Ճանաչենք իսլամը (148)
Ողջույն թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը Իմամ Հոսեյնի առաջնորդության շրջանի իրադարձությունների մասին:
Ինչպես ասացինք լուսնային հիջրեթի 60 թվականի ռաջաբ ամսվա կեսին Մոավիեի մահից հետո նրա որդին՝ Յեզիդը, խալիֆա է հռչակվում: Նա իշխանության ղեկն իր ձեռքը վերցնելուն պես նամակ է հղում Մեդինայի կառավարիչ Վալիդ Իբն Օթբաին և նրանից պահանջում է ստանալ Հոսեյն Իբն Ալիի ուխտակցությունը ու եթե նա հրաժարվի դա կատարել, առանց առիթը կորցնելու նրան սպանել:
Յեզիդի նամակը ստանալուց հետո Վալիդը ներկայացուցիչ է ուղարկում Իմամ Հոսեյնի մոտ և նրան կարևոր հարցի շուրջ բանակցության է հրավիրում: Երբ Վալիդը Յեզիդի հետ ուխտակցության պահանջը ներկայացնում է Իմամ Հոսեյնին, վերջինս պատասխանում է. «Մենք մարգարեի գերդաստանից և առաքելության հանքն ենք...Սակայն Յեզիդը չարագործ ու հարբեցող անձ է, որի ձեռքերը ներկված են անմեղ մարդկանց արյամբ և հրապարակավ անբարոյական արարքներ է թույլ տալիս: Ինձ նման անձնավորությունը երբևէ նրա նման անձի հետ չի ուխտակցի»:
Իմամ Հոսեյնն այս արտահայտությամբ ջախջախիչ պատասխան է տալիս Մեդինայի կառավարչին ու Յեզիդի իշխանությանը: Իմամը նպատակ ուներ ջախջախել անբարոյական ու չարագործի հզորությունը, որ առանց արժանավորության ցանկանում էր իր ձեռքը վերցնել մուսուլմանների ճակատագրի տնօրինումը և մուսուլման ժողովրդին դեպի շեղում ու անկում առաջնորդել: Պատմական փաստերի վկայությամբ Յեզիդը գոռոզ, իշխանատենչ ու անբարոյական անձնավորություն էր: Նա հրապարակավ գինի էր խմում և հանրության մոտ ճանաչված էր իր անբարոյական արարքներով: Պարզ է, որ Իմամ Հոսեյնի նման անձնավորությունը, ով դաստիարակվել ու հասակ էր նետել մարգարեի գերդաստանում, ընտանեկան նման փայլուն ու ազնիվ անցյալով չէր կարող ուխտակցել Յեզիդի նման հանցագործ մարդու հետ:
Հիշեցնենք, որ Յեզիդի իշխանությունը ձևավորվել էր կեղծավորության, դավաճանության ու խուստումնադրժության վրա: Քանի որ Իմամ Հասանի հետ Մոավիեի կնքած խաղաղության պայմանագրի համաձայն Մոավիեն իրավունք չուներ իր համար տեղակալ ընտրել: Ուրեմն Յեզիդի իշխանությունը, ոչ օրինականություն ուներ և ոչ էլ հիմնված էր ժողովրդի տեսակետի վրա: Իմամ Հոսեյնը լավապես գիտակցում էր, որ Յեզիդը նպատակ ունի իսլամական խալիֆայության անվան ներքո խաբեբայությամբ հետապնդել իսլամի ու Ղուրանի դեմ պայքարի ուղղությամբ Օմավյանների նպատակների իրագործումը: Օմավյան արքունիքում տիրող նեխածությունը, ժողովրդի մոտ տարածված վախի ու սարսափի մթնոլորտը, ցեղային ու ազգային սնապարծությունը և բռնությունն ու խտրականությունը Օմավյան իշխանության շրջանում շեղվածության բացահայտ ապացույցներից են: Ի դեպ ժողովրդի զանգվածների վիճակի հանդեպ անուշադրությունը, չքավորությունն ու դասակարգային խտրականությունը իսլամական հասարակության հիմքերին սպառնացող գործոններից էին:
Նման պայմաններում Յեզիդն իրեն իսլամ ժողովրդի առաջնորդ է հռչակում և նրանց ուխտակցությունը ձեռք բերելու համար դիմում է բռնության, բռնարարքների ու նաև կաշառքի օգնության: Նա կրոնը միջոց էր ծառայեցնում իրագործելու համար իր նպատակները և կրոնի անվան ներքո օրինականություն էր տալիս իր և իր գործակատարների անվայել արարքներին:
Անկասկած նման պայմաններում Իմամ Հոսեյնի նման մեծ հեղինակությունը, որ ամենաարժանավոր անձն էր համարվում ժողովրդի առաջնորդության համար չէր կարող լռել: Իմամ Հոսեյնը ոչ միայն հրաժարվում է Յեզիդի հետ ուխտակցությունից, այլև իսլամն ու մուսուլմաններին չարագործների ճիրաններից փրկելու համար հաշվարկված ճանապարհ է ընտրում: Նա լավապես գիտակցում էր, որ իշխանավորների շեղումն ու մոլորությունը վտանգելու է իսլամական մտածողության հիմքը ու եթե իրավիճակը նույն կերպով շարունակվի կրոնի ուսուցումների խոշոր մի մասը մոռացության է տրվելու և իսլամից միայն նրա արտաքին շերտն է մնալու:
Ինչպես ասացինք Մեդինայի կառավարիչը Իմամ Հոսեյնին կանգնեցնում է երկու այլընտրանքի առջև. Յեզիդի հետ ուխտակցություն կամ սպանվել: Իմամը չընդունելով Յեզիդի հետ ուխտակցությունը պարտավորվում է իր ընտանիքի, զավակների ու մերձավորների հետ հեռանալ Մեդինայից և ուղևորվում է Մեքքա: Մեդինայից դեպի Մեքքա շարժվելու ժամանակ Իմամ Հոսեյնը կարևոր մի կտակ է գրում և դա հանձնում է իր եղբորը՝ Մոհամմեդ Հանիֆային: Իմամն իր կտակում բացատրելով միաստվածապաշտության, մարգարեության ու մեռեալների հարության մասին իր տեսակետն անդրադառնում է իր ուղևորության նպատակներին և գրում է. «Ես ոչ եսասիրության կամ զեխության և ոչ էլ անբարոյականության ու չարագործության համար եմ հեռանում Մեդինայից: Այս ուղևորությունից իմ նպատակը դեպի բարին առաջնորդելն ու չարից հրաժարեցնելը, ժողովրդի մոտ գոյություն ունեցող նեխածության վերացումը և իմ մեծ հոր՝ Աստծո մարգարեի օրենքների ու ավանդույթների, ինչպես նաև իմ հոր՝ Ալի Իբն Աբիթալեբի ուղղության վերականգնումն է»:
Հետաքրքիր պարագան այն , որ Մեդինայից Մեքքա մեկնելու համար Իմամ Հոսեյնն ընտրում է նույն ճամփան որից սովորաբար օգտվում էին ուղևորներն ու քարավանները: Նրա զինակիցներից մեկը Յեզիդի վարձկաններից ու գործակալներից զերծ մնալու համար առաջարկում է օգտվել լեռնային զարտուղիներից: Իմամ պատասխանում է. «Երդվում եմ Աստծո անունով որ դա չեմ անելու: Շարունակելու եմ իմ սովորական ճանապարհը օգտվելու եմ հանրային ճանապարհից և չեմ շեղվելու դեպի լեռներն ու դաշտերը մինչև որ հասնեմ Աստծո ցանկացած փուլին»:
Իմամը հանրային ճանապարհ ասելով նպատակ ուներ բացահայտել իր շարժումը և ժողովրդին իրազեկել իր ընդվզման նպատակների մասին, որը Բանի Օմայեի հանցագործ էության բացահայտումն ու նրանց դեմ պայքարն էր:
Իմամ Հոսեյնն իր ընտանիքի անդամների ու աջակիցների ընկերակցությամբ հինգ օր տևած ճանապարհորդությունից հետո հասնում է Մեքքա: Մեքքա հասնելուց հետո Իմամը նամակ է հղում Բասրա քաղաքի ցեղախմբերի ղեկավարներին: Իմամ Հոսեյնն այդ նամակում անդրադառնում է խալիֆայությունն իսկական ճանապարհից շեղելու հարցին և Բասրայի ժողովրդին կոչ է անում իսլամ ժողովրդի անբարվոք վիճակի դեմ պայքարի նպատակով միանալ իրեն: Իմամն իր նամակում անդրադառնում է իսլամին սպառնացող վտանգներին և հիշեցնում է. «Ես ձեզ կոչ եմ անում հետևել Աստծո գրքին ու մարգարեի ավանդույթներին: Քանի որ մարգարեի ավանդույթները ոչնչանում են ու փոխարինվում են նորամուծություններով ու շեղումներով: Եթե լսեք իմ խոսքն ու հետևեք ինձ, ես ձեզ դեպի զարգացում կառաջնորդեմ»:
Իմամն այս նամակը Սոլեյման Իբն Ռազին կոչվող իր աջակիցներից մեկի միջոցով ուղարկում է Բասրա: Սոլեյմանն այս առաքելությունը կատարելուց և Իմամի նամակը տեղ հասցնելուց հետո իշխանության գործակալների միջոցով ձերբակալվում է Բասրայում և ապա Իբն Զիադի հրահանգով գլխատվում է:
Միևնույն ժամանակ երբ Քուֆեի ժողովուրդը տեղեկանում է, որ Իմամ Հոսեյնը չի ուխտակցել Յեզիդի հետ և մեկնել է Մեքքա բազմաթիվ նամակներ ու պատվիրակներ է ուղարկում նրա մոտ: Որոշ վկայությունների համաձայն Իմամին հղվում են ավելի քան 12 հազար նամակներ:
Այս նամակներում քննադատություններ էին ուղղված Մոավիեի իշխանությանը: Քուֆեի մի խումբ հայտնի դեմքերի ու շիաների կողմից գրված նամակում, ասված էր. «Փառք այն Աստծուն, որ կործանեց քո և քո հոր հանդուգն թշնամուն: Նրա՝ ով հարձակվեց այս ժողովրդի վրա և տիրացավ նրա իշխանությանը, նրա գույքը բռնությամբ խլեց ու առանց նրանց համաձայնությունն ունենալու իրեն հռչակեց նրանց կառավարիչը: Սպանեց նրանց երևելիներին ու նրանց տեղ նստեցրեց չարագործներին ու ավազակներին»:
Այս նամակներում Քուֆեի ժողովուրդն Իմամ Հոսեյնի շարժմանը միանալու պատրաստակամություն հայտնեց և հայտարարեց, «Ինքդ էլ գիտես, որ մենք իմամ ու առաջնորդ չունենք, ուրեմն մեզ մոտ արի»: Այսպիսով նրանք Իմամին հրավիրում են Քուֆե:
Պատասխանելով ժողովրդի բազմաթիվ դիմումներին Իմամ Հոսեյնը մի նամակում նրանց գրում է. «Ես ձեզ մոտ եմ ուղարկում իմ եղբայր և հորեղբոր որդի՝ Մոսլեմ Իբն Աղիլին, ով իմ ընտանիքի վստահված անձն է համարվում: Եթե նա հաստատի, որ ժողովրդի և գիտակից անձանց մեծամասնության տեսակետը համապատասխանում է այն ինչին, որ ասված է ձեր նամակներում ու նաև փոխանցել են պատվիրակները, Աստծո կամքով մոտ ժամանակներս ձեզ մոտ կգամ: Երդվում եմ իմ անձով, որ ճշմարիտ առաջնորդն ու իրական իմամը իրավամբ նա է ով դատում է Աստծո գրքի և ժողովրդի միջև, արդարությամբ է վարվում և հետևում է ճշմարիտ կրոնին»:
Մի առ ժամանակ Մեքքայում մնալուց հետո Իմամ Հոսեյնը գիտակցում է, որ Յեզիդ Իբն Մոավիեն իրեն հանգիստ չի տալու ու եթե նրա հետ չուխտակցի, հաստատ կերպով սպանվելու է: Նաև տեղեկացավ, որ Յեզիդը ոմանց պարտականություն է տվել հնարավոր պահին ահաբեկել Իմամին: Այդուհանդերձ նա չի հանձնվում ու չի համաձայնում Յեզիդի հետ ուխտակցությանը: Հետևաբար Մեքքայի հարգանքը պահպանվելու նպատակով որոշում է հեռանալ այդ քաղաքից և Իրաք մեկնել:
Ուղևորության մեկնելու սեմին Իմամն արտահայտվում է Բանի Հաշեմի գերդաստանի և Մեքքայում բնակված շրջանում իր շուրջ հավաքված մի խումբ աջակիցների ու շիաների հավաքում: Իր ելույթի ժամանակ Իմամն անդրադառնում է Աստծո ճամփին նահատակության ու անձնազոհության թեմային: Իմամն իր աջակիցներին ասում է, որ եթե նրանք էլ ցանկանում են Աստծո ճամփին զոհաբերել իրենց արյունը և Արարչի տեսությանն արժանանալու համար զոհաբերել իրենց անձը կարող են այս վտանգավոր ուղևորության ժամանակ ընկերակցել իրեն: Այսպիսով զիհաջա ամսվա 8-ին Իմամ Հոսեյնը Մեքքայից շարժվում է դեպի Քուֆե: