Ապրիլ 02, 2018 16:42 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Փետրվարի 23-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունենցավ մեծանուն կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Արտավազդ Փելեշյանին վաղուց համարում են համաշխարահային կինոյի դասական, տարածական մոնտաժի նրա տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում:

Նրա առաջին ֆիլմը «Սկիզբ»-ն էր, հետո հաջորդեցին «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները»...

«Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով»,-մի առիթով ասել է նա:

Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են , ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։ Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է։ 2017-ին Հայաստանում պետպատվերով լույս է տեսել  Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը:

«Նրա ինչպես ֆիլմերը, այնպես էլ գրքերը ժամանակագրությունն են ոչ միայն իր արվեստի, այլև մեր ժողովրդի ապրած կյանքի»,-ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է Վարպետի հետ շուտով պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Նախարարությունը պատրաստ է նաև աջակցել՝ Երվանդ Քոչարի մասին նրա ֆիլմը նկարահանելու գործում։

 

Հայաստանի ազգային պատկերասրահը Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսից հետո արվեստասերներին նոր տոն կպարգևի: Նախատեսվում է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես իրականացնել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ Մինաս Ավետիսյանի գեղանկարների մեծ  ցուցահանդես վաղուց չի կազմակերպվել: «Ցանկանում ենք շքեղ, գեղեցիկ «Արարում»-ին ոչնչով չզիջող ընդգրկուն ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն ինչպես պատկերասրահի, այնպես էլ` մասնավոր հավաքածուներում գտնվող աշխատանքներ»,- նշեց նա և հավելեց, որ ցուցահանդեսը նախատեսվում է ապրիլին:

Ծատուրյանի խոսքով՝ ցավոք, Մինաս Ավետիսյանի գլուխգործոցների զգալի մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում: Տնօրենը բանակցում է հավաքորդների հետ` նրանց մոտ եղած արժեքավոր կտավները ցուցահանդեսում ներառելու համար:

Արման Ծատուրյանն ընդգծեց, որ ցուցահանդես կազմակերպելիս ձգտում են ներկայացնել նկարչի կյանքը.  ով է եղել, ինչպես է ապրել, ինչի մասին է երազել, ինչ է ցանկացել ասել իր արվեստով, երջանի՞կ է եղել անձնական կյանքում, երջանկությունը կամ դժբախտությունն ազդե՞լ են իր արվեստի վրա, թե՞ հակառակը: Ըստ Ծատուրյանի՝ ճիշտ և ազդեցիկ ցուցադրության համար հրաշալի և բացառիկ կտավները պետք է համատեղել վերոնշյալ ասպեկտների հետ: «Մինասի կյանքն ինքնին առեղծվածային էր. ինչպես նա ապրեց, ինչպես մահացավ՝ գաղտնիք է»,-շեշտեց նա:

Տնօրենը վստահ է, որ Մինաս Ավետիսյանին նվիրված վառ, գունեղ, խոր ու հետաքրքիր ցուցահանդեսը յուրահատուկ մշակութային իրադարձություն կլինի, որի մասին երկար կխոսվի:

 

Արամ Խաչատրյանը բազմիցս հանդիպումներ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող անձանց հետ: «Արմենպրես»-ն առանձնացրել է նշանավոր կատակերգու, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի դեմքերից մեկի` Չարլի Չապլինի հետ կայացած հանդիպումը:

Կինոդերասանի հետ հանդիպումը կայացել է Խաչատրյանի` Շվեյցարիա այցելության ժամանակ` 1965-ին, երբ նա հրավիրված է եղել այդ երկիր` որպես միջազգային մրցույթի ժյուրիի անդամ: Արդեն պատկառելի տարիքի Չապլինն այդ ժամանակ ապրել է փոքր-ինչ մեկուսացած, Ժնևից դուրս գտնվող իր առանձնատանը և շատ հազվադեպ է ընդունել հյուրերի: Մաեստրոն ինքն էր ցանկություն հայտնել տեսնել կինոդերասանին: Եվ Չապլինը  մաեստրոյին իր կնոջ և որդու՝ Կարենի հետ սիրով հյուրընկալել է իր առանձնատանը:

Նրանք մի քանի ժամ տևողությամբ զրույց են ունեցել: Չապլինը կոմպոզիտորին հրավիրել է իր առանձնասենյակ, բացել պահարաններից մեկը, որտեղ դրված է եղել Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնապնակը և ասել, որ այն իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է, որն հաճախ է լսում աշխատելիս: Ինչպես հայտնի է` Չապլինի ֆիլմերում էլ հաճախ հնչել են հենց իր ստեղծած մեղեդիները: Մեծ կատակերգակը փորձել է մոտենալ դաշնամուրին և ներկայացնել իր ստեղծագործություններից մի փոքր հատված: Այնուամենայնիվ, վերջին պահին չի համարձակվել՝ ասելով, որ հուզված է և չի կարող մեծ մաեստրոյի մոտ հնչեցնել իր երաժշտությունը:

Շրջագայության ավարտին կոմպոզիտորին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել են հիվանդանոց: Չապլինը, լսելով այդ մասին, փոքրիկ երկտող է ուղարկել` մաղթելով շուտափույթ ապաքինում և նաև վարդերի մի գեղեցիկ ծաղկեփունջ: Կարևորելով մեծ կատակերգուին և հետևապես նրա նվերը՝ Խաչատրյանն այդ ծաղկեփունջը բերել է Մոսկվայի իր տուն և դրել ռոյալի վրա՝ իր աչքի առջև: Եվ մինչ կյանքի վերջը չորացած այդ ծաղկեփունջը մնացել է ռոյալի վրա: Մինչ այսօր այդ ծաղկեփունջը Խաչատրյանի որդին պահում է իր բնակարանում որպես հանդիպման հուշ:

Խաչատրյան-Չապլին նշանավոր հանդիպման մասին են վկայում հետաքրքիր լուսանկարները, որոնք պահպանվում են մեծ մաեստրոյի տուն-թանգարանի պահոցում, իսկ որոշներն  էլ ներկայացված են ցուցասրահներում:

 

Այս տարի միջազգային հրապարակախոսության մրցույթին կմասնակցի նաև Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Շեքսպիրի ակումբ. անգլախոսների ասոցիացիա»-ի ֆեյսբուքյան էջը:

«Հպարտ ենք, որ այս տարի միջազգային հրապարակախոսության մրցույթի մասնակից երկրների ցանկում կավելանա Հայաստանը։  Եվ հավատացած ենք, որ ապագա հաղթողների անվանացանկում կլինի նաեւ հայ մասնակցի անունը։  Հաջողություն ենք մաղթում Հայաստանին»,- ասված է «Շեքսպիրի ակումբ. անգլախոսների ասոցիացիա»-ի էջում:

«Շեքսպիր ակումբ անգլախոսների ասոցիացիան»՝ հանդիսանալով միջազգային «Անգլախոսների միության» (ESU, Լոնդոն) պաշտոնական գործընկերը Հայաստանում, սիրով ազդարարում է ամենամյա հրապարակախոսության մրցույթի մեկնարկը: Հայաստանյան մրցույթի թեման է՝ «Ապագան կանխատեսելու լավագույն միջոցը՝ այն կերտելն է»: Ելույթները պետք է լինեն 4 րոպե 30 վայրկյանից ոչ պակաս, բայց չգերազանցեն 5 րոպեն: Հայաստանյան մրցույթը տեղի կունենա մարտի 12-14-ը: Մրցույթի հաղթողը կմեկնի Լոնդոն` մասնակցելու միջազգային եզրափակչին, որը կայանալու է 2018թ․ մայիսի 14-18-ը:

 

Photopodium.com կայքը, որը մեկ հարթակում է համախմբել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող հետաքրքիր լուսանկարիչների, տոնում է հիմնադրման տասը տարին: Երևանում կազմակերպված կայքի հոբելյանական ցուցահանդեսին ներկայացվեց ութսուն աշխատանք աշխարհի յոթ երկրից: Լուսանկարներում վառ արտահայտված է մեզ շրջապատող գեղեցիկ, զարմանալի իրականությունը հեղինակների ընկալմամբ: Լուսանկարչական ժանրերի բազմազանությամբ արտացոլված է մոլորակի տարբեր անկյունների գունագեղությունն ու յուրօրինակությունը:

«Photopodium.com  - Մենք 10 տարեկան ենք» ցուցահանդեսը բացվեց փետրվարի 22-ին Երևանի Թեքեյան կենտրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Photopodium.com-ի ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում են հեղինակներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Հայաստանի մասնակիցների կազմում են  Էդգար Մարտիրոսյանը, Հակոբ Բերբերյանը, Սամվել Սևադան, Վահան Քոչարը, Վիգեն Մնոյանը և այլք:

«Այս ցուցահանդեսը սկզբում ներկայացվել է Մոսկվայում, որտեղ 150 և ավելի նկարներ են ցուցադրվել, այնուհետև` Թբիլիսում, այժմ` Երևանում: Շեշտեմ, որ կայքը լուսանկարիչների հաղորդակցման, փորձի փոխանակման հրաշալի հարթակ է: Ծանոթանալով լուսանկարիչներից շատերի հետ` կապ ենք հաստատել նաև առօրյայում: Այդպես եմ ծանոթացել Ռուբեն Չախմախչյանի հետ»,-նշեց Ենգոյանը:

Լուսանկարիչ Ռուբեն Չախմախչյանը ներկայացրել էր «Գյումրիում» խորագրով նկարը: Նա  ասաց, որ փոքր էքսկուրսիա կատարելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` հրապուրվել է լուսանկարում արտացոլված  կոմպոզիցիայով և անմահացրել այն: Անդրադառնալով կայքին` լուսանկարիչն ընդգծեց, որ ութ տարի գրանցված է այնտեղ: «Կայքը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող լուսանկարիչներին համախմբել է մի տեղում, և միմյանց գործերին ծանոթանալու, ճանաչելու հնարավորություն է տալիս: Կարծում եմ` այն նպաստում է լուսանկարչական արվեստի զարգացմանը»,-շեշտեց Չախմախչյանը: 

 

Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110- ամյակին։ Այս մասին հայտնում են «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամից: 

Հիմնադրամի կողմից անցկացվող «Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր  Բարլո Տեր-Մուգրդեչյանը հանդիպում են ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդի հետ և նրան ներկայացրել նախագիծը։ Վերջինս իր հերթին ողջունել է նախագիծը և աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Քաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակագը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։

Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։

Շեշտվել է նաև այն փաստը, որ Սարոյանը ունեցել է համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության: Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով:

Սևակ Խանաղյան

 

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը։

Անցած շաբաթ օրը տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որի ընթացքում միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով։ Նա  վաստակեց 24 միավոր:

Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի  Պորտուգալիայում։

Image Caption

 

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ Փարիզի շրջանի լցակայաններից մեկում հայտնաբերված կտավը ֆրանսիացի իմպերսիոնիստ Էդգար Դեգայի կտավն է, որը Մարսելի թանգարանից գողացվել էր ավելի քան 8 տարի առաջ։ 

1877թ. ստեղծված «Երգչախումբ» կտավը Մարսելի Կանտինի թանգարանից գողացել էին 2009թ. դեկտեմբերին։ Կտավը պատկանում է Փարիզի դ՚Օրսե թանգարանին եւ հարավ էր ուղարկվել ցուցահանդեսի համար։ 

Այս տարվա փետրվարին նկարը գտել էին Սեն եւ Մարնի դեպարտամենտի լցակայաններից մեկում։ Թանկարժեք կտավը դրված է եղել ավտոբուսի բեռնախցիկում։ Նախարարության փոխանցմամբ, կտավը եղել է պայուսակներից մեկում։ Ուղեւորներից որեւէ մեկը չի հայտնել, թե դա իր պայուսակն է։