Ճանաչենք իսլամը (155)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում շարունակելով Իմամաթի թեմայի քննարկումը կանդրադառնանք Իմամ Քազեմի ժամանակաշրջանին:
Իմամ Սադեղի նահատակությունից հետո մուսուլմանների առաջնորդության ու ղեկավարման առաքելությունը փոխանցվեց նրա որդուն՝ Իմամ Մուսա Քազեմին: Ուշագրավ կետն այն է, որ Իմամներից յուրաքանչյուրն իր կենդանության օրոք ընտրում էր իրեն փոխարինող Իմամին և այդ կապակցությամբ տեղյակ էր պահում ժողովրդին: Իմամ Քազեմն իր հորից՝ Իմամ Սադեղից հետո ժամանակի ամենաարժանավոր ու գիտուն անձնավորությունն էր: Իմամ Սադեղն իր որդու մասին ասել է. «Որդիս՝ Քազեմը գիտական այնպիսի պատրաստվածություն ունի, որ եթե Ղուրանի ամբողջ բովանդակության մասին նրանց հարց ուղղեք իր գիտությամբ համոզիչ պատասխան կտա: Նա իմաստնության, գիտակցության ու գիտության կենտրոն է»:

Իմամ Քազեմի Իմամ լինելու շրջանը տևեց շուրջ 35 տարի: Այդ տարիները զուգադիպեցին Աբբասյան չորս խալիֆաների՝ Մանսուրի, Մեհդիի, Հադիի և ի վերջո Հարուն-ալ-Ռաշիդի իշխանության ժամանակաշրջանին: Այդ հեղձուձիչ պայմաններում Իմամ Քազեմը ծանր և վայրիվերումներով լի օրեր ապրեց: Իմամ Քազեմի կյանքի վերջին 14 տարիները համընկնում են Հարուն-ալ-Ռաշիդի իշխանության շրջանին: Նա այդ ծանր տարիների մի մասն անցկացրեց ազատազրկման պայմաններում և մի բանտից մյուսը փոխադրվեց:
Իմամ Քազեմը շարունակեց գիտությունը տարածելու իր հոր՝ Իմամ Սադեղի գիտական մեթոդը և իսլամի կենսատու ուսուցումները տարածեց ամենուր: Նա չնայած Աբբասյանների սպառնալիքներին ու ճնշումներին զբաղվեց գիտության տարածմամբ և արժեքավոր հադիսներ փոխանցեց իսլամ ժողովրդին: Մի խումբ գիտնականներ համախմբվեցին նրա շուրջը և օգտվեցին նրա գիտության ու իմաստնության անհատնում ծովից: Իմամ Քազեմին ժամանակակից ականավոր մտավորական Մոհամմեդ Իբն Նոըմանն ասում է. «Մուսա Իբն Ջաըֆարը գիտության անհատնում ծով է, որ բխում ու ծփում է և ամենուր տարածում է գիտության սերմերը»:
Աբբասյանների իշխանության շրջանում քաղաքական համակարգը ժառանգական էր դարձել, որի ներքո բռնապետ ու նեխած իշխանավորները դաժանաբար իշխում էին ժողովրդի զանգվածներին: Նրանց պալատները կեր ու խումի և զեխության վայր էր դարձել և լցվել էր նրանց գործակալների միջոցով հեռու և մոտիկ քաղաքներից կողոպտված հարստությամբ: Իշխանավորների ցանկությունների համաձայն կրոնական գաղափարների մեկնաբանումն ու շեղված գաղափարների տարածումը, նաև ժողովրդի տարբեր խավերի չքավորություն ու աղքատությունը մեծ ցավ էին պատճառում Իմամ Քազեմին: Նա տեսնելով հասարակության անբարեկարգ վիճակն ու նաև իշխանության նեխած կառույցը որոշեց ընդդիմանալ Աբբասյանների իշխանության և նրա գործակալների բռնություններին ու նեխածությանը:
Քանի որ Իմամ Քազեմը չէր հաստատում Աբբասյան խալիֆաների քաղաքականությունները, որոշեց նրանց դեմ բացասական պայքար մղել: Իմամի ռազմավարությունն Աբբասյան իշխանության օրինականությունը հարցականի տակ տանելն էր, որպեսզի այդպիսով ժողովուրդը հեռանա իշխանական կառույցից: Բռնապետական իշխանության հիմքերը սասանելու նպատակով Իմամն արգելել էր Աբբասյան չարագործ իշխանության հետ ցանկացած տեսակի համագործակցությունը: Նա իր համախոհներին հրաժարեցնում էր թե տնտեսական ու առևտրական հարաբերությունների և թե իշխանական ծառայությունների միջոցով Աբբասյաններին օժանդակություն ցուցաբերելուց, քանի որ ցանկացած տեսակի համագործակցություն հանգեցնելու էր բռնության իշխանության հիմքերի ամրապնդմանը: Իհարկե իշխանության որոշ գործակատարներ Իմամի հետ կապի մեջ էին և Իմամը նրանցից օգտվում էր իր շարժման նպատակների իրագործման ուղղությամբ: Աբբասյան իշխանության տարբեր մակարդակներում հիշյալ անձանց ներկայությունը կարող էր մասամբ մեղմել շիաների և Իմամի աջակիցների վրա գործադրվող ճնշումները:

Իշխանության ճնշման ներքո Իմամ Քազեմը պարտավորվեց հեռանալ Մեդինայից և բնակություն հաստատեց Աբբասյանների իշխանության կենտրոն Բաղդադում: Աբբասյան խալիֆա Հարուն-ալ-Ռաշիդի շրջանում Իմամ Քազեմի դեմ ճնշումներն ու սահմանափակությունները խստացան: Հարունն առերես կրոնը պաշտպանելու հավակնություն ուներ, սակայն գործնականում նրա և նրա մերձավորների պահվածքը որևէ առնչություն չունէին իսլամ կրոնի արժեքներին: Նա խաբեությամբ ու խորամանկությամբ իշխում էր ժողովրդի վրա և որոշներն էլ սպառնալիքի ներքո և կամ կաշառ ստանալով հանձնվել էին նրա ցանկությունների դիմաց: Նման պայմաններում Իմամ Քազեմը փորձեց մերկացնել Աբբասյան իշխանավորների և հատկապես Հարունի իրական դեմքը:
Իշխանության գործակալների զեկույցների միջոցով Հարունը տեղեկացել էր, որ ամեն օր որոշ թվով մարդիկ գնում են Իմամ Քազեմի բնակարանը: Իմամի տունը կատարվող ժողովրդի հաճախակի երթևեկն ու այս քայլերի գաղտնի նպատակը մտահոգում էին Հարունին ու իշխանության պարագլուխներին: Այդ պատճառով Հարունը բռնություն էր գործադրում Իմամի և շիաների հանդեպ: Նա իր իշխանության շրջանում սպառնում, կալանավորում ու սպանում էր շիաներին:
Երկար տարիներ Հարունի բանտերում անցկացնելով և Աբբասյան ամենասարսափելի բանտերում ամենադաժան գործակալների միջոցով կտտանքների ենթարկվելով հանդերձ Իմամը չհրաժարվեց ճշմարտությունն ասելուց և իշխանության նեխածության ու շեղումների մասին բացահայտումներ կատարելուց: Նա ցանկացած հարմար առիթով իր լուսաբանող ուղերձները լսելի էր դարձնում իշխանության պարագլուխներին: Իմամը բանտում լինելով հանդերձ, առանց վախ ու սարսափ զգալու, Հարունին հղած նամակում այսպես է զգուշացնում. «Այդ ծանր օրերից յուրաքանչյուրն անցնելով նաև անցնում է քո ուրախության օրերից մեկը ու կգա այն պահը, երբ ես ու դու մի տեղ կհասնենք իրար: Դա այն պահն է, երբ չարագործները կիմանան իրենց գործած սխալների մասին»:
Իմամ Քազեմի բարոյական սկզբունքներն իր հոր՝ Իմամ Սադեղի նման ամեն տեսակետից գովելի ու գերազանց էին: Իմամ Քազեմը գիտության, ողորմության ու բարեգործության տեսակետից գերազանցում էր ժամանակի բոլոր մարդկանց: Նրա անհատական յուրհատկություններից մեկը նրա առատաձեռնությունն էր: Նա գնեց և Աստծո ճանապարհին ազատեց ավելի քան հազար ստրուկների: Նա հատուկ ուշադրություն էր ցուցաբերում հանդեպ զրկվածներն ու չքավորները: Գիշերները ծպտված կերպով գնում էր չքավորների դռանը և նրանց համար ալյուր ու արմավ էր տանում և նրանց դրամային օգնություն էր ցուցաբերում: Արարչին աղոթելն ու պաշտամունք մատուցելը նրա մեծ սերն էր: Ղուրանն այնպես գեղեցիկ էր կարդում, որ ժողովուրդն ակամայից հայտնվում էր դրա այաների ազդեցության ներքո: Նա իր ժամանակի ամենագիտուն ու գիտնական անձն էր և դա ակնհայտ էր նրա խոսքերից ու արտահայտություններից:
Սունի գիտնականներից Իբն Հոջար Հեյսամին նրա արժանիքների մասին ասել է. «Մուսա Քազեմը գիտության, իմաստնության ու արժանիքների տեսակետից իր հոր ժառանգն էր: Նա ցանկացած անձից ավելի բարեպաշտ, գիտուն ու բարեգործ էր»:
Իմամ Քազեմը չարախոսների ու նրանց հանդեպ, ովքեր իրեն վատություն էին անում համբերատար էր ու զսպում էր իր զայրույթը և հեշտությամբ ներում էր նրանց: Այդ պատճառով էլ հայտնի է նաև Քազեմ անունով, որը նշանակում է «զայրույթը զսպող»:
Իմամ Քազեմի առաքինությունն այնպես էր, որ նույնիսկ բանտապահները ովքեր բիրտ ու դաժան մարդիկ էին, հայտնվում էին նրա ազդեցության ներքո: Բասրայի բանտապահներից Իսա Իբն Ջաըֆարն ասել է. «Շատ փորձեցի Մուսա Քազեմին ամեն տեսանկյունից վերահսկողության տակ առնել և նույնիսկ գաղտնի կերպով ականջ էի դնում նրա աղոթքներին: Սակայն նա բանտի ծանր ու խիստ պայմանների ներքո համբերատար էր և Աստծուց ներում ու ողորմություն էր խնդրում»:
Իմամ Քազեմի համբերատար վերաբերմունքը վկայում է այն մասին, որ նրա դիտանկյունից մարդկանց առաջնորդումը և բարոյական արժանիքների տարածումը գերադասելի են ամեն ինչի: Իմամ Քազեմն այն համոզման էր, որ ժողովրդի հանդեպ բարությունն ու հանդուրժողականությունը կյանքն ավելի գեղեցիկ ու հարաբերություններն առավել ամուր են դարձնում և հույսով են լցնում սրտերը:

Իմամ Քազեմը ժողովրդի հանդեպ շարունակ հարգալից ու խոնարհ, իսկ Հարունի նման ըմբոստ իշխանավորների դիմաց՝ անզիջում էր: Քանի որ Հարունը գոռոզ ու համառ էր: Նա իրեն վեր էր դասում բոլորից և պարծենում էր իսլամ աշխարհի ընդարձակ տարածքների վրա իր իշխանությամբ: Նա ասում էր. «Ամպեր տեղացեք և ձեր անձրևի կաթիլները թե արևելքում և թե արևմուտքում ուր էլ որ ընկնեն, տեղալու են իմ իշխանության տակ գտնվող հողի վրա և այդ տարածքի հարկերը բերելու են իմ կողմը»:
Հարունն այս արտահայտությունը կատարեց Իմամ Քազեմի ներկայությամբ և նրանհարցրեց. «Այս աշխարհն ի՞նչ է»: Իմամը պատասխանեց. «Այս աշխարհը չարագործների ցանկալի վայրն է»: Ապա կարդաց «Էըրաֆ» սուրայի 146-րդ այան, որտեղ Աստված ասում է. «Շուտով նրանց ովքեր Երկրի վրա առանց պատճառի պարծենում են հրաժարեցնելու եմ իմ այաներից, այնպես որ եթե որևէ նշան տեսնեն դրան չեն հավատա և եթե առաջադիմության ճամփան նկատեն՝ դա չեն ընտրի ու եթե մոլորության տանող ճամփան տեսնեն՝ դա կընտրեն»:
Մի օր Հարուն-ալ-Ռաշիդը Քայբեի մոտ հանդիպում է Իմամ Քազեմին և նրան ասում է. «Արդյոք դու նա ես ում հետ մարդիկ գաղտնի կերպով ուխտակցում են և քեզ իրենց առաջնորդն են ընտրում»: Իմամը քաջությամբ բռնապետ իշխանին պատասխանում է. «Ես իշխում եմ մարդկանց հոգիների, իսկ դու՝ նրանց մարմնի վրա»:
Իմամն այս արտահայտությամբ Հարունին հասկացնում է, որ միայն մարգարեի գերդաստանն է արժանի իշխանության ու առաջնորդության համար: Եվ իրապես, դա Իմամ Քազեմն էր, որ իշխում էր հոգիների վրա:
Մարդիկ որպես իսլամի մարգարեի ծոռներից մեկը հարգում էին Իմամ Քազեմին և սիրում էին նրան: Միևնույն ժամանակ նա գիտության գանձարան էր և ամենաշատն էր ծանոթ Ղուրանի այաների իմաստին ու բովանդակությանը: Այս գործոններն էլ հասարակության մեջ Իմամի դիրքերի ամրապնդման և ժողովրդի մոտ նրա վայելած համակրանքի պատճառներից էին:
Ղուրանի ուսուցումների համաձայն արդարատենչ մարդու ամենահզոր հենարանն աշխարհի միակ Արարչին ապավինելն է: Իմամ Քազեմը հիմք ընդունելով ղուրանական այս վեհ ուսուցումը, շեղված ու չարագործ հոսանքներին դիմակայելիս միայն Աստծուց էր օգնություն խնդրում և չարագործների հմայքը նրան սարսափ չէր պատճառում: