Մարտ 13, 2018 20:37 Asia/Yerevan

Բռնապետական համակարգերի հիմքը դրված է իշխանավորի անվիճելի իշխանության վրա: Սակայն իսլամական համակարգում իսկական իշխանն Աստված է, ոչ թե Վալիհ Ֆաղիհը և իշխանությունը հիմնված է աստվածային օրենքների և ոչ թե նրա անձնական տեսակետների վրա: Վալիհ Ֆաղիհը միայն պարզաբանում է օրենքներն ու հրամանները և գործադրում է դրանք:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք Վալիհ Ֆաղիհի հատկանիշներին:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ իսլամական հասարակության կառավարումն ու սուրբ օրենքների գործադրումը ծանր ու խրթին պարտականություն է: Այդ պատճառով էլ իսլամական համակարգում իշխող իսլամագետը պիտի բավարար գիտություն ու տեղեկություն ունենա և համապատասխան ժամանակի կարիքների գլխավոր աղբյուրներ համարվող սուրբ գրքից, ավանդույթներից, սեփական դատողությունից ու հանրային կարծիքից օգտվելով քաղի իսլամի շարիաթի օրենքներն ու հրամանները: Ինչպես ասացինք արդար իսլամագետի՝ ֆաղիհի հատկանիշներից մեկն այն է, որ պիտի հավատարիմ լինի կրոնական պարտականություններին և չտրվի կրքերին: Քանի որ նա ով հանձնվում է կրքերի դիմաց հասարակությունն առաջնորդելու ու ղեկավարելու արժանավորությունը չունի և հնարավոր է, որ օրենքները հանուն իր շահերի մեկնաբանի: Վալիհ Ֆաղիհը պիտի զերծ լինի նախանձի, ընչաքաղցության, դաժանության ու խաբեբայության պես ստոր հատկանիշներից, քանի որ դրանք թե իր և թե հասարակության համար վնասակար են:

Նա ով էմամի բացակայության շրջանում ղեկավարում է իսլամական հասարակությունը պիտի ծանոթ ու հավատարիմ լինի աստվածային օրենքներին, քանի որ նա ով չի ճանաչում օրենքը ինչպե՞ս կարող է դա ճիշտ գործադրել: Իսլամական իշխանությունը իր էությամբ օրենքի իշխանություն է : Իշխանական այս մոդելում օրենքների ու կանոնների գործադրումը պարտադիր է հասարակության բոլոր խավերի, այդ թվում կառավարության գործակատարների համար: Հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի դիմաց և ենթակա են օրենքներին, որոնք սահմանված են Ղուրանի և մարգարեի ավանդույթների համաձայն: Որևէ մեկը, նույնիսկ առաջնորդն ու Վալիհ Ֆաղիհն այդ օրենքներից չեն բացառվում: Իսլամական համակարգում Վալիհ Ֆաղիհը լինելով իշխանության առաջնորդն ու գլխավոր պատասխանատուն անարդարության, օրինազանցության, մարդկանց իրավունքները ոտնահարելու և հանրային գույքը բռնագրավելու իրավունք չունի: Հանցագործ արարքները Վալիհ Ֆաղիհին հեռացնում են արդարությունից: Այդ դեպքում նա կորցնում է հասարակության առաջնորդման համար անհրաժեշտ արժանավորությունն ու օրինականությունը և հեռացվում է առաջնորդի դիրքից: Վալիհ Ֆաղիհի տեսակետների ու դիրքորոշումների համար հիմք պիտի ծառայեն կրոնական ու տրամաբանական արժեքներն ու չափանիշները: Եթե նրա որոշումները հիմնված լինեն սեփական շահերի կամ եսասիրության վրա նրա  իշխանությունը զրկվելու է օրինականությունից:

Մի փոքր խորհելով պարզվում է, որ Վալիհ Ֆաղիհի հատկանիշները հակադրվում են բռնապետական համակարգերի իշխանների յուրահատկություններին: Բռնապետական իշխանություններում բռնապետ իշխանը թուլացնելով իշխանական կառույցներն ու բռնաճնշման ենթարկելով ժողովրդին փորձում է ամրացնել իր իշխանության հիմքերը: Քաղաքական նման համակարգերում մի անձ միայնակորեն ստանձնում է իշխանության ղեկը և կատարում է այն ինչ ցանկանում է ու երբևէ իրեն պարտավոր չի զգում հարգել օրենքները: Քանի որ բռնապետական իշխանության հիմքը դրված է իշխանի անվիճելի հզորության ու իշխանության վրա: Բայց իսլամական համակարգում Աստված իսկական իշխանն է, ոչ թե Վալիհ Ֆաղիհը և իսլամական իշխանությունը հիմնված է աստվածային օրենքների վրա և ոչ թե նրա անձնական տեսակետների: Վալիհ Ֆաղիհը միայն պարզաբանում է հրամաններն ու օրենքները և գործադրում է դրանք: Աստված Ղուրանի «Նեսա» սուրայի 105-րդ այաում խոսքն ուղղելով մեծ  մարգարեին ասում է. «Մենք այս գիրքը՝ Ղուրանը, իրավամբ քեզ տվեցինք, որպեսզի Աստծո կողմից քեզ փոխանցվածի համաձայն դատես ժողովրդի միջև...»: Իսլամի մարգարեն գլխավորելով իսլամական հասարակությունը, երբևէ բռնապետ իշխանավորների նման չվարվեց ու չնայած իր լայն լիազորություններին շարունակ մեծարում էր ժողովրդին, օգտվում էր նրանց տեսակետներից ու կարևոր հարցերում խորհրդակցում էր նրանց հետ: Իսլամական իշխանության մեջ բոլորը պարտավոր են հարգել օրենքի ու իսլամական հրամանների սահմանները:

Հետևաբար իսլամական իշխանությունը, որի գագաթին կանգնած է Վալիհ Ֆաղիհը հիմնական տարբերություններ ունի բռնապետական համակարգի հետ և որոշ պարագաներում հակադրվում է նրան: Հակառակ բռնապետ իշխանավորին Վալիհ Ֆաղիհի քայլերն ու կատարած գործերը օրենքի շրջանակներում են ու հիմնված են հստակ սկզբունքների վրա: Նա երբևէ թույլատրված չէ ճաշակային կամ սեփական կամքի ու ցանկության համաձայն վճիռ կայացնել: Վալիհ ֆաղիհն իր օրինականությունը ստանում է Աստծուց և իշխանության գործադրման համար նրա հենարանը ժողովուրդն է: Նա բռնապետ իշխանավորի նման բռնի ուժի գործադրմամբ իշխանության չի հասել, որ ցանկանա բռնի ուժի գործադրմամբ իր տիրակալությունը տարածել ժողովրդի վրա: Հենց այնպես որ մեծ մարգարեն իսլամական օրենքների հաստատման ու գործադրման պատասխանատուն է և Աստված նրան ժողովրդի ղեկավարն ու իշխանն է նշանակել, արդար իսլամագետներն էլ հասարակության առաջնորդն ու իշխանն են և պիտի գործադրեն հրամաններն ու հաստատեն իսլամի հասարակական կարգը:

Օրենքների հետ ծանոթ և դրանց հավատարիմ լինելուց բացի Վալիհ Ֆաղիհի մյուս գլխավոր յուրահատկությունը արդարությունն է, որ բռնապետ իշխանավորների մոտ գոյություն չունի: Արդարությունը պատճառ է դառնում, որ նա իսլամական համակարգի կառավարման հարցում իր սեփական ցանկություններին և փառամոլության ու նյութապաշտության չհետևի: Իսլամական համակարգում Ֆաղիհը ժողովրդից հեռու ընկած և օրենքից վեր կանգնած անձնավորություն չէ: Նա կառավարիչ ու հնարամիտ իսլամագետ է և հասարակությանն է ներկայացնում այն ինչը, որ փորձագիտական ու մանրակրկիտ տրամաբանությամբ քաղում է իսլամական ուսուցումներից ու հրամաններից: Իհարկե նա ինքն էլ առաջինը պիտի հավատարիմ լինի դրանց: Երբ իսլամական համակարգի իշխանը կորցնում է այդ հատկանիշները վերջ է տրվում նրա առաջնորդությանը: Իրանի իսլամական հեղափոխության լուսահոգի առաջնորդ Էմամ Խոմեյնին մերժելով Վելայաթ Ֆաղիհի սկզբունքի համաձայն իշխանությունը բռնապետական դառնալու շուրջ կասկածներն, ասում է. «Վելայաթ ֆաղիհը ստեղծել է բարձրյալն Աստված.... Ֆաղիհը ժողովրդին բռնության չի ենթարկում: Եթե Ֆաղիհը ցանկանա բռնի ուժ գործադրել, այլևս առաջնորդ չի կարող լինել»: Եթե իշխանավորն արդար չլինի ժողովրդի իրավունքների վերականգնման, հարկերի գանձման ու քրեական օրենքների գործադրման ժամանակ չի կարող արդար վերաբերվել: Անարդար անձը հնարավոր է հասարակությանը պարտադրի իր անարժան բարեկամներին ու մերձավորներին և կամ մուսուլմաններին պատկանող հանրային գույքը ծառայեցնի իր ու մերձավորների սեփական շահերի ուղղությամբ: Հետևաբար օրենքը ճանաչելն ու արդարությունը Վալիհ Ֆաղիհի երկու հիմնական հատկանիշներն են:

Մյուս կետն այն է, որ իսլամի ուսուցումները միատարր մի ընդհանրություն է և իսկական իսլամագետը նա է, ով այդ հրամանների ու  օրենքների կապակցությամբ իրազեկ ու մասնագետ լինի: Հետևաբար նա ով խոր ճանաչողություն չունի իսլամ կրոնի օրենքների մասին չի կարող նման մի ծանր պարտականություն ստանձնել: Բայց Վալիհ Ֆաղիհը Ղուրանի հրամաններին ծանոթ լինելուց և արդար ու բարեպաշտ լինելուց բացի պիտի տնօրեն ու հնարամիտ լինի և համապարփակ ու համակողմանի ծանոթություն ունի երկրի  ու աշխարհի ընդհանուր վիճակի մասին: Մուսուլմանների թշնամիներին, նաև իսլամ ժողովրդին հարվածելու և դիմակայելու նրանց մեթոդներին ծանոթ լինելը և դրանց կապակցությամբ համար քայլեր ձեռնարկելը Վալիհ Ֆաղիհի պարտականություններից է: Հետևաբար նա ով միայն տիրապետում է իսլամական օրենքներին չի կարող ստանձնել իսլամական համակարգի առաջնորդությունը: Լուսահոգի Էմամ Խոմեյնու դիտանկյունից Վալիհ Ֆաղիհը պիտի կարողանա զատորոշել հասարակության նպատակահարմարությունը և զանազանել ազնիվ ու օգտակար և անազնիվ մարդկանց և ընդհանրապես քաղաքական ու հասարակական հարցերում ճիշտ հայեցողություն և որոշում ընդունելու ուժ ունենալ:

Ուրեմն եթե ֆաղիհն իսլամի օրենքների մասին խոր ճանաչողություն ունենա, սակայն անկարող լինի ճանաչել ժամանակն ու միջազգային պայմանները բնականաբար չի կարող այսօրվա բարդ աշխարհում իր ձեռքն առնել իսլամական հասարակության կառավարման ու առաջնորդման ղեկը:

Վալիհ Ֆաղիհի մյուս յուրահատկությունը հեռատեսությունն է: Եթե իսլամական հասարակությանը իշխող Ֆաղիհն անհրաժեշտ հնարամտություն ու հեռատեսություն չունենա և չկարողանա տարբեր բնագավառներում ազդեցիկ ու գործունյա լուծումներ առաջարկել, նման անձը չի կարող ղեկավարել հասարակությունը: Քանի որ այդ դեպքում նա հնարամտություն չունեցող նավապետի նման է, ով չի կարողանում հասարակության նավը փրկել փոթորկոտ ծովի ալիքներից: Հեռատեսության անհրաժեշտ պայմանը քաղաքական ու հասարակական ճիշտ հայեցողություն ունենալն է, որպեսզի դրա օգնությամբ հնարավոր լինի լավապես վերլուծել աշխարհի ու հատկապես իսլամական երկրների իրադարձություններն ու զարգացումները և ծանոթանալ իսլամի թշնամիների գույնզգույն սադրանքներին և միջազգային բարդ հարաբերություններին տիրող քաղաքականություններին ու սկզբունքներին: Էմամ Ջաըֆար Սադեղն ասում է. «Նա ով ծանոթ է իր ժամանակի անհրաժեշտություններին սխալմունքներ չի գործում»: Այսպիսով Վալիհ Ֆաղիհի անհրաժեշտ պայմաններից մեկն այն է, որ նա պիտի կարող ու հզոր կառավարիչ և հասարակության կառավարման համար որոշումներ ընդունելու կարողությամբ օժտված անձ լինի:

Վալիհ Ֆաղիհը պիտի քաջարի ու անվախ լինի: Նա Աստծուց բացի ուրիշ որևէ ուժից չի սարսափում և թշնամու սպառնալիքները նրան վախ չեն պատճառում: Եթե թշնամին հարձակվի իսլամական մի երկրի դեմ Վալիհ Ֆաղիհը պիտի քաջությամբ ու  համարձակությամբ դիմադրի ոտնձգողներին և պաշտպանի մուսուլմանների կյանքն ու ունեցվածքը: Քաջարի իշանը կարող է ծաղկեցնել հասարակության բնատուր ընդունակությունները և հզոր ու անկախ դարձնել հասարակությունը:

Վալիհ ֆաղիհի մյուս յուրահատկությունը աստվածային օրենքների ու հրամանների գործադրման հարցում կտրականությունն է: Վալիհ Ֆաղիհը երբ որևէ հարցի շուրջ խորհրդակցում է իր խորհրդականների ու փորձագետների հետ և որևէ քայլ իսլամական հասարակության շահերի ուղղությամբ է համարում գործակատարներին վճռականորեն հրահանգում է դա գործադրել: Իսկ եթե իսլամական հասարակության առաջնորդը որոշում ընդունելու հարցում տատանվի և իր հայտնած տեսակետներում կայուն ու հաստատակամ չլինի հասարակության մեջ տարածվելու է անտարբերությունն ու անուշադրությունը և օրենքների գործադրումը դադարեցվելու է :