Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական իրադարձություններին: Հաղորդման ընթացքում հայացք կնետենք Իրանի տնտեսությանն ու առաջիկա տարվա բյուջեին, ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի մարտահրավերի լույսի ներքո Եվրոպայի տնտեսական քաղաքականությանն ու նավթի շուկային:
Իսլամական խորհրդարանում Իրանի առաջիկա տարվա բյուջեի օրինագծի քննարկումը մոտենում է ավարտին: Այս օրինագծի քննարկումը մարտահրավերներ է դիմագրավում: Նվազագույն աշխատավարձի և աշխատավարձերի հավելման չափի ճշտորոշումը, արտարժույթի փոխարժեքը, էներգակիրների գների ու բյուջեի մուտքերի համեմատությամբ ելքերի կանխատեսումն այս օրինագծի հետ կապված քննարկումների թեմաներից են:
Նավթի վաճառքից ու ոչ-նավթային արտահանումներից գոյացած եկամուտը բյուջեի արտարժութային մուտքերի գլխավոր աղբյուրներից են համարվում: Այդուհանդերձ նավթի վաճառքից գոյացած եկամուտը ռազմավարական դերակատարություն ունի: Առաջիկա տարվա բյուջեի օրինագծում նավթի վաճառքից գոյացող եկամուտը հաշվարկվել է նավթի յուրաքանչյուր բարելի գինը 55 դոլար նկատի առնվելով: Ներկայումս նավթի միջին գինը յուրաքանչյուր բարելի դիմաց հասել է 70 դոլարի սահմանագծին ու հավանաբար այս հավելումն առաջիկա տարի նույնպես կպահպանվի: Նավթային արտարժույթի երկրի տնտեսություն ներարկվելը կարող է դրական ազդեցություն ունենալ, սակայն բազմաթիվ պարագաներում գոյություն է ունեցել այն մարտահրավերը, որ նավթային արտարժույթի խոշոր մի բաժինը հատկացվել է սպառողական ապրանքների ներկրմանը, ինչը ազգային կապիտալի ոչնչացման ու երկրի արտարժութային աղբյուրների փախուստի պատճառ է դառնում:
Կառավարությունն առաջիկա տարվա բյուջեի օրինագիծը մշակել է տնտեսական աճի հավելման, ինֆլյացիայի վերահսկման ու քիչ եկամուտով աշխատանքների բարեկեցության մակարդակի բարձրացման կողմնորոշմամբ: Այդուհանդերձ նկատի առնելով տնտեսական հետամնացությունը, գործազրկության հարցն ու եկամուտները, որոնք ինչ-որ կերպով շաղկապված են կառավարության կողմից վճարվող կանխիկ սուբսիդների հետ, աշխատանքը բարդացնում են:
Իսլամական խորհրդարանի հետազոտությունների կենտրոնը այս շաբաթ հրապարակված «Իրանական 1397 թվականի բյուջեի օրինագծի քննարկումը» խորագրով զեկույցում նկատի առնելով բյուջեի նպատակներն ու թվերը, առաջիկա տարվա համար տնտեսական երեք տոկոսանոց աճ է կանխատեսել:
Իսլամական խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի զեկույցում պատկերվել է վերջին տարիների ընթացքում աշխատատեղերի ստեղծման անցանկալի վիճակը: Գործազրկության մասին հրապարակված վիճակագրական վերջին տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա ամառվան, որը 11.7 տոկոս է եղել: Բանկային համակարգի վիճակը և միևնույն ժամանակ արտարժույթի շուկայում տիրող վիճակը վերջ չունեցող մարտահրավերներ են համարվում: Արտարժութային անկայունությունը շարունակ Իրանի տնտեսության դիմաց ծառացած մարտահրավերներից են եղել: Թեև իրանական 1392 թվականից մինչև անցած տարվա ավարտը արտարժույթի փոխարժեքը քիչ տատանումներ էր ունեցել, սակայն 1396 թվականին ու հատկապես դրա երրորդ եռամսյակում արտարժույթի փոխարժեքն ուշագրավ հավելում կրեց: Այնպես որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում արտարժույթի գինը 8 տոկոս հավելում է կրել: Արտարժույթի շուկայում տիրող ներկա վիճակի հետ կապված երկու գլխավոր խնդիրներ գոյություն ունեն, որոնք են «արտարժութային թռիչքի կանխումը» և «արտարժույթի փոխարժեքի միատեսակ դարձնելը»:
Նկատի առնելով աննախընթաց երաշտի գոյության փաստն ու նաև նավթի ու ավտոշինության նման կարևոր բաժինների հավելյալ թողունակությունից օգտվելու հնարավորության բացակայությունը և դրանց զուգահեռ վերջին տարիներին ներդրման ցածր մակարդակը, Խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի կանխատեսմամբ իրանական 1397 թվականին տնտեսական աճը զիջելով իրանական 1396 թվականի տվյալներին շուրջ 4 տոկոս է լինելու:
-------------------
Իրանի դեմ ԵՄ-ի նոր շրջափակումների մասին այս շաբաթ որոշ շշուկներ տարածվեցին եվրոպական ԶԼՄ-ներում ու ԱՄՆ-ի պաշտոնատարների արտահայտություններում: Մեր հաղորդման հաջորդ բաժնում կանդրադառնանք այս թեմային:
Նրանից հետո երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ շրջափակումների առկախման ժամկետը երկարացնելու ժամանակ ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերներին զգուշացրեց, որ եթե չսրբագրեն այն ինչը, որ ՀԳՀԾ-ի աղետալի թերություններ է անվանում, կհրաժարվի Իրանի միջուկային համաձայնությունից, այժմ Եվրոպայի կողմից Թեհրանի դեմ շրջափակումների գործադրման հետ կապված շշուկներ են տարածվել:
«Շպիգել» շաբաթաթերթն իր շաբաթ՝ հունվարի 20-ի համարում հղում կատարելով Բրյուսելում դիվանագիտական շրջանակների բացահայտեց, որ Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան մտադիր են նոր շրջափակումներ գործադրել ԻԻՀ-ի դեմ:
«Շպիգել»-ը հավելել է. «Գերմանիան եվրոպական ընկերություններին խրախուսելով նոր շրջափակումների կապակցությամբ մի կողմից մտադիր է թիրախ դարձնել Իրանի հրթիռային ծրագիրը և ցույց տալ, որ Իրանի քաղաքականությունների կապակցությամբ անտարբեր չէ և միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն մեսիջը հղել, թե լուրջ է վերաբերվում ՀԳՀԾ-ի հանդեպ նրա քննադատություններին»:
ԵՄ-ն այդուհանդերձ ցանկանում է պահպանել 2015 թվականին 5+1 խմբի և Իրանի կողմից ստորագրված ՀԳՀԾ-ն:
«Շպիգել»-ն իր հաղորդման մեջ հավելել է. «Եվրոպացիները համաձայնելով այն հարցում, որ ՀԳՀԾ-ն պիտի առանձնացնել ԻԻՀ-ի հետ այլ վեճերից ու տարաձայնություններին, հանգել են այն եզրակացության, որ նոր շրջափակումների թիրախը լինի Իրանի հրթիռային ծրագիրը»:
Այս հաղորդումը հրապարակվեց ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի Գերմանիա կատարած այցի հետ միաժամանակ: Նա մի հարցազրույցի ժամանակ հերքեց այն լուրը, թե Իրանի հրթիռային հարցերի շուրջ բանակցել է Գերմանիայի ու Բրիտանիայի հետ և ասաց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Էրաղչին մատնանշելով, որ մեր ու բոլոր երկրների միջև քաղաքական խորհրդակցություններ եղել են ու դրանք շարունակվում են, նշեց. «Անցած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ խորհրդակցություններ են անցկացրել Եվրոպայի հետ»: «Մենք չենք ասում, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև ընտրություն կատարելիս Եվրոպան կընտրի Իրանին, սակայն եվրոպացիները քաջ գիտակցում են, որ եթե հրաժարվեն ՀԳՀԾ-ից, կորցնելու են իրենց միջազգային վարկը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:
Էրաղչին ընդգծելով , որ անկասկած առաջիկա 4 ամիսների ընթացքում նոր մարտահրավերներ ենք դիմագրավելու, ասաց. «Մենք դեռ Եվրոպայի հետ ընդհանուր հայտարարի չենք եկել: Նրանցից որոշները համոզված են, որ եթե ՀԳՀԾ-ի հետ չկապվող հարցերում Թրմափի դիմաց որոշ զիջումների գնան կարող են նրան պահել ՀԳՀԾ-ում, ինչը սխալ քաղաքականություն է ու վստահաբար հակառակ արդյունքի կհանգի և մենք այդ մասին հստակ ասել ենք Եվրոպային: Իհարկե այս հարցի շուրջ Եվրոպայում ընդհանուր համաձայնություն գոյություն չունի»:
ՀԳՀԾ-ն մինչև այնքան ժամանակ Իրանի համար ցանկալի կլինի, երբ միջազգային հանրությունը դրան պաշտպանելու հարցում լուրջ լինի։ Եվրոպան չի կարող բոլոր ճնշումների դիմաց միայնակ թողնել Իրանին ու միայն հռետորաբանությամբ պաշտպանել ՀԳՀԾ-ն: Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունների շարունակվելն ու ԵՄ-ի դիրքորոշումներում նկատվող վայրիվերումներն իրականություններ են, որոնք նկատի առնելով ՀԳՀԾ-ի կապակցությամբ հավանական սցենարները պահանջում են, որ Իրանը դրանց համապատասխան նոր քաղաքականություններ որդեգրի:
------------------------------
Նավթային համաձայնության գործադրմանը վերահսկող հատուկ կոմիտեի երկօրյա նիստն այս շաբաթ գումարվեց Օմանի մայրաքաղաք Մասկատում:
Մեր հաղորդման վերջին բաժնում հայացք կնետենք նավթի շուկայում վերջին զարգացումներին:
Մասկատի նիստը ուղեկցվեց նավթի շուկայի համար ուրախալի լուրերով: ՕՊԵԿ-ին մոտիկ աղբյուրներ ասում են, որ նավթ արտադրող երկրները վճռակամ եմ մինչև տարեվերջ շարունակել նավթի քվոտաների կրճատման մասին համաձայնությունն ու նույնիսկ եթե բավարար չլինի այս հարցում նավթի շուկայում հավասարակշռություն հաստատելու համար ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների համագործակցությունը նաև կարող է շարունակվել 2019 թվականի ընթացքում:
Համաձայնության գործադրմանը վերահսկող հատուկ կոմիտեին անդամակցում են Օմանը, Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ի անդամ երեք երկրներ: Կոմիտեն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ նիստ գումարելով քննարկում է համաձայնության գործադրման ընթացքը:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովաքը հայտարարել է, որ նավթի շուկային աջակցելու նպատակով Ռուսաստանը կշարունակի ՕՊԵԿ-ի հետ համագործակցությունը, նույնիսկ եթե այդ համագործակցությունը նավթային համաձայնության շրջագծում չլինի:
Այս որոշումները վերջակետ դրեցին նավթի արտադրման քվոտաների կրճատման շուրջ համաձայնությունից նավթային որոշ երկրների հրաժարման կապակցությամբ կանխատեսումներին: ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ-անդամ երկրներն անցած նոյեմբերին համաձայնեցին իրենց նավթի արտադրության ծավալն օրական 1.8 միլիոն բարել կրճատելու շուրջ համաձայնության գործադրման ժամկետը երկարացնել մինչև 2018 թվականի ավարտը:
Վերջին շաբաթներին նավթի գինը հասավ շուրջ 70 դոլարի սահմանագծին: Գների այս անկանխատեսելի հավելումը մեծացրեց թերթաքարային նավթի արտադրման հավելման ու նաև այս համաձայնությունից նավթային որոշ երկրների հրաժարման վտանգը:
Որոշ կանխատեսումների համաձայն եթե Համագործակցության ու տնտեսական զարգացման խորհրդի անդամ երկրների նավթային պահեստների մակարդակը ոմանց հայտարարության համաձայն 2018 թվականին չնվազի, ՕՊԵԿ-ի համաձայնությունը կարող է գոյատևել նաև 2019 թվականի ընթացքում: