Փետրվար 04, 2018 20:24 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք իրանցի հայտնի գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադ Սոլթանիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում կայցելենք մեծ Խոռասան ու Թեյմուրյանների շրջանի Հարաթ քաղաք,որտեղ ձեզ կծանոթացնենք Իրանի գեղանկարչության մեջ Հարաթի դպրոցի հիմնադիր հանրահայտ գեղանկարիչ Քեմալեդդին Բեհզադի հետ, ով ապրել է լուսնային հիջրեթի 9-րդ և 10 դարերում: Քեմալեդդին Բեհզադ Սոլթանին իրանցի նորարար ու չափազանց հայտնի գեղանկարիչներից է եղել: Նրա ոճը նոր դպրոց է առաջացրել իրանական գեղանկարչության մեջ: Իրանական գեղանկարչության բնագավառում նրա ձեռքբերումները երկար տարիներ ներշնչման աղբյուր են հանդիսացել Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի ու Միջին Ասիայի արվեստագետների համար:

----------------

Քեմալեդդին Բեհզադը լուսնային հիջրեթի 855-ից 865 թվականների ընթացքում (1460) ծնվել է Հարաթ քաղաքում: Ժամանակի հայտնի պատմագիրները նրան գեղանկարիչ և Սոլթան Հոսեյն Բայղարայի գրադարանապետ Միրաք անունով հայտնի իրանցի հայտնի գեղանկարիչ Ամիր Ռուհոլլահի աշակերտն են համարել: Քեմալեդդին Բեհզադը մանուկ հասակում կորցնում է ծնողներին և Ռոհոլլահ Միրաքը, որ հավանաբար նրա ազգականներից է եղել ստանձնում է նրա խնամակալությունը: Խաջե Միրաքը ժամանակի վարպետ նկարիչներից ու գեղագիրներից է եղել և ասվում է, որ Հարաթի շինությունների արձանագրություններից շատերը Մաիրաքի գրերով են:

Քեմալեդդին Բեհզադը երիտասարդ տարիքում հայտնի է դառնում իր գեղանկարչական տաղանդով և հայտնվելով Սոլթան Հոսեյն Բայղարայի և նրա իմաստուն ու արվեստասեր նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ուշադրության կենտրոնում արքունական պատկերասրահի ու գրադարանի տնօրեն է նշանակվում: Հարաթը գրավելուց հետո Սեֆևյան Շահ Էսմայիլը վարպետ Բհեզադին ու Հարաթի մի խումբ արվեստագետների իր հետ Թավրիզ է տանում ու նրան նշանակում է արքունական գրադարանի պետ: Քեմալեդդին Բեհզադը վախճանվել է լուսնային հիջրեթի 942 թվականին: Ոմանք հավատացած են, որ նրա գերեզմանը գտնվում է Թավրիզում, իսկ որոշներն էլ հիմք ընդունելով Մոխթար լեռան հարևանության մեջ գտնվող տապանաքարը համոզված են, որ նա հողին է հանձնվել Հարաթում:

Քեմալեդդին Բեհզադի կիսանդրին՝ Թավրիզում

 

Բազմաթիվ գեղանկարչական ստեղծագործություններ են վերագրվում Քեմալեդդին Բեհզադին, սակայն հետազոտողների համոզմամբ դրանցից միայն 32-ը կարելի է նրա աշխատանքը համարել: Դրանք ստեղծվել են նրա գեղարվեստական կյանքի լավագույն տասը տարիների ընթացքում: Բոլոր փորձագետները Կահիրեի գրադարանում՝ «Դար-օլ-քոթոբ»-ում պահվող Սադիի «Բուսթան»-ի վեց պատկերները համարում են Բեհզադի գլխավոր ստեղծագործությունները, թեև դրանցից միայն չորսն են կրում Բեհզադի ստորագրությունը: Բրիտանիայի գրադարանում պահվող Նեզամիի «Խամսե»-ի երկու օրինակներում էլ գոյություն ունեն Բեհզադի 18 ստեղծագործություններ:

Նկատի առնելով Բեհզադի համբավը դարերի ընթացքում շատերն են նրա աշխատանքներն ընդօրինակել ու նրա անունը դրել են շատ ստեղծագործությունների տակ և այդ պատճառով էլ դժվարությամբ կարելի է առանձնացնել նրա իրական ստեղծագործությունները: Այս կապակցությամբ հետազոտություններ են սկսվել, որոնք 1931 թվականին Լոնդոնում իրանական արվեստին նվիրված ցուցահանդեսից հետո հանգեցին որոշակի արդյունքների: Նրա աշխատանքների համար հիմք են ծառայում այսօր Կահիրեի գրադարանում պահվող և նրա ստորագրությունը կրող Սադիի «Բուսթան»-ում տեղ գտած պատկերների տեղեկությունները:

Բեհզադին վերագրվող աշխատանքներում նկատելի է մեկ այլ վստահելի ստորագրություն և դա նրա պատկերների ոճն է: Զարդարանքի դեր կատարող և իրական տեսարանների եզակի միատեղումը  կարող են մեզ օգնել նրա իսկական ստեղծագործություններն առանձնացնելու գործում: Տարբեր գրքերում կամ առանձին կերպով պահպանված ու Բեհզադի անունը կրող ստեղծագործությունների շուրջ բանիմացների մեջ տարաձայնություն գոյություն ունի: Այդուհանդերձ նույնիսկ եթե դրանցից շատերն էլ նրա ստեղծագործությունը չլինեն, մեկ է պատկանում են նրա նկարչական դպրոցին: Բեհզադին վերագրվող պատկերներով գրքերից կարելի է առանձնացնել Բուդլիանի գրադարանում պահվող լուսնային 890 թվականին հորինված Ամիր Ալիշիր Նավայիի «Խամսե»-ն, Փարիզի «Ռոչիլդ»-ի հավաքածոում պահվող լուսնային 891 թվականն ստեղծված «Գոլեսթան»-ը, բրիտանական թանգարանում գտնվող լուսնային 846 թվականին ստեղծված Նեզամիի «Խամսե»-ն և այլն:

Քեմալեդդին Բեհզադին վերագրվող ստեղծագործություններ

 

Բեհզադը դաստիարակվեց Հարաթի դպրոցում: Սակայն գույների համադրման ու տեսարանների բաղադրման յուրահատուկ կարողությամբ իրանական նկարչական արվեստում կարևոր իրադարձության հիմնադիրը դարձավ: Նա ձև ստեղծող, հզոր ու կենսունակ գծերի օգնությամբ կարողացավ շարժում հաղորդել մինչ այդ նկարչական ստեղծագործություններում նկատվող միապաղաղ ու անհոգի մարմիններին:

Բեհզադը բնությունն ու ճարտարապետությունը մարդկանց գործունեության դաշտը դարձրեց և այդ միջավայրում ցանկացած մարմնի համար հարմար վայր գտավ: Նա գույների փոխադարձ ազդեցությունից օգտվելով իրար միացրեց պատկերների տարբեր բաժինները: Բեհզադն իր ստեղծագործություններում օգտվեց երկրաչափական կանոններից և այդպիսով ամրություն հաղորդեց իր ստեղծագործությունների կառույցին: Նա այս մեթոդի օգնությամբ կարողացավ տրամաբանական ու ազդեցիկ հարաբերություն ստեղծել իր նկարչական ստեղծագործության մեջ նկատվող մարդկանց, իրերի ու միջավայրի միջև: Բեհզադի այս աշխատանքն իրանական գեղանկարչության մեջ նոր հաջողություն ու նվաճում էր:

Ստեղծագործություններում Բեհզադի կիրառած մեթոդներից մեկը շարժական իրերի ֆոնին գոյություն ունեցող բաց տարածությունների օգտագործումն է: Նրա նկարչություններում իրերի ու ֆիգուրների ձևը ոչ միայն իրական, այլև կենդանի ու կենսունակ են: Բեհզադի ստեղծագործությունները ինքնաբերաբար դիտողի հայացքը շարժման մեջ են դնում ու նրան մղում են որոնելու թաքուն գեղեցկությունները:

Բեհզադի ստեղծագործությունները պատմողական բնույթ են կրում: Դրան բազմերանգ, նուրբ ու հիանալի կերպով նկարագրում են մարդկային յուրահատկությունները: Որոշ փորձագետներ հավատացած են, որ Բեհզադն Իրանի նկարչական արվեստ ներարկեց բնապաշտական յուրահատկությունները: Բեհզադն իր ստեղծագործություններից շատերում օգտվում է մուգ ու բաց գույների հակադրությունից և այդ մեթոդն իր ժամանակակիցների համեմատությամբ կիրառում է առավել մեծ վարպետությամբ ու ազդեցիկությամբ:

Խորանղի պալատի կառուցումը՝ Քեմալեեդին Բեհզադի ստեղծագործություններից

 

Պատմական իրադարձությունների ու պատմության իրատեսական մեկնաբանությունը և իրական կյանքի դրսևորումներին ուշադրություն ցուցաբերելը Բեհզադի նորարարության մյուս կողմերից են: Նա միջավայրը և ժողովրդի կենցաղն ու աշխատանքը նկարագրել է մեծ նրբությամբ ու սրատեսությամբ: Օրինակ մի խումբ աշխատողներ որոնք աշխատանքի հստակ բաժանմամբ պալատ են կառուցում ու մի սևամորթ ստրուկ, որ ցեխ է կրում: Արքայական խնջույքի իրերը պատրաստող ծառաները: Սրբիչը ձեռքին ստրուկը, որ պատրաստվում է չորացնել տիրոջ ոտքերը:

Բեհզադի իրատեսությունը կարելի է նրա ստեղծագործությունները նախորդներից առանձնացնող գլխավոր գործոնը համարել: Այս իրատեսությունը հատկապես նկատելի է այն պատկերներում, որոնք միայն արքայական բնույթ չեն կրում և վկայում են հասարակ մարդկանց սովորական կյանքի մասին, օրինակ ագարակում քուռակին կերակրող մադիանը, ուրիշի սահմանները ոտնձգած անձի պատժումը, ուտելիք բերող սպասավորները, դաշտում աշխատող հողագործները և այլն:  Բեհզադի ստեղծագործությունների մյուս յուրահատկությունը, որ նրա իրապաշտության արդյունքն է համարվում մարդկանց դեմքն է: Բեհզադի ստեղծագործություններում մարդը տիկնիկի նման ու միապաղաղ չի պատկերվել, այլ յուրաքանչյուր դեմք ներկայացնում է մի անհատականություն և  դրա մեջ կյանք ու կենսունակություն է նկատվում: Բեհզադի նկարչական ստեղծագործություններում հանգստացող մարդիկ էլ բնական վիճակ ու տեսք ունեն:

Բեհզադի ստեղծագործություններում կարևոր մյուս կետն այն է, որ նման ճշգրտությամբ հանդերձ Բեհզադը երբևե պատմության բովանդակության բարոյական ընկալումը չի զոհաբերում հանուն սովորական իրադարձությունների նկարագրման: Միևնույն ժամանակ նա իրական աշխարհը պատկերացնելու համար իրանական նկարչության գեղագիտական սկզբունքների վրա հիմնված մեթոդ է ընտրել և այդ պատճառով էլ նրա իրատեսությունն իր էությամբ տարբերվում է եվրոպական բնապաշտությունից:

Բեհզադի ստեղծագործություններում զգացմունքն ու միտքը նրբորեն ու վարպետորեն միատեղվել են: Մարդու հանդեպ Բեհզադի յուրահատուկ հայացքը գույների, գծերի օգտագործման ու մեկ խոսքով նրա ստեղծագործության կառույցի հետ միասին անմրցելի են: Ձևերի ու գույների համադրման և պատկերները հավասարակշռելու իր արտակարգ կարողությամբ Բեհզադը հիմնական փոփոխություններ առաջացրեց իրանական գեղանկարչության ավանդական ոճերում:

Սոլթան Հոսեյն Բայղարան՝ Քեմալեեդին Բեհզադի ստեղծագործություններից

 

Բեհզադի ստեղծագործություններում գույնը մեծ դերակատարություն ունի: Տարբեր ու փայլուն գույների օգտագործումը վկայում է այն մասին, որ Բեհզադը մեծ զգայնություն է ունեցել գույների հանդեպ: Պատկերներից այնպես է հասկացվում, որ Բեհզադը մեծ հակում է ունեցել հանդեպ այսպես կոչված պաղ կամ կապույտ ու կանաչ գույների հանդեպ, սակայն ամեն տեղ դրանց կողքին դնելով տաք գույներ, հատկապես նարնջագույնը մի տեսակ հավասարակշռություն է ստեղծել: Պատկերի ընդհանրության հետ պատկերի յուրաքանչյուր տարրի  համապատասխանումը հիացմունք է պատճառում: Պատկերների ֆոնին երևացող ծաղկած ճյուղերը, սալիկների դաջերն ու զարդարված գորգերը վկայում են Բեհզադի ճաշակի նրբության ու ստեղծագործական մտքի մասին: