Փետրվար 14, 2018 20:57 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Էմամ Մահդիի իշխանության դատական համակարգը:

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ շարունակելու ենք Էմամ Մահդիի իշխանության յուրահատկությունների քննարկումը: Ասացինք, որ Էմամ Մահդիի իշխանությունը կսկսվի աշխարհի բռնությունից, նեխածությունից ու կործանումից փրկելով: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք նրա իշխանության դատական անվտանգության: Այսօր կշարունակենք այդ թեման:

Հազրաթ Մահդիի իշխանության շրջանում հանրային կապի միջոցների օգնությամբ բարոյական ու դաստիարակչական ուսուցումներն այնպես են տարածվելու աշխարհի ժողովուրդների մոտ, որ նրանք պատրաստվելու են հասարակական արդարությամբ զուգակցված մաքուր ու առողջ կյանքի համար: Այդուհանդերձ հնարավոր է, որ այդ հասարակության մեջ էլ բռնակալներ ու հանցագործներ գտնվեն, որոնք կոտնձգեն ուրիշների իրավունքների դեմ: Այդ պատճառով էլ հասարակությունը առողջ ու հզոր դատական համակարգի կարիք ունի, որպեսզի վերականգնի բռնահարված մարդկանց իրավունքները և պատժի չարագործներին:

 

Հազրաթ Մահդին իր իշխանության տարբեր նահանգների ու բաժինների համար իշխան ու դատավոր կնշանակի: Նա ցանկացած ժողովրդի կապակցությամբ դատելու է նրա կրոնի ու սուրբ գրքի համաձայն: Այս փառավոր շրջանում որպես դատավոր ընտրվող մարդիկ օժտված են լինելու մտային աճով, անհատական առանձնահատկություններով ու հոգու մաքրությամբ: Հետևաբար նրանց պարագային ազդեցիկ չեն լինելու սպառնալիքներն ու կաշառքը և չեն շեղվելու արդար դատողությունից:

Նրա դատողությունների մասին պիտի հիշեցնենք, որ Էմամի դատական ընթացքը տարբերվելու է դատական սովորական գործընթացներից: Անհրաժեշտ է հիշեցնել, որ այսօր դատավորները վճիռ են կայացնում հիմք ընդունելով ներկայացված ապացույցները: Որոշ պարագաներում էլ հնարավոր է, որ ինչ-որ պատճառներով դատավորը կասկածի ու ենթադրության և կամ դատի կողմերից մեկի հանդեպ համակրանքի պատճառով չարն ու բարին իրարից տարբերելու հարցում սխալ թույլ տա:

Էմամ Մահդիի շրջանում էլ հնարավոր է, որ դատերի մասին վճիռ կայացվելու համար օգտագործվի դատական սովորական ընթացակարգը, բայց դատավորի ենթադրությունը կամ նրա անհատական հակումները դատական ընթացքում դերակատար չեն կարող լինել և ամեն դեպքում դատողությունը հիմնված է լինելու բացարձակ արդարության վրա: Էմամ Մահդին Աստծո կամոք գտնելու է ճիշտ ու իրական վճիռը և դատելու է համաձայն դրան:

Դատավորներին նշանակելիս Էմամ Մահդին նրանց ասելու է. «Երբ անկարող եղար վճիռ կայացնել ու վճիռը քեզ համար պարզ չեղավ նայիր քո ձեռքի ափին ու կատարիր այն ինչ կնկատես այնտեղ, քանի որ այդտեղ կգտնես այն ամենն ինչ կարիք կունենաս»:

Այսպիսով նրա կողմից նշանակված դատավորները նույնիսկ ամենաբարդ ու դժվարին դատերում անկարող չեն գտնվելու: Նրանք օժտված են լինելու անսահման գիտությամբ և տեղյակ են լինելու շատ հարցերից: Նրանք դատելու են համաձայն իրենց գիտության և նաև օգտվելու են վկաների ցուցմունքներից ու մերժողների երդումից, որն դատական ընկալյալ ընթացակարգ է համարվում իսլամում: Այդուհանդերձ եթե սովորական մեթոդներով արդյունքի չհանգեն ու վճիռը պարզ չլինի նայելու են իրենց ձեռքի ափին, որպեսզի գտնեն հարմար պատասխանը: Դա գուցե ակնարկում է նրան, որ նրանք այսօր մեր տրամադրության տակ գտնվող տեղեկատվական նոր միջոցների օգնությամբ կարող են տարբեր հարցերի շուրջ անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել:

 

Էմամ Մահդիի իշխանության մեջ գիտության ու տեխնոլոգիայի արագ տեմպերով զարգացման պատճառով նաև փոփոխություն է առաջանալու հանցանքի ու հանցագործության հայտնաբերման բնագավառում: Հետևաբար հանցագործներն ու ոճրագործները օրենքի ճիրաններից խույս տալու որևէ հնարավորություն չեն ունենալու: Նրանք նաև ապահով չեն լինելու իրենց տներում:

Անկասկած առանց աշխարհի վրա տեղեկատվական տիրապետություն ունենալու հնարավոր չէ համաշխարհային իշխանություն և աշխարհում արդարություն ու անվտանգություն հաստատել: Էմամ Մահդին լիովին վերահսկում է աշխարհի իրավիճակին և այլ խոսքով աշխարհի բոլոր անկյունները գտնվում են նրա վերահսկողության տակ: Սլացիկ լեռներն ու խոր վիհերը և բնական տարբեր երևույթները չեն կարող արգելք հանդիսանալ, որ նա վերահսկողություն տարածի երկրի վրա: Ինչպես նշեցինք հնարավոր է, որ այս վերահսկողությունը գործադրվի առաջնակարգ տեխնոլոգիաների միջոցով: Այդուհանդերձ Էմամ Մահդին վերահսկելու է Երկիր մոլորակի ծավալով մի երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները:

Էմամ Մահդիի մասին վկայություններում ներկայացված նկարագրության համաձայն նա լրացնում է բոլոր մարգարեների ծրագիրը: Քանի որ նրանցից որևէ մեկի համար հնարավոր չեղավ մարդկային հասարակության մեջ հիմնարար բարեփոխումներ իրականացնել, համաշխարհային միավորված իշխանություն և կամ արդարություն հաստատել ու արմատախիլ անել բռնությունն ու չարագործությունը: Թեև հասարակության մեջ փոփոխություն առաջացնելն ու աստվածային ուսուցումների լիարժեք իրագործումը բոլոր մարգարեների նպատակն է եղել, սակայն միակ անձը, որին հաջողվելու է նման մեծ նվաճում ունենալ, Էմամ Մահդին է: Պիտի ասել, որ իրականության մեջ բոլոր մարգարեներն ու էմամները այդ մեծ իդեալի իրագործման ու համաշխարհային միավորված իշխանության ստեղծման գործին մասնակից են լինելու: Հետևաբար Էմամ Մահդիի հաջողությունը պիտի բոլոր կրոնների մարգարեների ու առաջնորդների հաջողությունը համարել: Քանի որ մարդկային հասարակության բարեփոխման ուղղված ջանքը սկսվել է նախկին մարգարեների շրջանից:

Աստվածային մարգարեներն իրենց ժամանակաշրջանի մարդկանց ընդունակության ու կարողությունների սահմանում վեհ իդեալների իրագործման ուղղությամբ ջանք գործադրեցին ու նրանցից յուրաքանչյուրը բարձրացրեց մարդկային մտքի մակարդակը մինչև որ իսլամի մարգարեն հայտնվեց, որպես վերջին առաքյալը: Նա մարդկային քաղաքակրթության մեջ հիմնական բարեփոխումներ առաջացնելու համար համապարփակ ու լիարժեք ծրագիր ներկայացրեց: Մարգարեն ու նրա արժանավոր փոխարինողները համարվող նրա գերդաստանի անդամները մեծ սխրագործություններ կատարելով ու բազմաթիվ դժվարություններ դիմագրավելով աշխարհում արդարության ու հավասարության հաստատման և մարդկային հարցերի կարգավորման նպատակով Էմամ Մահդիի համաշխարհային շարժման համար հող նախապատրաստեցին:

Անկասկած աշխարհում համատարած արդարության հաստատման և միաստվածապաշտության դրոշի ծածանման համար պիտի նախապայմաններ ստեղծվեն: Մարդկությունը պիտի ճաշակի ժամանակի քաղցր ու դառն իրադարձությունները, որպեսզի նրա ընդունակություններն ու արժանիքները ծաղկեն և համաշխարհային արդար իշխանության համար անհրաժեշտ պատրաստվածություն ձեռք բերի: Այդ պահին է, որ Էմամ Մահդիի եզակի առաջնորդությամբ ու հնարամտությամբ բռնության ու հավատուրացության վերջին խրամատները նվաճվելու են և իրականացվելու է մարդկության իդեալը:

Եթե ցանկանանք թվել Էմամ Մահդիի համաշխարհային իշխանության որոշ յուրահատկություններից դրանք կարող ենք ամփոփել հետևյալ կերպ.՝ վերանալու է բռնությունը և աշխարհում արդարություն ու հավասարություն է հաստատվելու, համաշխարհային միավորված իշխանություն է ստեղծվելու, մարդկանց հարաբերություններում տիրելու է հավասարության ու եղբայրության սկզբունքը, չորանալու են տգիտության ու չքավորության արմատները, հանրային բարեկեցություն ու բարօրություն է ստեղծվելու, իրական արդարության համաձայն է դատվելու, վերանալու են պատերազմը, սարսափն ու արյունահեղությունը և անվտանգություն, խաղաղություն ու անդորր է հաստատվելու, մարդիկ աննախընթաց հակում են ցուցաբերելու հանդեպ հավատքն ու բարոյականությունը, մարդկային հասարակությունը մաքրվելու է հասարակական ու բարոյական ախտերից, գիտությունն ու տեխնոլոգիան արագընթաց աճ են ունենալու, Երկիրը կանաչ ու շեն, իսկ բարիքները բազում են լինելու, տարբեր ժողովուրդների միջև բարեկամություն է հաստատվելու և նրանց խաղաղ կերպով ապրելու են իրար կողքի և ընդհանրապես աշխարհի բոլոր խնդիրները կարգավորվելու են:

 

Թեև Էմամ Մահդին իր հայտնվելով աշխարհը զարդարելու է արդարությամբ ու խաղաղությամբ, սակայն դա այն իմաստով չէ, որ մարդիկ մինչև փրկչի հայտնվելը ձեռքերը ծալած անտարբեր պիտի լինեն աշխարհի տարբեր իրադարձությունների դիմաց: Ընդհակառակը բարեփոխական ու արդարատենչական շարժումներով պիտի դիմակայեն բռնությանն ու չարագործությանը:

Այն պայմաններում, երբ շատերը տարված ու հիացած են աշխարհիկ գեղեցկություններով ու առերևույթ պճնանքով, նպատակ ու հավատք ունեցող մարդը հույսով ու լավատեսությամբ պաշտպանելու է իրական արժեքներն ու սկզբունքները և չի հուսահատվելու Աստծո շնորհներից ու բարիքներից: Դա հենց այն իրական սպասումն է, որ պայմանավորված է հույսով, վստահությամբ ու հավատքով:

Մարդիկ պատմության և իրենց հասարակական կյանքի ընթացքում նման են փոթորիկի մատնված նավի ուղևորներին: Եթե կյանքի անհանդարտ ալիքներին մատնվելով վստահ լինեն, որ մի օր ապահով ափ են դուրս գալու, հույսով գոտեպնդված առաջ կընթանան:

Բնական է, որ երբ բարու հաղթանակի և չարի  պարտության մասին հավատքը վառ մնա մարդու հոգու մեջ, հիասթափություն նու հուսալքությունը կչքանան: Հույսը շարժիչի նման մարդուն առաջ է մղում և նրա մոտ ամրապնդում է այն միտքը, որ ներկա վատ պայմանները երկար չեն գոյատևելու և անկասկած մի օր աշխարհի խնդիրները կարգավորվելու են: Հույսը մարդուն կենսունակություն ու դիմադրության ուժ է փոխանցում և նրան հիշեցնում է, որ արդարատենչ շարժումները համընթաց են գոյության համակարգին:

Քանի որ փրկչի բացակայության շրջանում շատ պարագաներում չարի ու բարու և ճիշտ ու սխալի սահմանների հստակեցումն այնքան էլ դյուրին չի լինում, ժողովրդի առաջնորդության պարտականությունը փոխանցվում է հանձնառու, բարեպաշտ ու մաքրակենցաղ իսլամագետ առաջնորդին: Նրանք իսլամի ճշմարիտ սահմանապահներն են, որոնք ժամանակի ու պայմանների համապատասխան ու գիտական մեթոդներով պարզաբանում են ճշմարտությունը: ժամակին գիտակ այդ առաջնորդները ժողովրդին հրաժարեցնում են շեղումների ու զարտուղու գնալուց և Երկրի վրա բարեպաշտների իշխանության հող են նախապատրաստում: Էմամ Հադին այդ առաջնորդներին նմանեցնում է նավի ղեկը վարողներին և հասարակության մեջ նրանց դերակատարության մասին ասում է. «Սրանք պահպանում են սասանվող սրտերը, հենց այնպես որ նավապետը պահում նավի ղեկն ու նրան առաջնորդում է»:

Էմամ Մահդիի իշխանության և նրա շրջանում աշխարհի վիճակի մասին մեր զրույցն ավարտվելով հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք իսլամագետ առաջնորդի կամ «վելայաթ ֆաղիֆ»-ի թեմային և բացակայության շրջանում հոգևոր առաջնորդների յուրահատկություններին, պարտականություններին ու լիազորություններին: