Փետրվար 28, 2018 17:04 Asia/Yerevan

Այս հաղորդման թեման բացակայության շրջանում իսլամում իշխանության ընթացքն է:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կքննարկենք իսլամում իշխանության թեման: Ինչպես ասացինք հիմնական աղբյուրներից կրոնական հրահանգների ու օրենքների քաղելը լիովին մասնագիտական հարց է, հետևաբար Էմամ Մահդիի բացակայության շրջանում մարդիկ կրոնական հրահանգների ու օրենքների մասին տեղեկանալու համար պիտի դիմեն իսլամագետների  օգնության:

Էմամ Մահդիի բացակայության շրջանում իսլամագետները իսլամական գիտություններին տիրապետելով ու նկատի առնելով ժամանակի անհրաժեշտությունները կրոնական հրահանգներ կամ «Ֆաթվա» են արձակում: Նրանք ստանձնում են ժողովրդի հոգևոր առաջնորդության պարտականությունը: Իհարկե իսլամը երևան գալու առաջին օրից ժողովրդի առաջնորդության ու ղեկավարության հարցն արծարծված է եղել: Իսլամի մարգարեն Աստծո խոսքը փոխանցելուց և իսլամի ուսուցումներն ու օրենքները պարզաբանելուց բացի ինքը կանգնած է իշխանության գագաթին: Նրանից հետո էլ Էմամները պարզաբանեցին իսլամի շարիան ու ուսուցումները, թեև նրանց իշխանության ժամանակաշրջանը շատ կարճ եղավ:

 

Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ այն հարցին, թե Էմամ Մահդիի բացակայության շրջանում իսլամական իշխանությունն ի՞նչ անհրաժեշտություն ունի:

Ինչպես ասացինք իշխանության հաստատումն անխուսափելի անհրաժեշտություն է բոլոր հասարակությունների համար: Մարդու կյանքը հասարակական բնույթ է կրում և նրա կյանքն ու կենցաղը հնարավոր է հասարակության շրջագծում և ուրիշների հետ համագործակցությամբ: Միևնույն ժամանակ հասարակական կյանքի հետևանքներից մեկը շահերի շուրջ մարդկանց տարաձայնությունն է: Քանի որ ոմանք հասարակության մեջ ստեղծված հնարավորություններից ու շահից առավել մեծ բաժին են պահանջում: Հետևաբար հասարակության մեջ վեճ ու քաշքշուկ է առաջանում, ինչը հանգեցնում է հասարակական կյանքի սասանմանն ու փլուզմանը:

Դրա համար, որ մարդկային հասարակությունն իր գոյությունը շարունակի և նվաճի մարդկային վեհ նպատակները, անհրաժեշտ է հարգել երկու սկզբունք.՝

Առաջին՝ Արդար ու առաջնակարգ օրենքի գոյությունը, որը կբավարարի նրա նյութական ու հոգևոր պահանջները, երկրորդ՝ հզոր իշխանական համակարգի գոյությունը, որը կստանձնի օրենքի գործադրման և ժողովրդի միջև արդարության հաստատման  պարտականությունը:

Այսպիսով իշխանությունը մարդկային հասարակության համար անհրաժեշտություն է համարվում և մարդկային կյանքը իր նախնական ու նաև զարգացման բոլոր ժամանակաշրջաններում երբևէ առանց իշխանություն չի եղել:

Նախքան բացակայության շրջանում իսլամական իշխանության գոյության անհրաժեշտությանն անդրադառնալը թռուցիկ  հայացք կնետենք իշխանությունների տարբեր տեսակներին: Նկատի առնելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող իշխանությունների տարբեր տեսակները պարզ է դառնում, որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Օրինակ ժողովրդի վրա անհատի իշխանությունը բռնապետական իշխանություն է կոչվում: Այս տեսակ իշխանության մեջ մի անձ միայնակորեն կառավարում է հասարակությունը և առանց որևէ օրենքի ու կանոնի հետևելու կատարում է այն՝ ինչ ցանկանում է: Նման կառույցի մեջ ժողովուրդն իշխանավորի ընտրության հարցում դերակատար չէ:

Իշխանության մյուս տեսակը փոքրամասնության իշխանությունն է մեծամասնության վրա, օրինակ սոցիալիստական կամ կոմունիստական իշխանությունները, որտեղ կուսակցական մի փոքրամասնություն իշխում է ժողովրդին: Այս իշխանության մեջ իշխանության իրավունքը տրված է մի կուսակցության կամ հասարակական մի խմբի:

Ժողովրդի վրա մեծամասնության իշխանությունն էլ իշխանության տեսակներից է, որ ժողովրդավարություն է կոչվում: Այս իշխանության մեջ մեծամասնության ներկայացուցիչներն ստանձնում են հասարակության քաղաքական վերահսկողությունը: Այս իշխանության մեջ կառավարության ղեկավարները կարող են ընտրվել ժողովրդի ուղղակի քվեներով կամ նրանց ներկայացուցիչների միջոցով: Իհարկե թեև այսօր ժամանակակից աշխարհի ու հատկապես արևմտյան իշխանություններից շատերը ժողովրդավարության հավակնություն ունեն, այդուհանդերձ նրանց հավակնած ժողովրդավարությունն հաճախ ձևական բնույթ է կրում:

Այդ իշխանություններում թեև ժողովուրդն առերևույթ ձայնի և իր ներկայացուցիչներին ընտրելու իրավունք ունի, սակայն իրականության մեջ ընտրությունների ժամանակ ժողովրդի համար որոշում են կայացնում ազդեցություն, ուժ և հարստություն ունեցող խմբերը և նրանց խորհելու իրավունք չեն տալիս: Նրանք շքեղ ու ապակողմնորոշող քարոզչությամբ ու յուրահատուկ պայմաններ ստեղծելով ժողովրդին ուղղորդում են իրենց ցանկացած կողմը:

Այստեղ նախքան իսլամական իշխանության թեմային անցնելն անհրաժեշտ է հիշեցնել, որ լավ օրենքի գոյությունը միանշանակ հասարակության բարեփոխման ու ժողովրդի երջանկության պատճառ չի դառնում: Լավ օրենքը միայն այն ժամանակ կարող է հասարակության մեջ բարեփոխումների պատճառ դառնալ, երբ ճիշտ գործադրվի: Ուշադրություն դարձնելով իսլամական օրենքների էությանն ու որակին կարող ենք նկատել, որ դրանց գործադրումը պահանջում է ակտիվ ու հզոր մի կառույց և առանց իշխանության ձևավորման իսլամական օրենքներից շատերի իրագործումը հնարավոր չի լինելու:

Իսլամում հասարակության, և մուսուլմանական երկրների սահմանների, տարածքային ամբողջականության ու անկախության պաշտպանության համար հստակ ու պարզ հրահանգներ գոյություն ունեն: Իսլամն ընդգծում է բռնահարվածին պաշտպանելու և չարագործներին ընդդիմանալու անհրաժեշտությունը: Բնականաբար մուսուլմանների կյանքը, գույքն ու պատիվը պաշտպանելու և ոտնձգողներին հետ մղելու ուղղությամբ առաջին քայլը իշխանության ձևավորումը կարող է լինել: Իշխանությունը զորք հավաքելով ու դրան զինելով, ռազմական հնարավորություններ ստեղծելով և բանիմաց ու գործունյա հրամանատարներ նշանակելով թշնամիներին նստեցնում է իրենց տեղը: Իշխանության բացակայությամբ դա հնարավոր չի լինելու:

Իրանի իսլամական հեղափոխության լուսահոգի առաջնորդ Էմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Արդարության տարածման, ուսման ու դաստիարակչության, հասարակության համակարգի պահպանման ու բռնության վերացման, երկրի սահմանների պաշտպանության և օտարների ոտնձգությունը կանխելու համար իշխանությունն անհրաժեշտություն է համարվում, անկախ դրանից թե իրականացվում է Էմամի ներկայության, թե բացակայության շրջանում և կամ այս ու այն երկրում»:

 

Հետևաբար Էմամ Մահդիի բացակայության շրջանում իսլամական արժեքների ու օրենքների վրա հիմնված իշխանություն պիտի գոյություն ունենա: Քանի որ ներկա ժամանակաշրջանում, երբ մուսուլմանների թշնամիները մեծածավալ կառույցներ ունեն առանց կանոնակարգված մի կառույցի գոյության հնարավոր չի լինելու պաշտպանել մուսուլմանների սահմաններն ու տարածքային ամբողջականությունը:

Միևնույն ժամանակ եթե նկատի առնենք իսլամական պաշտամունքը կնկատենք, որ դրանցից որոշներն, այդ թվում ուրբաթօրյա աղոթքը կամ Ֆեթր ու Ղուրբան տոների աղոթքը և կամ Հաջի շքեղ ուխտագնացությունը պաշտամունքային կողմ ունենալուց բացի նաև քաղաքական ու հասարակական նպատակ են հետապնդում: Հետևաբար առանց իսլամական իշխանության և արդար առաջնորդի գոյության այդ պաշտամունքը չի կարող կատարվել այնպես ինչպես սահմանել է իսլամը:

Մյուս կետն այն է, որ իսլամական օրենսգիտության մեկ մասը վերաբերում է իրավական ու քրեական վճիռներին: Արդարադատության ու դատաքննության ժամանակ տարաձայնությունների վերացման, պատիժների, ղեսասի ու հատուցումների մասին որոշում ընդունելն ու իրավական նման մի շարք այլ հարցեր մտնում են իշխանության լիազորությունների մեջ: Նման վճիռները պահանջում են իշխանական ու դատական հզոր ու միատարր կառույց, որը պիտի վերահասություն տա նման հարցերին, վճիռներ կայացնի ու դրանց գործադրի:

Բացի այդ իշխանության գոյության անհրաժեշտության պատճառներից մեկն էլ այն է, որ իսլամ կրոնն ու դրա օրենքները ժամանակի կամ վայրի սահմանափակում չունեն և իսլամը բոլոր սերունդներին ու ժամանակաշրջաններին պատկանող աշխարհատարած կրոն է: Հետևաբար դա միայն մարգարեի ժամանակաշրջանով չի սահմանափակվում և դրա օրենքների գործադրումը չի կարող դադարեցվել: Հենց այնպես որ Աստծո առաքյալի ժամանակ իսլամական օրենքների գործադրման համար իշխանության ձևավորումն անհրաժեշտություն էր համարվում, մյուս ժամանակաշրջաններում ու Էմամ Մահդիի բացակայության ժամանակ էլ այդ անհրաժեշտությունը պահպանվում է և առանց իշխանության ձևավորման որոշ օրենքների գործադրումն անհնարին է լինելու: Էմամ Խոմեյնին ասում է. «Իսլամական օրենքները լինեն դրանք տնտեսական, քաղաքական կամ իրավական մինչև հավիտյան մնայուն են և դրանց գործադրումն անհրաժեշտություն է համարվում: Աստվածային օրենքներից որևէ մեկը չեղյալ չի համարվել ու չի ոչնչացվել: Օրենքների մշտական գոյությունը պարտադրում է ունենալ մի համակարգ, որը երաշխավորելու է այդ վճիռների վարկն ու օրինականությունը և գործադրելու է դրանք: Քանի որ աստվածային հրահանգները միայն իսլամական իշխանության ստեղծմամբ է, որ կարող են գործադրվել»:

Իսլամական իշխանությունը մյուս իշխանությունների մեջ յուրահատուկ է, որն իր նպատակներով ու էությամբ առանձնացվում է մյուս իշխանություններից և չի համապատասխանում իշխանության մյուս մոդելներին: Իսլամական իշխանությունը հիմնված է ժողովրդի պարագային Աստծո իշխանության վրա: Այս հիման վրա իսլամական իշխանության և մյուս իշխանությունների միջև բնատուր տարբերություններ գոյություն ունեն:

Այդ տարբերություններից մեկը վերաբերում է օրենքի սահմանմանը: Այսպես կոչված ժողովրդավարական իշխանություններում օրենքը սահմանվում է մեծամասնության կամքով: Հետևաբար կարող է պատահել  որ մի շարք սխալ երևույթներ, ինչպես միասեռականների ամուսնությունը, աբորտը կամ մարմնավաճառության միջոցով եկամուտ վաստակելը հանրության կամքով օրինական ճանաչվեն: Մինչդեռ նման հանցանքները կարող են ավերիչ հետևանքներ ունենալ մարդկային հասարակության պարագային: Բայց աստվածային իշխանության պարագային օրենքները սահմանվում են մարդկային բնատուր կարիքների հիման վրա: Հետևաբար հնարավոր է, որ հասարակության համար վնասակար համարվող մի երևույթ արգելվի և դա հակասի ժողովրդի մեծամասնության պահանջին ու ցանկությանը:

Իսլամական իշխանության մեջ իշխանությունը պատկանում է Աստծուն և հիմնականում նա է իշխում ժողովրդի վրա: Ղուրանն այս կապակցությամբ «Մաեդե» սուրայի 17-րդ այաում ասում է. «Երկնքի ու երկրի և դրանց միջև եղած իշխանությունը պատկանում է Աստծուն: Արարում  է ինչ որ ցանկանում է և Աստված ամենակարող է»:

Կամ «Ղեսաս» սուրայի 70-րդ այաում ասված է. «Նա է այն Աստվածը, որից բացի այլ պաշտելի գոյություն չունի: Աշխարհում ու հավիտենականության մեջ պաշտամունքն արժանի է միայն նրան: Իշխանությունը միայն նրան է պատկանում և վերադառնում է նրան»:

Ղուրանի այաների համաձայն երկնքի ու երկրի իշխանությունը պատկանում է Աստծուն: Ուրեմն միայն նա կարող է որոշել ժողովրդի վրա իշխանության եղանակն ու ընթացքը: Անկասկած ամենագետ ու իմաստուն Աստված իշխանության  համար նշանակում է ամենաարժանավոր մարդկանց: Սրանց առաջին հերթին մարգարեն ու Էմամներն են:

Անկասկած իշխանության ամենացանկալի տեսակն այն է, որի գլխին կանգնած են մարգարեն կամ Էմամը: Սակայն եթե հնարավոր չեղավ նման մակարդակի իսլամական իշխանություն ձևավորել, արդյոք չպիտի որևէ քայլ ձեռնարկել: Տրամաբանությունը թելադրում է, որ իդեալ իշխանությունը հասանելի լինելու պատճառով չի կարելի լիովին հրաժարվել իսլամական իշխանությունից: Ամենահարմար ընտրությունը կարող է լինել այն, որ Էմամի բացակայության ժամանակ իշխանության ղեկը վստահվի մեկին, որը բոլորից ավելի շատ է տիրապետում իսլամի օրենքներին, բարեպաշտն ու հնարամիտ է և ճանաչում է ժամանակի անհրաժեշտությունները: Նման յուրահատկությամբ անձը, որ ստանձնում է հասարակության ղեկավարությունը «Վալի Ֆաղիհ» է կոչվում: