Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:
Հունվարի 6-ին չինական-հոնկ-կոնգական բեռնատար նավը Չինաստանի արևելյան ափերում բախվեց իրանական նավթատարին, որի հետևանքով իրանական նավթատար նավում պայթյուն ու հրդեհ առաջացավ: Դեպքի հետևանքով իրանական «Սանչի» նավթատարը խորտակվեց:Նավի անձնակազմի 32 անդամները, որոնցից 30-ն Իրանի, իսկ երկուսը Բանգլադեշի քաղաքացիներ էին զոհվեցին: Հարգելով զոհերի հիշատակը սկսում ենք մեր հաղորդումը:
---------------
Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների նախագահների 13-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանին առընթեր գումարվեց Իսլամական միջխորհրդարանական միության տնտեսական ու բնապահպանական հարցերի մշտական կոմիտեի նիստը, որի ընթացքում տնտեսական ու առևտրական փոխանակումների ընդլայնման ու բնապահպանական հարցերի վերացման կապակցությամբ 14 բանաձևեր ընդունվեցին:
Այդ բանաձևերից երկուսը կրում են «Տնտեսական ու բնապահպանական հարցերով մշտական կոմիտեի զեկուցաբերի ընտրությունը» և «Կոմիտեի ընդունած բանաձևերի ու հանձնարարությունների հետապնդման ու գործադրման մասին զեկուցման» խորագրերը, իսկ բանաձևերից չորսն էլ վերաբերում են տնտեսական ոլորտին:
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև առևտրական շրջանառության ծավալի մեծացումն ու մաքսային արգելքների վերացումը, ինչպես նաև անդամ երկրների դեմ միակողմանի ու բազմակողմ շրջափակումներին դիմակայելն այս նիստի ընթացքում ընդունված տնտեսական բանաձևերից են:
Կոմիտեն բնապահպանության բնագավառում էլ ընդունեց ութ բանաձևեր, որոնցից են «Բնապահպանական հարցերն ու կայուն զարգացումը», «Հատկապես Աֆրիկայի ափամերձ երկրներում անապատացման դեմ պայքարը», «Անդամ երկրների ջրային ռեսուրսների պահպանության ուղղությամբ համագործակցությունը» և «Շրջակա միջավայրի պաշտպանության ու կլիմայական փոփոխություններին դիմակայելու բնագավառում համագործակցության ամրապնդումը»:
Այս նիստն ի՞նչ նշանակություն ունի և մի կողմ թողած տնտեսական հարցերն ու մարտահրավերներն, արդյոք այս նիստը կարող է իսլամական աշխարհում համագործակցության առավել լուսավոր հեռանկար ուրվագծել: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել իսլամական աշխարհի տնտեսական պոտենցիալներն ու իմանալ, թե իսլամական երկրներից յուրաքանչյուրին ՀՆԱ-ի արտադրման ի՞նչ բաժին է հասնում:
Վիճակագրական տվյալները պարզում են, որ 2016 թվականին աշխարհում ընդհանուր ՀՆԱ-ն 73962 միլիարդ դոլար է եղել, որից իսլամական երկրներին բաժին է հասել միայն 6368 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ իսլամական երկրներն արտադրում են աշխարհի ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոսը:
Դա ի տես այն բանի, որ իսլամական երկրները ոսկուց ու արծաթից սկսած մինչև նավթի ու գազի հարուստ պաշարներ ունեն, որոնք եզակի գրավչություն են ներկայացնում աշխարհի բոլոր, ընդորում զարգացած ու զարգացող երկրների համար: Նկատի առնելով իսլամական երկրների նավթից ունեցած 41 տոկոսանոց, իսկ գազից՝ 36 տոկոսանոց բաժինը, պարզվում է ռազմավարական այս բնագավառում կայսերապաշտ ու գաղութարար երկրների միջամտության խորքը:
Հետազոտությունները պարզում են, որ Ուզբեկստանի, Սուդանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի ու Մալիի նման երկրներ աշխարհում ոսկու ամենահարուստ պաշարներն ունեն: Ոսկուն զուգահեռ աշխարհագրական այդ տարածքներում արծաթի մեծ պաշարներ գոյություն ունեն, իսկ այդ բնագավառում առաջատար դիրք են զբաղեցնում Ղազախստանը, Մարոկկոն, Թուրքիան, Ինդոնեզիան ու Ուզբեկստանը:
Այս հարստությունները տնտեսական տատանումներին ու վայրիվերումներին դիմակայելու համար ազդեցիկ հենարան կարող են լինել:
Էներգիայի ռեսուրսներն ու նավթային պաշարները, տնտեսական առիթներն ու իսլամական աշխարհի ընդարձակ շուկան ու նաև ուշագրավ աշխատուժն այն հատկանիշներն են, որոնք միատեղվելով օրվա տեխնոլոգիային կարող են փոփոխություն մտցնել աշխարհի տնտեսական հավասարություններում:
Այս շրջագծում Իսլամական համագործակցության կազմակերպությունն Իսլամական զարգացման բանկի համագործակցությամբ ուսումնասիրել է միմյանց մասնագիտություններին ու ռեսուրսներին հասանելիություն ունենալու միջոցով իսլամական երկրներում որոշակի բևեռների ստեղծման ուղեքարտեզի մշակման հնարավորությունը:
Իսլամական համագործակցության կազմակերպությունն ստեղծվեց, որպեսզի քաղաքական, տնտեսական, առևտրական, գիտական ու մշակութային կապերի ու համագործակցության միջոցով երկրների զարգացման ենթահող նախապատրաստի: Այս կազմակերպության շրջագծում համագործակցության ընդլայնման ուղիներից մեկն իսլամական համատեղ շուկայի ստեղծումն ու այդ շուկայի ազդեցիկ ու արդյունավետ գործունեության հող նախապատրաստելու համար Իսլամական Ութնյակի՝ D-8-ի պես կառույցներից օգտվելն է: Իսլամական Ութնյակը բաղկացած է զարգացող մուսուլմանական ութ երկրներից, որոնք են Ինդոնեզիան, Իրանը, Բանգլադեշը, Պակիստանը, Թուրքիան, Մալայզիան, Եգիպտոսն ու Նիգերիան: Խումբը հիմնադրվել է իր ազդեցությունը համաշխարհային շուկաներում ամրապնդելու և արդյունաբերական 7 երկրների հետ երկխոսության մեջ մտնելու նպատակով:
-----------------------
Անցած շաբաթ Նոր Դելիում գումարվեց Իրանի ու Հնդկաստանի առևտրական համաժողովը: Մեր հաղորդման հաջորդ զրույցը հատկացված է այդ թեմային:
Այս համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին, հնդիկ պաշտոնատարներ և երկու երկրի առևտրականներ, քննարկվեցին տարբեր բաժիններում առևտրական համագործակցությունների ընդլայնման, տարանցման ու տրանսպորտի զարգացման, ինչպես նաև Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգստի ընդլայնման շուրջ համագործակցությունները:
Չաբահարը ժողովուրդների միջև համագործակցության դարպաս են անվանել: Այս նավահանգստի ընդլայնումը ոչ միայն Իրանի, Հնդկաստանի ու Աֆղանստանի, այլ Ռուսաստանի ու Վրաստանի նման երկրների և այլ տարածաշրջանների համար տնտեսական տեսակետից շահավետ է:
Հնդկաստանի տրանսպորտի և նավարկության նախարար Նիթին Գադքարին անդրադառնալով Իրանի, Հնդկաստանի ու Աֆղանստանի համար Չաբահար նավահանգստի նշանակությանը, ասաց. «Հնդկաստանը շահագրգռված է Իրանի հետ առևտրական համագործակցությունների ընդլայնմամբ և Չաբահարի նավահանգիստը, որպես ռազմավարական մի տարածք Իրանի ու Հնդկաստանի միջև առևտրական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր դերակատարություն կարող է ունենալ»:
Ներկայումս՝ 2018 թվականին, «Հյուսիս-հարավ», «Հարավ-արևմուտք» և «Արևելք-արևմուտք» միջանցքներում առևտրի ընդլայնմանն ուշադրություն ցուցաբերելու համար նոր հնարավորություններ են ստեղծվել: Այս միջանցքների ընդլայնումն ու տարածաշրջանում շահակից երկրների ջանքը հեշտացնելու են Հնդկաստանի նման երկրների հասանելիությունը Ռուսաստանին ու եվրոպական այլ երկրներին:
Չաբահարի նավահանգստի նախագիծն ԻԻՀ-ի ու Հնդկաստանի համատեղ աշխատանքն է և դրա հնարավորությունների օպտիմալ շահագործման համար երկու երկրները համաձայնագիր են ստորագրել: Այս շրջագծում Չաբահարի նավահանգստի առաջին բլոկի ընդլայնման հարցում Հնդկաստանը կարևոր դերակատարություն է ունենալու: Հնդկաստանն իր առևտրական հարաբերություններում բազմազանություն մտցնելու նպատակով Չաբահարի նավահանգստի նախագծում ներդրում է կատարել: Անցած տարի ստորագրված համաձայնագրի շրջագծում Հնդկաստանը Չաբահարի նավահանգստի առաջին բլոկի ընդլայնմամբ 85 միլիոն դոլար ներդրմամբ և 23 միլիոն դոլար եկամուտով, 10 տարվա ժամկետով ստանձնելու է այդ նավահանգստի երկու նավամատույցների կառավարումը:
Չաբահարի նավահանգիստը ԻԻՀ-ի, Հնդկաստանի ու Աֆղանստանի միջև տրանսպորտի միջանցքը համարվելով բազմաբնույթ կիրառություն ունի և ապրանքի փոխադրումից բացի նաև նկատի է առնվել երեք երկրների միջև ուղևորների տեղափոխման հնարավորությունը: Չաբահարի նավահանգիստը մինչև 2018 թվականի ավարտը շահագործման կհանձնվի:
Չաբահարի նավահանգստի «Շահիդ Բեհեշթի» նավամատույցի առաջին բաժինը վերջերս ԻԻՀ նախագահի և տարբեր երկրների պաշտոնատարների ու դեսպանների ներկայությամբ շահագործման հանձնվեց:
------------------------
Էներգիայի վրա հիմնված տնտեսության աշխարհում գազի արդյունաբերությունը կարևոր ու որոշիչ գործոն է համարվում: Գազ արտահանող երկրների ֆորումի միջոցով իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն առաջիկա 25 տարիների ընթացքում աշխարհի սպառած էներգիայի կեսն ապահովվելու է բնական գազից: Նկատի առնելով էներգիայի սպառման ծավալների մեծացումը, այս ժամանակահատվածում բնական գազի պահանջարկը 50 տոկոս հավելում է կրելու: Այս պահանջարկի խոշոր մասն առաջանալու է Չինաստանում, Հնդկաստանում ու Միջին Արևելքի տարածաշրջանում՝ էլեկտրաէներգիայի արտադրման համար:
Ի դեպ Իրանը երեք կարևոր յուրահատկությունների պատճառով առանցքային ու կարևոր դերակատարություն է ունենալու էներգիայի շուկայում: Առաջինն այն է, որ Իրանը նավթի ու գազի ընդհանուր պաշարների տեսակետից աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Բացի այդ աշխարհի ամենամեծ գազադաշտը պատկանում է Իրանին ու Կատարին և Ռուսաստանի հետ նրանց համագործակցությունը կարող է ուշագրավ ազդեցություն գործել աշխարհի էներգիայի շուկայի վրա: Այս պահին հիշյալ երեք երկրները վերահսկում են աշխարհի գազի պաշարների 55 տոկոսը:
Հաջորդ յուրահատկությունն Իրանի աշխարհագրական եզակի դիրքն է, որ արևելքն արևմուտքին և հարավը հյուսիսին միացնող կամուրջ լինելով արտադրող ու սպառող երկրների միջև էներգակիրների փոխադրման բնագավառում կարևոր դերակատարություն է ունենալու: