Ապրիլ 10, 2018 20:54 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը իրանցի կենսագիր ու բանաստեղծ Ալիղոլի Վազիրիի մասին:

Վալե Ղաղեսթանի անվամբ հայտնի Ալիղոլի Խանը ծնվել է լուսնային հիջրեթի 1124 թվականի սաֆար ամսին՝ Սեֆևյան Շահ Սոլթան Հոսեյնի թագավորության օրոք՝ Սպահան քաղաքում: Վալեի հայրը՝ Մոհամմեդ Ալիխանն էր, ով լուսնային հիջրեթի 1126 թվականին ստանձնում է Երևանի բեյգլաբեյգի պաշտոնն ու իր ընտանիքի հետ միասին մեկնում է այդտեղ: Հոր մահից հետո Վալեն ընտանիքի հետ միասին վերադառնում է Սպահան և իր հորեղբոր՝ Հասան Ալի Խանի խնամակալության ներքո աշակերտում է այդ ժամանակաշրջանի Սպահանի գիտության ու գրականության մեծ ուսուցիչներին: Ղուրանը սերտելուց հետո իր բնատուր ընդունակության շնորհիվ կարճ ժամանակում տիրապետում է արաբերենին, պարսկերենին, պատմությանն ու գրականությանը: Հորեղբոր պաշտոնազրկումից հետո այլևս ուսումը շարունակելու հնարավորություն չի ունենում: Վալեն սիրահարված էր հորեղբոր դստերը՝ Խադիջա Սոլթանին, սակայն նրանից հետո, երբ Մահմուդ Աֆղանը ուժ ստանալով գրավում է Սպահանը, նրանց միջև տարածություն է ընկնում ու հենց դա էլ Վալեին մղում է գրել քնարական հուզումնալի գազելներ: Վալեն լուսնային հիջրեթի 1144 թվականին՝ 20 տարեկան հասակում, Նադեր Շահի ուժ ստանալու հետ միաժամանակ լքում է հայրենիքն ու մեկնելով Հնդկաստան մտնում է Հնդկաստանի թագավոր Սոլթան Մոհամմեդի արքունիքը: Մինչև կյանքի վերջին պահը նա ապրում է Իրան վերադառնալու կարոտով և ի վերջո 1170 թվականին՝ 46 տարեկան հասակում, վախճանվում է Դեհլիում ու նույն քաղաքում էլ հողին է հանձնվում, սակայն նրա գերեզմանի վայրը դեռ մնում է անհայտ:

----------

Վալե Դաղեսթանին բանաստեղծ ու կենսագիր է ու այդ ոլորտներում արժեքավոր ստեղծագործությունների հեղինակ: Նրանից հիշատակ են մնացել չորս ստեղծագործություններ:

Վալեի դիվանը պարունակում է ղասիդաներ, գազելներ ու պարսկերեն լեզվով այլ տեսակի բանաստեղծություններ, որոնք շուրջ 4000 երկտող են և լուսնային հիջրեթի 1157 թվականին հավաքագրվել են Միր Շամսեդդին Ֆաղիր Դեհլավիի միջոցով: Այս դիվանում ներառված չեն այն բանաստեղծությունները, որոնք Վալեն գրել է 1160 թվականին՝ իր սիրեցյալի՝ Խադիջա Սոլթանի վախճանումից հետո: Բանասերներն այդ հիմամբ էլ եզրակացրել են, որ Վալեի դիվանը կամ երկերի ժողովածուն հավաքագրվել է այն ժամանակ, երբ Խադիջա Սոլթանը դեռ ողջ է եղել ու Վալեն էլ դրանից հետո դեռ 10 տարի կենդանի է եղել ու ստեղծագործել է: Վալեն իր «Ռիազ-օլ-Շոարա» գրքում ակնարկ է կատարել այն հարցին, որ իր դիվանը հավաքագրել է Ֆաղիր Դեհլավին և նշել է. «Հետևաբար երբեմն ներշնչման շողերը ճառագայթել են այս անկարող էակի վրա ու երբեմն տեղի ու անտեղի հանգավորված բառեր եմ արտաբերել: Դրանցից որոշները չարձանագրվելու պատճառով կորցվել են, իսկ որոշները հավաքագրել է Միր Շամսեդդին Ֆաղիր Դեհլավի Աբբասին ու կազմել է մի դիվան, որը պարունակում է շուրջ չորս հազար երկտող»:

Լուսնային հիջրեթի 1182 թվականին գրված «Թազքարե Մարդոմ Դիդե» աշխատասիրության հեղինակ Հաքեմ Լահուրին Վալեի դիվանի երկտողերը շուրջ 7000 է հաշվել, ինչը համապատասխանում է «Ռիասաթ Ռամփուր»-ի գրադարանում պահվող Վալեի դիվանի օրինակին, որը պարունակում է 6821 երկտող: Այս օրինակում ներառված են 18 ղասիդաներ, 561 գազելներ, մեկ թարջի-բանդ, երեք մասնավի և 547 ռուբաի: Բացի այդ պահպահնվել են 70 մաղթաաթներ: Այս օրինակում ներառված բանաստեղծությունների քանակը գերազանցում է մյուս օրինակներին, սակայն այդտեղից բացակայում են երկու ղասիդաներ, որոնք ներառված են Լոնդոնի «Ինդիանա Աֆիս»-ի օրինակում ու Վալեի «Ռիազ-օլ-Շոարա»-ում:

Վալեն ստեղծագործել է թուրքերեն, պարսկերեն և օրդու լեզուներով և նրա դիվանում ներառված են թուրքերեն լեզվով մի քանի գազելներ ու ռուբաիներ և օրդու լեզվով մեկ ռուբաի: Վալեն գերազանց բանաստեղծ է և պարսից պոեզիայի երկնքում փայլող աստղերից է համարվում, սակայն դա անուշադրության մատնվել և նրա պոեզիան հայտնվել է իրանցի մեծ բանաստեղծների ստվերում ու միայն կենսագիրներն են գովեստով արտահայտվել նրա մասին:

Հաքեմ Լահուրին իր կենսագրական աշխատասիրության մեջ նրա բանաստեղծական անհատականության մասին գրել է. «Իր ստեղծագործությունները շատ էր ընթերցում: Երբեմն գիշերվա առաջին ժամերից մինչև կես գիշերն անց գազելներ էր ընթերցում...բանաստեղծության մեջ որևէ մեկի չէր հետևում ու անուշադրության էր մատնում ժամանակի շատ բանաստեղծներին: Ունի շուրջ վեց-յոթ հազար երկտողերից բաղկացած ղասիդաներ ու դիվան: Հաճախ նախորդ բանաստեղծների նման է գրում ու նրա խոսքը չափազանց օգտակար ու քաղցր է»:

«Աղդ Սորայա»-ի հեղինակ Մոսհեֆի Համադանին նույնպես գովեստով է արտահայտվել նրա պոեզիայի մասին ու գրել է. «Թեև արաբերենով չափածո չի գրել, սակայն ճարտասանության ու հռետորության մեջ եզակի է»:

Խան Առեզուն, Ազադ Բալգրամին, Ֆաղիր Դեհլավին ու բազմաթիվ այլ կենսագիրներ գովեստով են արտահայտվել նրա պոեզիայի մասին:

Չնայած իր համեստությանը Վալեն ինքն էլ գովեստով է խոսել իր պոեզիայի մասին:

Աշխարհի տարբեր գրադարաններում Վալե Դաղեսթանի դիվանից պահպանվել են 16 օրինակներ, որոնց մեծ մասը նասթալիղ գրերով են: Վալեի բանաստեղծությունների միջից նրա սիրային բանաստեղծություններ արժանացել են թե իր և թե  մյուս կենսագիրների գովեստին:

Ականջ չի դնում մեր լաց ու կոծին

Մեր դաժան, անողորմ սիրեցյալը,

Վալե, ինչպես կարավանից մնացող կրակը

Նրա տան դիմաց այրվում է մեր սիրտը:

Վալեն իր ժամանակակիցների մոտ հայտնի է նաև ռուբաիներով և նրա դիվանում 547 ռուբաիներ կան: Վալեի ռուբաիները լի են սուֆիական ու սիրային թեմաներով:

«Բայազ»-ը Վալեի ձեռագրով գրված հավաքածու է, որը պահպանվում է Նոր Դեհլիի «Իվան Ղալեբ» գրադարանում: Այդ աշխատասիրության մեջ Աբդոլհաքիմ Մաըսում Ալիխանի խնդրանքով Վալեն լուսնային հիջրեթի 1148 թվականին հավաքագրել է պարսից գրողների ու բանաստեղծների ասույթները:

«Մաշաաթ»-ը կամ նամակները Վալեից հիշատակ մնացած երրորդ ստեղծագործությունն է: Այդ նամակները տարբեր թեմաներով ուղղված են տարբեր անձանց: Դրանցից որոշներն արձակ ու որոշներն էլ չափածո են: Այդ հավաքածուի մեջ ներառված են նաև իր սիրեցյալին՝ Խադիջա Սոլթանին գրված Վալեի նամակները, որոնք  նաև աչքի են ընկնում «Ռեզա Ռամփուր»-ի գրադարանում պահվող Վալեի դիվանի ձեռագիր օրինակի վերջում: Խադիջա Սոլթանին ուղղված ու «Վալե-Սոլթան» մասնավիում մեջբերված այդ նամակներից մեկում, ակնարկ է կատարվել նրան, որ Խադիջա Սոլթանին գրված նամակների թիվը գերազանցում է 100-ը:

Մեր բաժանման ընթացքում,

Երբեք չհարցրեցի թե որտեղ ես,

Հարյուրից ավելի նամակներ գրեցի,

Իմ սրտի խոսքը քեզ գրեցի,

Քեզանից որևէ պատասխան չեկավ

Ու ոչ-ոք քեզանից ինձ լուր չբերեց:

Վալե Դաղեսթանիի ամենաարժեքավոր ստեղծագործությունը «Ռիազ-օլ-Շոարա» կենսագրություն է, որը գրի է առել լուսնային  հիջրեթի 1160-ից 1162 թվականներին՝ Հնդկաստան ուղևորվելուց հետո: Իհարկե Վալեն չի հիշատակել դրա ստեղծման հստակ թվականը, սակայն աշխատասիրության մեջ կան որոշ տեղեկություններ, որոնք մասամբ պարզում են այդ հարցը:

Վալեն Խալիֆա Էբրահիմի կենսագրականում գրում է. «Մինչև շարադրման թվականը, որ լուսնային հիջրեթի 1160 թվականն է, բնակվում է Շահ Ջահան Աբադում»: Նաև Ղեզելբաշ Խան Օմիդի կենսագրականում կատարել է մի հիշատակում, որը հաստատում է, թե աշխատասիրությունը սկսել է գրել 1160 թվականին:

«Ռիազ-օլ-Շոարա»-ն պարունակում է 2551 բանաստեղծների կենսագրություններից ու բացի բանաստեղծների քանակից լավ բանաստեղծությունների ընտրության, քննադատական հայացքների հիշատակման, պարսից պոեզիայի որոշ հոսանքներին կատարած անդրադարձի ու նաև այդ ժամանակաշրջանի գրականության վիճակի նկարագրման տեսակետից համարվում է պարսկերեն լեզվով գրված վավերական կենսագրականներից մեկը: Այս ստվարածավալ կենսագրականը Մոհսեն Նաջի Նասրաբադիի խմբագրությամբ 2005 թվականին հրատարակվել է Թեհրանում: Հրատարակությունը բաղկացած է հինգ հատորներից, որոնցից չորսը բանաստեղծների կենսագրություններն են, իսկ հինգերորդ հատորը՝ աշխատասիրության մասին չափազանց օգտակար ցուցակներ ու տեղեկություններ:

 

Պիտակ