Հոկտեմբեր 10, 2017 19:57 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իմամ Ռեզայի կյանքի որոշ դրվագներին:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մարվում Իմամ Ռեզայի ներկայությամբ իսլամը ոչ-մուսուլմանների ներկայացնելու նպատակով քրիստոնյա, հրեա և այլ կրոնների հետևորդ գիտնականների մասնակցությամբ պարբերաբար գիտական բանավեճեր էին կազմակերպվում: Այլ կրոնների հետ երկխոսության սկզբունքի հիմքը դրվել էր մեծ մարգարեի ժամանակ և իմամներն էլ շարունակեցին այս ավանդույթը: Այդուհանդերձ Իմամ Ռեզայի ապրած ժամանակաշրջանում կրոնների միջև երկխոսությունն ու դավանանքների մերձեցման կապակցությամբ ջանքերը հասան գագաթնակետին: Այս երկխոսությունների ընթացքում Իմամը մտքերի փոխանակում էր կատարում այլ կրոնների առաջնորդների և տարբեր գաղափարական հոսանքների ներկայացուցիչների հետ:

Իմամ Ռեզայի օրոք տարածված է եղել առնվազն երկու կարգի երկխոսություն: Մեկը միջդավանական երկխոսությունն էր, որն առնչվում էր դավանանքների միջև մերձեցմանը, իսկ մյուսը՝ միջկրոնական երկխոսությունը, որն այսօր հայտնի է կրոնների միջև երկխոսության անվան ներքո: Այլ կրոնների ու դավանքների հետևորդների հետ Իմամ Ռեզայի վերաբերմունքը վկայում է այն ճշմարտության մասին, որ նա ծանոթ է եղել այդ ժամանակաշրջանում տարածված տարբեր մշակույթներին: Այդ մասին են վկայում  Իմամ Ռեզայի՝ տարբեր լեզուներին  տրապետելը և այլ կրոնների հոգևոր աղբյուրների հետ  խոր ծանոթությունը:

Թերթելով պատմության էջերը կարող ենք նկատել, որ Իմամ Ռեզայի ապրած տարիները համընկնում են միջնադարին և արևմտյան հասարակություններում տիրող մտային լճացման ու մշակութային անկմանը, երբ եկեղեցին իր բռնապետական իշխանությունն էր տարածել բոլոր տեսակետների ու գաղափարների վրա: Սակայն քննարկելով Իմամ Ռեզայի գաղափարական կյանքն ու նրա կողմից հիմնադրված գիտական շարժումը կարելի է նկատել, որ իսլամական աշխարհում լիովին այլ իրավիճակ էր տիրում: Աշխարհի այս հատվածում մտքերի ու փոխանակման ու վիճարկման աշխույժ նիստեր էին գումարվում: Այդ նիստերում ներկայացվում էին տարբեր ու երբեմն իրար հակասող մտքեր ու տեսակետներ և իմամներն ու հայտնի հոգևորականներ հանգիստ մտքով ու տրամաբանորեն ներկայացնում էին գիտական թեմաներ և պատասխանում էին միմյանց հարցումներին: Բնականաբար մտքերի այդ բախման ընթացքում երևան էր գալիս գերազանցող գաղափարն ու միտքը:

Այս բանավեճերի ժամանակ Իմամ Ռեզայի ազատամտությունը իսլամի կենսատու մշակույթի տարածման ուղղությամբ ուշագրավ ազդեցություն ունեցավ: Նա տրամաբանական մեթոդներից օգտվելով ապացուցում էր իսլամի գաղափարական հիմքերի ճշմարտացիությունը: Բացի այդ իսլամը,որպես մտքերի փոխանակման և մտքի ու խոսքի ազատության ջատագով էր ներկայացնում:

Անկասկած տարբեր կրոնների ու դավանքների հետ Իմամ Ռեզայի երկխոսությունները չափազանց քաղցր ու խրատալի են եղել: Այս երկխոսությունների ժամանակ Իմամ Ռեզան օգտվելով իր անսահման գիտությունից, այլ կրոնների գիտնականներին ցույց էր տալիս ճշմարիտ ուղին: Նա ասում էր. «եթե մարդիկ ճաշակեն մեր խոսքի գեղեցկությունն ու հաճույքը, վստահաբար կհետևեն մեզ»:

Այս իմաստուն ու լուսաբանող երկխոսությունների ընթացքում գիտնականները հանձնվում էին Իմամի ամուր ու անխախտելի տրամաբանության դիմաց և ոմանք էլ  իսլամ էին ընդունում:

Իմամ Ռեզայի մեթոդն այն էր, որ այլ կրոնների մտավորականության հետ երկխոսության ժամանակ հիմք էր ընդունում ընդհանրություններն ու նրանց կողմից ընդունված աղբյուրները: Այնպես որ նա հրեաների հետ երկխոսության ժամանակ դիմում էր Թովրայի ճշմարտություններին, իսկ քրիստոնյաների հետ երկխոսության ժամանակ մեջբերում էր կատարում Ավետարաններից: Նա տարբեր գաղափարների հետևորդների հետ վիճարկում էր նրանց լեզվով ու յուրաքանչյուր գաղափարական դպրոցի համոզումները քննարկում էր առանձնաբար:

Երբ Մաըմունի պաշտոնյաները քրիստոնյա կաթողիկոսին խնդրում են Իմամի հետ երկխոսության մասնակցել, նա ասում է ինչպե՞ս եմ կարող մեկի հետ երկխոսություն կատարել, որը իր տրամաբանության համար հիմք է ընդունում այն գիրքը, որը ես չեմ ընդունում և մեջբերում է կատարում այն մարգարեից, որի հանդեպ ես հավատք չունեմ: Այստեղ Իմամ Ռեզան արտահայտվում ու նշում է. «Ով քրիստոնյա մարդ, եթե Ավետարաններից մեջբերում կատարեմ, կընդունե՞ս»: Կաթողիկոսն ասում է՝ այո, նույնիսկ եթե դա իմ վնասին լինի:

Այդպիսով Իմամ Ռեզան  մասնակցում է քրիստոնյա հոգևորականի հետ բանավեճին, նրա ընդունած ընդհանրությունների համաձայն: Իմամը երկխոսության ժամանակ ընթերցումներ է կատարում Ավետարանից մինչև որ հասնում է իսլամի մարգարեի անվանը և արտասանում է այն: Այդտեղ կաթողիկոսը զարմանքով նկատում է, որ Իմամը մանրամասնորեն տիրապետում է Ավետարանին ու դրա բովանդակությանը:

Իհարկե կաթողիկոսի հետ Իմամ Ռեզայի երկխոսությունն այնպիսի ընթացք ունեցավ, որ քրիոստոնյա հոգևորականն այլևս որևէ ասելիք չուներ: Նա երկխոսության ավարտին հայտարարեց. «Երդվում եմ Քրիստոսով, որ չէի կարծում մուսուլմանների մեջ քեզ նման մեկը կգտնվի»:

 

Իմամ Ռեզան երկխոսություն է ունեցել նաև հրեաների մեծ հոգևորական Ռաս-ալ-Ջալութի հետ: Իմամ Ռեզան նրան հարցնում է Մովսեսի մարգարեության պատճառի մասին: Հրեա հոգևորականը պատասխանում է. «Նա հրաշքներ էր գործում, որ նրան նախորդող մարգարեները չէին գործել»: Իմամն ասում է. «Օրինակ ի՞նչ է կատարել»: Հրեան պատասխանում է. «Օրինակ ծովը ճեղքելը, գավազանը օձի վերածելը,  և մի շարք այլ հրաշքներ, որ ուրիշներն անկարող են դրանք գործել»:

Իմամն ասում է. «Ճիշտ ես ասում: Սրանք մարգարե լինելու համար լավ նշաններ են: Ուրեմն եթե մեկը մարգարեության հավակնություն կատարի և ապա նման հրաշքներ գործի դուք ձեզ պարտավոր եք զգալու նրան հետևել»: Հրեա հոգևորականն ասում է. «Ոչ, քանի որ Աստծո մոտ վայելած դիրքի պատճառով Մովսեսը եզակի է եղել և ով որ մարգարեության հավակնություն կատարի մենք պարտավոր չենք նրան հետևել, միթե այն որ Մովսեսի նման հրաշքներ գործի»: Իմամն ասում է. «Ապա ինչպե՞ս եք հավատում մինչև Մովսեսը եղած մարգարեներին, մինչդեռ նրանք Մովսեսի հրաշքները չեն գործել»: Այստեղ Ռաս-ալ-Ջալութը պարտավորվում է շտկել իր խոսքը և ասում է. «Ես ասացի երբ իրենց մարգարեությունը ապացուցող այնպիսի հրաշքներ գործեն, որոնք սովորական մարդիկ անկարող են կատարել, պիտի նրանց ընդունել, նույնիսկ եթե  նրանց հրաշքները Մովսեսի նման չլինեն»:

Իմամն ասում է. «Ապա ինչո՞ւ չես ընդունում Հիսուս Քրիստոսի մարգարեությունը: Նա հարություն էր տալիս մեռելներին, բժշկում էր կույրերին ու անբուժելի հիվանդներին, ցեխից թռչուն էր  ստեղծում։Երբ Հիսուս Քրիստոսը շունչ է փչում թռչունի վրա, թռչունը կենդանանում է»: Ռաս-ալ-Ջալութն ասում է, թե այդ հրաշքների մասին պատմել են, բայց մենք դրանք չենք տեսել:

Իմամ Ռեզան հարցնում է. «Արդյոք դու քո աչքերով տեսել ես Մովսեսի հրաշքները: Արդյոք այդ հրաշքների մասին տեղեկացել ես հավաստի ու վստահելի անձանց միջոցով»: Նա պատասխանում է՝ այո: Իմամն ասում է. «Շատ բարի, ուրեմն եթե նույն հավաստի աղբյուրները քեզ պատմեն Հիսուս Քրիստոսի հրաշքների մասին, ապա ինչո՞ւ դուք Հիսուսին չեք հավատում ու միայն Մովսեսին եք ընդունում»: Հրեա հոգևորականն անկարող է լինում պատասխանել այս հարցին:

Իմամն ապա ասում է. «Նույնն է Մոհամմեդ մարգարեի  ու Աստծո կողմից նշանակված յուրաքանչյուր մարգարեի պարագային: Մեր մարգարեի հրաշքներից էր այն, որ նա որբ ու չքավոր ու անուս էր, սակայն ներկայացրեց Ղուրանը, որտեղ մանրամասնորեն նկարագրված է մարգարեների կյանքը, ինչպես նաև նախորդների խոսքերն ու նաև ապագան: Նա բազմաթիվ  նշաններ ու հրաշքներ ունի»:

Այստեղ Ռաս-ալ-Ջալութն անկարող է լինում պատասխանել Իմամին և պարտավորվում է հանձնվել Իմամի տրամաբանության դիմաց: Նա դիմելով Իմամ Ռեզային ասում է. «Երդվում եմ Աստծու անունով, որ եթե ինձ արգելք չհանդիսանար հրեաների առաջնորդության հանգամանքը, կհետևեի քեզ: Երդվում եմ Թովրան Մովսեսին, իսկ Սաղմոսները Դավթին տված Աստծո անունով, որ չեմ տեսել մեկին, որ Թովրան ու Ավետարանը քեզանից ավելի լավ սերտած լինի ու դրանք քեզանից ավելի լավ մեկնաբանի»:

 

Այս երկխոսությունների ժամանակ առավել քան երբևէ բացահայտվեց Աստծո առաքյալի ծոռան՝ Իմամ Ռեզայի գիտական ու հոգևոր բարձր դիրքը և նրա համբավը տարածվեց իսլամական աշխարհում: Իմամի հանդեպ համակրանքն ամեն օր մեծանում էր և ժողովուրդը, հատկապես մտավորականները տարբեր կողմերից դիմում էին նրան: Դա ի տես այն բանի, որ Մաըմունն Իմամ Ռեզայի ու այլ կրոնների մտավորականների ներկայությամբ նման երկխոսություններ կազմակերպելով նպատակ ուներ հակակշռի տակ առնել ու թուլացնել  Իմամ Ռեզայի դիրքերը: Միևնույն ժամանակ Մարվում Իմամ Ռեզայի ներկայությունը Խոռասանում շիա դավանանքի տարածման հող նախապատրաստեց: Խոռասանում Իմամ Ռեզայի ներկայությամբ ամեն օր ավելի էր աճում մեծ մարգարեի գերդաստանի հանդեպ ժողովրդի սերը: Հիմնականում Իմամ Ռեզայի ներկայությունն Իրանում մեծ ազդեցություն է գործում  այս երկրում մանսավորապես Խոռասանում  շիա դավանանքի տարածման ուղղությամբ և անջնջելի հետք է թողնում Իրանի մշակույթի ու պատմության վրա:

Շիա դավանանքի տարածումը և Իմամ Ռեզայի հանդեպ ժողովրդի հասարակ խավերի և նույնիսկ իշխանական կառույցի պաշտոնատարների աճող համակրանքը պատճառ դարձան, որ Մաըմունը վտանգ զգա: Նա հանգեց այն եզրակացության, որ Իմամ Ռեզային Մարվ բերելով ոչ միայն իր ցանկացած նպատակներին չի հասել, այլ հակառակ արդյունք է ստացել ու եթե իրավիճակը նույն ընթացքով շարունակվի իր իշխանության հիմքերը խարխլվելու են:

Դա պատճառ դարձավ, որ Մաըմունը թշնամանա  Իմամ Ռեզայի հետ: Նա պահակներ է նշանակում Իմամի համար, որպեսզի վերահսկեն նրա աշխատանքներն ու այդ մասին տեղյակ պահեն Մաըմունին, որ հանկարծ նա իշխանության դեմ քայլեր չձեռնարկի: Իր իշխանության հիմքերը պահպանելու համար մարդ սպանելու ընդունակ Մաըմունը նաև Աստծո առաքյալի անարատ ծոռանը սպանելուց չէր վախենում: Այդպիսով Ալի Իբն Մուսա-ալ-Ռեզան էլ իր հարգարժան նախորդների նման նահատակվեց արդարության ճանապարհին, սակայն չհամաձայնվեց ենթարկվել Աբբասյան Մաըմունի բռնապետական ու չարագործ իշխանությանը: