտվում, որ նրա արտահայտություններն ազդում էին բոլորին: «Նահջ-օլ-Բալաղե»-ի մեկնաբան Իբն Աբի-ալ-Հադիդը Ալի խոսքի սահունության ու հստակության մասին ասում է. «Տես ճարտասանությունն ինչպես է իր սանձը հանձնել այս մարդուն: Տես բառերի զարմանալի կարգը, որոնք հաջորդում են մեկը՝ մյուսին ու հղվում են նրա առջև: Նման են աղբյուրի, որ առանց դժվարությամբ և ինքն իր կամքով դուրս է ժայթքում հողից»: Նա մի այլ տեղ ասում է. «Նա այնքան հմուտ էր ճարտասանության մեջ, որ ասես բառերը գտնվում են նրա տիրապետության ներքո ու նա իր ցանկացած խոսքը արտահայտում է ամենաճարտար կերպով»:
Հենց այդ յուրահատկությունների պատճառով Ալին պատմության մեջ այն եզակի դեմքն է, որ արժանացել է բոլոր մտավորականների ուշադրության:
Նա լուսնային հիջրեթի 40 թվականի ռամազան ամսվա 19-ին լուսադեմին, աղոթքի պահին, վիրավորվում է Խավարեջ խմբի մի անդամի սրի հարվածով ու ռամազան ամսվա 21-ի գիշերը նահատակվում է:
Լիբանանցի քրիստոնյա բանաստեղծ ու գրող և «Իմամ Ալին՝ մարդկային արդարության կանչը» գրքի հեղինակ Ջորջ Ջորդաղն Ալիի յուրահատուկ անհատականության մասին գրում է. «Ով ժամանակ երանի կարողանայիր քո բոլոր հզորությունը մեկտեղել և ով բնություն երանի կարողանայիր մեծ մարդ, մեծ տաղանդ ու մեծ հերոս արարելու քո բոլոր ընդունակությունները ի մի բերել ու մեկ անգամ ևս Ալիի նման մի անձնավորության նվիրել այս աշխարհին»: