Լավրովը ՇՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար ժամանել է Չինաստան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Չինաստան, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։
Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պեկին Լավրովը մեկնել է ԿԺԴՀ-ից, որտեղ եռօրյա աշխատանքային այցով գտնվում էր Վոնսան քաղաքում։ Մինչ այդ նախարարը հուլիսի 10-11-ը Կուալա Լումպուրում մասնակցել էր ԱՍԵԱՆ-ի գծով միջոցառումներին։
Ըստ ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ՇՀԿ ԱԳՆԽ-ն կանցկացվի Տյանցզինում հուլիսի 14-15-ը։ Նախարարական հանդիպումը կդառնա կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման առանցքային փուլ, որը տեղի կունենա նույն չինական քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը։ Ըստ դիվանագետի, միջոցառման շրջանակում նախատեսված են նաև Լավրովի մի շարք երկկողմ հանդիպումներ։
Զախարովան նշել է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են քննարկել ՇՀԿ գործունեության ներկա վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային և տարածաշրջանային արդի օրակարգին, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և ՄԱԿ-ի կազմավորման 80-րդ տարեդարձի թեմային։