Օգոստոս 22, 2017 16:07 Asia/Yerevan

Այսօր ավելի քան 13 դար անցել է Քյարբալայի տարածքում Իմամ Հոսեյնի սխրանքից, սակայն մոռացության փոշին չի նստել դրա վրա և այդ շարժման գրավիչ ու առաջնորդող ցոլքն ամեն օր ավելի է փայլում: Անկասկած Իմամ Հոսեյնի սխրանքին ծանոթանալը ճրագ է վառելու մեր ճանապարհին, որպեսզի ժամանակի խավարի մեջ չկորցնենք մեր ուղղությունը: Քանի որ ինչպես իսլամի մեծ մարգարեն է ասել. «Հոսեյնը առաջնորդող լույս ու փրկության նավ է»:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի նախորդ համարում Իմամների նվիրված զրուցաշարում անդրադարձանք Իմամ Հոսեյնի կյանքի վերջին դրվագին: Ինչպես ասացինք, Իմամն ու նրա զինակիցները մոհառամ ամսվա 2-ին ժամանում են Քյարբալայի տարածքը և ամենածանր պայմաններում շրջապատվում են Օմավյան իշխան Յազիդի 30 հազար հոգանոց բանակի կողմից: Քյարբալայում թշնամին ծանր պայմաններ է ստեղծում Իմամի, նրա հարազատների ու զինակիցների համար և նույնիսկ երեխաներին զրկում է ջրից, որպեսզի այդպիսով փշրի նրանց դիմադրությունն ու վճռակամությունը: Իմամի ու զինակիցների դիմադրությունը շարունակվում է մինչև մոհառամ ամսվա 10-ը մինչև որ Աշուրայի պատմական ու ճակատագրական օրվա ընթացքում այս սխրալի պայքարը հասնում է գագաթնակետին:

 

Իմամ Հոսեյնի զորքում բացահայտ նկատելի էր այն ճշմարտությունը, որ Իմամի զինակիցները ճիշտ ճանաչողությամբ և լիարժեք սիրով են ընտրել անձնուրացության ճամփան: Իմամ Հոսեյնի և նրա զինակիցների համար ժողովրդի տգիտության ու խավարամտության ցավը շատ ավելի խորն էր սուրերի պատճառած վերքից: Հետևաբար ժողովրդի միտքը խավարից դուրս բերելը նրանց համար ջիհադական կարևոր քայլ էր համարվում: Քյարբալայի պատմության մեջ ասված է, որ Իմամ Հոսեյնն ու նրա զինակիցների մեծամասնությունը պատերազմի դաշտ մտնելուց հետո և նախքան բախվելը դյուցազնական բանաստեղծությունների ու նաև լուսաբանող արտահայտությունների միջոցով ընդգծում էր Իմամի և մեծ  մարգարեի թոռան ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը, որպեսզի այդպիսով թմբիրից դուրս բերի խավարի ու տգիտության մեջ կորածներին:

Իմամ Հոսեյնը մեկ առ մեկ իր զինակիցներին հանում է թշնամու դեմ: Իմամ Հոսեյնի զինակիցների շարքում կային նաև տարեցներ: Նրանցից որոշները մեծ մարգարեի և Իմամ Ալիի զինակիցներից էին եղել: Նրանց մեջ ամենահայտնի դեմքերից էին համարվում Հաբիբ Իբն Մազահերն ու Մոսլեմ Իբն Ուսաջեն: Հաբիբ Իբն Մազահերն անգամներ մարգարեի և Իմամ Ալիի կողքին պաշտպանել էր իսլամ կրոնը: Հաբիբ Իբն Մազահերն ու Մոսլեմ Իբն Ուսաջեն երբ տեղեկանում են, որ Իմամ Հոսեյնը Քյարբալայում է, թաքուն կերպով դուրս են գալիս Քուֆեից և իշխանության պաշտոնյաների աչքից հեռու միանում են Իմամի բանակատեղիին: Աշուրայի օրն այդ երկու հին զինակիցները անխնա կռվում և նահատակվում են:

Մինչև լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսվա 10-ի կեսօրվա ժամերը Իմամ Հոսեյնի զինակիցներից որոշները նահատակվում են: Աշուրայի օրվա ուշագրավ տեսարաններից մեկն այդ օրվա կեսօրվա աղոթքն է: Կեսօրվա պահին Իմամն ու նրա զինակիցներն առանց վախ ու սարսափի սկսում են աղոթել: Աղոթքի պահին թշնամու նետերը տեղում են աղոթող այդ խմբի գլխին: Ստոր թշնամու արձակած նետերից նահատակվում են Իմամի մի քանի զինակիցները, որոնք իրենց մարմինը վահան էին դարձրել նրա համար:

Իմամ Հոսեյնի զինակիցների մեջ Հազրաթ Աբբասը յուրահատուկ և ուշագրավ դիրք է զբաղեցնում: Նրա անունը հիշատակվում է Աստծո ճամփին սխրագործության ու անձնուրացության յուրահատկությամբ: Աբբասն Իմամ Ալիի որդին և Իմամ Հոսեյնի եղբայրն էր: Նա իր հոգևոր ու բարոյական հատկանիշներով առանձնացվում էր երիտասարդների ու Իմամի գերդաստանի մեջ: Նա մանկուց հատուկ հարգանք ուներ հանդեպ Իմամ Հոսեյնը: Երբ ծարավն արդեն անտանելի է դառնում Իմամի որդիների ու հարազատների համար, Աբբասը կամավոր կերպով որոշում է նրանց համար ջուր հայթայթել: Նա եզակի քաջարիությամբ փշրում է թշնամու պաշարման օղակը և իրեն հասցնում է Եփրատ գետին: Պարկը լցնում է ջրով և շտապ վերադառնում վրանների կողմը: Այդ պահին ստոր թշնամու հարվածից նրա մի ձեռքը կտրվում է: Նա ջրի պարկն առնում է մյուս ձեռքը, որպեսզի դա հասցնի Իմամ Հոսեյնի վրանին: Այս անգամ թշնամին կտրում է նրա մյուս ձեռքը: Հազրաթ Աբբասը որոշել էր ամեն գնով իրեն հասցնել Իմամի իջևանած վայրին ու հագեցնել երեխաներին: Հետևաբար պարկը բռնում է բերանով, որից հետո թշնամու նետերն իջնում են նրա մարմնի վրա և դրա արդյունքում Իմամ Հոսեյնի զորքի դրոշակակիր Հազրաթ Աբբասը նահատակվում է:

 

Քաջարի պայքարի ընթացքում նահատակվում են Իմամ Հոսեյնի զինակիցներն ու նրա հարազատների մեծ մասն այդ թվում նրա վեցամսական երեխան: Աշուրայի կեսօրվա ժամերին կիզիչ արևն այրում էր և Իմամը միայնակ էր մնացել: Նա այլևս մեկին չուներ, որ պաշտպաներ նրան ու նրա գերդաստանին: Իմամը միայնակ մնալով հանդերձ եզակի քաջարիությամբ ճեղքում էր օմավյան զորքի շարքերը և ցրում էր նրանց: Քանի որ թշնամու զորքը նրա հետ մենամարտելու համարձակություն չուներ, նրան սպանելու համար փոխում է իր մեթոդը և խաբեության է դիմում: Մինչ կիզիչ ու այրող անապատում հոգնածությունն ու ծարավը ջլատել էին Իմամին, Շեմրը թշնամու մի խումբ հետիոտն զինվորների միջոցով շրջապատում են Իմամին: Թշնամին նիզակներով ու սուրերով ծանր հարվածներ է հասցնում թշնամում: Այս միջոցին քարասիրտ մեկը նետ է արձակում Իմամի կողմը, որը հարվածում է մարգարեի թոռան սիրտը: Իմամ Հոսեյնը գլուխը երկինք է բարձրացնում և ասում է. «Ով տեր արարիչ, դու գիտես, որ այս զորքը սպանում է նրան, ով մարգարեի դստեր միակ որդին է այս աշխարհում»:

Իմամը մի առ ժամանակ ընկած էր գետնի վրա և որևէ մեկը չէր համարձակվում մոտենալ Աստծո մարգարեի թոռանը: Մարգարեի հոգու հատորը համարվող Իմամ Հոսեյնն արնաշաղախ աղոթում էր արարչին. «Տեր Աստված, բավարարված եմ քո ցանկությամբ և հանձնվում եմ քո կամքի դիմաց: Քեզանից բացի ուրիշին չենք պաշտում...»:

Այդ պահին դաժան ու չարագործ թշնամին կտրում է Իմամ Հոսեյնի՝ Աստծո վերջին առաքյալի անարատ որդու գլուխը և նրա արյունը թափում է Քյարբալայի դաշտում:

Օմավյան դաժան ու արյունախում ռեժիմը ենթադրում էր, որ Իմամ Հոսեյնին ու նրա զինակիցներին սպանելով կարող է ընդմիշտ հանգցել ճշմարտության լույսը, սակայն Հոսեյնի շարժումը շարունակ փայլատակում է և հավերժական է:

 

Անկասկած Իմամ Հոսեյնի ընդվզման հավերժականության գաղտնիքն այս ընդվզման հիմքում ընկած վեհ նպատակներն ու իդեալներն են:Իմամ Հոսեյնի տրամաբանության մեջ երջանիկ կյանքը միայն մարդկային արժանապատվության, ազատության ու փառավորման շնորհիվ է հնարավոր դառնում և Աստծո կողմից շնորհված բարիք համարվող կյանքի հիմնական նպատակը վեհացումն ու կատարելիության հասնելն է: Իմամը ազատախոհ լինելու և չստորանալու մասին ասել է. «Իմացեք, որ այս ստորն ինձ կանգնեցրել է սուրի և նվաստացման միջև ընտրություն կատարելու դիմաց: Մենք ստորացումը չենք ընտրելու»:

Իմամ Հոսեյնի շարժման բոլոր փուլերում աչքի է ընկնում արդարադատենչության և բռնության դեմ պայքարի ոգին և դա էլ պատճառ է դարձել, որ այս շարժումը պատմության ընթացքում հավերժական մնա: Անկասկած մարդկության համար արդարությունն ու ազատախոհությունը օդի պես անհրաժեշտ է շնչելու համար, առանց որի հնարավոր չէ ապրել: Իմամ Հոսեյնի դիտանկյունից պատվով մահը հավերժական երջանկություն է պատճառում:

Իմամ Հոսեյնի շարժման մեջ բարոյականությունը գեղեցիկ կերպով դրսևորվում է: Իմամն ու նրա զինակիցները բարությամբ ու հարգանքով էին վերաբերվում միմյանց՝ հենց այնպես որ վայել է Աստծո մարդկանց: Նրանք բոլորն էլ օժտված էին բարոյական հատկանիշներով, այնպես որ նրանց հարաբերությունը բոլորվին նման չէր պատերազմի դաշտում ներկա զինվորների պահվածքին: Իմամի զինակիցները տարված էին նրա հանդեպ սիրով և պատրաստ էին իսլամի ճամփին ցանկացած զոհաբերության ու անձնուրացության:

Դրա բացահայտ օրինակներից մեկը Մոսլեմ Իբն Ուսաջեն է: Նա Աշուրայի գիշերը կատարած արտահայտություններում այսպես է բնութագրում Իմամ Հոսեյնի հանդեպ իր սերն ու համակրանքը. «Երդվում եմ Աստծո անունով, որ եթե իմանամ սպանվելու և ապա կրկին հարություն եմ առնելու, ապա ողջակիզվելու եմ և իմ մոխիրը քամուն են տալու և կրկին հարություն եմ առնելու ու եթե դա յոթանասուն անգամ էլ ինձ կրկնեն, քեզանից երբևէ չեմ հրաժարվելու և քո կողքին նահատակվելու եմ»:

Աշուրայի շարժման յուրահատկություններից մեկն այն է, որ այդտեղ դերակատար անձինք այս սխրանքը կերտում են գիտակցությամբ ու աչալրջությամբ: Իմամ Հոսեյնի շարժման մասնակիցները գիտակից, զգաստ ու աչալուրջ մարդիկ էին: Նրանք այս ճամփան ընտրեցին տեղյակ լինելով դրա հետևանքների մասին և սիրով ընդառաջ գնացին վտանգին: Նրանք Աստծո ճամփին անձնուրացության ու նահատակության համար վայրկյան էին հաշվում և անձնազոհության եզակի պահեր կերտեցին:

Թեև Աշուրան տեղի ունեցավ մեկ օրվա ընթացքում Իրաքում գտնվող Քյարբալայում, սակայն դրա ազդեցությունը հատեց այդ տարածքի սահմանները և համաշխարհային ծավալ ստացավ: Այս շարժումը բազմաթիվ դասեր է փոխանցում և պարունակում է այնպիսի պոտենցիալ, որ ժողովրդի զանգվածներին ցանկացած ժամանակաշրջանում խրախուսում է ըմբոստանալ նեխածության, բռնության ու չարիքի դեմ:

Իմամ Հոսեյնի ընդվզումը նկատի առնելով եզակի սխրանքներն ու մարդկային ամենաբարձր արժանիքների ցուցադրումն աշխարհի շարժումների պատմության մեջ յուրահատուկ դեպք է համարվում և ամեն տեսակետից եզակի է: Այսօր ավելի քան 13 դար անցել է Քյարբալայի տարածքում Իմամ Հոսեյնի սխրանքից, սակայն մոռացության փոշին չի նստել դրա վրա և այդ շարժման գրավիչ ու առաջնորդող ցոլքն ամեն օր ավելի է փայլում:

Աշուրայի իրադարձության ընթացքում նահատակվեցին Իմամ Հոսեյնն ու նրա հավատարիմ 72 զինակիցները սակայն նրանց արյունը հեղվելով աշխարհում ծածանված մնաց ազատախոհության դրոշը: Այդ օրվանից հետո Հոսեյնի շարժումը ճրագի նման լուսավորել է մեր ուղին, որպեսզի մթության մեջ գտնենք մեր ճամփան և ալեկոծ ու փոթորկոտ ծովում փրկության նավը նստենք: Քանի որ ինչպես իսլամի մեծ մարգարեն է ասել. «Հոսեյնը առաջնորդող լույս ու փրկության նավ է»: