Ճանաչենք իսլամը (152)
Բարեկամներ, ներկայացնում ենք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ շարունակելով իմամներին նվիրված մեր զրուցաշարը կանդրադառնանք Իմամ Սաջադի կյանքին:
Իմամ Սաջադն Իմամ Հոսեյնի որդի է: Նրա անունը Ալի էր, իսկ հայտնի էր Սաջադ մականունով, որը նշանակում է «շատ երկրպագող»: Իմամ Սաջադը լուսնային հիջրեթի 38 թվականին ծնվեց Մեդինա քաղաքում: Իմամ Սաջադի կյանքի գլխավոր մասը, որը նաև նրա Իմամ լինելու շրջանն է հաջորդում է Քյարբալայի դեպքին և Էմամ Հոսեյնի նահատակությանը: Լուսնային հիջրեթի 361 թվականի Աշուրայի օրը, երբ Քյարբալայի դաշտը մի կողմից Էմամ Հոսեյնի ու նրա զինակիցների սխրանքների և միևնույն ժամանակ ստոր ու ոճրագործ թշնամու ասպատակությունների ականատեսն էր, Էմամ Սաջադը մտահոգությամբ ու սաստիկ տխրությամբ ականատեսի դերում էր: Այդ ճակատագրական օրը նա սաստիկ հիվանդության պատճառով չի կարողանում ընկերակցել իր հորը: Այդուհանդերձ Էմամ Հոսեյնին աջակցելու ցանկությունը նրան հանգիստ չէր տալիս:
Աստծո կամքն այնպես էր տնօրինել, որ Իմամ Սաջադը Քյարբալայի դեպքից հետո ողջ մնա, որպեսզի կարողանա ստանձնել ժողովրդի Իմամի ու առաջնորդի ծանր պարտականությունը: Իմամ Սաջադի առաջնորդության շրջանը տևում է 34 տարի: Նրա առաքելության գլխավոր մասն Իմամ Հոսեյնի շարժման ուղերձի փոխանցումն էր աշխարհին:
Իհարկե նկատի առնելով Աշուրայի դեպքից և Իմամ Հոսեյնի նահատակությունից հետո Օմավյան իշխանության միջոցով ստեղծված հեղձուցիչ պայմաններին, Իմամի այդ առաքելության իրագործումը բավական բարդ ու դժվար աշխատանք էր: Քյարբալայի դեպքին հաջորդած օրերից սկսվում են հոր՝ Իմամ Հոսեյնի շարժման ուղերձի փոխանցման ուղղությամբ Իմամ Սաջադի ջանքերը: Թեև Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ զինակիցների կորուստը ծանր վիշտ էր պատճառել նրան, սակայն նա հաստատուն ու անխախտ կամքով հնարավոր ամեն առիթ օգտագործում էր արտահայտելու համար մեծ մարգարեի գերդաստանի արժանիքները: Այդպիսով Իմամ Սաջադի գլխավորությամբ սկսվում է Քյարբալայի շարժման մեկ այլ փուլը, որի նպատակն էր ամրագրել այդ շարժման գաղափարական հիմքերը:

Իմամ Հոսեյնի և նրա զինակիցների նահատակությունից հետո գերիների քարավանը, որի մեջ էին նաև Իմամ Սաջադն ու նրա ազնվափայլ հորաքույրը՝ Հազրաթ Զեյնաբը, փոխադրվում է նախ Քուֆե և ապա Շամ, որտեղ էր գտնվում Յազիդի իշխանության կենտրոնը: Իմամ Սաջադը գերության շրջանում առանց նվազագույն վախի ու սարսափի արտահայտում է ճշմարտությունը: Իմամի կյանքի ամենափայլուն էջերից են համարվում Շամում՝ Յազիդի ներկայությամբ նրա կտրուկ ու մերկացնող արտահայտությունները: Այդ հանդիպման ժամանակ Իմամ Սաջադն իր ջախջախիչ ու հուզիչ խոսքերով սասանում է Օմավյան իշխանության հիմքերը: Նա երբ մտնում է Յազիդ Էբն Մոավիեի պալատը նկատում է, որ նա հոխորտում է իր տարած հաղթանակով: Յազիդը ենթադրում էր, որ ամեն ինչն իր ցանկության համաձայն է առաջ գնում: Սակայն Իմամ Սաջադը կանգնում է և քաջաբար ելույթ ունենալով ասում է. «Ժողովուրդ, Աստված մարգարեի գերդաստանին տվել է գիտության, համբերատարության, ներողամտության, մեծահոգության, հռետորության ու քաջության նման հատկանիշներ և մեր հանդեպ սերը տեղավորել է հավատացյալների սրտերում: Ժողովուրդ, ով չի ճանաչում ինձ, ես ինձ ներկայացնում են նրան»: Ապա Իմամն իրեն ներկայացնում է, որպես մարգարեի թոռը: Հետո անդրադառնալով իր հոր՝ Իմամ Հոսեյնի արժանիքներին, ասում է. «Ես նրա որդին եմ, որ ծարավ վիճակում ավանդեց հոգին: Նրան չարագործությամբ սպանեցին ու նրա մարմինն ընկավ Քյարբալայի հողի վրա: Նրա հագի հագուստը գողացան և դա այն պայմաններում, երբ երկնքի հրեշտակները լաց էին լինում նրա համար: Ես նրա որդին եմ, ում գլուխը նիզակի վրա բարձրացրեցին և նրա գերդաստանին Իրաքից գերության տարան Շամ»:
Իմամ Սաջադի ելույթն այնքան դիպուկ ու ազդեցիկ էր, որ տարբեր կողմերից լսվում է ժողովրդի լաց ու կոծի ձայնը: Յազիդը պարտադրված կանխում է Իմամ Սաջադի ելույթը: Քանի որ մտահոգ էր նրանից, որ Իմամի հուզիչ արտահայտությունները կարող են պատճառ դառնալ, որ ժողովուրդը կրկին ընդվզի իր իշխանության դեմ: Նա սարսափում էր Շամի ժողովրդի հետ Իմամ Սաջադի և մյուս գերիների ցանկացած շփումից: Հետևաբար միակ ելքը գտնում է նրան մեջ, որ ինչքան շուտ Քյարբալայի գերիների քարավանին հեռացնի իշխանության կենտրոնից և նրանց վերադարձնում է Մեդինա:
Իմամ Սաջադի և մյուս գերիների Մեդինա վերադառնալով սկսվում է Իմամ Սաջադի բացահայտումներ կատարելու ծրագրի մեկ այլ բաժինը: Անկասկած Իմամ Սաջադի կտրուկ ու ջախջախիչ արտահայտությունները հասարակական մեծ ազդեցություն են գործում: Այդ արտահայտություններից հետո բորբոքվում են ժողովրդի զգացմունքները և Հոսեյնի շարժման ալիքը տարածվում է Հեջազի ու Իրաքի քաղաքներում և այլ տարածքներում:

Քննարկելով Օմավյանների իշխանության շրջանում հասարակության վիճակը կարող ենք նկատել, որ այդ օրվա հասարակությունը մտային ու գաղափարական խոր ճգնաժամ էր ապրում: Օմավյանները Քյարբալայի ընդվզումից հետո բացահայտ ու առանց քաշվելու չարագործության ու անբարոյականության էին դիմում և հարձակվում էին իսլամի սրբությունների վրա: Նրանք միևնույն ժամանակ ժողովրդին զբաղեցնում էին անկարևոր ու լուսանցքային հարցերով: Այլ խոսքով այդ օրերին մուսուլմանների դժվարություններից շատերի գլխավոր ակունքը իշխանավորների բարոյական անկումն էր: Այդ պատճառով էլ Իմամ Սաջադն Օմավյանների խորամանկությունը բացահայտելուց և նրա փառամոլական քաղաքականությունների դեմ պայքարելուց բացի հասարակության բարեկարգման համար մշակութային արմատավոր շարժում է ձևավորում:
Փորձագետների համոզմամբ այն հասարակության մեջ, որտեղ նեխածությունն ու անբարոյականությունն արմատ էին գցել և որևէ բան զերծ չէր մնացել Օմավյան իշխանավորների ոտնձգությունից, Իմամ Սաջադի վերցրած քայլը հաշվված ու ազդեցիկ էր: Նա գիտակցելով պայմաններն իրականության մեջ իսլամն ու մուսուլմաններին ապահով կերպով անց է կացնում պատմական բարդ անցուղուց:
Այդ խռովահույզ օրերին Էմամ Սաջադի ուշագրավ աշխատանքներից մեկը նրա գիտական գործունեությունն է: Նա մարգարեի մզկիթում դասընթացներ ու բանավեճեր կազմակերպելով դաստիարակում է արժանավոր աշակերտներ, որոնցից մի քանիսը գիտության բնագավառում հայտնի դեմքեր են համարվում:
Իսլամական ուսուցումների և բարոյական ու դաստիարակչական սկզբունքների տարածման ուղղությամբ Էմամ Սաջադի հաշվված քայլն արժանանում է շատերի գնահատանքին: Էմամ Սաջադի գիտական համբավը տարածվում է իսլամ աշխարհի տարբեր անկյուններում, այնպես որ մասնագետները նրան կոչում են ժամանակի ամենագիտուն անձը: Գիտնականներ ու իսլամական օրենսգետներ Իրաքից, Հեջազից, Խոռասանից ու այլ վայրերից ներկայանում էին Էմամ Սաջադին, որպեսզի օգտվեն նրա գիտության ծովից: Նրանցից որոշներն էլ նրան աշակերտելու բախտին են արժանանում: Մուսուլման մտավորական Շեյխ Մոֆիդն Էմամ Սաջադի գիտության ծավալի մասին գրում է. «Սունի իսլամագետները աստվածային գիտության ու իմացության ոլորտում անթիվ վկայություններ են կատարել Էմամ Սաջադից, իսկ նրա քարոզները, աղոթքները, Ղուրանի հետ կապված շնորհներն ու նրա կողմից կրոնական օրենքների հստակեցումները հայտնի են գիտնականների մոտ»:
Նկատի առնելով Էմամ Սաջադի գիտական ու մշակութային աշխատանքների ծավալը նրանից գիտական արժեքավոր ժառանգություն է հիշատակ մնացել մարդկության հաջորդ սերունդների համար, որի մեկ նմուշն «Իրավունքի մասին աշխատություն»-ն է: Էմամն այս գեղեցիկ աշխատության մեջ անդրադառնում է Աստծո հանդեպ մարդու պարտականություններին և իրավունքներին և պարզաբանում է իր և մյուսների, այդ թվում ծնողի, կողակցի, ուսուցիչների, հարևանների, բարեկամների ու մյուս մարդկանց հանդեպ նրա պարտականությունները:
Էմամ Սաջադի նորարարություններից մեկն այն էր, որ հասարակությանն անհրաժեշտ ու հիմնական հարցերը ներկայացնում էր աղոթքի լեզվով: Նա աղոթքի տեսքով ներկայացրել է հավատքի, բարոյականության ու դաստիարակության հետ կապված թեմաներն ու նաև քաղաքական ու հասարակական կարևոր հարցեր: Այդ աղոթքներն ի մի են հավաքվել «Սահիֆե Սաջադիե» խորագրով մի հավաքածուի մեջ և մեզ հիշատակ են մնացել աղոթքներ: Այս գիրքն արտացոլում է Էմամ Սաջադի անարատ հոգու մի բաժինը, որից բխում է իմաստնության զուլալ աղբյուրը: Այդ պատճառով էլ «Սահիֆե Սաջադիե»-ն Աստծո ճանապարհին հետևողների համար հոգևոր սնունդ է համարվում: Այդ աղոթքների ներկայացման ոճն այնպես է, որ շարժում է առաջացնում և պարունակում է իմաստուն արտահայտություններ: Այդ աղոթքներն իսլամական գիտության մի ամբողջ դասընթաց են: Անհատական ու հասարակական հարցերը, բարոյական թեմաները, ինչպես նաև հասարակության անվտանգությանն ու սահմանների պաշտպանությանն առնչվող հարցերն այս աղոթքներում ներկայացված ուշագրավ պարագաներից են: Այդ աղոթքների միջոցով ժողովրդին կոչ է արվում պայքարել բռնության դեմ և ջանք գործադրել հանուն արդարության հաստատմանն ու նեխած իշխանավորների վտարմանը:

Մտային աշխատանքներին զուգահեռ Իմամ Սաջադի ժամանակի որոշ բաժինն էլ հատկացվում է հասարակական աշխատանքներին: Իմամը ցավակցում էր ժողովրդին ու հատկապես հասարակության խոցելի ու զրկված խավերին: Նա գիշերները գնում էր կարիքավորների տան դռանն ու աննկատ սնունդ էր բաժանում նրանց մեջ: Իմամ Սաջադն ասում է. «Թաքուն բարեգործությունը հագեցնում է Աստծո զայրույթը»: Իմամ Սաջադը հայտնի էր առատաձեռնությամբ, բարությամբ ու ժողովրդասիրությամբ: Նրա ներողամտությունն ու ողորմությունը, բարեգործությունը, համեստությունը, պարկեշտությունն ու խոնարհությունը շատերին գրավում է Իմամի կողմը: Իմամ Սաջադի մասին պատմում են, որ նա տարբեր առիթներով ժողովրդի մոտ թարմացնում էր Քյարբալայի նահատակների հիշատակը: Նույնիսկ երբ նրա համար սնունդ էին բերում, նա հուզվում և ասում էր. «Երբ հիշում եմ Ֆաթիմայի որդիների սպանվելը, ակամայից հուզվում եմ և արցունք է գալիս աչքերիցս»:
Իմամ Սաջադի ընդարձակ գիտելիքները, բռնության դեմ Իմամի պայքարն ու նաև ժողովրդի մոտ Աստծո առաքյալի ծոռան վայելած համակրանքը մտահոգություն էին պատճառում Օմավյան չարագործ իշխաններին, որի արդյունքում էլ լուսնային հիջրեթի 95 թվականին Օմավյան իշխան Վալիդ Էբն Աբդոլմալեքի հրամանով Իմամ Սաջադը թունավորվում ու նահատակվում է: