Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի տնտեսական հարաբերություններին, ԵԱՏՄ-ի շրջագծում Իրանի ու Հայաստանի հարաբերություններին, Թեհրանում Իրանի ու Ճապոնիայի համատեղ նիստին և բալկանյան երկրների հետ Իրանի հարաբերություններին:
Երկուշաբթի մարտի 5-ին Մոսկվայում գումարվեց Իրանի ու Ռուսաստանի տնտեսական ու առևտրական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը,մասնակցությամբ հանձնաժողովի իրանցի և ռուս համանախագահներ ԻԻՀ էկոնոմիկայի նախարար Մասըուդ Քարբասիանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովաքի: Այս երկօրյա նստաշրջանում աշխատանքային մի քանի խմբերում ու փորձագիտական նիստերում քննարկվեցին էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհի, առևտրի ու մաքսային ծառայությունների, առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներում ներդրման և տնտեսական ու առևտրական ընթացիկ ու առաջիկա նախագծերը:
Իրանի ու Ռուսաստանի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունները ներառում են բազմաբնույթ բնագավառներ, որոնց մեջ են մտնում միջուկային արդյունաբերությունը, ինչպես նաև տրանսպորտի, տուրիզմի, նավարկության, գյուղատնտեսության ու արդյունաբերության բաժիններում ներդրումը:
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային շաբաթ օրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում մատնանշելով, որ Ռուսաստանն ու Իրանը երկուսն էլ ԱՄՆ-ի կողմից շրջափակման են ենթարկվել և պիտի միմյանց հետ խորհրդակցություն ու համագործակցություն ունենան, ասաց. «Թեհրանն ու Մոսկվան շրջափակումների դեմ ընդհանուր լուծման պիտի հանգեն, որպեսզի դրանով կարողանան նվազագույնի իջեցնել շրջափակումների հետևանքները»:
Սանային ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի ազատ գոտի ստեղծելու կապակցությամբ պայմանավորվածության մասին ասաց. «Այս առևտրի ազատ գոտու շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին»:
ԵԱՏՄ-ի առևտրական ազատ գոտու ստեղծումը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ենթակառուցվածքներ է առաջացրել և կարող է ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ համագործակցությունների շրջագծում ասիական հարևան երկրների մասնակցությանը թափ հաղորդող դերակատարություն ունենալ:
Այս շրջագծում Իրանի հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ սկսելու մասին ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարների 2016 թվականի դեկտեմբերի վերջերին ընդունած որոշումը հատուկ նշանակություն ունի: 2016 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ վարչապետը Սոչիում գումարված ԵԱՏՄ-ի միջպետական խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի Մեղրի քաղաքում տնտեսական ազատ գոտի ստեղծելու կապակցությամբ Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին:
Տնտեսական հարցերի փորձագետները ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հեռանկարը դրական են գնահատում:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի համոզմամբ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծումը դրական ազդեցություն կգործի նաև Հայաստանի տնտեսության վրա:
Ակնկալվում է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ սակագների համաձայնագիրը եզրակացվելով և ապրանքաշրջանառության համար դյուրություններ ստեղծվելով կողմերի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծանան:
Այս շաբաթ այցելելով Հայաստանում EXPO 2018 ցուցահանդեսի իրանական արտադրանքների տաղավարներ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին դեսպանատան պատրաստակամությունն է հայտնել համագործակցել իրանցի արտադրողների հետ, նշելով, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը հարմար է իրանական արտադրանքները ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկա ներկայացնելու համար:
Երևանում ԻԻՀ դեսպանատանը իրանցի արտադրողների պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ դեսպան Սաջջադին ասել է.«Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, բանկային ոլորտում բազմազան հարմարություններով, Մեղրիի ազատ գոտու շահագործմամբ և Եվրասիայի մաքսային միությանն անդամակցելով, կարող է դարպաս հանդիսանալ իրանական արտադրանքները Եվրասիա և Եվրոպա արտահանելու համար»:
Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի: Իրանն ու ԵԱՏՄ-ն ոչ միայն առևտրաշրջանառության ծավալների մեծացման ակնկալիք ունեն, այլև ձգտում են բազմավեկտոր դարձնել տնտեսական համագործակցությունները:
Իրանը տարածաշրջանի 7 երկրների, այդ թվում Հայաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ցանցերի ստեղծման մեծ փորձ ու պոտենցիալ ունի: Սա նպաստավոր պայմաններ է ստեղծել, որպեսզի Իրանն ու Հայաստանը կարողանան առավել ցանկալի կերպով օգտվել համագործակցության հնարավորություններից:
------------------------
Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Թեքեո Մուրեյին: Այս այցին զուգահեռ տեղի ունեցավ Իրանի ու Ճապոնիայի միջև քաղաքական երկխոսության 25-րդ շրջանը:
Թեհրանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի հետ բանակցություններում Թեքեո Մուրեյը հայտարարեց, որ Ճապոնիան պատրաստ է ընդլայնել ԻԻՀ-ի հետ հարաբերությունները և ցանկանում է տնտեսական ու տեխնիկական ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ խորհրդակցություն ունենալ ԻԻՀ-ի հետ:
Այս պահին երկկողմ համագործակցության ու ներդրման համար մեծ ենթահող գոյություն ունի և ճապոնական ընկերություններն ու մասնավոր բաժինը կարող են մասնակցություն ունենալ Իրանում նավթի, գազի, պետրոքիմիայի, ջրամբարտակի կառուցման և նավահանգիստների ընդլայնման նախագծերին:
Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական հարցերով կցորդ Թուշիրո Քաթագիրին Աստարա նավահանգստային սահմանային քաղաք կատարած ուղևորության և ԻԻՀ-ի տարածքում Աստարայի երկաթգիծն ու բեռնաբարձման հնարավորությունները դիտելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց. «Հյուսիս-հարավ միջանցքը բեռների տարանցման հետ կապված մեծ հետաքրքրություն է առաջացրել Ադրբեջանում աշխատող ճապոնական ընկերությունների մոտ»:
Տնտեսագետ և Տոկիոյում Ասիական զարգացման բանկի տնօրենի օգնական դոկտ. Ֆարհադ Թաղիզադե Հեսարին ընդգծելով, որ էներգիային ունեցած մեծ կարիքի պատճառով Ճապոնիան հետաքրքրված է նավթի ու գազի բնագավառում Իրանի հետ համագործակցությամբ, ասել է. «ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո Ճապոնիան աշխարհում նավթ կրող ու սպառող երրորդ, հեղուկ գազ ներկրող առաջին, իսկ Չինաստանից հետո քարածուխ ներկրող երկրորդ խոշոր երկիրն է համարվում: Այդ երկրի ներքին պաշարները միայն բավարարում են այդ երկրի էներգիայի տարեկան կարիքների 9 տոկոսը»:
Թաղիզադեն հավատացած է, որ բրածո վառելիքից Ճապոնիայի խիստ կախվածության պատճառով այդ երկիրն անկասկած հակված է նավթի ու գազի ոլորտներում ներդրմանը:
---------------------------
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անցած շաբաթ արևելյան Եվրոպա և Բալկանյան տարածաշրջան ուղևորվեց:
Բալկանյան տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպում ու զրույց ունեցավ Սերբիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Բոսնիայի պաշտոնատարների հետ:
Այս ուղևորության ընթացքում Զարիֆին ընկերակցում էին քաղաքական բարձրաստիճան մի պատվիրակություն, ինչպես նաև մասնավոր ու պետական բաժինների գործարարների ու որոշ հաստատությունների ներկայացուցիչներից կազմված տնտեսական պատվիրակությունը: Զարիֆի Բալկանյան տարածաշրջան կատարած ուղևորությունը հիշյալ երկրների պաշտոնատարների Իրան կատարած այցերի պատասխանը լինելուց բացի նաև կողմերի միջև տնտեսական բնագավառներում հարաբերությունների ընդլայնման նոր հանարավորություններ ստեղծեց:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի գերատեսուչ Աբդոլռեզա Ֆառաջի Ռադն ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ Բալկանյան տարածաշրջանն ու արևելյան Եվրոպան Իրանի համար կարևոր բնորոշելով և նկատելով, որ Բալկանյան տարածաշրջանի կապակցությամբ առավել աշխատանք պիտի տանել, ընդգծեց. «Արևելյան Եվրոպայի երկրները տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսության արդյունաբերության ոլորտներում լավ աշխատանք են կատարում և մենք կարող ենք այդ բնագավառներում նրանց հետ համագործակցել: Այդ նպատակով առևտրական ու տնտեսական տարբեր բնագավառներում առավել ակտիվ դիվանագիտություն վարելով այդ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության նոր հնարավորություններ պիտի ստեղծել»:
------------------
Իրանի նավթի նախարարն ասում է, որ Իրանն ու Հնդկաստանը «Ֆարզադ Բի» գազադաշտի ընդլայնման նախագծի ընդհանրության շուրջ համաձայնություն ունեն:
Բիժան Զանգանեն նկատելով, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հնդկաստան կատարած վերջին ուղևորության ընթացքում «Ֆարզադ Բի» գազադաշտի ընդլայնման ընդհանրության շուրջ համաձայնության են հանգել, ասել է, որ այս գազադաշտի ընդլայնման տարբեր մեթոդների շուրջ հնդկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:
Բիժան Զանգանեն մի առ ժամանակ հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ «Ֆարզադ Բի» գազադաշտի շուրջ հնդկական կողմի հետ բանակցության արդյունքի մասին, ասաց. «Հնդկական մի ընկերության առաջարկի համաձայն 25 տարվա ընթացքում այդ գազադաշտի արտադրության արժեքի միայն 10 տոկոսն է բաժին հասնելու Իրանին և դրա 90 տոկոսը մնալու է դիմացի կողմին: Նման առաջարկները մեզ համար գրավիչ չեն և ընդլայնման նման մեթոդը մեզ համար ընդունելի չէ, քանի որ մեր նպատակը միայն գազադաշտի ընդլայնումը չէ և ցանկանում ենք այդտեղից եկամուտ ունենալ»: