Ճանաչենք իսլամը (154)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իմամ Սադեղի իմամաթի մասին։
Նախորդ հաղորդման ընթացքում շարունակելով Իմամաթի մասին մեր զրույցն անդրադարձանք Իմամ Բաղերի և Իմամ Սադեղի ժամանակաշրջանին: Ինչպես ասացինք, այդ երկու մեծապատիվ իմամները իսլամ աշխարհում տիրող պայմանները նկատի առնելով կենտրոնացան իսլամի անխառն ուսուցումները տարածելու և պահպանելու վրա: Իմամ Բաղերի նահատակությունից հետո իսլամ ժողովրդի առաջնորդության պատասխանատվությունը ստանձնեց Իմամ Սադեղը: Իմամ Բաղերը գիտական ու մշակութային այնպիսի մի դպրոցի հիմքը դրեց, որը նրանից հետո նրա որդու՝ Իմամ Սադեղի միջոցով վերածվեց մեծ համալսարանի:
Իմամ Սադեղի ապրած ժամանակաշրջանը քաղաքական տեսակետից իսլամի պատմության ամենափոթորկահույզ շրջաններից մեկն է համարվում: Այս շրջանում տարբեր խմբերի կողմից և ի շարս դրանց Իմամ Հոսեյնի արյան վրեժը լուծելու նպատակով բազմաթիվ ընդվզումներ ու հեղափոխություններ տեղի ունեցան: Այս հեղափոխություններ ի վերջո պատճառ դարձան, որ իշխանությունը Օմավյաններից փոխանցվի Աբբասյաններին:

Իմամ Սադեղն այս ժամանակաշրջանն ապրեց երկու տարբեր փուլերում:
Առաջինը՝ լուսնային հիջրեթի 114 թվականին նրա իմամության շրջանը սկսվելուց մինչև Աբբասյան խալիֆա Մանսուրի իշխանության սկսվելը և մյուսը՝ Մանսուրի խալիֆայության շրջանը, որ չափազանց ծանր տարիներ եղան Իմամ Սադեղի համար:
Առաջին շրջանում Իմամ Սադեղը համեմատաբար խաղաղ կյանք վարեց: Այդ տարիները համընկնում են Օմավյանների անկման և Աբբասյանների ուժ ստանալու ժամանակաշրջանին: Աբբասյանները համարվելով պատեհապաշտ մի հոսանք մեծ մարգարեի գերդաստանի իրավազրկվածությունն ու Քյարբալայի նահատակների արյունը պատրվակ էին ծառայեցնում: Նրանք այդ պատրվակով պայքարի ասպարեզ մտան և Օմավյանների իշխանությունը կործանելով իրենց ձեռքն առան իշխանության ղեկը:
Ամենայնդեպս Օմավյանների և Աբբասյանների տարաձայնություն ու բախումները պատճառ դարձան, որ այդ երկու հոսանքների իշխանավորներն Իմամ Սադեղի հանդեպ բռնություններ գործադրելու առիթ չունենան: Այս հարմար առիթը արժեքավոր պայմաններ ստեղծեց Իմամ Սադեղի համար, որպեսզի հետապնդի իր գիտական ու մշակութային ծրագրերը:
Գաղափարական ու մշակութային տեսակետից Իմամ Սադեղի ապրած տարիներն այն ժամանակաշրջանն էին, երբ արտասահմանի հետ շփումների պատճառով իսլամ աշխարհը ծանոթացել էր փիլիսոփայական նոր գաղափարների, տեսակետների ու դպրոցների հետ: Ոչ-մուսուլմանները մուսուլմանների հետ վիճարկումների ու զրույցների ժամանակ արարչագործության, մեռելների հարության և կրոնական այլ համոզումների կապակցությամբ խնդիրներ էին առաջ քաշում, որոնց պատասխանելը գիտություն ու մասնագիտություն էր պահանջում: Գրական ու գիտական օտար բնագրերը թարգմանվել էին արաբերենի: Դրանց շարքին նաև թարգմանվել էին փիլիսոփայական ու գիտական գրքեր, որոնք կրոնն ու Աստծուն մերժող գաղափարներ ու համոզումներ էին քարոզում: Այս գործընթացի արդյունքում տարբեր տեսակետներ իսլամ աշխարհ մուտք գործելով մեծ ազդեցություն գործեցին:
Այդ շրջանում մուսուլման մտավորականների թերացումն ու լճացումը կրոնի թուլացման և իսլամական ուսուցումների հանդեպ ժողովրդի հավատքի սասանման պատճառ էին դառնում: Անկասկած նման գաղափարների դիմակայման հարցում Իմամ Սադեղի սխրանքները կառուցողական ու ազդեցիկ դերակատարություն ունեցան: Թեև մուսուլմանների գիտական շարժման սկիզբը դրվել էր Իմամ Բաղերի ժամանակաշրջանում, սակայն այդ շարժումը շարունակվեց Իմամ Սադեղի ժամանակաշրջանում և հասավ իր ծաղկման գագաթնակետին: Իմամ Սադեղի հիմնադրած դպրոցը Իմամների կյանքի պատմության ընթացքում եզակի է: Այս գիտական մեծ կենտրոնն այնպիսի ընդառաջում գտավ, որ նրա դասարաններին մասնակցում էր շուրջ 4000 մարդ և հագենում էր Իմամ Սադեղի գիտության անսահման աղբյուրից: Նա տարածում էր տարբեր տեսակի գիտությունները և տարբեր գիտնականներ ու մտավորականներ դիմում էին նրան: Նրանք տարբեր գիտությունների, այդ թվում Ղուրանի մեկնաբանության, իսլամական գիտությունների, բարոյականության, մարգարեների ու ժողովուրդների պատմության, իմաստասիրության, կրոնագիտության ու գիտական տարբեր ճյուղերում օգտվում էին Իմամի գիտելիքներից և հստակ պատասխաններ էին ստանում: Իմամ Սադեղն այսպիսով իր գիտության անհատնում գանձը տրամադրում էր բոլորին:
Շիա ականավոր մտավորական Շեյխ Մոֆիդը «Էռշադ» գրքում գրում է. «Գիտություն վաստակելու համար հեռու և մոտիկ քաղաքներից դիմում էին Իմամ Սադեղին և նրա համբավը տարածվեց ամենուր»:
Իմամ Սադեղը Մոհամմեդի անխառն ուսուցումները զտեց այն նորամուծություններից ու սնոտիապաշտական գաղափարներից, որոնք ժամանակի ընթացքում մուտք էին գործել կրոնի մեջ, հստակեցրեց կրոնական հրահանգներն ու ճիշտ կերպով պարզաբանեց Ղուրանի այաները: Նա վերականգնեց ու մշակեց իսլամական օրենսգիտությունը, որ մեկ դար շարունակ մատնվել էր Օմավյան իշխանավորների քմահաճույքներին:
Իմամ Սադեղն իրականության մեջ գիտական ծավալուն մի շարժում ձևավորեց և մտավորականների դիմաց բացեց գիտության տարբեր ճյուղերի դռները: Այդ պատճառով էլ Իմամ Սադեղի ժամանակաշրջանը իսլամ աշխարհի գիտական ամենափառավոր շրջաններից մեկն է: Հետզհետե նրա համբավը տարածվում է իսլամ աշխարհի տարբեր անկյուններում: Իմամ Սադեղի ժամանակաշրջանը կարևոր դերակատարություն ունեցավ իսլամի ճակատագրում: Այս ժամանակաշրջանում իսլամական գիտությունները, Ղուրանի մեկնաբանությունը, Հադիսի գիտությունը, պատմությունը, հեռետորաբանությունն ու շատ այլ գիտություններ մեծ տարածում գտան: Իր առաջնորդությամբ Իմամ Սադեղը փշրեց խավարամտության ու սնոտիապաշտության պատը և իսլամ կրոնը մաքրեց ժամանակի ընթացքում նրա վրա ծանրացած փոշուց: Շիաի վարդապետության օրենսգիտության տարածման գործում Իմամ Սադեղի ազդեցությունն այնքան մեծ է, որ Շիա օրենսգիտությանը նաև կոչում են Ջաըֆարի օրենսգիտություն:
Իմամ Սադեղը շատ լավ գիտակցում էր, որ ուշ թե շուտ իշխանության սպառնալիքների ու ճնշումների պատճառով իմամներն իշխանությունների կողմից կրկին մատնվելու են խիստ ճնշումների ու սահմանափակության: Հետևաբար որոշում է դաստիարակել մտավորական ու գիտության ձգտող աշակերտներ, որպեսզի նրանք աշխարհի տարբեր անկյուններում տարածեն իսլամի անխառն ուսուցումները:

Տարբեր գիտությունների տիրապետելով Իմամ Սադեղն այնպես էր դասավանդում, որ գիտության ու իմաստնության դռները բացվում էին գիտության սիրահարների առջև: Նա գիտությամբ հետաքրքրվողներին հորդորում էր արձանագրել ու պահպանել իր դասավանդած նյութերը: Նրանք էլ իրենց ունկնդրածը մանրակրկիտ կերպով գրի էին առնում, որպեսզի հիշատակ մնա պատմության մեջ:
Նկատի առնելով այլ կրոնների հետևորդների կողմից արծարծվող հարցերի հոսքը Իմամ Սադեղի ծրագիրն էր իր աշակերտներին պատրաստել այլ կրոնների մտավորականների ու քարոզիչների հետ գիտական բանավեճերի համար: Այս անհատները լինելով մտավորականներ ու հռետորներ հիմնվելով գիտական պատճառների վրա, առճակատվում էին սխալ գաղափարներ տարածողների հետ: Այս մեթոդը հարցումներին պատասխանելու և թյուրիմացությունները վերացնելու ուղղությամբ չափազանց ազդեցիկ ու գործունյա էր: Իմամն ինքն էլ գիտական, գաղափարական ու փիլիսոփայական տարբեր թեմաների շուրջ բանավեճի էր մասնակցում այնպիսի անձանց հետ, ովքեր հավատուրաց էին ու չէին հավատում Աստծուն:
Նրա հայտնի աշակերտներից կարելի է հիշատակել Հոշամ Իբն Հաքամի. Ջաբեր Իբն Հայյանի և Մոֆզալ Իբն Ամրուի անունները: Աստծո գոյությունն ապացուցելու համար իմամի կողմից Մոֆզալ Իբն Ամրուին փոխանցված տրամաբանական պատճառների նմուշներն ամփոփված են «Թոհիդ-ե Մոֆզալ» գրքում:
Հոշամ Իբն Հաքամն Իմամ Սադեղի հայտնի աշակերտներից և նրա մերձավորներից է եղել: Նա տիրապետում էր հռետորաբանությանը և տարբեր կրոնների հետևորդների հետ նրա բանավեճերը հայտնի են:
Ջաբեր Իբն Հայյանը ծագումով Իրանի Խոռասանում գտնվող Թուս քաղաքից էր: Ջաբերն իր ժամանակի զարմանալի մարդկանցից և իսլամ աշխարհի տաղանդներից է համարվում: Նա տարբեր գիտությունների, այդ թվում քիմիայի, բժշկագիտության, մաթեմատիկայի ու փիլիսոփայության բնագավառում աշխատասիրությունների հեղինակ է և իր աշխատասիրություններում ամեն տեղ հիշատակում է, թե «Ջաըֆար Իբն Մոհամմեդը (Իմամ Սադեղն) ինձ այսպես ուսուցանեց»: Նա քիմիայի ոլորտում բազմաթիվ գյուտերի հեղինակ է և այդ պատճառով էլ շատ քիմիկոսներ նրան քիմիագիտության հայրն են անվանում: Զարթոնքի ժամանակաշրջանում նրա շուրջ 300 աշխատասիրությունները թարգմանվել ու հրատարակվել են գերմաներեն լեզվով:
Սուննի քառյակ դավանանքների գլխավոր դեմքերից համարվող Աբու Հանիֆան մի առ ժամանակ աշակերտել է Իմամ Սադեղին: Նա ասել է. «Ես Ջաըֆար Իբն Մոհամմեդից ավելի գիտուն մարդու մարդու չեմ հանդիպել: Նա ամենագիտուն մարդկանցից է և ամենաշատն է տիրապետում իսլամագիտության հարցերում ժողովրդի մոտ գոյություն ունեցող տարաձայնություններին»:
Մալեքի դավանանքի առաջնորդ Մալեք Իբն Օնսն էլ աշակերտել է Իմամ Սադեղին: Նա ասում է. «Գիտության, պաշտամունքի ու բարեպաշտության մեջ Ջաֆր Իբն Մոհամմեդին գերազանցող մեկին որևէ աչք չի տեսել ու որևէ ականջ չի ունկնդրել և ոչ ոքու հիշողության մեջ նման մեկը չկա»:
Իմամ Սադեղը բարոյական գեղեցիկ հատկանիշների խորհրդանշան է: Նա մտերմությամբ ու ժպիտը դեմքին էր շփվում մարդկանց հետ և չափազանց խոնարհ ու քաղաքավարի էր: Կարիքավորներին ու ընչազուրկներին օժանդակելու հարցում միշտ առաջատար էր: Նրա արտահայտությունները չափազանց ներազդող էին: Իմամ Սադեղը հատուկ կերպով հոգ է տանում իր աշակերտների բարոյական դաստիարակության կապակցությամբ: Աբու Օսամեն ասում է. «Նրանից լսեցի, որ ասում էր մի հրաժարվեք բարեպաշտությունից: Ոչ թե ձեր խոսքերով, այլ բարեպաշտությամբ, ջանադրությամբ, ճշտախոսությամբ, ազնվությամբ և հարևանների հանդեպ քաղաքավարությամբ ժողովրդին մեր կողմը հրավիրեք: Մեր պարծանքը դարձեք, ոչ թե ամոթի խարանը...»:

Ինչպես ասացինք Աբբասյան երկրորդ խալիֆա Մանսուրի ժամանակաշրջանում Իմամ Սադեղը հայտնվում է ծանր պայմաններում: Այդուհանդերձ նա չի հրաժարվում ժողովրդին Օմավյանների ու Աբբասյանների անարդարության ու բռնությունների հանդեպ լուսաբանելուց ու իրազեկելուց և տարբեր առիթներով հակառակում էր իշխանավորների բռնություններին: Իմամ Սադեղի կյանքի շուրջ 11 տարիները համընկնում են Մանսուրի իշխանության շրջանին: Նա խիստ սարսափում էր ժողովրդի մոտ Իմամի վայելած մեծ համակրանքից: Հետևաբար ցանկանում էր ամեն կերպ տարածություն գցել ժողովրդի և Իմամի միջև: Նա տարբեր միջոցներով բռնություն էր գործադրում Իմամ Սադեղի դեմ: Ի վերջո իրեն Իմամ Սադեղի դիմաց անկարող տեսնելով դավադրաբար նրան թունավորում եւ նահատակում է: Նրա նահատակությամբ մարդկությունը զրկվեց Իմամ Սադեղի նման մեծ անհատականությունից, այդուհանդերձ նրա գիտության արժեքավոր գանձարանը ժառանգություն մնաց հաջորդ սերունդներին: