Ապրիլ 08, 2018 20:06 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամեր: «ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կխոսենք «Մաադ»-ի կամ մեռելների հարության թեմայի շուրջ: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք «Մաադ»-ի կամ մեռելների հարության հնարավորությանը: Այսօր կշարունակենք այդ մասին զրույցը:

Հին ժամանակներում, երբ խոսքը գնում էր «Մաադ»-ի մասին, որոշ գիտնականներ այն պատկերացումն ունեին, որ մարդու կյանքի թելը կտրվելով նա այլևս վերակենդանացման հնարավորություն չի ունենալու: Հիշյալներն իրենց գիտական սահմանափակ տեղեկությունների համաձայն էին մեկնաբանում «Մաադ»-ը: Սակայն մարդկային գիտության առաջադիմությունը մարդու վերակենդանացման հնարավորության հետ կապված գիտական հետազոտությունների հնարավորություն է ստեղծել: Օրինակ նյութի ու էներգիայի գոյատևման սկզբունքի համաձայն, չնայած քիմիական ռեակցիաներին, որոնց պատճառով որոշ փոփոխություններ են առաջանում, գոյության տարրերից որևէ մեկը չի ոչնչանում:

Գիտական հայտնաբերումների համաձայն գետին թափվող ու անհետացող ջուրը, արդյունաբերական հսկա մեքենաների, ինքնաթիռների ու նավերի սպառած վառելիքը և կամ կրակի մեջ այրվող ծառի ճյուղերը չեն ոչնչանում:  Եթե հնարավոր լինի ինչ-որ սարքի միջոցով իրար շուրջ հավաքել ու բաղադրել նրանց ցրված մասերը, կարելի է վերականգնել նախնական նյութը: Մարդու մարմինն էլ հողից է ստեղծվել ու դրանից հետո կրկին հող է դառնալու, այսինքն վերադառնալու է իր նախնական ձևին: Մարդու անշնչացած մարմինը ներքին ու արտաքին գործոնների ազդեցության ներքո վերածվում է հողի և ցրվելով տարբեր կողմերում ամեն անգամ նոր տեսք է ստանում: Օրինակ բնության շղթայում մարդու մարմնի հողից բույս է ծլում և կամ կենդանին սնվում է դրանով: Այդուհանդերձ դրա բովանդակությունն ու պարունակությունը պահպանվում է: Այսօր գիտնականները ցանկանում են վերականգնել անցյալում ապրած մարդկանց արձակած ձայները և այդ ջանքերը մասամբ արդյունք են ունեցել: Սրանք բոլորն էլ պարագաներ են, որոնք մարդուն մղում են մտածել և նրա համար հեշտացնում են «Մաադ»-ի հնարավորության ընդունումը:

Հիմա տեսնենք, թե Ղուրանն ի՞նչ տեսակետ ունի մարդու վերակենդանացման ու «Մաադ»-ի մասին: Ղուրանը պարբերաբար ակնարկ է կատարել այն կետին, որ Աստված կարող է ցրված մասնիկներով վերականգնել մարդու մարմինը: Օրինակ  «Թահա» սուրայի 55-րդ այաում ասված է. «Մենք ձեզ արարեցինք հողից ու կրկին անգամ ձեզ դուրս կբերենք այնտեղից»:

 

Այս այան մի քանի կարճ ու պարզ արտահայտությամբ մեր ուշադրությանն է հանձնում Արարչի անսահման հզորությունը և հպանցիկ  հայացք է նետում այս ու հավիտենական աշխարհում մարդու ճակատագրին: Այան ակնարկ է կատարում Ահեղ դատաստանի օրը մարդու վերակենդանացմանը: Ղուրանի դիտանկյունից անբացատրելի է այն ենթադրությունը, թե մարդը մահով ոչնչանում է, քանի որ այս սահմանափակ աշխարհում բնակվելը չի կարող արարչագործության հիմնական նպատակը լինել:

Պատմության մեջ հիշատակված է, որ երբ իսլամի մեծ մարգարեն առաջ քաշեց «Մաադ»-ի և մեռելների հարության հարցը, Աբի Բեն Խալաֆ կոչվող անհավատներից մեկը վերցնում է փտած մի ոսկրի կտոր և մեկնում է մարգարեի մոտ, որպեսզի մերժի «Մաադ»-ի կապակցությամբ նրա հավակնությունը: Դիմելով մարգարեին ասում է, որ ո՞վ կարող է կենդանության հագուստ հագցնել այս փտած ոսկրին: Այնուհետև փտած ոսկորը ձեռքում փշրում ու փոշին լցնում է գետնի վրա: Նա ենթադրում էր, որ մարգարեն անկարող է լինելու պատասխանել իր տրամաբանությանը: Ղուրանը «Յասին» սուրայի 78-րդ այաում անդրադարձել է այս հարցին ասելով. «Մեզ համար օրինակ բերեց ու մոռացավ իր արարման մասին և ասաց, թե որևէ մեկը կարող է կենդանություն պարգևել այս փտած ոսկրին»:

Հետաքրքիրն այն է, որ Ղուրանը «Մոռացել եք ձեր արարման մասին» արտահայտությամբ կտրուկ պատասխան է տվել: Այան ասում է, եթե քո արարումը մոռացած չլինեիր նման անհիմն տրամաբանության չէիր դիմի: Ով մոռացկոտ մարդ, հետ վերադարձիր ու նայիր քո արարմանը, երբ փոքրիկ մի սաղմ էիր ու Աստված ամեն օր գոյության նոր հագուստ հագցրեց քեզ:

Աստված նրան պատասխանելով ասում է. «Ով մեր առաքյալ ասա, որ նա է նրան հարություն տալու ով առաջին անգամ նրան արարեց ու գիտակ է ամեն տեսակ արարչագործության»:

 

Եթե այսօր նրանից փտած ոսկոր է հիշատակ մնացել, մի օր նա հենց այդ փտած ոսկորն էլ չի եղել: Աստված տեղյակ է արարածների բոլոր յուրահատկություններին և անկասկած նա ով նման գիտություն ու հզորություն ունի, մեռելների հարությունը նրա համար դժվար չի լինելու: Այո, նա ով նրանք արարեց ոչնչից, նրա ոսկորներն ի մի հավաքելն ու նրանց կյանք փոխանցելը նրա համար հեշտ է լինելու:

Պատկերացրեք մի մագնետ: Եթե նրան շարժենք երկաթի մասնիկներ պարունակող հողակույտի մեջ անմիջապես իր կողմը կգրավի երկաթի մասնիկները: Մինչդեռ մագնետն անշունչ իր է: Աստված հեշտությամբ կարող է մի հրամանով աշխարհի տարբեր անկյուններից հավաքել ցանկացած մարդու մարմնի մասնիկները:

«Յասին» սուրայի 81-րդ այաում ասված է. «Արդյոք նա ով արարել է երկինքն ու երկիրը անկարող է լինելու նրանց նմանը արարել: Այո, նա ամենագետ արարիչ է»:

 

Արդյոք դուք չեք տեսնում հսկա երկինքն իր բոլոր համաստեղություններով, աստղերով ու համակարգերով, որոնք ցրված են ընդարձակ աշխարհի տարբեր կողմերում: Ղուրանն այսպիսով մարդկությանը կոչ է անում ուսումնասիրել գոյության աշխարհը, որպեսզի մտածելով ըմբռնի նա ով ընդունակ է հորինել արտակարգ հսկա այս աշխարհը ինչպե՞ս չի կարող  հարություն տալ մեռելներին:

Որոշ անտեղյակ ու մոլորված մարդիկ այն համոզման են, որ քիմիական ռեակցիաների միջոցով մարդու մարմինն անհամար մասնիկների վերածվելուց հետո, վերակենդանացման հնարավորություն չի ունենալու: Բայց Աստված ասում է, որ մենք գիտենք որտեղ են պահվում տարրալուծված ու բնակության գիրկը վերադարձած մարմնի բաղադրիչ տարրերը և Ահեղ դատաստանի օրը կրկին իրար ենք միացնելու ցրված մասերը և լիովին վերականգնելու ենք մարմինը:

Ղուրանը մատնանշում է, որ թեև մեռելների հարությունը մարդու կարողությունները նկատի առնելով անհնարին է թվում, սակայն դա այնքան էլ դժվար ու բարդ չէ նկատի առնելով Աստծո անսահման հզորությունը, ով առաջին անգամ շունչ փչեց մարդու անշունչ մարմնին:

Ղուրանն ընդգծում է, որ Աստված կարող է նույնիսկ իր բոլոր մանրամասնություններով ու նրբություններով վերականգնել մարդու մարմնի անդամները: Այնպես որ «Ղիամաթ» սուրայի 3-րդ և 4-րդ այաում ասում է. «Արդյոք մարդը կարծում է, որ նրա ոսկորները երբևէ չենք հավաքելու: Այո մենք նույնիսկ կարող ենք կրկին անգամ ստեղծել նրա մատի ծայրի գծերը»:

 

Այս այաներում ակնարկ է կատարվել այն հարցի, որ Աստված ոչ միայն հավաքում է ոսկորներն ու դրանք վերադարձնում է նախնական ձևին, այլև իր տեղն է դնում մատների նուրբ ու փոքր ոսկորները: Առավել կարևորն այն է, որ Աստված նույնիսկ մատների ծայրերը ներդաշնակ կերպով վերականգնում է: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մարդու մատների ծայրին գծեր կան, որոնք յուրահատուկ են և աշխարհում չեք կարող գտնել երկու հոգու որոնց մատների ծայրի գծերը նույնը  լինեն: Այլ խոսքով մարդու մատների ծայրի նուրբ ու բարդ գծերը հատուկ են տվյալ անձին:

Հետաքրքիրն այն է, որ կյանքի  ընթացքում ու ֆիզիկական փոփոխություններով հանդերձ մատների ծայրի գծերը մնում են անփոփոխ մինչդեռ մարմնի մյուս անդամները փոփոխություն են կրում: Իմաստուն մարդը կարող է ըմբռնել, որ այդ բոլոր հրաշքներն արարվել են իմաստուն Աստծո ամենակարող ձեռքով:

Ղուրանի այաներն անդրադառնում են «Մաադ»-ի մասին մի քանի հստակ ու պատմական օրինակների, որոնք հնարավոր են դարձնում ընկալել մեռելների հարության հարցը: Դրանցից մեկը Օզայր մարգարեի պատմությունն է: «Բաղարա» սուրայի 259-րդ այաում ասված է, որ Օզայրը ուղևորության մեկնելիս անցնում է ավերված մի քաղաքի մոտով: Նկատելով դիակներ ու մարդկային փտած ոսկորներ, որոնց մահից հավանաբար երկար ժամանակ էր անցնում սկսում է խորհել: Ինքն իրեն ասում է, թե Աստված ինչպե՞ս է վերակենդանացնելու այս փտած ոսկորները: Իհարկե այդ արտահայտությունը նա կատարում է ոչ թե կասկած ունենալու պատճառով, այլ զարմանքից ելնելով:

Նույն պահին Աստված խլում է նրա կյանքն ու նրան վերակենդանացնում է 100 տարի անց: Ապա դառնալով նրան հարցնում է, թե ինչքա՞ն ժամանակ է կանգ առել այդտեղ: Նա պատասխանում է մեկ կամ մի քանի օր: Աստված նրան ասում է, որ դու 100 տարի այստեղ ես եղել և նայիր քո հետ վերցրած ուտելիքին ու ջրին ու տես որ այս ընթացքում որևէ փոփոխություն չեն կրել:

Ու նայիր քո ավանակին որի մարմինը մասնատվել է և դրա համար որ քո աչքերով տեսնես մեռելների հարությունը նայիր քո ավանակի փտած ու մասնատված ոսկորներին և տես թե ինչպե՞ս ենք դրանք հավաքելու ու դրանց մսով ծածկելու: Նա այդ զարմանալի տեսարանի ականատեսը լինելով ու ճշմարտության մասին տեղեկանալով, ասում է. «Ահա առանց որևէ կասկածի գիտեմ, որ Աստված ընդունակ է ցանկացած աշխատանքի»: