Հոկտեմբեր 03, 2017 19:37 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում շարունակելով իմամաթի մասին զրույցը կանդրադառնանք Իմամ Ռեզայի առաջնորդության շրջանին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս շաբաթվա համարում շարունակելով Իմամաթի մասին զրույցը կանդրադառնանք Իմամ Ռեզայի առաջնորդության ժամանակաշրջանին: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ հասանք Իմամ Ռեզայի կյանքի այն դրվագին, երբ նա Աբբասյան խալիֆա Մաըմունի պարտադրանքի ու պնդումների պատճառով պարտավորվում է թողնել Մեդինան և մեկնում է Աբբասյան իշխանության կենտրոնը համարվող Մարվ: Մաըմունն Իմամին կանչում է իր իշխանության կենտրոնը, որպեսզի նրան առաջարկելով գահաժառանգությունն իր նպատակներն իրագործի: Մաըմունն Իմամին իշխանության կենտրոն բերելով ցանկանում է վերահսկել շիաների բողոքի քայլերն ու ընդդիմության տեղաշարժերը և ամրագրել իր իշխանության հիմքերը:

Այսօր կանդրադառնանք Մարվում Իմամ Ռեզայի բնակության շրջանին, որը տևեց շուրջ երեք տարի:

 

Մաըմունն Իմամ Ռեզային առաջարկում է ընդունել գահաժառանգությունը: Այս առաջարկը Մաըմունի կողմից գործադրված քաղաքական տակտիկա էր, որպեսզի այդպիսով իր կողմը գրավի հանրային վստահությունը: Իմամ Ռեզան նախ չի ընդունում առաջարկը, սակայն Մաըմունի ճնշման ու պնդումների ներքո ի վերջո համաձայնում է դրան: Իհարկե Աբբասյան իշխանության որոշ գործակատարներ Իմամ Ռեզային գահաժառանգ նշանակելու պատճառով բողոքում էին Մաըմունին: Սակայն Մաըմունը նրանց մի պատասխան է տալիս, որը բացահայտում է այդ քայլի կուլիսյան նպատակները: Մաըմունն ասում է. «Այս մարդը թաքուն է պահում իր քայլերն ու ժողովրդին կոչ է անում ընդունել իր իմամ լինելը: Հետևաբար եթե նա մեր գահաժառանգը դառնա, ժողովրդին մեր ծառայության կբերի և կհաստատի մեր թագավորությունն ու խալիֆայությունը»:

Մաըմունը ենթադրում էր, որ եթե Իմամն ընդունի իր գահաժառանգությունը, կհաստատվի իր իշխանության օրինականությունը և դա մեծ առավելություն էր համարվում նրա համար: Նա Իմամ Ռեզային գահաժառանգ դարձնելով մտադիր էր հանդարտեցնել իր իշխանության տակ գտնվող տարածքներում ծագած ապստամբություններն ու ընդդիմության միջոցով հրահրված անհանդարտությունները և միևնույն ժամանակ վերահսկել Իմամ Ռեզային: Դա այն պատճառով էր, որ նրա կողմից իր իշխանության հանդեպ վտանգ էր զգում: Ըստ երևույթին Մաըմունի ծրագիրը բոլոր կողմերից անթերի էր:

Իմամ Ռեզան խոհեմ քայլի դիմելով նախքան իր գահաժառանգության հաստատումը կարդացած քարոզում այդ առաջարկն ընդունելու համար նախապայմաններ է ներկայացնում: Այդ թվում այն որ գահաժառանգություն ընդունելու պարագային որևէ միջամտություն չի ունենալու քաղաքական ու ընթացիկ հարցերում, չի միջամտելու դատական խնդիրներին, ոչ մեկին պաշտոնի է նշանակելու և ոչ էլ մեկին պաշտոնանկ է անելու և որևէ ընթացակարգ չի փոխելու: Այդպիսով իմամը մերժում է Մաըմունի  բռնապետական իշխանությանն իր ցանկացած տեսակի միջամտությունը, որպեսզի նրա չարագործություններն իր հաշվին չգրվեն ու ժողովրդի մոտ այն պատկերացումը չստեղծվի, որ իբր թե Իմամ Ռեզան հաստատում է Աբբասյանների խալիֆայությունը:

Այսպիսով Իմամ Ռեզան հակառակ իր ցանկության և որոշ նախապայմաններով ընդունում է գահաժառանգությունը:

Իմամ Ռեզայի գահաժառանգության շրջանի մետաղադրամ

 

Իմամ Ռեզայի ապրած շրջանում որոշ աղանդավորական տեսակետներ դրսից մուտք էին գործել իսլամի տարածքներ: Այդ իրավիճակը թելադրում էր, որ Իմամը դիմակայի այդ մոլորեցնող տեսակետներին և դիմագրավի գաղափարական նոր մարտահրավերները: Այս պատճառով Իմամ Ռեզան Մարվում բնակված շրջանում ժողովրդի կրոնական համոզումների զարգացման ու վեհացման ուղղությամբ կառուցողական քայլեր է ձեռնարկում: Աբբասյանների խալիֆայության կենտրոն՝ Մարվում Իմամ Ռեզայի ներկայությամբ Մաըմունը ականավոր գիտնականների ու մտավորականների մասնակցությամբ գիտական հավաքներ է կազմակերպում և նրանց Իմամի հետ բանավեճի է հրավիրում: Իհարկե Իմամն էլ ստեղծված առիթն արժևորելով այդ բանավեճերը լավագույն կերպով օգտագործում է իսլամի իրավացիությունն ապացուցելու և թյուրիմացություններին պատասխանելու համար: Այդ գիտական բարդ բանավեճերի ժամանակ Իմամ Ռեզան մտքերի փոխանակում էր կատարում տարբեր կրոնների և գաղափարական հոսանքների ներկայացուցիչների հետ: Այդ բանավեճերն ընդլայնում էին ժողովրդի կրոնական համոզումները: Բանավեճերի ավարտին բոլոր գիտնականները միաբերան հաստատում էին Իմամի անսահման գիտությունը, գերազանցությունն ու արժանավորությունը և նրա համոզիչ ու պարզ տրամաբանության դիմաց գլուխ էին խոնարհում:

Այս բանավեճերը տեղի էին ունենում հանդարտ ու մտերմիկ միջավայրում և երևան էին բերում Իմամի գիտության ու իմաստնության խորքը: Այս բանավեճերի թեման ընդհանրապես արարչագործության, աստվածաճանաչության, միաստվածության, Աստծո հատկանիշների ու մարգարեների մասին էին:

Այսպիսով Իմամ Ռեզան կրոնների միջև երկխոսության և իսլամը ոչ-մուսուլման մտավորականներին ծանոթացնելու ուղղությամբ կարևոր քայլեր վերցրեց: Այդ մասին են վկայում քրիստոնեության, հրեականության ու այլ միաստվածային կրոնների հետևորդների ու ներկայացուցիչների հետ Իմամ Ռեզայի բանավեճերը:

Իմամ Ռեզայի ներկայությամբ նիստերից մեկի ժամանակ, Մաըմունը հրավիրում է հրեա, քրիստոնյա, սաբեի ու զրադաշտական ականավոր գիտնականների: Իմամը նրանց հետ բանավեճի ժամանակ կրոնի ճշմարտությունների հետ կապված հետաքրքիր ու արժեքավոր կետեր է հիշատակում: Իմամը հրեա ու քրիստոնյա գիտնականների հետ բանավեճից հետո ասում է. «Ձեր մեջ արդյոք կա մեկը, որ դեմ լինի իսլամին և ցանկանա որևէ հարց հարցնել: Եթե ցանկանում է, թող առանց սարսափ ու մտահոգություն զգալու հարցնի»: Այդ պահին սաբեի գիտնականներից հայտնի հռետոր Օմրան Սաբին ոտքի կանգնելով ասում է. «Ով գիտնական մարդ, եթե չխնդրեիր քեզ հարց չէի ուղղելու: Ես տարբեր քաղաքներ եմ մեկնել ու տարբեր հռետորների եմ հանդիպել, սակայն որևէ մեկին չեմ գտել, որ կարողանա ապացուցել Աստծո միակ լինելը: Արդյոք թույլ կտաս նույն հարցը քեզ ուղղեմ»:

Իմամ Ռեզան ասում է. «Ինչ որ ցանկանում ես հարցրու»: Այդ պահին քար լռություն է տիրում, քանի որ ներկաները ցանկանում էին տեսնել, թե բանավեճն ինչ ավարտ է ունենալու:

 

Օմրան Սաբին հարցնում է տիեզերքում առաջին գոյության և արարչագործությունից Աստծո նպատակի մասին և ասում է. «Արդյոք Աստված արարչագործության կարիք է ունեցել, թե այդպիսով նրա որևէ թերությունը  լրացվել է»:

Իմամ Ռեզան պատասխանում է. «Հիմա որ հարց ուղղեցիր ուշադրությամբ լսիր դրա պատասխանը: Մենք հավատացած ենք, որ Աստված միշտ եղել է և միակն է ու նրա հետ որևէ այլ բան չի եղել: Ապա արարում է մյուս արարածներին: Աշխարհը ոչ որևէ բանի մեջ է կառուցում, ոչ էլ դա սահմանափակում է և ոչ էլ դրանից առաջ որևէ նախագիծ է գոյություն ունեցել աշխարհում, որպեսզի դրա ընդօրինակմամբ արարի: Հետո արարածներին բաժանում է տարբեր խմբերի...սակայն նրանց կարիք չուներ: Քանի որ նա ամեն տեսակետից անսահման էություն է: Այդուհանդերձ նա կատարյալ ու բոլոր արժանիքների աղբյուրն է և չունի որևէ թերություն, որպեսզի արարչագործությամբ դա վերացնի»:

Իմամն ապա շարունակում է. «Ով Օմրան, եթե Աստված կարիքի վրայից աշխարհն արարած լիներ, իր հզորությամբ պիտի սրա մի քանի անգամը արարած լիներ, քանի որ ինչքան ավելի շատ լինի նրա աջակիցների թիվը, դա նրա համար ավելի լավ է լինելու: Հետևաբար արարչագործությունը նրա կարիքների վերացման համար չի եղել: Այլ նրա մաքուր էությունը արժանիքների աղբյուրն է և արարչագործությունն էլ նրա արժանիքներից է»:

Իհարկե Օմրան Սաբիի հետ Իմամի բանավեճը շատ երկար է և մենք միայն դրա մի հատվածն ենք նշում: Բանավեճի շարունակության մեջ իմամը հզոր ու ամուր տրամաբանությամբ տիրապետում է մտքերին և իր ներազդեցության տակ է առնում բանավեճի մասնակիցներին:

Օմրանն ապա հարցնում է. «Արդյոք այս ընդարձակ արարչագործությունը որևէ փոփոխություն առաջացնում է Աստծո էության մեջ»: Օմրանը գիտակցում էր, որ մարդու կատարած ցանկացած գործ ինչ-որ փոփոխություն է առաջացնում նրա մոտ, նա կամ կատարելագործվում է և կամ էլ նրա որևէ խնդիրը հարթվում է: Նույն հիմնավորմամբ նա Աստծուն համեմատում էր մարդու հետ:

Իմամ Ռեզան նրան պատասխանելով ասում է. «Սկզբից եղած մի էության մեջ, որ բացարձակ գոյությունն է, փոփոխությունը որևէ իմաստ չի կարող ունենալ: Նա հագեցած է բոլոր արժանիքներով և նրա մեջ թերություն գոյություն չունի, որ արարչագործությամբ դա վերացված լինի»:

Նա մի այլ հարցման ժամանակ Աստծո գտնված վայրի մասին է հարցնում և պատասխան է ստանում, որ Աստված ինքը բոլոր վայրերի արարիչն է և վայրի կարիք չունի:

 

Որոշ ժամանակ անց աղոթքի ժամը հասնում է: Իմամը Մաըմունին ասում է. «Աղոթքի պահը հասել է և պիտի պաշտամունքով զբաղվենք»:

Օմրանը, որ խիստ ազդված էր Իմամ Ռեզայի հզոր ու պարզ տրամաբանությունից և հիացած էր նրա եզակի պատասխաններով, նշեց. «Իմ տեր, իմ պատասխանը մի ընդհատիր, քանի որ իմ սիրտը փափկել է և պատրաստ է ընդունելու համար»:

Իմամն ասաց. «Մի շտապիր: Կաղոթենք ու կվերադառնանք»: Իմամ Ռեզան աղոթքից հետո կրկին ներկայանում է նիստին և Օմրանին ասում է. « Շարունակիր հարցերդ»: Օմրանը աստվածաճանաչության և Աստծո էության ու հատկանիշների մասին հարցումներ է ուղղում և հաճախ բանավեճի ժամանակ Իմամից խնդրում է մանրամասն բացատրություն տալ: Այսպիսով Իմամն իր գիտության ու իմաստնության աղբյուրով հագեցնում է Օմրանին և ի վերջո Իմամ Ռեզան նրան հարցնում է. «Արդյոք հարցն ամբողջությամբ ընկալեցիր, Օմրան»:

Օմրանը մի պահ խորհում է և ապա նրա ներքին ապրումների մասին վկայող ձայնով և ի զարմանս ներկաներին ասում է. «Այո, լավապես ընկալեցի ու վկայում եմ, որ Աստված հենց այնպես է, որ դու նկարագրեցիր և ապացուցեցիր նրա միակ լինելը: Հիմա վկայում եմ, որ Մոհամմեդը նրա ծառան է, ով ուղարկվել է առաջնորդության և ճշմարիտ կրոնի համար»: Ապա դեպի մուսուլմանների աղոթակողմը երկրպագելով, մուսուլման է դառնում: Այդ պահին նիստին ներկաների զարմանքը հասնում է գագաթնակետին: Քանի որ ներկա բոլոր գիտնականները գիտեին, որ Օմրան Սաբին հզոր տրամաբանության տեր է և որևէ մեկը նրան դեռ չէր հաղթել: Նրանք այդ տեսարանի ականատեսը լինելով հաստատում են Իմամ Ռեզայի դիրքի մեծությունը: