Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Էրդողանի Թեհրան կատարած ուղևորության տնտեսական նպատակներին, Մոսկվայում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի նստաշրջանին և ԱՄՆ-ի խոստումնադրժության մասին ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի արտահայտություններին:
Իրանն ու Թուրքիան վճռական են ընդլայնել տնտեսական հարաբերությունները: Այս շրջագծում անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Թեհրան կատարած այցի ընթացքում այդ կապակցությամբ ընդարձակ քննարկումներ կատարվեցին: Ռեջեբ Թայիբ Էրդողանն անցած չորեքշաբթի օրը ԻԻՀ պաշտոնատարների հետ բանակցության նպատակով բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ Թեհրան ժամանեց:
ԻԻՀ-ի և Թուրքիայի նախագահները երկու երկրի պատվիրակությունների բանակցության ավարտին հանդես եկան համատեղ հայտարարությամբ որտեղ ընդգծված էր Թեհրանի ու Անկարայի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքական կամքը:
Այս հաղորդագրության մեջ ակնարկ է կատարվել այն մասին, որ Իրանն ու Թուրքիան նպատակադրել են տարեկան առևտրաշրջանառությունը բարձրացնել 30 միլիարդ դոլարի և ընդգծվել է տնտեսական ու ֆինանսական համագործակցությունների ճանապարհը հարթեցնելու ուղղությամբ երկու երկրի բանկերի դերակատարությունը:
ԻԻՀ-ն ու Թուրքիան ի դեպ, հարաբերությունների խորացման նպատակով համագործակցության չորս փոխհուշագիր ստորագրեցին:
ԻԻՀ էկոնոմիկայի ու ֆինանսների և Թուրքիայի մաքսային հարցերի ու առևտրի նախարարությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության փոխհուշագիրը և ԻԻՀ-ի ու Թուրքիայի կենտրոնական բանկերի միջև համագործակցության փոխհուշագիրը Թեհրան-Անկարա հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ ստորագրված փաստաթղթերից էին:
2017 թվականի առաջին հինգ ամիսներին Իրանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4 միլիարդ 500 միլիոն դոլար:
Թեհրանն ու Անկարան կարող են լրացնել միմյանց բացերը և երկկողմ ու տարածաշրջանային տնտեսական զարգացման ու ծաղկման շրջագծում համալրման կարգով ազդեցիկ դերակատարություն ունենալ:
Երկու երկրի միջև 2015 թվականին արտոնյալ առևտրի մասին համաձայնագիր ստորագրվեց, որի գործադրմամբ ընդլայնվելու են երկու երկրի տնտեսական հարաբերությունները:
Թուրքիան Իրանի արտաքին առևտրի բաղադրիչ կարևոր տարրերից է համարվում, այնպես որ տեղավորվում է դեպի Իրան արտահանումներ և Իրանից ներկրումներ կատարող երկրների առաջին հնգյակում:
----------------------
ԻԻՀ նավթի նախարարը Գազ արտահանող երկրների ֆորումի նստաշրջանին մասնակցելու նպատակով անցած շաբաթ Մոսկվա այցելեց: Հաղորդման այս բաժնում կանդրադառնանք այդ նստաշրջանին և դրա արդյունքներին:
Գազ արտահանող երկրների ֆորումի նախարարական 19-րդ տարեկան նստաշրջանում, որին իրենց մասնակցությունն էին բերել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, և անդամ ու դիտորդ մյուս երկրների էներգիայի նախարարները, Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային և այդ ֆորումի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Հոսեյն Ադելին, քննարկվեցին այդ կառույցի ռազմավարությունն ու դրա գործունեության հետ կապված հարցեր: Այս նստաշրջանում Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենթի Յուրինգը երկամյա ժամկետով ընտրվեց Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղար: Յորինգը 2018 թվականի հունվարի 1-ից այդ ֆորումի գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի Մոհամմեդ Հոսեյն Ադելիին: Իրանը երկու շրջան վարել է Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մինչև չորեքշաբթի օրն ուշ երեկոյան շարունակված նիստերի ու խորհրդակցությունների ժամանակ Գազ արտահանող երկրների ֆորումի հայեցակարգային փաստաթղթի շրջագծում քննարկվեց ու վավերացվեց ֆորումի հնգամյա ծրագիրը:
Գազ արտահանող երկրների ֆորումը հիմնադրվեց 2001 թվականին Իրանի նախաձեռնությամբ և անցած 16 տարիների ընթացքում ընթացել է զարգացման ճանապարհով՝ վերածվելով համաշխարհային տնտեսության ոլորտում ազդեցիկ կառույցի: 2001 թվականի մարտի 3-ին և 4-ին Թեհրանում գազի պաշարներ ունեցող երկրների բարձրաստիճան փորձագետների առաջին նստաշրջանը գումարվելով Իրանը նախաձեռնող եղավ այս կառույցի հիմնադրման հարցում, որին հաջորդեց 2002 թվականի մայիսի 19-ին և 20-ին Թեհրանում գումարված այդ երկրների նախարարների նստաշրջանը: Այդպիսով հիմնադրվեց Գազ արտահանող երկրների ֆորումը (Gas Exporting Countries’ Forum):
Այս ֆորումն այս պահին ունի18 լիիրավ և դիտորդ անդամներ: Ֆորումի լիիրավ անդամ երկրներն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ալժիրը, Բոլիվիան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Տրինիդադ և Տոբագոն, Վենեսուելան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նիգերիան, Լիբիան և Կատարը: Իսկ Հոլանդիան, Նորվեգիան, Իրաքը, Օմանը, Պերուն և Ադրբեջանը ֆորումի դիտորդ անդամներն են:
Հաշվի առնելով այս հնարավորությունները, որպես հանածո վառելիքների խոշոր աղբյուրների տեր երկիր, Իրանի Իսլամական Հանրապետության դերը մեծ նշանակություն ունի էներգիայի ապահովման հարցում: Ներկայումս, Իրանի օրակարգում են դրված բազմաթիվ նախագծեր` Կենտրոնական Ասիայի գազը Եվրոպայի շուկաներ փոխադրելու համար:
Գազի մեծ պաշարները գտնվում են Պարսից ծոցում, որոնց սպառողական շուկաներ փոխադրելու լավագույն ճանապարհը Իրանն է:
Այս տարածքում ներդրումը Հնդկաստանի և Չինաստանի նման երկրների ուշադրության կենտրոնում է : Իրանը այս բնագավառում կարևոր պայմանագրեր է կնքել: Նշենք, որ վերջերս Իրանը և Ֆրանսիայի Total նավթընկերության միջազգային կոնսերցիումը Թեհրանում ստորագրել են Հարավային Փարս հանքավայրի 11-րդ բլոկի զարգացման մասին 4 միլիարդ 800 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ ռուսական Lukoil, Իտալական ENI և չինական ընկերությունները համարվում են Իրանի ռազմավարական գործընկերները:
Գազ արտահանող երկրների ֆորումի նախարարների նիստի շրջանակներում, Իրանի ազգային նավթընկերությունը և Ռուսաստանի Lukoil ընկերությունը համագործակցության երկու փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Մոսկվայում:
Այս նստաշրջանին առընթեր Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն քննարկեցին նավթի հանքավայրերի հայտնաբերման ու ընդլայնման ոլորտում երկկողմ հարաբերությունները:
-------------------------
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանն ընդգծելով խտրականությունից և քաղաքական մոտեցումներից հեռու համաշխարհային առևտրական բազմակողմ համակարգի առկայության անհրաժեշտությունը, հայտարարեց, շրջափակումները հակասում են միջազգային իրավունքին և կանխում են նման համակարգի ստեղծումը։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի տնտեսական ու ֆինանսական հարցերով երկրորդ կոմիտեի նիստում պարզաբանել է համաշխարհային առևտրի կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումները: Նա ընդգծել է կարիքների և ազգային քաղաքականության շրջագծում տարբեր երկրների կայուն զարգացման իրագործման նշանակությունն ու առևտրական բազմակողմ համակարգի հզորացման անհրաժեշտությունը:
Խոշռուն նշել է, որ կազմակերպությունը բազմիցս ընդգծել է առանց խտրականության, հավասար պայմաններում և քաղաքական կողմնորոշումներից հեռու առևտրական բազմակողմ համակարգի առկայության անհրաժեշտությունը:
Ղոլամալի Խոշռուն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի դերակատարությանը և կարևորել Համաշխարհային առևտրի կազմակերպությանն անդամակցելու համար զարգացող երկրներին նախապատրաստելու ուղղությամբ այդ կառույցի դերակատարությունը:
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ որոշ երկրների, այդ թվում Իրանի դեմ շրջափակումների անարդար գործադրումը հակասում է միջազգային իրավունքին և դեմ է բազմակողմ առևտրական համակարգին:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը այդ կազմակերպության ԳԱ-ի նիստում անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանն այն մասին, թե աշխարհն այսօր համաշխարհային մարտահրավերների կարգավորման համար առավել քան երբևէ բազմակողմ քայլերի կարիք ունի, մտահոգություն հայտնեց բազմակողմանիությունը թուլացնող որոշ ուժերի քայլերի կապակցությամբ:
Խոշռուն ՀԳՀԾ-ն դիվանագիտության արժեքի մասին վկայող ապացույց համարեց և հավելեց. «ՄԱԿ-ը ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր զեկուցողի դերակատարությունն իրագործելիս առավել կառուցողական մոտեցում պիտի ցուցաբերի»:
ՀԳՀԾ-ն խախտելու ուղղությամբ ԱՄՆ-ի քայլերն արժանացել են խիստ քննադատության։
ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Դևիդ Օ'Սալիվանն ամերիկյան հետազոտական մի հաստատության միջոցով կազմակերպված նիստում հայտարարել է. «Ես չեմ կասկածում, որ եթե իրականություն դառնա այս սցենարը (միջուկային համաձայնությունից հրաժարվելը), թեև դեռ հստակ չէ, որ նման բան տեղի կունենա, ԵՄ-ն բոլոր միջոցներով կփորձի պաշտպանել իր ընկերությունների օրինական շահերը»:
Այս կապակցությամբ «Բլումբերգ»-ը հայտարարեց, որ այդ քայլն Իրանից առավել կմեկուսացնի ԱՄՆ-ին: