Դեկտեմբեր 19, 2017 20:14 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում զրուցելու ենք հայտնի միստիկ ու հռետոր Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբիի՝ Բահավալադի մասին, որը հայտնի է նաև «Սոլթան-օլ-օլամա» անունով:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում ձեզ ծանոթացնելու ենք Իրանի և աշխարհի մշակութային պանծալի գործիչներից մեկին: Այսօր զրուցելու ենք հայտնի միստիկ ու հռետոր Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբիիէ՝ Բահավալադի մասին, որը հայտնի է նաև «Սոլթան-օլ-օլամա» անունով:

Բահաեդդին Վալադ, Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբին, որը հայտնի է Բահավալադ և «Սոլթան-օլ-օլամա» անուններով լուսնային 7-8-րդ դարում Խոռասանի հայտնի միստիկներից, հռետորներից ու սուֆի շեյխերից  և իրանցի հայտնի միստիկ ու բանաստեղծ Ջալալեդդին Մոլավիի հայրն է: Բահաեդդին Վալադը Հոսեյն Բին Ահմեդ Խաթիբիի որդին էր, որ «Մանաղեբ-ալ-արեֆին» արժեքավոր գրքի հեղինակ Աֆլաքիի վկայությամբ իր ժամանակի հայտնի գործիչներից էր, իսկ մայրը սերում էր Խառազմշահիների գերդաստանից: Բահավալադի գերդաստանը բնակվելիս է եղել Բալխում: Ոմանք հավատացած են, որ նա աշակերտել է Շեյխ Նաջմեդդին Քոբռային ու նրա ներկայացուցիչներից է եղել: Ոմանք էլ նրան համարել են Ահմեդ Ղազալիի աշակերտն ու հետևորդը: Սակայն Բահավալադի «Մաարեֆ» աշխատությունից, որտեղ ամփոփված են նրա մտքերն ու ասույթները նման եզրակացություն չի կարելի անել:

Բահավալադի «Մաարեֆ» աշխատությունը

 

Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Վալադ Բին  Հոսեյն Բին Ահմեդ Խաթիբ Բալխին իր մահից հետո հայտնի է դառնում Մեծ Մոլանա կոչումով: Իր ապրած շրջանում ընդհանրապես ճանաչված է եղել Բահավալադ անունով ու երբեմն էլ նրան դիմել են, որպես «Սոլթան-օլ-օլամա»: Մոլանա Ջալալեդդին Մոլավիի ավագ որդին՝ Սոլթան Վալադն իր «Վալադ Նամե» աշխատության մեջ նշում է, որ Բահավալադը Սոլթան-օլ-օլամա կոչումն ստացել է իսլամի մեծարգո մարգարե Հազրաթ Մոհամմեդից: «Վալադ Նամաե»-ում հիշատակված է, որ իսլամի մեծարգո մարգարեն նույն գիշեր Բալխի բոլոր հոգևորականների երազում Բահաեդդինին տվել է «Սոլթան-օլ-օլամա» կոչումը: Նրանք զարթնելուն պես անմիջապես գնում են Բահավալադի մոտ, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն նրան: Սակայն մոլավիագետ Ֆոռուզանֆարը հիմք ընդունելով Բահավալադից հիշատակ մնացած «Մաարաեֆ» աշխատությունը հավատացած է, որ «Սոլթան-օլ-օլամա» կոչումը նրան է տվել երազում նրան հայտնված պայծառ դեմքով մի ծերունի և այնուհետև նա իր հրապարակած ֆաթվաներում պնդում է ունեցել օգտագործել այդ անունը:

Բահավալադն իր «Մաարաեֆ» աշխատության մեջ մի տեղ ակնարկում է իր տարիքին, որն այդ ժամանակ 55 տարեկան է եղել: Այս հավաստի թվականը հիմք ընդունելով կարելի է ասել, որ նա լուսնային 546՝ փրկչական 1151 թվականին ծնվել է մեծ Խոռասանի կարևոր քաղաքներից համարվող Բալխում՝ հանրահայտ ու ճգնությամբ հայտնի մի գերդաստանում: Բահավալդը հավատարիմ մնալով իր պապենական մասնագիտությանը Բալխում զբաղվում է քարոզչությամբ ու դառնում է մուֆթի: Ամբողջ կյանքում հատուկ ուշադրություն է ցուցաբերել իր հոգևորականի դիրքին, շարունակ կրել է հոգևորականների հատուկ հագուստը և ուղևորությունների ժամանակ պնդում է ունեցել գիշերել դպրոցում, ոչ թե խանղահում: Այդուհանդերձ նրա քարոզներում ակնհայտ են սուֆիզմի հետքերը, որոնց հիմք ընդունելով կարելի է նրան միստիկ սուֆի համարել: Զառինքուբը «Աստիճան առ աստիճան մինչև Աստծո տեսությունը» աշխատասիրության մեջ գրում է. «Բահավալադն իր ժամանակաշրջանում քարոզիչների մոտ տարածված ավանդույթի ու սովորության համաձայն ճամբորդել է Խոռասանի, Միջին Ասիայի ու Թուրքստանի տարբեր քաղաքներում: Ուր որ գնում էր ու որ քաղաքում էլ, որ բնակվում էր մզկիթներում քարոզ էր կարդում, դպրոցներում դասավանդում էր ու նույնիսկ այցելում էր խանղահները: Այդ ուղևորությունները երբեմն ամիսներ ու տարիներ նրան հեռու էին պահում իր ծննդավայրից: Որոշ ժամանակ իր ընտանիքի անդամներին իր հետ ուղևորության էր տանում ու երբեմն էլ միայնակ էր ճամբորդում»:

Այս ուղևորությունների ժամանակ, Բահավալադը որոշ համակիրներ էր շահելուն զուգահեռ նաև հակառակորդներ էր ունենում: Նրա քարոզները ջերմ ու հուզիչ էին ու նրա դասերն իրենց գրավչությամբ տարբերվում էին մյուս հոգևորականների ու իսլամագետների դասերից: Նա իր արտահայտություններում չափազանց համարձակ էր: Զառինքուբի ընդգծմամբ «Դասի ու քարոզի ժամանակ հատուկ համարձակությամբ քննադատում էր մյուս հոգևորականներին, դատավորներին մեղադրում էր անարդարության մեջ ու նույնիսկ հարձակվում էր այն քարոզիչների վրա, ովքեր պաշտպանում էին չարագործ իշխանավորներին ու պախարակում էր նրանց: Նրա այցելած բոլոր տարածքներում Բալխից ու Թարմազից սկսած մինչև Վախշ, Սամարղանդ ու Խառազմ, ուր որ անարդար դատավոր կամ բռնապետ իշխանավոր էր լինում նրան դժգոհությամբ էին ընդունում և նրան ու նրա հետևորդներին ցավ ու տառապանք էին պատճառում»:

Բահավալադը հայտնի էր, որպես «դեպի բարին առաջնորդող և չարից հրաժարեցնող» քարոզիչ և շատերին այդ հարցում իր ուղեկիցն էր դարձրել: Նա իր բոլոր քարոզներում ժողովրդին խրախուսում էր հետևել իսլամի ուսուցումներին և Խառազմշահիների իշխանությանը կոչ էր անում հրաժարվել բռնությունից և արդարություն հաստատել:

Բահավալադն քարոզի համար որ քաղաքն էլ որ ժամանում էր ժողովրդի տարբեր խավերից հետևորդներ էր գտնում և Բալխի բնակիչները մեծ հավատք ունեին նրա հանդեպ: «Մանաղեբ-ալ-առֆեին»-ում ու այլ կենսագրականներում ասված է, որ Սոլթան-օլ-օլամա Բահավալադն իր ելույթներում ու քարոզներում պախարակում էր փիլիսոփաներին, որոնք մտածողությունը համարում էին ճշմարտությանը հանգելու միակ միջոցը: Նա մյուս սուֆիների նման մտածողությունը սահմանափակ ու տրամաբանության ոտքը կաղ էր համարում: Նա հավատացած էր, որ միայն հոգու զտման, ճգնության ու աստվածային գրավչության միջոցով կարելի է հանգել ճշմարտության: Այս հիման վրա սուֆիներն այդ թվում Բահավալադը փիլիսոփաներին պախարակում էին ու հավատացած էին, որ նրան շեղվել են ճշմարիտ ուղուց: Էմամ Ֆախր Ռազին Բահավալդի ժամանակաշրջանում ապրած իմաստուններից ու փիլիսոփաներից և Խառազմշահի ուսուցիչն է եղել և թագավորն էլ հատուկ հարգանք է ունեցել նրա հանդեպ: Բահավալադն անգամներ քարոզի պահին և կամ իր աշխատության մեջ պախարակել է նրան ու նրա ուսմունքը:

Ասվում է, որ Ֆախր Ռազին քեն է պահում Բահավալադից ու նկատի առնելով Խառազմշահի մոտ իր ներազդեցությունը պատճառ է դառնում, որ նա թշնամանա ու վատատես դառնա Բահավալադի հանդեպ: Նկատի առնելով պահպանված փաստաթղթերը կարելի է ասել, որ Ֆախր Ռազին ու Բահավալադն հավատացած ու հավատարիմ են եղել իրենց ուսմունքին ու նրանց միջև տարաձայնությունն ու թշնամությունը բնական է: Վարպետների տարաձայնության պատճառով նրանց հետևորդներն են սկսում միմյանց հանդեպ թշնամանալ ու սադրանքի հող է պատրաստվում:

«Մանաղեբ-ալ-առեֆին»-ում Ահմեդ Աֆլաքիի ու նաև այլ կենսագիրների համոզմամբ Բահավալադը Խառազմշահից ունեցած դժգոհության ու նաև նրա բռնությունների պատճառով ու նաև Իրանի դեմ մոնղոլների արշավանքի լուրը ստանալով որոշում է Բալխից հեռանալ: Ֆոռուզանֆարն Մոնղոլների արշավանքը Մոլավիի գերդաստանի Իրանից գաղթելու պատճառն է համարում: Նա հավատացած է, որ «չնայած գոյություն ունեցող վկայություններին, որոնք պատմականորեն հավաստի են համարվում, Բալխից Բահավալդի գաղթի ու մեկնումի գլխավոր պատճառը թաթառների զորքի արյունահեղությունից ու դաժանությունից վախն ու սարսափն է եղել, որը սարսափ էր պատճառել ողջ ժողովրդին և նրանց ովքեր ուժ ու հարստություն ունեին պարտադրեց լքել տունն ու տեղը և հեռանալ հայրենիքից: Այդ պատճառով էլ Իրանի ժողովրդի մի հատվածը գաղթեց հեռավոր երկրներ...Այդ շրջանի աղբյուրներում հիշատակված է, որ Բաղդադ ժամանած բազմության պատճառով բնակարան գտնելը շատ բարդ գործ է դարձել ու գաղթականները դժվարությամբ էին կարողանում հանգստի վայր գտնել: Այդ պահին միստիկներից միայն Բահավալադը չեր, որ Իրանից գաղթեց, այլ «Մեռսադ-ալ-էբադ» գրքի հեղինակ՝ Դայե անունով հայտնի Շեյխ Նաջմեդդին Ռազին էլ Միջին Ասիայից նախ Ռեյ ու ապա Կոնիա է գաղթում: